Դեկտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3184 մարդ, գրանցված գործազուրկներինը` 2942, որոնցից 2846-ը կանայք են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմե ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ում հետ քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:
Հաջորդ օրը Ստեփանակերտում հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի դեկտեմբերի 4-ին ստորագրած որոշմամբ Ալեն Պողոսյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն. այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Խաչատրյանը, ով նախկինում եղել է առողջապահության նախարար, որից հետո նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պավել Նաջարյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ:
“Արցախգազ” փակ բաժնետիրական ընկերության կողմից ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողով ներկայացված` գազի միասնական սակագին սահմանելու վերաբերյալ հայտը դեկտեմբերի սկզբներին հանձնաժողովը մերժել է. «Արցախգազնե առաջարկել էր 1 խորանարդ մետր գազի միասնական գինը սահմանել 150 դրամ, սակայն հանձնաժողովն անփոփոխ է թողել գործող 132 դրամ սակագինը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ. խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր:
Նույն օրը տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասինե օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր. համաձայն ներկայացված գլխավոր ֆինանսական փաստաթղթի` առաջարկվում է ԼՂՀ 2013թ. պետական բյուջեն հաստատել. եկամուտների գծով`70 մլրդ 293.8 մլն դրամի, ծախսերի գծով` 71 մլրդ 066.0 մլն դրամի, իսկ պակասուրդը` 772.2 մլն դրամի չափով:
Դեկտեմբերի 5-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին. խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները ԱՄՆ հայ համայնքի հարյուրից ավելի ղեկավարների հետ Կապիտոլիումում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ելույթով հանդես է եկել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ով Վաշինգտոն էր ժամանել Կոնգրեսում ԼՂՀ անկախության 21-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 5-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի եւ Ֆրենկ Փալոունի հետ. հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ ԼՂՀ տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական ձեռքբերումներին առնչվող հարցեր:
Դեկտեմբերի սկզբին Արցախում 2002 թվականից գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնե հասարակական կազմակերպությունը նշել է գործունեության 10-ամյակը:
Արցախցի մարզիկ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 7-9 ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած կիոկուշին կան կարատե դո աշխարհի պատանիների եւ աղջիկների 2-րդ բաց առաջնությունում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:
Դեկտեմբերի 7-ին Արցախում հիշել են 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին. վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել հազարավոր արցախցիներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 24 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհը դարձած հայրենակիցների հիշատակին:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը անցկացված նիստի ընթացքում ԵԱՀԿ` Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ անելով «խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորելե:
Դեկտեմեբերի 10-ին Արցախում նշեցին ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրը:
ԼՂՀ-ում մշտական բնակություն հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար նոյեմբեր ամսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել 6 ընտանիքների դիմում-փաստաթղթեր. նոյեմբեր ամսում վերաբնակչի կարգավիճակ է տրվել 6 ընտանիքների 21 անձանց, որոնցից 13-ը` երեխաներ:
Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ ՀՅԴ 122-ամյակին նվիրված միջոցառում:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին. հանդիպմանը քննարկվել են Արցախում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Նույն օրը տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էր նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանը. նիստի ընթացքում ներկայացվեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիդ Հանգն է:
Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցավ «PanArmenian Media Groupե ընկերության կողմից նկարահանված` Արտակ Հերիքյանի «Մեր Արցախըե ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ ֆիլմի հեղինակը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Դեկտեմբերի 15-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին. հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես` ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:
Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացվել է «Հայ ժողովրդի մասնակցությունը 1812 թվականի հայրենական պատերազմինե խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Արցախի պետական արխիվը` ՀՀ ազգային արխիվի աջակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին, որի համաձայն հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը` Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Վրեժ Ժամհարյանին ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ նշանակելու մասին:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Հայրենիքին, Եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Քաշաթաղի եւ Կովսականի հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտությունե մեդալով:
Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ին տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը եւ անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը` այս մասին դեկտեմբերի 19-ին տեղեկատվություն է տարածել ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժինը:
Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից նախաձեռնված «Մշակութային խաչմերուկե միջոցառման արդյունքների ամփոփումը. լավագույն մշակութային համայնք է ճանաչվել Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքը:
Նույն օրը ԼՂՀ ազգային ժողովի հերթական նիստում քննարկման հիմնական թեման «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասինե օրենքի նախագծի մասին հարցն էր` ուղեկից օրինագծերով եւ տարեկան նպատակային ծրագրերով:
Դեկտեմբերի 21-ին նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաեւ «Հեռուստամարաթոն-2012ե-ի արդյունքներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԼՂՀ սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում դեկտեմբերի 23-ին` ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին` մահացու հրազենային վնասվածքով:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ԼՂՀ Վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր. երկրի ղեկավարը շնորհավորել է Վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դեկտեմբերի 25-ին շնորհավորել է արհմիութենական աշխատողի օրվա կապակցությամբ:
Նախագահ Բակո Սահակյանը նույն օրը ստորագրել է հրամանագիր Լաչինի միջանցքի եւ Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ Երկրապահ կամավորական միության անդամ մի խումբ ազատամարտիկների «Մարտական ծառայությունե մեդալով պարգեւատրելու մասին:
Դեկտեմբերի վերջին հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանն ամփոփել է տարվա արդյունքները:
Դեկտեմբերի 26-ին կայացավ ԼՂՀ ԿԸՀ հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովն ի գիտություն ընդունեց N 10 եւ N 15 ընտրատարածքներում 2012թ. դեկտեմբերի 23-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքները. Մարտակերտի եւ Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան որոշումներով N 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Նելսոն Իվանի Մինասյանը, ում կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է 2798 կամ 77,1%, իսկ N 15 ընտրատարածքում` Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը, ում կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է 4353 կամ 97,4%:
«Ադրբեջանի իշխանություններն այսօր չէ եւ նաեւ վաղն են հայտարարելու ռազմական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու մասին, նրանք նաեւ միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Մինսկի խմբին, անընդհատ շանտաժի են ենթարկում, հայտարարելով, որ պատրաստվում են հարցը հենց այդ ճանապարհով լուծելե,- տարեվերջյան իր ասուլիսի ընթացքում նշել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Առաջնագծում բոլոր հրամանատարներին ցուցում է տրված, որ անընդհատ պետք է հակազդեն հակառակորդին եւ չթույլատրեն, որպեսզի նա հայտնվի գերիշխող դիրքում` նույն ասուլիսի ժամանակ նշել է պաշտպանության նախարարը:
Դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում բոլոր պատգամավորները, բացառությամբ երկուսի` Վիտալի Բալասանյանի եւ Վահան Բադասյանի, կողմ են քվեարկել կառավարության կողմից ներկայացված պետական բյուջեի նախագծին, որի քննարկումն ընդմիջվել էր օրեր առաջ:
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 40-տոկոսյա աճ. նախորդ տարվա 11 հազարի փոխարեն 2012-ի ընթացքում Արցախ է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ:
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 26-ին պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է 2012թ. արդյունքները եւ խոսել 2013 թվականին նախատեսվող աշխատանքների մասին. խոսելով գալիք տարվա ծրագրերի մասին, Կարեն Միրզոյանը նշել է. «Մեր նպատակն է ավելի աշխուժացնել ԼՂՀ արտաքին գերատեսչության գործունեությունը, որը ոչ միայն ուղղված է լինելու ԱԳՆ որոշակի աշխատանքների կանոնակարգմանն ու հստակեցմանը, այլ նաեւ մեր գործունեությունն ավելի տեսանելի դարձնելուն` թե ԼՂՀ հասարակայնության, թե արտաքին աշխարհի համարյ, հսկ մեր հիմնական նպատակը լինելու է բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ակտիվ ներգրավվածության ապահովումըե:
2013թ. աշխատանքներ կտարվեն նաեւ ԼՂՀ ճանաչելիությունը միջազգային հարթակում ավելի բարձրացնելու, այդ թվում` ԼՂՀ ճանաչման, ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարման, ԼՂՀ-ի եւ Սփյուռքի միջեւ կապերի աշխուժացման ուղղությամբ` նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարը:
ԼՂՀ կառավարության 2012-ի վերջին նիստում գործադիրի հավանությանն արժանացավ արդարադատության նախարարի կողմից ներկայացված` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիային միանալու եւ նրա իրավազորությունը ԼՂՀ-ում ճանաչելու մասին ԼՂՀ օրենքի նախագիծը, որը կներկայացվի նաեւ ԱԺ քննարկմանը:
Ղարաբաղում աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում կարող են սպասել միայն 2014 թվականի հունվարի 1-ից` այս մասին դեկտեմբերի 28-ին իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց. հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում: