ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մայիսի 2-ի հրամանագրով՝ Հովհաննես Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր:
Մայիսի 5-ին սոցապահովության նախարարությունում առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 18 տարեկան 44 երեխաների դրամական օգնություն է տրամադրվել. նախաձեռնության հեղինակն ամերիկահայ բարերար Անդրանիկ Զորանյանն է, ում հովանավորությամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ վերոնշյալ անձանց տրամադրվել է 87 հազարական դրամ:
Մայիսի 5-ին ավարտվել է ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը. նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու ցանկություն են հայտնել չորս քաղաքացիներ՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ Վալերի Խաչատրյանը, ով այժմ չի աշխատում, բայց նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային ժողովի ընդհանուր բաժնի պետի պաշտոնը:
Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ Արցախի 5 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են եղել ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Աթանեսյանը, Հովիկ Ջիվանյանը, Կամո Բարսեղյանը, ԱԺ մամուլի քարտուղար Միքայել Հաջյանը եւ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մասամբ ներում է շնորհվել 29 հոգու, իսկ մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:
Մայիսի 7-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ բարերար Ալեք Բաղդասարյանը ԼՂՀ նախագահին է փոխանցել Լոս-Անջելեսի քաղաքապետարանի որոշումը` Լոս-Անջելեսի եւ Շուշիի միջեւ ընկերական հարաբերությունների հաստատման մասին:
Մայիսյան Եռատոնի գլխավոր միջոցառումներն Արցախում սկսվել են մայիսի 8-ին. հազարավոր արցախցիների հետ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել նաեւ ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները՝ նախագահներ Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում եւ Արցախյան պատերազում զոհվածների հիշատակին:
Հուշահամալիրից հետո նրանք այցելել են Շուշի, որտեղ ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որից հետո մասնակցել են Շուշիում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը:
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսը:
Եռատոնի շեմին Ստեփանակերտում բացվել է «Եվրոպա» միջազգային բիզնես կենտրոնը, որի կառուցման եւ շահագործման համար ներդրվել է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար:
Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել նաեւ Ֆրանսիայում, որտեղ, ԼՂՀ մշտական ներկայացուցչի փոխանցմամբ, միջոցառումները մեկնարկել են շուրջ երկու ժամ տեւած փարիզյան «Այբ ՖՄ» ռադիոկայանի ֆրանսալեզու հաղորդումից հետո, որի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը եւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը ընդգծեցին Շուշիի ազատագրման ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակությունը ողջ հայության համար՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում:
Մայիսյան տոների նախաշեմին Ստեփանակերտի պոլիկլինիկան համակարգչային շերտավորիչ (համակարգչային տոմոգրաֆ) է նվեր ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամից. ավելի քան 710 հազար դոլար արժողությամբ սարքավորումը գնելու միջոցները տրամադրել է բարերար Բարսեղ Բեգլարյանը:
Նույն օրերին նվերներ է ստացել նաեւ ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարար ծառայությանն ու տեխնիկական անվտանգության կենտրոնին է նվիրել արդի սարքավորումներով հանդերձավորված նոր մեքենաներ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական եւ նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու Ժակ Ֆորը, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել մայիսի 11-14-ին տարածաշրջան կատարած այցից հետո, որում ասվում է, որ համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները, թե ինչպես կատարել պարտավորությունները, որ ընդունվել են նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի կողմից Սոչիում հունվարի 23-ին արված համատեղ հռչակագրում, այդ թվում արագացնել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա` որպես համընդգրկուն խաղաղ կարգավորման հիմք, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների վրա աշխատանքը, նաեւ զարգացնել մարդասիրական շփումները:
Նույն հայտարարության մեջ համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ` կոչ անելով կողմերին զսպվածություն պահպանել եւ զերծ մնալ վրեժխնդրությունից:
Բացի այդ, համանախագահները քննարկել են ադրբեջանական եւ հայկական մշակութային եւ պատմական արժեքները պահպանելու եւ գնահատելու կարեւորությունը, որ պաշտպանեն տարածաշրջանի ժողովուրդների ժառանգությունը` վերջնական եւ ամուր խաղաղության հասնելու բանակցությունների համատեքստում:
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մայիսի հրապարակված նախնական տվյալներով՝ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 7277.5 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 9.9 տոկոսով:
Մայիսի առաջին տասնօրյակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը իր՝ արդեն ավանդական դարձած օգնությունն է ցուցաբերել Ստեփանակերտի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» գտնվող ծննդկան արցախուհիներին. այցելության օրը 23 կին 100-ական ԱՄՆ դոլար նվեր ստացավ բարերարից:
Մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Մայիսի 17-ին նշվել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձը. միջոցառման ընթացքում նախագահ Բակո Սահակյանը մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Նույն օրը Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում հորդորել է Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«Ռոդ Այլենդի խորհրդարանի որոշումն ու ԱՄՆ հայկական կազմակերպությունների աշխատանքն արժանի են ողջունվելու եւ աջակցության, եւ այդ գործընթացը պետք է իր շարունակությունը ստանա»,- ընդգծել է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ հիշեցնելով, որ 2010թ. ապրիլի 26-ին ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հանրային խորհուրդը Սփյուռքի հայկական կազմակերպություններին դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց ձեռնարկելու կոչով:
Հուլիսի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում նշվել է Բերձորի ազատագրման 20-ամյակը. տոնական միջոցառման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մեծարանքի խոսքեր է ասել Քաշաթաղի բնակիչներին, ովքեր «բարձր գիտակցությամբ են իրականացնում իրենց սրբազան առաքելությունը՝ ամեն օր մասնակցելով իրենց նախնիների երկրի շենացմանն ու զարգացմանը»՝ հավաստիացնելով, որ այսուհետ եւս օգտագործելով մայր Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ներուժը ամեն ինչ անելու են ծրագրերը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Նույն օրը Քաշաթաղի շրջանում տեղի է ունեցել «Սյունիք-2» հիդրոէլեկտրակայանի բացումը, ինչպես նաեւ Բերձորի նոր թաղամասի հիմնարկեքը. նախագծի համաձայն՝ նոր թաղամասը 50 առանձնատուն կունենա, թաղապետարան, դպրոց ու մանկապարտեզ, հանգստի գոտիներ, մարզահամալիր ու մարզադաշտ եւ այլ ենթակառուցվածքներ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մայիսի 21-ի հրամանագրով Դավիթ Ավանեսյանը եւ Կարեն Մելքումյանը նշանակվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:
Մայիսի երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ կոմունիստական կուսակցության 6-րդ համագումարը, որի ընթացքում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաեւ հուլիսի 19-ին նախատեսվող նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը. կոմկուսը որոշել է սատարել գործող նախագահին:
Նույն օրերին Արցախում էին գտնվում Ֆրանսիայի հանրապետության Սենատի անդամներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին եւ Բերնար Ֆուրնիեն, ովքեր տարբեր հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, ԱԺ պատգամավորների եւ գործադիր իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիացի սենատոր Սոֆի Ժուասենը, ով նաեւ Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետի օգնականն է, ԼՂՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես Ստեփանակերտի հետ համագործակցության հնարավորությունների մասին, տեղեկացնելով, որ մինչեւ այստեղ այցելելը գաղափարը կար եւ այցելելուց հետո այն ավելի ամրապնդվեց, որ Էքս-ան-Պրովանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ հարաբերություններ ստեղծվեն նաեւ քույր քաղաքների մակարդակով:
Ֆրանսիացի սենատորների եւ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը սենատորներին տեղեկացրեց, որ նրանք նույնպես հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում», ինչը հյուրերը հումորով են ընդունել՝ նշելով, որ իրենք իրականում չեն էլ կարող մեկնել աշխարհի բոլոր երկրները, սակայն խնդրին լրջորեն մոտենալով՝ նրանք ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանը դիմում է նման ծայրահեղ բացասական ու քաղաքակրթությանը ոչ հարիր քայլերի:
«20 տարվա այս ջանքերը շատ կարեւոր են եղել. պայմաններ են ստեղծվել ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար, եւ որ դրանք հարատեւ լինեն ձեր երկրում»,- ԼՂՀ ազգային ժողովում այս կարծիքն է արտահայտել ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Մարինին, ում խոսքերով՝ այստեղ ինքնորոշված ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին, քանի որ «ժողովուրդն ամրապնդվել է՝ շնորհիվ իր ոգու, քաջության եւ գործող հաստատությունների արդյունավետ գործունեության»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը չի օգտագործում իր հնարավորությունները քրիստոնեական այս կղզյակը պահպանելու համար, սենատոր Սոֆի Ժուասենն ասել է, որ քրիստոնյա աշխարհը հետեւում եւ գիտակցում է, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես նաեւ հոգեւոր առումով պաշտպանում է այստեղ առկա արժեքները. «Կարծում եմ, որ շատ ավելի փոխըմբռնում կա ձեր պայքարի նկատմամբ ժողովրդավար երկրների կողմից», իսկ սենատոր Բերնար Ֆուրնիեն, շարունակելով թեման, խոսել է ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության մասին եւ շեշտել. «Մեր երկիրը, որն առաջնորդվում է եղբայրության, հավասարության եւ ազատության սկզբունքներով, պարտավոր է ձեզ հասկանալ, ըմբռնել ձեր պայքարը ու օգնել դրան»:
Մայիսի 25-ին Արցախի 147 դպրոցներում հնչեց վերջին զանգը. դպրոցին հրաժեշտ տվեց խաղաղության սերունդը՝ 1994-1995թթ. ծնվածները:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Մայիսի երկրորդ կեսին Արցախում էր գտվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը. պատվիրակության անդամները մասնակցել են հիմնադրամի միջոցներով կառուցված մի շարք օբյեկտների բացմանը, ինչպես նաեւ ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Մայիսի 25-26-ը Իտալիայի Տարանտո քաղաքում կայացած կիոկուշին կան կարատե դո Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Մայիսի 27-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած «Hope for Tomorrow» («Հույս վաղվա հանդեպ») կազմակերպությունը ներկայացնող մի խումբ բժիշկների եւ ուսանողների. հանդիպմանը քննարկվել են Արցախում առողջապահության բնագավառի զարգացմանը վերաբերող հարցեր:
Մայիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւ կապակցությամբ. հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով, որ արցախյան հիմնահարցի հանգուցալուծման մեջ ԼՂՀ միջազգային ճանաչումը կարեւորագույն դեր է խաղում, որը նաեւ կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները ողջունում են վերոհիշյալ բանաձեւի ընդունումը՝ միաժամանակ ակնկալելով, որ այդ գործընթացը շարունակական կլինի, եւ ԱՄՆ-ն սկզբունքային դիրքորոշում կցուցաբերի ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում»: