Սեպտեմբերի 1-ին Արցախի 229 դպրոցներում հնչեց առաջին զանգը. 2000-ից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոց:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի եւ Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ երկօրյա այցով եկել էր Արցախ` մասնակցելու ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Սեպտեմբերի առաջին օրը Շուշիում տեղի ունեցավ նոր` ՙՇուշի Գրանդ Հոթել՚ հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը:
Նույն օրը Արցախի անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում տեղի ունեցավ Արցախի կերպարվեստի թանգարանին նվիրաբերված գեղանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Սեպտեմբերի 2-ին Արցախում նշեցին հանրապետության հռչակման 20-ամյակը. տոնական միջոցառումներին մասնակցում էին նաեւ Հայաստանից եւ արտերկրից ժամանած հարյուրավոր հյուրեր:
ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարության նախօրեին Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը շնորհավորական ուղերձ էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. հույս հայտնելով, որ ԼՂՀ փաստացի անկախությունը մոտ ժամանակներս միջազգային իրավաբանական ճանաչում կստանա, Աբխազիայի նախագահը նշել է. ՙԱբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները, հաղթահարելով ծանր խոչընդոտներ, հասել են գլխավոր նպատակին` իրենց երկրների անկախությանը, եւ մեզ անհրաժեշտ է պաշտպանել այդ անկախությունը, վերածնել ազգային պետականությունը հանուն ապագա սերունդների՚:
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` հույս հայտնելով, ո 20 տարի հետո ԼՂՀ-ն կլինի դե յուրե անկախ պետություն եւ շատ ավելի զարգացած ու բարգավաճ, վստահեցրել է, որ աշխարհը մյուս երկրների անկախության ճանաչման պարագայում պետք է առաջին հերթին Ղարաբաղը ճանաչի, որովհետեւ Ղարաբաղն ունի ե’ւ բարոյական, ե’ւ պատմական, ե’ւ իրավական բոլոր հիմքերը:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որպես քսան տարիների ամենակարեւոր ձեռքբերում նշել է ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը. ՙԱյսօր որքան էլ ռազմատենչ հռետորաբանություն լինի, որքան էլ ժողովուրդն այս կամ այն ժամանակահատվածում մտահոգված լինի մեր իրավիճակով, այնուամենայնիվ, Ղարաբաղի պաշտպանության բանակն իր որակական չափանիշներով, մարտական ոգով կարողանում է հավասարակշռությունը պահել, եւ հակառակորդի քանակական առավելությունը, ՊԲ զինվորից սկսած մինչեւ պաշտպանության նախարար, չի մտահոգում՚,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը. մանկապարտեզը վերանորոգվել է ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության հովանավորությամբ:
Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախում մասնակցում էին հանրապետության 20-ամյակի տոնակատարություններին:
Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ մոսկովյան ՙԼուդինգ՚ ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանի կողմից կառավարությանը նվիրաբերված 6 ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանի խոսքերով` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաները կհատկացվեն սոցիալական ծրագրերի շրջանակներում, բայց այս անգամ դրանք առաջին խմբի հաշմանդամների համար չեն:
Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող ՙԱրցախ՚ բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 7-ի հրամանագրով ռուսաստանաբնակ պրոֆեսոր, բարերար Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական:
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ` Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ սոցապահովության նախարարության կողմից սեպտեմբերի առաջին կեսում հրապարակած հաշվետվության համաձայն` օգոստոսին վերաբնակչի կարգավիճակ է տրվել 25 ընտանիքի` բաղկացած 98 անձից, որոնցից 47-ը երեխաներ են:
Սեպտեմբերի 12-ին` ժամը 7.30-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Նույն օրը ժամը 16.25-ի սահմաններում, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վերք է ստացել ՊԲ եֆրեյտոր, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ում առանձին հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ եւ քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Սեպտեմբերի 13-ի առաջին կեսին Արցախի պատվիրակությունը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Էլիոտ Էնգելի հետ, որից հետո այցելել է Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների գրասենյակներ, հանդիպել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-Հայաստան հանրային կապերի կոմիտեի համակարգող Ռոս Վարդյանի հետ:
Նույն օրը երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ՙՈսկե սրահում՚ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Էդ Ռոյսը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ու հայ-ամերիկյան կազմակերպությունները:
Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելել է Արցախ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության սեպտեմբերի 15-ին տարածած հաղորդագրության մեջ հերքվել է Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաեւը, եւ հայտարարվել, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջեւ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ անվերապահորեն կատարում դրա պահանջները:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի շարքերից զորացրված եւ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ. նախագահը հանձնարարել էր պահեստազորի սպաներին շուտափույթ ապահովել աշխատանքով:
ԼՂՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը, հղում կատարելով սոցիալական ցանցերին, բարձրացրել է Ստեփանակերտի մատույցներում գտնվող` Արցախի խորհրդանիշը համարվող ՙՄենք ենք մեր լեռները՚ (ՙՊապիկ-տատիկ՚) հուշարձանի անմխիթար վիճակում գտնվելու հարցը. հարցին ի պատասխան վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին կհանձնարարեն արագացնել հուշարձանը պատշաճ տեսքի բերելու գործը:
Սեպտեմբերի 18-ին Արցախում կայացել են տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունները, այդ թվում` Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը, ում օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 62.5 տոկոսը:
Հանրապետությունում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58.7 տոկոս. ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մարտակերտի շրջանում` 73.9 տոկոս, իսկ ամենացածրը` Ստեփանակերտում` շուրջ 45 տոկոս:
Ձայների վերահաշվարկի մասին ԿԸՀ-ն ստացել է 3 դիմում` Մարտունու շրջանի Սոս, Մյուրիշեն եւ Պառավաթումբ գյուղերի համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից:
Սեպտեմբերի երկրորդ կեսին ֆրանսիական Մարսել քաղաքի Ազգային գրադարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` ՙԼեռնային Ղարաբաղ. անկախության 20 տարի՚ թեմայով, որի կազմակերպիչներն էին Մարսելի քաղաքապետարանը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տվյալներով` սեպտեմբերի 18-ին եւ 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ:
Սեպտեմբերի 20-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ամսի 21-ին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների` սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները. հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ եւ 206 համայնքներում` 1071 ավագանու անդամներ, իսկ որոշ համայնքներում, տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների համաձայն, համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած է ճանաչվել` Ասկերանի շրջանի Մադաթաշեն եւ Լուսաձոր, Հադրութի շրջանի Կարմրակուճ, Մարտունու շրջանի Պառավաթումբ, Քաշաթաղի շրջանի Արախիշ եւ Դրախտաձոր համայնքներում, քանի որ միակ թեկնածուն ընտրողների կեսից ավելիի ձայները չի ստացել:
Սեպտեմբերի 21-ին նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հաջորդ օրը ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 23-ի հրամանագրով Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել ՙԱրցախ՚ կամավոր մարզական ֆիզկուլտուրային ընկերության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Միրզոյանին, Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Սերժիկ Ղուկասյանին, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանին:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանից եւ Ամերիկայից ժամանած բարերարներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովների ու Արամայիս Պարոնյանի հետ. քննարկվել են ԼՂՀ-ում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի եւ ծննդատան նոր մասնաշենքերի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ կառավարության սեպտեմբերի 27-ին կայացած նիստում հավանության է արժանացել սոցապահովության նախարարության ներկայացրած կարգը, ըստ որի` կկազմակերպվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները եւ տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով ԼՂՀ-ում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:
Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին: