Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված վիճակագրական հաշվետվությունների` 2013թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 79425.8 մլն դրամ` 2012թ. հունվարի 1-ի համեմատ աճելով 33.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 6.1 տոկոսով:
Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր Ալիսա Պարսեղովային ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` 6 տարի):
Ազգային ժողովի հունվարի 9-ի արտահերթ նստաշրջանի սկզբում տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին լրացուցիչ ընտրություններով ընտրված պատգամավորներ Հրանտ Սաֆարյանի եւ Նելսոն Մինասյանի երդման արարողությունը:
Նույն նիստում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից երկուսի նախագահի ընտրություն է անցկացվել. Արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել նորընտիր պատգամավոր Հրանտ Սաֆարյանը, իսկ Սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արամ Գրիգորյանը:
Հունվարի 9-ին խորհրդարանի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ամբողջացվել եւ նիստի մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել տոնական միջոցառումների ծրագրի նախնական տարբերակը:
Հունվարի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում իրականացնել ավելի հեռու տարածությունից:
Նույն օրը վթարի է ենթարկվել Ստեփանակերտ-Մարտունի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. ժամը 13.40-ին Ստեփանակերտ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին ձյան պատճառով միկրոավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետեւանքով 4 հոգի դիմել են Մարտունու շրջբուժմիավորում եւ ստացել առաջին բուժօգնություն, իսկ 2 հոգի տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց:
Հունվարի 10-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար եւ ՀՀ զինված ուժերի 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվել են ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:
Հունվարի 11-ին Բակո Սահակյանն այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին. հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:
Հունվարի 5-12-ը Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության շենքում երիտասարդ դերասանների համար անց են կացվել դասընթացներ` Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր եւ դերասան Յուրի Կոստանյանի վարմամբ:
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տվյալներով` 2012թ. ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 26194.3 մլն դրամ, որը պլանավորված 26100.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 0.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 10.4 տոկոսով:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հունվարի 14-ի որոշմամբ պաշտոնից ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը` իր դիմումի համաձայն:
Վարչապետի` նույն օրը ստորագրած մեկ այլ որոշմամբ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հակոբ Սայամյանը:
Հունվարի կեսին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր` ՙԱզատությունն աշխարհում 2013՚ զեկույցն է հրապարակվել, ըստ որի` երկու տարի անընդմեջ ՙոչ ազատ՚ Լեռնային Ղարաբաղը հայտնվել է ՙմասամբ ազատ՚-ների շարքում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. hանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության հունվարին հրապարակած տեղեկությունների համաձայն` 2012թ. դեկտեմբեր ամսում ԼՂՀ-ում գրանցվել է 157 ծնունդ (նախորդ ամսվա` 212-ի դիմաց) եւ 101 մահ (նախորդ ամսվա ընթացքում էլ էր նույնքան մահ գրանցվել), բնակչության բնական աճը կազմել է 56 մարդ` նախորդ ամսվա 11-ի դիմաց:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցած տարվա դեկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 47, իսկ ամուսնալուծությունների թիվը` 8 (ի դեպ, նոյեմբերին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 40, իսկ ամուսնալուծություններինը` 18):
Հունվարի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նվիրված կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցերին. խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ-ից Արցախ ժամանած պատվիրակության անդամները (նրանց մասնակցությամբ նույն թեմայով քննարկում է տեղի ունեցել նաեւ Ազգային ժողովում):
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրներին. անդրադառնալով ոլորտում իրականացվելիք աշխատանքներին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն եւ ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները եւ կնախանշի դրանց լուծման ուղիները:
Նույն օրը ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է անցած տարվա արդյունքները եւ խոսել ընթացիկ տարվա ծրագրերից. վերջին 5 տարիներին գյուղատնտեսությունն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի 13.4 տոկոսը, իսկ 2012թ. հունվար-սեպտեմբերին` 14.7 տոկոսը, 2008 թվականից սկսած պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցները տարեցտարի աճել են` 2012 թվականին կազմելով 2949.6 մլն դրամ, ինչը գերազանցել է 2006-2007 թվականների միջին տարեկան մակարդակն ավելի քան 8 անգամ:
Այս տարվանից մեկնարկելու են եւս մի քանի ենթաշրջանային ծրագրեր. բացի Հադրութի շրջանի Բանաձորի եւ Ուխտաձորի ենթաշրջանային ծրագրերից, որոնք ավելի վաղ էին մեկնարկել, այս տարի նման ծրագրեր կիրականացվեն նաեւ Հադրութի շրջանի Տողի ենթաշրջանում, Մարտունու շրջանի վերին հատվածի` Նոր շենի ենթաշրջանում` շուրջ 10 հայանքի եւ Ասկերանի շրջանի Խրամորթի ենթաշրջանում` 8 համայնքի ընդգրկմամբ, նույն ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գրանցվել է գյուղատնտեսական բոլոր կենդանիների գլխաքանակի աճ` բացառությամբ թռչունների, որը պայմանավորված է տարեվերջին մորթված գլխաքանակի ավելացմամբ:
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն` 2012թ. հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 27 նիստ, որոնց ընթացքում բարեգործական են որակվել 48 ծրագրեր` 4743,2 մլն դրամ ընդհանուր գումարով. խոշոր ծրագրերից են Ստեփանակերտ քաղաքում 360 տեղանոց մանկապարտեզի, Շուշի քաղաքում մասնագիտական դպրոցի կառուցումը, Մարտունի եւ Հադրութ քաղաքների խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման շինարարական, Ստեփանակերտ քաղաքի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները եւ այլն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` 2012 թվականին ՀՀ-ից եւ այլ երկրներից մշտական բնակության համար ԼՂՀ են տեղափոխվել 114 ընտանիք` 415 մարդ (2011թ.` 169 ընտանիք, 580 մարդ), որոնց տրվել են վերաբնակչի կարգավիճակ եւ տրամադրվել օրենսդրությամբ սահմանված բոլոր արտոնությունները:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան, որտեղ մասնակցել է դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը եւ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ. նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորների երդման արարողությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-ից 18-ը անցկացվեցին հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` հունվարի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարական կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է բանակաշինության ներկա գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի եւ տվել համապատասխան ցուցումներ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության հունվարին հրապարակած տվյալներով` 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ. պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2013թ. հունվարի 1-ի դրությամբ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմիններում աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3152 մարդ, իսկ գործազրկության նպաստ ստացողների թիվը` 320:
Նույն աղբյուրը հայտնում է, որ անցած տարում ՙՆորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստի տրամադրում՚ ծրագրով 870 ընտանիքների տրամադրվել է 261 մլն դրամ ամուսնության միանվագ նպաստ:
Հունվարի 1-18-ը հանրապետությունում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդության 595 դեպք, որից 535-ը երեխաներ են` հայտնել են ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչությունից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն, ծանոթացել գերատեսչության շենքային եւ աշխատանքային պայմաններին, այնուհետեւ մասնակցել հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը:
Նույն օրը արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոն Հոպկինսի համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր հանդիպումներ են ունեցել նաեւ Ազգային ժողովում եւ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:
Նույն օրը հայտարարություն է տարածվել Արցախում նոր կուսակցության ստեղծման մասին. ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցությունն իր գաղափարախոսությամբ ազգային, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, որի գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է:
ԼՂՀ կառավարության հունվարի 25-ի նիստում գործադիրի հավանությանն արժանացավ 2013 թվականի պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը. կապիտալ ներդրումների պետական պատվերն այս տարի կկազմի 11 մլրդ 500 մլն դրամ` անցած տարվանից պակաս 2 մլրդ 137 մլն դրամով:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Հունվարի 28-ին Արցախում նշել են Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը. այդ առիթով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարություն են տարածել իրենց` հունվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման մասին. ՙՀամանախագահները վերահաստատեցին իրենց` 2011թ. ապրիլի 14-ի եւ 2012թ. հուլիսի 13-ի հայտարարությունները եւ նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի եւ օդանավակայանից քաղաքացիական թռիչքներին վերաբերող խնդիրները: Արտգործնախարարները եւ համանախագահներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափ, ինչպես նաեւ վերահաստատեցին իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը եւ բանակցությունները շարունակելուն՚: