Հուլիսի 2-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մեկնարկեց ՙԳանձասար՚ ամառային ճամբարը, որի առաջին հոսքում ընդգրկվել են 12-15 տարեկան 85 աշակերտներ` Ստեփանակերտի թ.1 եւ թ.2 դպրոցներից:
Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնած ԼՂՀ պարի պետական համույթը hուլիսի 2-ին իր անդրանիկ ելույթն է ունեցել Վալանս քաղաքում. միջոցառումը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի ՙԱրցախ. հայկական ավանդույթների եւ արվեստի այգի՚ գիրքը` նվիրված Արցախի անկախության 20-ամյակին:
Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը. համերգին նախորդեցին պատմաբան Կլոդ Մութաֆյանի եւ արվեստի պատմության մասնագետ Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության եւ մանրանկարչական արվեստի վերաբերյալ, որից հետո ելույթով հանդես եկած Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը, նշեց Վիլյորբան քաղաքի եւ Արցախի միջեւ խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:
Հուլիսի 3-ի վաղ առավոտյան ՀՅԴ Արցախի երիտասարդական վարիչ մարմնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ ակցիա են կազմակերպել Երեւանի ՙՀարսնաքար՚ ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին. երիտասարդները ՙՎահե Ավետյանի դատը Հայաստանի դատն է՚, ՙՄենք ուզում ենք օրենքի Հայաստան՚,ՙՄարդասպանները տեղ չունեն մեր երկրում՚ եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով էին մասնակցում ակցիային, որի ընթացքում նաեւ մոմավառություն էր կազմակերպվել:
Հուլիսի 4-ին ԼՂՀ ՙՍոցիալական արդարություն՚ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Արցախի քաղաքացիներին կոչ է արվում նախագահական ընտրություններում վճռական ՙՈՉ՚ ասել շարունակվող քաղաքականությանըª ԼՂՀ քաղաքացիներիª իրենց երկրում արժանապատվորեն ապրելու իրավունքների սահմանափակմանը, հասարակությանª հարուստների եւ ընչազուրկների միջեւ բաժանմանը, ավտորիտարիզմին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ իրական բաժանման բացակայությանը, արտերկրում ԼՂՀ վարկանիշի անկմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչման ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ոլորտում ակտիվ գործողությունների բացակայությանը:
Հուլիսի 6-ին նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ. հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին. հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հուլիսի 6-ին ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես են եկել վեց պետություններից` Սիրիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսատանից, Թուրքիայից եւ Բուլղարիայից Արցախ ժամանած պարային համույթները:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին պաշտպանելու մասին հայտարարությամբ հուլիսի սկզբներին հանդես են եկել ՙՇարժում-88՚ կուսակցությունը, ինչպես նաեւ Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը:
Հուլիսի 9-ին ՙՆարեկացի՚ արվեստի միության Շուշիի կենտրոնում իր սկիզբն ազդարարեց ՙԱրամ Մանուկյան՚ մանկական ճամբարը. որի կազմակերպիչներն են Աիդա եւ Հայդուկ Շամլյանները. այս տարի նախատեսված է ճամբարում ընդգրկել ութսուն մասնակից` 5-12 տարեկան փոքրիկ շուշեցիներ:
Հուլիսի 10-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ինքնաբացարկի դիմում ներկայացրած նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, ինչին էլ հանձնաժողովը տվեց իր դրական պատասխանը:
Հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ. դիտարկման ժամանակ հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/ հատել են զինված ուժերի շփման գիծը հատուկ ականազերծված հատվածով:
ԼՂՀ արդարադատության նախարարության հուլիսի 11-ին հրապարակած տվյալների համաձայն` հունիս ամսում ԼՂՀ-ում ծնվել է 226 երեխա, որից ամենաշատը գրանցվել է Ստեփանակերտում` 88:
Մահվան դեպքերը հանրապետությունում կազմել են 84. ամենաշատ մահացությունը գրանցվել է ՔԿԱԳ Ստեփանակերտի տարածքային բաժնում` 34:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է եւ բանակցային խեղաթյուրված ձեւաչափը եւ կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել իրենց աշխատանքըª Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ:
Հուլիսի 12-ին Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որիª Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
Հուլիսի 13-ին Երեւանում ավարտված 1996-1997թթ. ծնվածների միջեւ Հայաստանի բասկետբոլի առաջնությունում արցախցի բասկետբոլիստուհիները, եզրափակիչում 48:26 հաշվով հաղթանակ տանելով ՙԱրթիկ՚ թիմի մարզուհիների նկատմամբ, նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Նույն օրը Շուշիիում մեկնարկեց ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակագործության 2-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին 11 քանդակագործներ Հայաստանից, Իտալիայից, Բելառուսից, Բելգիայից, Ճապոնիայից եւ Արցախից:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալներիª հուլիսի 7-14-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց:
Գլխավոր դատախազության հուլիսի առաջին կեսին հրապարակած տեղեկությունների համաձայնª 2012թ. առաջին կիսամյակում հանրապետության տարածքում ավարտված թվով 6 քրեական գործով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 23 հանցագործություն. նշված բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված 49.788.517 դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է:
Հուլիսի 16-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին, ում նախագահը շնորհակալություն է հայտնել` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ կարեւորել նրա անձնական օրինակը հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից, իսկ Լեւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ հանդիսանում է ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկը:
Հուլիսի 18-ին` նախագահական ընտրություններին նախորդող օրը, Ղարաբաղում լռության օր էր:
ԿԸՀ-ում նույն օրվա դրությամբ հավատարմագրվել էին 21 տեղական ու 82 միջազգային դիտորդներ, 93 լրագրողներ` 43-ը` տեղացի եւ 50-ը` միջազգային:
Հուլիսի 19-ին` նախագահի ընտրության օրը, 3 թեկնածուներից առաջինը քվեարկել է
Վիտալի Բալասանյանը` հայրենի Ասկերան քաղաքում. քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա շեշտել է, որ քվեարկել է ՙհանուն Ղարաբաղի ապագայի, հանուն մեր անկախության եւ մեր գերնպատակի` մեկ հայկական հանրապետության համար՚, ինչպես նաեւ հավաստիացրել, որ չընտրվելու դեպքում անպայման հայտարարելու է ընդդիմության ձեւավորման մասին:
ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանը երկրորդն է քվեարկել թեկնածուներից. ՙԻմ քվեն տվել եմ հզոր, անկախ, միասնական պետություն կառուցելուն՚,- նշել է նա` հավելելով, որ սկսածն են շարունակելու:
Նախագահի մյուս թեկնածու Արկադի Սողոմոնյանն իր իսկ խոսքերով քվեարկել է ՙերկրի բարեկեցիկ ապագայի, ազատության, արդարության, համերաշխության եւ օրենքի երկրի համար՚:
Ընտրությունների օրը ընտրախախտումների վերաբերյալ ԿԸՀ բողոք է ներկայացրել միայն նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը. ըստ այդ բողոքիª ընտրախախտում է կատարվել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի թիվ 10 ընտրատեղամասում, իսկ ընտրություններից մեկ օր առաջ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում Վիտալի Բալասանյանի վստահված անձ Արսեն Գրիգորյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:
ԿԸՀ տվյալներով` նախագահի ընտրությանը մասնակցել է քվեարկողների 73.42 տոկոսը. մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում, որտեղ քվեարկել է ընտրողների 92.31 տոկոսը, Ստեփանակերտում քվեարկել է ընտրողների 68.4 , Ասկերանումª 79.87, Հադրութումª 82.72, Մարտակերտումª 75.14, Մարտունիումª 70.31, Շահումյանումª 86.37, Շուշիումª 73.98 եւ Քաշաթաղումª 77.45 տոկոսը:
Հուլիսի 20-ին ԿԸՀ-ն հրապարակել է ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնցª Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է ընտրողների 32.5 տոկոսը, Բակո Սահակյանի օգտինª 66.7 տոկոսը եւ Արկադի Սողոմոնյանի օգտինª 0.8 տոկոսը:
Նույն օրը նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմում է հղել արցախցիներին, որում շնորհավորելով նրանց Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկած քաղաքացիներին, նշել է, որ հունիսի 15-ին գործող նախագահին ուղղված իր բաց նամակում որոշակի մտահոգություններ է հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին, սակայն դրանք հաշվի չեն առնվել. ՙես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով՚,-շեշտել է նա:
Գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ. ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին եւ այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համարª հայտարարել է Վիտալի Բալասանյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ նրանք ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ջանքերի անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով, սակայն, ըստ նրանց, երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:
Համանախագահներն ընդգծել են նաեւ, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար:
Նույն օրը հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԼՂՀ ԱԳՆ-ն, նշելով, որ ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան եւ անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության իդեալներին մեր ժողովրդի նվիրվածության եւ խաղաղության ստեղծման մասին:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԼՂՀ-ում կայացած ընտրությունների խանգարելուն ուղղված շահարկումներն անհիմն են եւ քարոզչական նպատակ են հետապնդում` նշվում է հայտարարության մեջ եւ ավելացվում, որ հակամարտության կարգավորման մեջ որոշիչ է հանդիսանում ԼՂՀ ժողովրդի կամքը, որն ամբողջովին ճանաչվում է միջազգային հանրության եւ միջնորդների կողմից:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիկոպոս Մարտիրոսյանին, ով շնորհավորել է Բակո Սահակյանինª նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում. հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալներիª հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 22-ին կայացած նիստում ամփոփվեցին ԼՂՀ նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրության արդյունքները, որոնց համաձայնª ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակների կազմում է` 99227, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրություններիª 72958, որից Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22967, Բակո Սահակյանի օգտինª 47095 եւ Արկադի Սողոմոնյանի օգտինª 593 քաղաքացի, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2302:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին. երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Հուլիսի 23-ին Արցախի հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին, որում երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իր օգտին` բարձր վստահություն հայտնելով իրեն, եւ նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին. ՙորպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը եւ պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ եւ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում՚ª շեշտել է նախագահը:
Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են, կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբª նույն ուղերձում ընդգծել է Բակո Սահակյանը եւ վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման արձանագրել նոր հաղթանակներ:
Հուլիսի 24-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես բերքահավաքին. ամփոփելով հացահատիկային մշակաբույսերիª մինչեւ այդ օրն իրականացված բերքահավաքի արդյունքները, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը շեշտել է, որ միջին բերքատվությունն անցած տարվա համեմատ շուրջ 9 տոկոսով իջել է:
Խորհրդակցության ժամանակ վարչապետն անդրադարձել է նաեւ ցորենի գնի հնարավոր բարձրացմանը, նշելով, որ աշխարհում կտրուկ բարձրանում է ցորենի գինը, ինչը ենթադրում է նաեւ ալյուրի գնի աճ. նա խոստացավ մի քանի օրվա ընթացքում մշակել այն մեխանիզմները, որոնցով կկարգավորվեն ցորենի եւ ալյուրի գները` հաշվի առնելով նաեւ ցորեն արտադրողների շահերը:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՙԼույս՚ հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների. երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցներն արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ կազմակերպություններում:
Հուլիսի վերջերին Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերի տարածքում գտնվող Կաշենի հանքավայրի շահագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում, որը բաց էր նաեւ լրագրողների համար, ներկայացվեցին այն ստանդարտներն ու նորմերը, որոնցով պատրաստվում են գնահատել հանքավայրի շահագործման հողային ու ջրային ռեսուրսների, կենդանական ու բուսական աշխարհի, մարդկանց առողջության վրա ազդեցությունը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալներիª հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
Հուլիսի 27-ին ԼՂՀ Վերահսկիչ պալատն արտագնա նիստ էր գումարել Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում. ՎՊ աշխատակիցները վերահսկողություն են իրականացրել Քաշաթաղի շրջանային վարչակազմում` ստուգվել է վարչակազմին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը եւ պետական սեփականության օգտագործումն ու կառավարումը, ինչպես նաեւ համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման եւ մուտքերի ապահովման ու համայնքային կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Բերձոր համայնքում, որոնց ընթացքում ՎՊ մասնագետները վեր են հանել մի շարք խատումներ եւ բացթողումներ:
Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ. քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նույն օրն ընդունել է ՙԼոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ՚ ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը` մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ. Բակո Սահակյանը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը` հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա: