Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը կարելի է դիտել որպես անցած «բանակցային տարվա» մեկնարկային միջոցառում: Գագաթնաժողովի ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չի ընդունվել, որովհետեւ վերջինիս համար Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների ներսում անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել: Բացակայում էին նաեւ արտաքին պայմանները: Մասնավորապես՝ միջազգային միջնորդները պատրաստ չեղան առաջարկել արդի միջազգային իրավական իրողությունները հաշվի առնող նոր մոտեցումներ եւ առաջարկություններ:
Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները սահմանափակվել են Համատեղ հայտարարության ընդունմամբ:[1] Հիշեցնենք, որ այդ պաշտոնատար անձինք հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ կողմերին կոչ են արել ձեռնարկել հավելյալ քայլեր՝ հրադադարն ամրապնդելու եւ բոլոր ոլորտներում վստահության միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ:
Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ փաստաթուղթը, գագաթնաժողովի շրջանակներում նրանց առաձին հանդիպում տեղի չի ունեցել, իսկ ելույթներում հնչել են փոխադարձ մեղադրանքներ: ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովը, որը հնարավոր եղավ գումարել 11 տարի անց (ԵԱՀԿ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումն ընդունված է անցկացնել երկու տարին մեկ), եւ որի արդյունքներով անդամ-պետություններն ընդունել են սոսկ Հոբելյանական հայտարարություն, բայց չեն կարողացել համաձայնեցնել գործողությունների ծրագիր, երեւակել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ-կազմակերպությունում` ԵԱՀԿ-ի ներսում առկա ճգնաժամը:
Այսպիսով, ղարաբաղյան «կարգավորման տարին» սկսվել է լուրջ տարաձայնությունների համապատկերին՝ թե՛ հակամարտող կողմերի միջեւ, եւ թե՛ միջնորդական առաքելությունն իրականացնող կազմակերպության ներսում:
Տարեսկզբին հակամարտության կողմերի միջեւ լարվածությունը Բաքվի կողմից սրվում էր ընդհուպ մինչեւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայացած մարտյան հանդիպումը: Լարվածության թեժացման եւ իրավիճակի հնարավոր ապակայունացման կապակցությամբ որոշ եվրոպական երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել չայցելել ղարաբաղյան հակամարտության գոտի:[2]
Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները`[3] ռազմագերիների փոխանակման եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննության վերաբերյալ, որոշակիորեն մեղմել են տարածաշրջային իրավիճակը:
2011թ. հունիսին՝ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ Կազանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով երկրորդ հանդիպումը: Նախատեսվում էր կարգավորման Հիմնարար կամ այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների եւ դրանց տարրերի ընդունումը:
Արցախյան հանրության արձագանքը Կազանում «մադրիդյան սկզբունքների» հնարավոր ընդունման նկատմամբ բավական կարծր էր: Հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով[4], որոնց մեջ նշվում էր, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակությունը մտադիր չէ ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրելիք՝ կարգավորման առաջարկված սկզբունքների վրա հիմնված որեւէ փաստաթուղթ: «Մադրիդյան սկզբունքները» գնահատվել են որպես անընդունելի եւ ԼՂՀ ազգային շահերին արմատապես հակասող: Արտահայտվել է համոզվածություն, որ ոչ մի միջպետական համաձայնություն չի կարող ունենալ իրավաբանական ուժ, եթե այն միտված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը եւ ընդունված է ուժի կիրառման կամ տնտեսական պարտադրանքի սպառնալիքի ներքո:
Այսպիսով, Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նրանք հրաժարվեին շրջանակային փաստաթղթի ստորագրման գաղափարից:
Նախքան կազանյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա գործադրվել է արտաքին ճնշում՝ այս անգամ առաջարկված փաստաթղթի ստորագրմանը հասնելու նպատակով: Որպես ճնշման օրինակ կարելի է դիտարկել կազանյան հանդիպումից մեկ ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած Դովիլյան հայտարարությունը[5], որում Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը համոզմունք են հայտնել, որ Հիմնարար սկզբունքների ընդունման ձգձգումը հարցականի տակ է դնելու կողմերի համաձայնություն ձեռք բերելու պատրաստակամությունը: Հանդիպման նախօրեին Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, իսկ Սարկոզին նրանց համապատասխան ուղերձներ է հղել:
Կազանյան հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային փաստաթուղթ չի ստորագրվել, բայց կողմերն առաջընթաց են արձանագրել սույն նպատակակետին հասնելու ուղղությամբ:
Թաթարստանի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովը կրկին ցուցադրել է նախկին մոտեցումների հիման վրա կարգավորմանը հասնելու անհնարինությունը:
Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես եւ բանակցային կողմերը դեռեւս չեն հրաժարվել «մադրիդյան» առաջարկներից: Այդ սկզբունքները կրկին հիշատակվել են դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների Համատեղ հայտարարության մեջ:[6]
Ակնհայտ է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց արձանագրելու համար ղարաբաղյան կարգավորման միջնորդները պետք է ընդունեն միջազգային հարաբերությունների մեջ ի հայտ եկած նոր նախադեպերն ու նոր միջազգային-իրավական իրողությունները:
Վերջին տարիների ընթացքում բազմիցս հարկ է եղել արտահայտվել արցախյան կարգավորման փիլիսոփայության վերանայման հրամայականի մասին:[7] Կազանից հետո կարգավորման մոտեցումների եւ միջորդական ձեւաչափի վերանայման հարցն ավելի է արդիականացել: Արցախյան հակամարտության կարգավորման նոր մեթոդաբանության կողմնակից փորձագետների թիվն աճում է: Հուսանք, որ բանակցային գործընթացի նկատվող դանդաղեցումը շահագրգիռ կենտրոնների կողմից արդյունավետորեն կօգտագործվի նոր սկզբունքներն ու մոտեցումները մշակելու համար:
Եթե Մինսկի խումբը չվերանայի կարգավորման իր տեսլականը, ապա նա ստիպված կլինի միջնորդի դերը զիջել ուրիշներին:
2011թ. կարգավորման գործընթացն ուղեկցվում էր մարտական կորուստների հանգեցրած հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով: Պաշտոնական Բաքուն առաջնորդվում էր «Կա՛մ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն, կա՛մ պատերազմ» բանաձեւով:[8]
Ադրբեջանի կողմից դիպուկահարների պատերազմը շարունակելը եւ հրադադարի ռեժիմը[9] դիտարկելու եւ վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման աշխատանքներից խուսափելն ածանցյալ են վերոնշյալ ադրբեջանական բանաձեւից: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի եւ միջազգային այլ գործիչների՝ դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելու վերաբերյալ կոչերը կարող են լսվել եւ իրականանալ միայն Ադրբեջանի՝ ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում:[10] Հայաստանը եւ ԼՂՀ-ն արդեն հայտարարել են դիպուկահարներին հետ քաշելու իրենց պատրաստակամության մասին, բայց հայկական պետությունները չեն կարող միակողմանիորեն դիմել այս քայլին:
Ադրբեջանը չի դադարեցրել եւ շարունակում է սպանություններ գործել հրադադարի գծի ողջ երկայնքով՝ սաստկացնելով առկա լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն ակտիվ հակագործողություններ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-դիվանագիտական հարթության վրա: Նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դրվի այնպիսի կացության մեջ, որ հրադադարի պայմաններում մարդ սպանելու հրամանները Բաքվի համար ունենան խիստ բացասական քաղաքական հետեւանքներ: Ադրբեջանի կողմից կատարված ամեն մի կրակոց պետք է մոտեցնի ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Մերձակա հեռանկարում բանակցային գործընթացն, ամենայն հավանականությամբ, անցնելու է երկրորդ պլան: Որպես ձեւական բացատրություն դրան կծառայի ընտրական շրջանը. 2012-2013թթ. տեղի կունենան նախագահական ընտրություններ` թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, եւ թե՛ հակամարտող երկրներում՝ ԼՂՀ-ում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Իրականում, ինչպես ցույց է տալիս փորձը, բուն խնդիրը ոչ թե ընտրությունների, այլ մի շարք այլ գործոնների մեջ է: Օրինակ՝ ներքին եւ արտաքին կարծր պարամետրեր ունեցող ստատուս-քվոն, ղարաբաղյան կարգավորման համար կիրառվող հնացած մոտեցումները, միջնորդ կազմակերպությունում առկա ճգնաժամը, խեղված բանակցային ձեւաչափը եւ այլն:
Մոտակա տարիներին հնարավոր են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ:[11] Օրինակ՝ ուժերի փոխհավասարակշռության հիման վրա ձեւավորված ստատուս-քվոյի պահպանում: Հարկ է նշել, որ հավասարակշռության պահպանումը հավասարազոր է կայունության պահպանմանը:
Մյուս հնարավոր սցենարը Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն է: Ակնառու փաստ է, որ այսօր խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության նկատմամբ սպառնալիքը բխում է Բաքվից, եթե բացառենք հարեւան Իրանի շուրջ զարգացումները:
Իրավիճակի ռազմական զարգացման հեռանկարը կարող է փակվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմամբ: Ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ նոր պետությունների միջազգային ճանաչումը հակամարտային գոտիներում երկարաժամկետ կայունություն ապահովելու առավել արդյունավետ մեխանիզմ է: Առկա է այն իրողության ընկալումը, որ հակամարտությունը կարող է լիովին սպառվել միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն դե-յուրե ճանաչելուց հետո:
Քանի դեռ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ Արցախի Հանրապետության գոյություն ունենալու իրավունքը, տարածաշրջանում խաղաղության պահպանումը մնում է օրախնդիր:
Նոր պատերազմի կանխման համար հայկական զույգ պետություններին եւ Սփյուռքի կազմակերպություններին անհրաժեշտ է ակտիվորեն գործարկել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացի «երկրորդ գիծը», այն է՝ բանակցային գործընթացին զուգահեռ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքը: Այդ ուղղությամբ առաջին համեստ քայլերը կատարվել են 2011 թվականին: Սիրիայում լարվածության թեժացումը` կապված հարեւան Իրանի դեմ հնարավոր զինված ագրեսիայի հետ, անկասկած, փոխելու է ստատուս-քվոյի շուրջ ձեւավորված արտաքին պարամետրերը եւ մեր տարածաշրջանում ունենալու է ապակայունացնող դերակատարություն: Այս կապակցությամբ ԼՂՀ-ն ու Հայաստանը պարտավոր են պատրաստ լինել նոր մարտահրավերներին դիմագրավելուն եւ պետք է ունենան գործողությունների մանրակրկիտ մշակված ծրագիր՝ հնարավոր արտաքին սպառնալիքները չեզոքացնելու համար:
—————————————————————————–
1. Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries and the Presidents of Azerbaijan and Armenia, http://www.osce.org/home/74234
2. Журнал «Аналитикон», Карабахское урегулирование – 2011, стр. 20-22, https://theanalyticon.com/?lang=ru
3. Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию, http://news.kremlin.ru/ref_notes/882
4. Общественность Нагорного Карабаха не намерена признавать документ, который готовится к подписанию в Казани, http://www.kavkaz-uzel.ru/articles/187744/?print=true
Заявление участников Дискуссионного клуба при Нагорно-Карабахском Комитете « Хельсинкская Инициатива-92» , http://www.hca.nk.am/engine/print.php?newsid=371&news_page=1
5. Президенты России, Франции и США приняли совместное заявление по нагорно-карабахскому конфликту, http://kremlin.ru/news/11356
6. Совместное заявление руководителей делегаций стран-сопредседателей Минской группы ОБСЕ и министров иностранных дел Азербайджана и Армении, http://www.mid.ru/bdomp/brp_4.nsf/sps/E5E4EA869CF23A8A4425795E0050F424
7. М.Маилян, М.Саркисян «Императивы пересмотра принципов мирного урегулирования нагорно-карабахского конфликта», https://theanalyticon.com/?p=682&lang=ru
8. Степанакерт и Ереван не будут играть по бакинским правилам, http://www.newcaucasus.com/index.php?newsid=4580
9. В Сочи президенты Армении и Азербайджана договорились “…проводить расследование возможных инцидентов вдоль линии прекращения огня с участием сторон под эгидой сопредседателей Минской группы ОБСЕ при содействии специального представителя действующего председателя ОБСЕ”.
http://news.kremlin.ru/ref_notes/882
10. Глава МИД Азербайджана: Военная дипломатия поддерживает прогрессивный ход переговоров по Карабаху, http://pda.regnum.ru/news/1398476.html
11. М.Маилян и М.Саркисян, Императивы пересмотра принципов мирного урегулирования нагорно-карабахского конфликта, https://theanalyticon.com/?p=682&lang=ru