Կառավարության նոյեմբերի 1-ի որոշմամբ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Նելսոն Սողոմոնյանը, ով նախկինում ԼՂՀ ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր։
2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը եւ հնարավորություն ընձեռի ապահովելու հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը՝ նոյեմբերի 3-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Նոյեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Շուշիում բացված Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մասնաճյուղում նոյեմբերի առաջին կեսին վարպետության 3-օրյա դասեր անցկացրեց աշխարհահռչակ դերասանուհի Նորա Արմանին։
Նոյեմբերի 7-ին տարածած տեղեկատվության համաձայն՝ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ. հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների ու փորձագետների հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը հանդիպել է նաեւ Քյոլն քաղաքի հայկական կազմակերպությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, այնուհետեւ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարան, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանի հետ, ապա հանդիպել Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Շվեյցարիայում. նա հանդիպել է «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ, այնուհետեւ այցելել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Նախագահը Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել նաեւ բարերար Լեւոն Հայրապետյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր. նա նշել է, որ Լեւոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, եւ այդ աշխատանքը ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկն է:
Նոյեմբերի 14-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» (American Foreign Policy Council) ռազմավարական կենտրոնի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերիին, ում ներկայացրել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները:
Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Խաղաղության միջեկեղեցական խորհուրդ» (IKV PAX CHRISTI) հոլանդական ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Ֆրիկ Լանդմեթերի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ճանաչողական այցով՝ ԼՂ «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության հրավերով։
ԼՂՀ կառավարության նոյեմբերի 15-ին կայացած նիստում գործադիրը հավանություն է տվել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի` 2012 թվականի տարեկան ծրագրին, որի բացատրագրում տեղեկացվում է, որ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում անցյալ տարվա առաջին 9 ամիսների համեմատ այս տարվա առաջին 9 ամիսներին 1 դեպքով նվազել են թմրամիջոցների նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները՝ արձանագրվել է 12 դեպք։
Նույն նիստում գործադիրը հաստատեց արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի կողմից ներկայացված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման կարգը, ըստ որի նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաեւ հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ։
Նոյեմբերի երկրորդ կեսին մեկնարկել են Արցախի նախագահի հանդիպումները ԱՄՆ-ում. Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների, ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի եւ կուսակցության մի խումբ անդամների հետ:
Նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նոյեմբերի ընթացքում հայկական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից էր Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարի նախաձեռնությամբ մշակված ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է Քաշաթաղի շրջանում կառուցել Բագարան քաղաքը:
Նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց:
Նոյեմբերի 18-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, նախագահը նաև այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արեւելյան Ամերիկայի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Արցախի նախագահն այցելել է նաեւ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական վարժարան եւ մասնակցել ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նոյեմբերի 19-ին` ժամը 08:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:
Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարությունյանի հետ եւ քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը եւ այս ոլորտում Կալիֆոռնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նոյեմբերի 22-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ. հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 24-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն արձանագրեց 12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում. նվիրաբերված գումարները կուղղվեն Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նոյեմբերի 25-ին ստորագրած որոշմամբ Էդուարդ Աղաբեկյանն ազատվել է ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
2012 թվականին Արցախի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերաժամը կավելանա մեկ ժամով՝ այդ մասին հայտարարվել է կառավարության նոյեմբերի 29-ին կայացած նիստում:
Կառավարության նիստում հաստատվել է նաեւ 2012 պետական բյուջեի նախագիծը. համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են մոտ 66 միլիարդ 35 միլիոն դրամ, որից 29 միլիարդ 160 միլիոն դրամը սեփական եկամուտներն են, իսկ միջպետական վարկը կկազմի շուրջ 36 միլիարդ դրամ, ծախսերը կկազմեն 71 միլիարդ 251 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ դեֆիցիտը կկազմի շուրջ 5 միլիարդ 216 միլիոն դրամ:
Նույն նիստում 2012թ. գիտական, գիտատեխնիկական պետական եւ նպատակային ծրագիրն արժանացել է վարչապետ Արա Հարությունյանի քննադատությանը. «Գալիք տարի եւս գիտության զարգացմանը կհատկացվի ավելի քան 22 մլն դրամ, որը պետք է ծախսել լուրջ եւ հեռանկարային հետազոտությունների վրա»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ չի կարելի թույլ տալ, որ հատկացվող գումարներն օգտագործվեն իբրեւ առանձին անհատների եկամտի լրացուցիչ աղբյուր: