Այս տարվա առաջին վեց ամիսներին բռնագանձվել է 1 միլիարդից ավելի գումար, հայտարարել է ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ ԼՂՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Արցախում պատրաստվում են ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին. հուլիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Միքայել Վիրաբյանին հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` Անատոլի Թադեւոսյանը նշանակվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ` ազատվելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պարտականություններից:
Նախագահի նույն օրվա հրամանագրով` Սպարտակ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նույն օրը նախագահն ընդունել է ՙՏնջրե՚ պատանի երաժիշտների երկրորդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:
Հուլիսի սկզբներին Երեւանի բժշկական համալսարանի միկրովիրաբուժության բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ Շուշի է այցելել բժիշկ-մասնագետների մի խումբ` կազմակերպելու բաց դռների օր` հանրապետության տարբեր շրջանների բնակիչների համար. տեղի բժիշկների հետ հյուրերը կատարել են 57 վիրահատություն:
Խմբի այցելության ժամանակ Շուշիի շրջանային հիվանդանոցում տեղի է ունեցել նորաստեղծ բիոքիմիական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ֆրանսիացի բժիշկների խումբը (լաբորատորիան կրում է ՙԲիոսեֆ՚ կազմակերպության ներկայացուցիչ, մեկ տարի առաջ իր մահկանացուն կնքած Քրիստիան Սեղեի անունը, ում հովանավորությամբ էլ ստեղծվել է այն):
Բժիշկների մի խումբ էլ գտնվում էր Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, որտեղ Երեւանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կողմից կազմակերպվել են արտագնա հետազոտություններ:
Նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 7-ի հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը, ով ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, սեփական դիմումի համաձայն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակել է ԼՂՀ նախագահի խորհրդատու:
Արցախի արտգործնախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանը:
Հուլիսի 8-ին կյանքից հեռացել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը, ով ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, զբաղեցրել էր ղեկավար պաշտոններ, այդ թվում` ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը:
ԼՂՀ սոցապահովության նախարարության հուլիսի սկզբներին հրապարակած տեղեկությունների համաձայն` նախարարության կողմից հունիս ամսում վերաբնակչի կարգավիճակ է տրվել 17 ընտանիքի` բաղկացած 62 անձից, որոնցից 30-ը երեխաներ են:
Արցախի Վանք գյուղում, բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ, կառուցվելու է զինվորական վարժարան, որտեղ ռազմական կրթություն կստանան շուրջ 5 հազար երիտասարդներ, այդ մասին տեղեկացրել է բարերարի եղբայր, գործարար Վլադիմիր Հայրապետյանը` Արցախ այցելած լրագրողներին, ովքեր եկել էին ծանոթանալու Արցախի եկեղեցաշինության գործում սփյուռքահայ բարերարների ներդրումներին:
Հուլիսի 12-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերի համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Վիլհելմ Կարապետյանին ՙԵրախտագիտություն՚ մեդալով պարգեւատրելու մասին:
Ամսվա առաջին կեսում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղի է ունեցել վերանորոգված ու նոր սարքավորումներով զինված բուժամբուլատորիայի բացման արարողությունը. բուժամբուլատորիայի վերանորոգումն ու վերազինումն իրականացվել է ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոնի տնօրեն, արմատներով մեծթաղերցի Սերգեյ Հուռումյանի ու նրա կալիֆոռնիացի գործընկեր, հայազգի մանկաբարձ-գինեկոլոգ Պետրոս Կոջյանի ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Արցախի կառավարության աջակցությամբ:
Ամերիկահայ բժշկության միության նախաձեռնությամբ ծրագիր կիրականացվի նաեւ Մարտունու շրջանի Աշան գյուղում, որտեղ արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, այս մասին հայտարարել է Պետրոս Կոջյանը, ով Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնին լապարոսկոպիկ նոր սարք է նվիրաբերել (ի դեպ, դա բարերարի նվիրաբերած երկրորդ սարքն է), որի միջոցով արցախցի բժիշկների մասնակցությամբ իրականացվել է 13 գինեկոլոգիական եւ 8 ակնաբուժական վիրահատություն:
Արցախում աշնանը մեկնարկելու է նոր` ՙՈւսումնական ռազմավարություն՚ ծրագիրը, որի մանրամասները հուլիսի 12-ին քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ. վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին, համալսարանի հիմնադիրներից` Արմեն Տեր-Կյուրեղյանին, ՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի համակարգող Սեբաստիան Արիես Դյուվալին եւ ՀԲԸՄ Հայաստանի ու Արցախի գրասենյակների համակարգողներին:
Հուլիսի 14-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՙԴինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները՚ միջազգային գիտական գիտաժողովը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հուլիսի 9-16-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց:
Հուլիսի 18-ից-29-ը Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի կենտրոնում անց է կացվել ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին Իտալիայի գեղարվեստի տարբեր ակադեմիաների 22 պրոֆեսորներ, քանդակագործներ եւ նկարիչներ, ինչպես նաեւ 4 քանդակագործ Արցախից:
Նույն օրը Շուշիում մեկնարկել է մոնոներկայացումների ՙԱրմմոնո՚ թատերական փառատոնը, որը նվիրված է Արցախի անկախության հռչակման 20-ամյակին:
Հուլիսի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում է անցկացրել` Տերտեր քաղաքի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նույն օրը ԼՂՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է դատախազության առաջին կիսամյակի արդյունքները. նրա փոխանցմամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին 6 ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունները նվազել են 16.8 տոկոսով:
Նույն ասուլիսում գլխավոր դատախազը հայտարարել է, որ հանրապետությունում կազմակերպված հանցավորություն, հանցավոր խմբավորումներ չկան:
ՙՀանրապետությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այսօրվա դրությամբ կոորդինացված էմոյական շարժում գոյություն չունի՚,- հայտարարել է գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` հավելելով, որ
կան պատանիներ ու երիտասարդներ, ովքեր փորձում են համախմբվել շարժման գաղափարների շուրջ, աչքի ընկնել իրենց հագուկապով եւ երաժշտական նախասիրություններով. դատախազը վստահեցրել է, որ նրանք ոստիկանության անչափահասների գործերով տեսչության աշխատակիցների հսկողության տակ են, եւ հարկ եղած դեպքում օրենքով սահմանված կարգով միջոցառումներ կձեռնարկվեն:
Կազմակերպված թմրաբիզնես կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Արցախում չկա, այս մասին նույնպես հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` փաստելով, որ այս տարի եւս գրանցված թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ օգտագործման դեպքերը վերաբերում են թեթեւ տեսակի թմրամիջոցներին` մարիխուանային եւ նման այլ թեթեւ թմրանյութերին: