ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի դեկտեմբերի 1-ին ստորագրած որոշմամբ` Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արգենտինայի խորհրդարան եւ հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի եւ մի խումբ պատգամավորների հետ. hանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Դեկտեմբերի 2-ին Բուենոս Այրես քաղաքում Բակո Սահակյանն այցելել է Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհուրդ (CARI), որտեղ հանդես է եկել դասախոսությամբ. նա նշել է, որ Լատինական Ամերիկան էական հետաքրքրություն է ներկայացնում ԼՂՀ արտաքին քաղաքականության համար, ինչը պայմանավորված է ինչպես այստեղ հայկական խոշոր գաղութների ու պատմական հայրենիքի հետ նրանց ամուր կապերի առկայությամբ, այնպես էլ համաշխարհային շխարհաքաղաքականության մեջ այդ երկրների դերակատարության շարունակական բարձրացմամբ:
Դեկտեմբերի սկզբներին ԼՂՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրված տեղեկության համաձայն` 1993թ. հուլիսի 23-ին ծնված, Եհովայի վկա հանդիսացող Կարեն Հարությունյանը, սահմանված կարգով ծանուցված լինելով 2011թ. նոյեմբերի 28-ին Ասկերանի զինվորական կոմիսարիատ զորակոչին ներկայանալու մասին, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, կրոնական համոզմունքից ելնելով, չի ներկայացել զինկոմիսարիատ` խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից. փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ Կարեն Հարությունյանը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է:
Դեկտեմբերի 7-ին Արցախում հիշել են 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը. հազարավոր արցախցիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Դեկտեմբերի սկզբներին ԼՂՀ սոցիալական ապահովության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` նոյեմբեր ամսին հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար նախարարություն են ներկայացվել 14 ընտանիքների դիմում-փաստաթղթեր. վերաբնակչի կարգավիճակ է տրվել ընդամենը 3 ընտանիքի` 10 անձանց:
ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 8-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ պաշտպանության նախարարությունների, նաեւ Արցախի ՙԻնչ, որտեղ, երբ՚ ինտելեկտուալ ակումբի համատեղ ջանքերով Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել` ՊԲ զինծառայողների մասնակցությամբ. միջոցառմանը մասնակցել են տարբեր զորամասերի 12 թիմեր, որոնցից ուժեղագույնն է ճանաչվել ՙԱրալեռ՚ թիմը:
Դեկտեմբերի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվան նվիրված գիտագործնական համաժողով, որին մասնակցել են հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, հյուրեր:
Դեկտեմբերի առաջին կեսին Ազգային ժողովում ԼՂՀ 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրել է, որ 2012 թվականին Արցախում ընտրությունների անցկացման համար նախատեսված գումարը 30 մլն դրամով ավելի է` 2011թ. հատկացված գումարների համեմատ. աճը պայմանավորված է հանրապետությունում նախատեսվող նախագահական ընտրություններով:
Դեկտեմբերի 9-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Ադրբեջանի կողմից անընդհատ թմբկահարվող` ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մասին հայտարարությամբ, որում նշվում է. ՙՂարաբաղյան կողմը ՙմիջհամայնքային՚ մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլեւ չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի եւ վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն եւ անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջեւ՚:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել ՙՀեռուստամարաթոն-2011՚-ի ընթացքի, բանակաշինության, արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր:
Դեկտեմբերի 10-ին Արցախում նշել են ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի 20-րդ եւ Սահմանադրության 5-րդ տարեդարձը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Մարտունու շրջան եւ երկրորդ պաշտպանական շրջանի զինավաններից մեկում մասնակցել նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետեւ նա մասնակցել է նաեւ 3-րդ պաշտպանական շրջանում նոր զորամասի բացմանը, ինչպես նաեւ հանդիպում ունեցել Մուշկապատ եւ Հաղորտի գյուղերում, որտեղ բնակչության հետ քննարկել է առկա խնդիրները:
Բակո Սահակյանն այցելել է նաեւ Շուշի-Կարմիր շուկա խաչմերուկում գտնվող` կարծր վառելիքով կաթսաների պատրաստման արտադրամաս եւ ծանոթացել դրա աշխատանքներին, որից հետո ուղեւորվել է Հադրութի շրջան, այցելել շրջանի Ազոխ գյուղում կառուցվող դպրոցի շինհարթակ, այնուհետեւ Հադրութ քաղաքում մասնակցել է նաեւ պաշտպանության բանակի սպաներին եւ ենթասպաներին նոր բնակարանների բանալիների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Դեկտեմբերի 12-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների նախագահներ Հակոբ Ղահրամանյանը եւ Արտակ Շաբոյանը ստորագրել են 2012թ. երկու հանձնաժողովների աշխատանքային ծրագիրը. համատեղ մամուլի ասուլիսում երկու հանձնաժողովների նախագահները 2011թ. կատարած աշխատանքներն արդյունավետ են գնահատել եւ տեղեկացրել, որ 2012-ին կիրականացվեն նաեւ նոր ծրագրեր` կապված արցախյան կառույցը միջազգային ծրագրերում ընդգրկելու, որոշումների եւ ստուգումների արդյունքների փոխանակման եւ այլ ուղղությունների հետ:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ, որտեղ հանդիպումներից հետո եղել է նաեւ ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գոտում եւ հանդիպել դիրքապահների հետ:
Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում հետ քննարկել է բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` դեկտեմբերի 10-17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 800 կրակոց:
Դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացվեց շուշեցի մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ մշտական ներկայացուցչության դիվանագիտական կազմի հետ եւ քննարկել ներկայացուցչության գործունեությանը վերաբերող հարցեր. նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Դեկտեմբերի 20-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գյուղատնտեսության հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու շրջանների գյուղբաժինների պետերը. վարչապետը դժգոհություն է հայտնել ցանքաշրջանառության աշխատանքների կապակցությամբ, ինչը, ըստ նրա, ցածր բերքատվության հիմնական պատճառն է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվայում այցելել է ՙԷստետ՚ ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին եւ հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ. հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է:
ԼՂՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստում պատգամավորների քննարկմանն էր ներկայացվել 2012թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը` ուղեկցող օրենքներով ու ծրագրերով. գալիք տարվա բյուջեի եկամուտներն, այս տարվա համեմատ, ավելի են 14.4 տոկոսով, միջպետական վարկի գումարի չափը կավելանա շուրջ 585 մլն, իսկ ծախսերը` 405 մլն դրամով:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում նույն օրը խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում ներկայացվել են ռադիոընկերությունների եթերի մոնիտորինգի արդյունքները. այն իրականացվել է հանրապետությունում ներկայումս գործող 7 եթերային եւ 1 լարային հեռարձակմամբ մասնավոր ռադիոընկերություններում, որի ընթացքում պարզվել է, որ ռադիոընկերությունները խախտել են ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ եւ ՙԳովազդի մասին՚ օրենքների պահանջները եւ իրենց տրված լիցենզիայի պայմանները` կապված հայրենական, տեղեկատվական հաղորդումների բացակայության կամ ոչ բավարար ծավալի առկայության, գովազդի համար սահմանված ժամկետի գերազանցման հետ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր. Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ նա շրջել է նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինհարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այս տարի մարտական հերթապահությունն իրականացնելը բավականին դժվար է եղել նաեւ այն պատճառով, որ հակառակորդը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է ներկրել, հատկապես` դիպուկահար, որը հնարավորություն է տալիս խորքից դիպուկ կրակ վարել. դեկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
ՙՀակառակորդին հաջողվել է 11 անգամ խոցել ՊԲ զինծառայողներին, ովքեր մարտական խնդիր կատարելու ժամանակ են զոհվել, ոչ մի դեպքում զինծառայողը չի խախտել անվտանգության կանոնները եւ դուրս չի եկել հակառակորդի կողմից խոցելի դաշտ, բացառությամբ մեկ դեպքի, երբ զինծառայողը մահացու վիրավորվածություն է ստացել գլխի շրջանում՚,- նշել է Մովսես Հակոբյանը:
Պաշտպանության նախարարի հավաստմամբ` հակառակորդի բոլոր գործողություններին համարժեք պատասխան են տալիս եւ ստիպում նրան իրեն զուսպ պահել առաջնագծում. ՙՄենք մեր կողմից հայտարարված պատժամիջոցի չափերը նույնիսկ գերազանցել ենք՚:
ՙԻմ հեռախոսահամարը բոլոր զինծառայողները գիտեն եւ հաճախակի են ինձ զանգում տարբեր հարցերով՚,- նույն ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավաստիացնելով, որ զանգում են նաեւ զինվորների ծնողներ. պաշտպանության նախարարի հեռախոսն անհասանելի երբեք չի լինում, քանի որ ամեն պահի նա լուրի է սպասում առաջին գծից, ինչպես սպասում է պատերազմի:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` դեկտեմբերի 17-24-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 185 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է կարգադրություն` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թվով 377 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր Ֆելիքս Գաբրիելյանին ԼՂՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին:
Դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ տարվա աշխատանքներն է ամփոփել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ում գնահատմամբ տարին արդյունավետ էր. զբոսաշրջիկների թվի 50-տոկոսյա աճ է գրանցվել առաջին 9 ամիսների ընթացքում:
Տարվա ընթացքում նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական մի շարք փոփոխություններ են իրականացվել, որոնց համաձայն սկսվել են հանրապետության հյուրանոցային տնտեսությունների հաշվառման աշխատանքները. հանրապետությունում, Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ, գրանցվել է 32 հյուրանոցային տնտեսություն, իսկ 1 հյուրանոց արդեն որակավորում է ստացել:
Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԼՂՀ առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների 20-ամյակին նվիրված հավաք-հանդիպում, որին մասնակցում էին նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովների բոլոր կազմերի նախագահները, ԱԺ բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորներ, լրագրողներ:
Նույն օրը ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած տեղեկատվության համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը:
Ստեփանակերտի օդանավակայանից, ամենայն հավանականությամբ, թռիչքներ կլինեն եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներին` դեկտեմբերի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հավելելով, որ Էդուարդո Էռնեկյանը Արցախին օդանավ է նվիրել:
2012 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունը սեփական թեկնածու չի ունենա. ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ, ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը: