Ապրիլի 1-ից Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղուց օգտվողներն արդեն նոր ու հարմարավետ՝ 30 տեղանոց ավտոբուսներով են երթեւեկում. երթուղին սպասարկում է «Գլոբալ տրանս սերվիս» ՍՊԸ-ն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին եւ սփյուռքահայ մի խումբ բարերարների. հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես` էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բնակարանաշինության ոլորտներին:
Ապրիլի 3-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Մարաղայի դեպքերի հետ կապված հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծվում է, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է` ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Նույն օրը ԼՂՀ նախագահը քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ այցելել է Շահումյանի շրջան՝ ծանոթանալու Արցախը Հայաստանին կապող երկրորդ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին:
Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Ստեփանակերտ, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ապրիլի սկզբներին հայտարարվեց Հադրութի շրջանի հարավային մասում նոր գյուղ հիմնելու մասին. այնտեղ մշտական բնակություն հաստատելու նախաձեռնությամբ է հանդես եկել տղամարդկանց շուրջ 50 հոգանոց մի խումբ:
Ապրիլի առաջին կեսին հանրապետության մի քանի բնակավայրերում 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայում տեղի ունեցած կոտորածը դատապարտող երթեր են կազմակերպվել:
Ապրիլի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիքե», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ. «ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն եւ հայտարարում, որ հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջեւ եւ ենթարկվեն պատասխանատվության, պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը եւ ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես ժողովրդի անվտանգության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, ինչպես նաեւ մշտապես մերժելու են այլատյացությունը եւ բռնության քարոզը»:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Լեոնիդ Տիբիլովին. «Հուսով եմ, որ Ձեր նախագահության շրջանում մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի»,- նշվում է ուղերձում:
Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդի «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առեւտրային կենտրոնը, արժանացել է միջազգային հեղինակավոր պարգեւի, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 11-ին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ վճարովի եթերաժամի 1 րոպեն Հանրային հեռուստատեսությունում կարժենա 35 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ), իսկ ռադիոյում՝ 20 հազար դրամ (ներառյալ` ԱԱՀ):
Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ, որտեղ, պատասխանելով բնակիչների հարցերին, հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել հուլիսի 19-ին նախատեսվող նախագահական ընտրություններում՝ ինքնաառաջադրման կարգով, քանի որ ինքը ոչ մի կուսակցության անդամ չէ:
Ապրիլի 12-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին. երկրի ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարեւոր թե° ներքին, եւ թե° արտաքին քաղաքական տեսանկյունից:
Նույն օրը ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման հարցերով հրավիրված խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դժգոհել է հայտարարված միամսյակի շրջանակներում իրականացվող աշխատանքների տեմպերից. նա համապատասխան հանձնարարականներ է տվել եւ հորդորել ավելի ակտիվորեն ներգրավվել այդ աշխատանքներում՝ դրանցում ընդգրկելով նաեւ պետական բոլոր մարմիններին, երիտասարդական կազմակերպություններին՝ անհրաժեշտության դեպքում խրախուսելով նրանց:
Ապրիլի 7-14-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվել է ավելի քան 1400 կրակոց՝ տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժը նշված ժամանակահատվածում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ. ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին եւ շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Արցախի Հանրապետության նախագահ ԲակոՍահակյանն ապրիլի 14-ին ստորագրել է հրամանագիր 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ապրիլի 14-ին Արցախում ոգեկոչել են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի` ուղիղ 20 տարի առաջ կյանքից հեռացած նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակը. Ստեփանակերտի հուշահամալիր էին այցելել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, Արթուր Մկրտչյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները, կուսակցական ընկերներ եւ լրագրողներ, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանն ու ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ապրիլի 17-ին վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հադրութի շրջանում նոր հիմնադրվող գյուղում հետագա անելիքներին. առայժմ վերաբնակիչ 15 ընտանիքները գրանցվելու են Առաջամուղի համայնքում` մինչեւ նոր գյուղի բնակարանները պատրաստ լինեն եւ բնակավայրը կարգավիճակ ստանա:
Ապրիլի 18-ին կառավարության նիստերի դահլիճում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը հանդես է եկել հաշվետվությամբ՝ ամփոփելով 2007-2012թթ. կատարած աշխատանքների արդյունքները. նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիների պետական բյուջեի` սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը կազմում են բյուջետային հատկացումների ավելի քան մեկ քառորդը, նշված ծախսերը, 2007-ի համեմատ, աճել են 76 տոկոսով:
Նախարարի տեղեկացմամբ` 2008-2011 թվականներին ամուսնության նպաստների վճարման համար պետբյուջեից ծախսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ, իսկ ծրագրից օգտված ընտանիքների թիվը՝ 5621:
Նարինե Ասծատրյանը կարճ անդրադարձավ նաեւ վերաբնակեցման գործընթացին՝ այն համարելով ժողովրդագրական քաղաքականության անբաժանելի մաս եւ նշելով, որ նախարարության ներկայացմամբ ԼՂՀ անվտանգության խորհրդի կողմից հաստատվել է վերաբնակեցման քաղաքականության հայեցակարգը. նրա խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում վերաբնակեցվել է ավելի քան 600 ընտանիք, որոնց ճնշող մեծամասնությունը բնակություն է հաստատել սահմանամերձ գյուղերում:
Ապրիլի 20-ից սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտեւի մինչեւ մայիսի 5-ի ժամը 18:00-ն, նախագահի թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը, որից հետո էլ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:
Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղի, արհեստագործական ուսումնարանի եւ մշակույթի նախարարության շենքերի կառուցման եւ վերանորոգման ընթացքին:
Ապրիլի 23-ին նախագահ Բակո Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել ինքնաառաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ապրիլի 24-ին Արցախում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը. հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ մատուցելու իրենց հարգանքի տուրքը:
Նույն օրը Բակո Սահակյանն ուղերձ է հղել Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում էր. «Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանված եւ կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»:
Ապրիլի 25-ին նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Մարտունու շրջանի Սոս համայնքի շուրջ 3 տասնյակ տղամարդիկ եւ հանդիպում էին պահանջում նախագահի հետ. «Եկել ենք նախագահի մոտ, մենք միայն նրան ենք վստահում, նրա հետ էլ հանդիպել չեն թողնում»,- ասում էին գյուղացիները, ովքեր եկել էին իրենց բողոքը հայտնելու գյուղապետից, ով, նրանց հավաստմամբ, գյուղում ինչ ուզում` անում է:
Ապրիլի վերջին տասնօրյակում Արցախում էր Աբխազիայի պետական հեռուստատեսության նկարահանող խումբը, որը Շուշիի ազատագրման 20-ամյակի նախօրեին փաստավավերագրական ֆիլմ է պատրաստում Արցախի մասին:
Ապրիլի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը բարձրացրել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը Արցախում հեռարձակվող հեռուստաալիքների սոցիալական փաթեթում ընդգրկելու հարցը, որին ի պատասխան արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը նշել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով այդ հեռուստաընկերությունն ընդգրկված չէ ոչ մի փաթեթում, իսկ սոցիալական փաթեթը կառավարության որոշմամբ է հաստատվում:
Նույն նիստում պատգամավորները հավանություն տվեցին նախագահի առաջարկությանը, ըստ որի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Աբրահամյանը եւ Վերաքննիչ դատարանի դատավոր Գրետա Արզումանյանը կնշանակվեն Գերագույն դատարանի դատավորներ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ, այդ թվում՝ երկու օր առաջ իր նստավայրի մոտ հավաքվածների. նախագահը հանձնարարել է ԼՂՀ կառավարությանը, դատախազությանը եւ ոստիկանությանը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ Արցախի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմի առաջնադիտումը, որին ներկա էին դերասան, ֆիլմի պրոդյուսեր եւ համասցենարիստ Միքայել Պողոսյանը, ֆիլմի կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը եւ դերասան Մհեր Լեւոնյանը:
Ապրիլի 26-ին ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկատվություն է տարածել, ըստ որի վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ. «Ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գեւորգի Մադոյանը եւ Էռնեստ Միքայելի Սարգսյանը»:
Ապրիլի 27-ին ԼՂՀ կառավարության նիստում քննարկվեց 2011թ. պետական բյուջեի կատարողականը, որը ներկայացրեց փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը. նրա փոխանցմամբ՝ 2011թ. տնտեսական աճը հանրապետությունում կազմել է 9.1 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2010թ. նկատմամբ աճել է 0.8 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 20.1 տոկոսով, կապիտալ շինարարության ծավալը՝ 1.4 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 12.8 տոկոսով:
Նախարարի տեղեկացմամբ՝ տնտեսական աճին եւ զբաղվածությանը զուգահեռ ավելացել են բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերը. եկամուտները 2010-ի համեմատ ավելացել են 16.6 տոկոսով, իսկ ծախսերը 13 տոկոսով՝ նույն նիստում հայտարարել է ֆինանսների նախարարը:
Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:
Ապրիլի 28-ին հայտնի է դարձել նախագահի երկրորդ թեկնածուն. ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: