Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ, այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ծանոթացել նրա աշխատանքներին, այնուհետեւ տեղի կաթի եւ մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին. նախագահը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ եւ ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենան նաեւ Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Հունիսի 1-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի նախաձեռնությամբ 55 անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների 168 անդամներ հնարավորություն ունեցան այցելել Գանձասարի վանք, ինչպես նաեւ մասնակցել Վանք գյուղում իրենց համար կազմակերպված համերգին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը:
Հունիսի 4-ին նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն եւ այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետեւանքով շրջանում ստեղծված իրավիճակին. երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Նույն օրը նախագահն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների. հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջեւ կապերի հաստատմանը:
Չեխիայից ժամանած խորհրդարանականներին ընդունել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. ողջունելով չեխ գործընկերներին ու գոհունակություն հայտնելով նրանց այցի առթիվ, ԱԺ նախագահը կարեւորեց նման կարգի շփումները, ինչը, հնարավորություն է տալիս մոտիկից ճանաչել միմյանց, անմիջականորեն տեղում անհամեմատ ստույգ տեղեկություններ ստանալ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ։
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին. երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը մեծապես կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:
Հաջորդ օրը նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետեւանքների վերացմանը:
Հունիսի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է Արցախի մշակույթի եւ արվեստի մի խումբ ներկայացուցիչների. երկրի ղեկավարը կարեւորել է ջերմ եւ անմիջական մթնոլորտում տարբեր հարցերի շոշափումը, ինչը թույլ է տալիս ավելի խոր ու բազմակողմանի պատկերացում կազմել տեղի ունեցող զարգացումների մասին:
Հունիսի 7-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն` Հայաստանի Հանրապետությունում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ թվով 30 աշակերտների արժեքավոր նվերներ եւ 1-ին կարգի դիպլոմակիր դպրոցականների ուսուցիչներին դրամական պարգեւներ հանձնելու մասին:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանին. հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հունիսի 7-ին նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման եւ քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի նախագծի մշակման հետ կապված հարցերը:
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ. պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին. հանդիպմանը քննարկվել են Արցախում մշակույթի զարգացման եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, այդ թվում Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի հետ եւ Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նախնական տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսների ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 9047.4 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2.2 տոկոսով։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին. հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաեւ վարչապետ Արա Հարությունյանը:
Նույն օրը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատվիրակությանը, վարչության պետ Արման Սահակյանի գլխավորությամբ:
Հունիսի 10-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նիստում ընդունվեցին գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նույն նիստում սահմանվեցին նաեւ 3G սերնդի շարժական ինտերնետ ծառայության սակագները:
Նույն նիստում հանձնաժողովը որոշեց «Արցախկաթ» եւ «Առաջնեկ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցել՝ կաթնամթերքի շրջանառությունն ու իրացումը խախտումներով կազմակերպելու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ ու քննարկել բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Հունիսի 11-ի ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքում մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Լե-Պեն-Միրաբո եւ Արցախի Մարտունի քաղաքների միջեւ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ:
Նույն օրը Մարտունի քաղաքում ՀՀ եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված միջոցառում կազմակերպվեց, որին ներկա էր նաեւ հերոսի կինը:
Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ ու քննարկել Բարեկամության շրջանակի գործունեության հնարավոր ուղղությունները եւ բնագավառները:
Հաշվի առնելով Վրաստանում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը եւ ամառային շրջանում ԼՂՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան, առողջապահության նախարարությունը հունիսի առաջին կեսին հանդես է եկել հայտարարությամբ, որում զբոսաշրջիկներին եւ ակտիվ հանգստի մեկնողներին խորհուրդ է տրվում ուղեւորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու եւ հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար:
Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի: Հարցազրույցի մի հատված, որտեղ նախարարը պատասխանում է Ադրբեջանի հետ հարաբերությունների ապագայի ձևաչափի մասին հարցին, բուռն քննարկումների թեմա է դարձել Արցախի և Հայաստանի մամուլում ու համացանցում, հնչել է կոշտ քննադատություն արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի հասցեին։
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը` դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ. հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը ՀՀ Վճռաբեկ և ԼՂՀ Գերագույն դատարանների միրջեւ ստորագրվել է համագործակցության եւ իրավական տեղեկատվության փոխանակման մասին հուշագիր։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է հայ անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռ Յուրի Փիրումյանին:
Նախագահ Բակո Սահակյանը նաեւ ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հունիսի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ Հասմիկ Միքայելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից. վարչապետի որոշման համաձայն ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Գաբրիելյանը նշանակվել է ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ:
Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամից կդառնա 45 հազար դրամ. այդ մասին ԼՂՀ կառավարության հունիսի 18-ին կայացած նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արեւելյան թեւ եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ. խորհրդակցության ժամանակ հայտարարվել է նաեւ հանրապետության այդ հատվածում քաղաքատիպ բնակավայր հիմնադրելու պատրաստակամության մասին։
Հունիսի 23-ին հանրապետության մի քանի համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Հունիսի 22-ին Ստեփանակերտի «Վալեքս գարդեն» հյուրանոցում տեղի ունեցավ Արցախում երրորդ սերնդի ցանցի՝ 3G-ի մուտքի շնորհանդեսը, որին մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության խորհրդի նախագահ Պիեռ Ֆատուշը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հյուրեր։
Հունիսի 25-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության անդամների հետ. հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում գործող ՀՕՄ-ի նախադպրոցական հաստատությունների հետագա գործունեության հետ կապված հարցեր:
ԼՂՀ Ազգային ժողովի հունիսի 27-ի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց ուղղեց արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնել է այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ անորոշ հույսեր կապելով. «Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտգործնախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որը, մեր կարծիքով, կապված չէ ոչ անգլերեն լեզվի իմացության, ոչ էլ եթերային ժամանակի սղության հետ, եւ ո՞րն է այդ հարցազրույցում արտահայտված տեսակետների տարբերության իրական պատճառը» հարցին ի պատասխան նախարարը, ափսոսանք հայտնելով ուղիղ եթերում տված իր հարցազրույցի շուրջ զանազան մեկնաբանությունների ու կարծիքների առթիվ և տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախեւառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացմանառանձնահատկություններով, մասնավորապես նշել է. «Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ որպես Արցախի Հանրապետության արտգործնախարար ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի եւ գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին»։
ԼՂՀ Ազգային ժողովի նույն նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, անդրադառնալով ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցված տեսակետներին, որոնք, ըստ պատգամավորի, հակասում են ԼՂՀ Սահմանարդությանը եւ ժողովրդի մոտեցումներին, հայտարարեց. «Արտգործնախարարը խախտել է ԼՂՀ Սահմանադրությունը՝ իր եւ նախարարության տեսակետները հայտնելու ժամանակ, ուստի պահանջում եմ նրա հրաժարականը։ Հրաժարական չտալու դեպքում կխնդրեի կառավարությանը, որպեսզի պաշտոնանկ անի Կարեն Միրզոյանին՝ որպես դիվանագետի եւ արտաքին գործերի նախարարի»։
Նույն օրը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահ Ե. Զախարյանի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների հերթական համատեղ նիստում, որը կայացել է հունիսի 28-ին, որոշվեց պատասխանատվության միջոց կիրառել Արցախում կաթնամթերք արտադրող «Արցախկաթ» եւ «Առաջնեկ» ընկերությունների նկատմամբ՝ տուգանելով 300 հազարական դրամով:
Նույն օը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Հունիսի 29-ին Արցախում հարգեցին հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակը:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ. հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր: