Մայիսի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ ժամանած հայազգի հանրահայտ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Զանոեֆֆին` տիկնոջ հետ եւ գրող Վահե Աթանեսյանին. Բակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է եւ՛ աշխարհահռչակ ձեռներեց, եւ՛ ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջեւ ծառացած մշակութային, քաղաքական եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Մայիսի 2-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին. հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանին ընդունել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 2-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին. հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 244 հոգի, որից 10-ը` հետմահու, Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 26 հոգի, որից 3-ը` հետմահու, իսկ ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել է 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 2 հոգի:
Նույն օրը նախագահ Սահակյանը ստորագրել է նաեւ կարգադրություն` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Մայիսի 2-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը. դպրոցի շենքի վերանորոգումն իրականացվել է ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովների եւ Ռուբեն Վարդանյանի հովանավորությամբ։
Մայիսի 3-ին Շուշի քաղաքում տեղի է ունեցել արվեստի կենտրոնի եւ այնտեղ անվանի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը. ծրագիրը ֆինանսավորել են բարերարներ Սերգեյ, Կարո եւ Կամո Սարգսյանները։
Նույն օրը Շուշիի տեղի է ունեցել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ կառուցված մարզադաշտի բացման արարողությունը։
Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ. ավանդական դարձած նմանօրինակ հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կառավարության 2013-2017թթ. գործունեության ծրագրին։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Մայիսի 4-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը. հուշարձանը կառուցվել է ծննդով Կարմիր Շուկայից, այժմ Մոսվայում բնակվող գործարար Մհեր Ոսկանյանի հովանավորությամբ:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մայիսի 6-ի նիստում սահմանվեց ոռոգման ջրի մատակարարման ծառայության մատուցման նոր սակագին. «Ջրային տնտեսություն» ՓԲԸ կողմից սպառողներին ոռոգման ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը գործող 1 խոր. մետրի դիմաց 2 դրամի փոխարեն կդառնա 6.95 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Մայիսի 6-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել արցախյան գոյամարտի 8000-ից ավելի նկարների հեղինակ Մաքս Արշակ Սիվասլյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին։
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 7-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում պայքարել են հայերի կողմից, չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ չեն պայքարել. այս մասին նշվել է ԼՂՀ ԱԳՆ-ի՝ NEWS.am-ի հարցմանն ուղղված պատասխանում, որը վերաբերում է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությանը, թե Ղարաբաղում հայերի կողմից եւս չեչեններ են կռվել:
Ս.թ. մայիսի 8-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին քաղաքականության հարցերով ընկերակցության պատվիրակության հետ. հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:
Մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշել են Եռատոնը։
Նույն օրը Շուշիում տեղի է ունեցել կերպարվեստի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին երկու հայկական պետությունների իշխանությունները՝ նախագահների գլխավորությամբ։
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նաեւ Արցախի ազատամարտիկների միության վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը. միջոցառման ժամանակ «Արցախի ազատամարտիկների միության պատվավոր անդամ» մեդալով պարգեւատրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայրենյաց պաշտպան» մեդալով՝ ազատամարտիկ Գագիկ Թովմասյանը, իսկ ազատամարտիկներ Յուրա Սարգսյանը, Կարեն Մանգասարյանը, Ռաֆիկ Բաղդասարյանը, Ալեքսանդր Իսրայելյանը, Արտիկ Հակոբյանը, Սամվել Պողոսյանը «Լադա» մակնիշի ավտոմեքենա են ստացել որպես նվեր, նույն մակնիշի ավտոմեքենա է տրամադրվել նաեւ վետերանների միության գրասենյակին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացմանը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների. հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական եւ նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
Մայիսի առաջին կեսին տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ հիմնադրված նոր գյուղի՝ Նոր Կիլիկիայի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ դրվել է նաեւ 24 բնակելի տների կառուցման հիմքը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ. խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները եւ աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:
Նույն օրը նախագահը խորհրդակցություն է հրավիրել նաեւ հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Մայիսի 14-ին Համազգային պետական թատրոնն իր 21-րդ թատերաշրջանի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում արցախցի հանդիսատեսին է ներկայացել իր «SALE» ներկայացմամբ, որի բեմադրիչը Վիգեն Ստեփանյանն է։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական։
Մայիսի 16-ին ԼՂՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Արցախի տարածքում գործող տասնմեկերորդ կուսակցությունը` ազգային ուղղվածությամբ եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:
Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2012թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խումբ-խմբակցություններում։
Մայիսի 16-ին ՀՀ մանկապատանեկան ասմունքի վեցերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Արցախի հանրապետական փուլը. մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին։
Նույն օրը ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մոտոհրաձգային զորամասերից մեկի հիմքի վրա անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, մասնակցել է Աբխազիայի Հանրապետության արտաքին-քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել մայիսի 17-ին կայացած հանդիսավոր նիստում՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ եւ նշելով, որ Արցախում ուշադիր հետեւում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ ուրախանում են նրա հաջողություններով:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ. հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Մայիսի 18-ին Բերձորում նշեցին քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձը:
Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դալիճում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ծրագրի շրջանակներում, տեղի են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդատվական քննարկումներ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը։
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Մայիսի 20-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ. հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում Հայաստանի եւ Արցախի ոստիկանությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նույն օրը նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին. հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Մայիսի 22-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է Մարտունու շրջանի Նորշենի եւ Խերխանի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մասին հարցը. համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների օր է նշանակվել հունիսի 23-ը։
«Լրագրողական հանրագիտակի» շնորհանդեսով են մայիսի 23-ին արցախցի լրագրողները նշել իրենց մասնագիտական տոնը. 250 տպաքանակով տպագրված «Լրագրողական հանրագիտակը» կենսագրականների ժողովածու է՝ վերջին 140 տարում արցախցի եւ արցախյան լրատվադաշտի հետ առնչություն ունեցած լրագրողների:
Մայիսի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի շրջանակներում մայիսի 23-ին հիմնադրամի բարերարները, հոգաբարձուների խորհրդի անդամներն ու տեղական մարմինների ներկայացուցիչները հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել են ԼՂՀ Մարտունու շրջանում Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգի եւ Մարտունու շրջանային հիվանդանոցի նոր մասնաշենքի բացման արարողություններին
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին:
Նախագահ Սահակյանն ընդունել է նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին. հանդիպմանը քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես՝ կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:
Մայիսի 24-ին հանրապետության շուրջ 240 դպրոցներում հնչեց վերջին զանգը։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Մայիսի 25-ին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունում կայացավ «Հողի հիշողություն Արցախ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Արցախում կատարված պեղումների արդյունքները:
Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ճանաչողական այցով Արցախ ժամանած՝ Փարիզում ԼՂՀ հետ բարեկամության շրջանակի անդամներ՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության եւ ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեի, սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրի, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուայի հանդիպումը ԼՂՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, դատական համակարգիեւ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Ֆրանսիացի պատգամավորներին ընդունել են նաեւ նախագահ Բակո Սահակյանը եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
«Դուք ընտրություն եք կատարել ձեր ապագան կառուցելու խաղաղության եւ երկխոսության ճանապարհով, ինչը հատուկ է ուժեղ ժողովուրդներին։ Այդ ռազմավարությունը հնարավորություն կտա հասնելու ձեր առջեւ դրված նպատակին։ Այդ ճանապարհին մենք մեր հնարավորությունների սահմաններում կլինենք ձեր կողքին եւ ամեն կերպ կաջակցենք ձեզ, որովհետեւ այդ ճանապարհը կարեւոր է ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ Կովկասի համար»,- այս միտքն է ԼՂՀ Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ արտահայտել Փարիզում ԼՂՀ հետ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Սենատի սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։
Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին. նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար եւ նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնում, որն այս անգամ կայացել է Ծաղկաձորում՝ մայիսի 26-29-ին, հաղթող է ճանաչվել եւ գլխավոր մրցանակի արժանացել Արցախը ներկայացնող՝ Քաշաթաղի շրջանի Կովսականի միջնակարգ դպրոցի աշակերտ Սմբատ Հովհաննիսյանը։
ԼՂՀ Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստում ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2013թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն, որ ընդունվեց ի գիտություն. Ս.Թեւոսյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.4 տոկոս։
Հուլիսի 1-ից կսկսի գործել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մանկապարտեզը. այս մասին տեղեկացվել է ԼՂՀ կառավարության մայիսի 30-ի նիստում։