Արցախում առաջարկում են ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ՝ հայոց լեզվին զուգահեռ։ Ըստ Ազգային ժողով ներկայացված նախագծի՝ հայերենը պահպանելու է պետական լեզվի կարգավիճակը, իսկ ռուսերենը կստանա «գործառույթներ, որոնք ծառայում են հանրության գրական և գիտական պահանջներին»։
«Լեզվի մասին» օրենքում առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել խորհրդարանական հինգ խմբակցություններից երեքը։ Նախագծի հեղինակներն են «Ազատ հայրենիք» իշխող դաշինքի պատգամավոր Արամ Հարությունյանն ու «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բակունցը։
Օրենսդրությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում գործավարությունն իրականացնել ռուսերենով։ Նախագծի հեղինակները հայտարարում են, որ փոփոխությունները պայմանավորված են նոր օրակարգով՝ հաշվի առնելով «Արցախի և Ռուսաստանի միջև մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունները, պատմական հիշողությունն ու այն, որ հանրապետության բնակիչներից շատերի համար ռուսերենը երկրորդ լեզու է»։
«Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում», — ասված է փաստաթղթում։
Կարծիքներ՝ Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախագծի մասին։
- Ինչպե՞ս կարելի է մուտք գործել Արցախ․ նոր կանոններ
- Ճանապարհների ապաարգելափակում․ նոր հնարավորություններ Հայաստանի համա՞ր, թե՞ անվտանգության սպառնալիքներ
- «Հայաստանը շարունակում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել»․ Հայաստանի պաշտպանության նախարար
Իրավիճակը պատերազմից հետո
Ռուսական գործոնին Արցախում սկսեցին առանձնահատուկ նշանակություն տալ 2020 թ-ի աշնանը, պատերազմի ավարտից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։ Շատերն իրենց անվտանգությունն այժմ կապում են ռուսական կոնտինգենտի ներկայության հետ։
Ստեփանակերտի դպրոցներում դասապրոցեսի վերսկսմանը զուգահեռ՝ պատերազմից հետո «Շնորհակալություն Ռուսաստանին» պաստառներ հայտնվեցին, իսկ որոշներում՝ նաև ռուսական դրոշ։
Սակայն խորհրդարանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին հարցի քննարկումը շատերի տարակուսանքն է առաջացրել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։
Նախագծի ընդունման կողմնակիցները պնդում են, որ «Ռուսաստանը դաշնակից է, եղբայրական երկիր, և ռուսերենի իմացության մեջ ոչ մի վատ բան չկա, առավելևս, որ Արցախում այդ լեզվին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել»։
Հակառակորդները վստահ են, որ որքան էլ անհրաժեշտ լինի ռուսական ներկայությունն Արցախում, ռուսաց լեզուն չի կարող հայոց լեզվին համարժեք կարգավիճակ ունենալ։
«Պաշտոնական լեզվի հիմքը պետության բնակիչների ազգությունն է»
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը, որն Արցախ է տեղափոխվել և գլխավորել աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, բացարձակ անհիմն է համարում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալը․
«Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ […] Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։ Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։
Ես ռուսների հետ խոսում եմ ռուսերեն, անգլախոսերի հետ՝ անգլերեն։ Կուզեի այլ լեզուներ էլ իմանալ։ Լեզուներ իմանալը քո մասին է, պաշտոնականը՝ երկրի։ Սովորեք լեզուներ, բայց դրա հետ մեկտեղ անպայման չէ ոտնատակ տալ սեփական ինքնությունն ու արժանապատվությունը», — գրել է Մանե Թանդիլյանը Facebook-ի իր էջում։
Արցախի ապահայկականացումը
Խնդիրը ռուսերենի կարգավիճակը չէ, այլ այն, որ հայերենը էլ միակ պաշտոնական լեզուն չի լինելու, կարծում է Lragir.am տեղեկատվական-վերլուծական կայքի քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը․
«Այստեղ հարցը ոչ թե ռուսականացումն է, այլ այն, որ ապահայկականացման գործընթաց է գնում, որը բացահայտ սկսել է արտահայտվել պատերազմից հետո։ Ես նույնիսկ համոզված եմ, որ պահանջ է եղել ռուսերենը ոչ թե որպես պաշտոնական, այլ անգամ պետական կամ նույնիսկ միակ պաշտոնական լեզու ճանաչելու մասին։ Արցախի ղեկավարությունն, ըստ ամենայնի, հպարտանում է նրանով, որ հաջողվել է այնպես անել, որ խոսքը միայն երկրորդ պաշտոնական լեզվի մասին լինի։
Բացատրում են, որ ռուսաց լեզվի ճանաչումն օրենսդրական մակարդակում կապված է ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե վաղը ռուս խաղաղապահների տեղն, ասենք, սկանդինավյան զորակազմը զբաղեցնի, ինչպես առաջարկում էին ԱՄՆ-ն ու մյուս երկրները, ապա հայերենին զուգահեռ պետք է ճանաչել նաև ևս տասը լեզու (դանիերեն, շվեդերեն և այլն)՝ արդեն սկանդինավյան խաղաղապահների համար»։
Քաղաքական քծնանքի հակառակ արդյունքը
Արցախի ղեկավարությունն, ըստ ամենայնի, կարծում է, որ ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելով՝ ուժեղացնում է անվտանգությունը, սակայն իրականում ամեն ինչ ընդհակառակն է, կարծում է քաղաքագետ, Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը․
«Հայաստանում շատերն այս քայլը կդիտարկեն որպես հեռացում Հայաստանից։ Հենց Ռուսաստանը պետք է համոզեր Արցախի իշխանություններին նման քայլի չգնալ, քանի որ այդպիսով Ռուսաստանը կորցնում է միլիոնավոր հայերի վստահությունը։ Սա տիպիկ գաղութային քաղաքականություն է։ Իսկ ճնշումը դիմադրություն է ստեղծում։ Եթե մարդկանց պետք լինի ռուսերենը, նրանք կուսումնասիրեն այն, չէ՞ որ ոչ մի սահմանափակում չկա։
Իսկ այն, որ այս նախաձեռությունը Ռուսաստանին քծնող՝ տեղի գավառական քաղաքական գործիչներինն է, կասկածի տեղիք չի տալիս։ Առաջին հայացքից թվում է, թե սա ռուսամետ քայլ է, սական այն հակառակ արդյունքն է տվել․ մարդկանց մոտ դիմադրություն է առաջացել։
Այստեղ մեկ տոկոսից պակաս ռուս է բնակվում, այդ պատճառով էլ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալն իմաստ չունի։ Եվ տարօրինակ է լեզվի ճանաչումը խաղաղապահների ներկայությամբ հիմնավորելը։ Չէ՞ որ նրանք չեն վերահսկելու խորհրդարանն ու այլ պետական կառույցները։ Հատուկ դեպքերի համար կարելի է թարգմանիչ հրավիրել։
Եթե օրենքն, այնուամենայնիվ, ընդունվի, ողջ թղթաբանությունը ռուսերենով է լինելու։ Եվ ռուսերենը դառնալու է ոչ թե երկրորդ, այլ առաջին պաշտոնական լեզու։ Նման իրավիճակ էր Հայաստանում Խորհրդային Միության տարիներին։ Ժամանակի ընթացքում սկսելու են տնտեսել փաստաթղթաշրջանառությունը երկու լեզվով վարելու վրա և ընտրելու են միայն ռուսերենը»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Սա ռևերանս է Ռուսաստանի առջև և այնքան հապճեպ, որ այնպիսի տպավորություն ունեմ, թե հենց ռուսերենի համար են իրենց կյանքը զոհել մեր հազարավոր զինվորները»։
«Մեր գերիներին Ադրբեջանից վերադարձնում է Մուրադովը [ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը], Սյունիքի սահմանները պաշտպանում են ՌԴ զորքերը։ Մի՞թե չի կարելի ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել։ Թե՞ առաջարկում եք Մուրադովին՝ իր հետ թարգմանիչ ման տալ»։
«Արցախի պաշտոնյաները, լինելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ըստ ամենայնի, կարծում են, որ հետպատերազմյան երկրում բոլոր խնդիրներն արդեն լուծված են, մնացել է միայն ռուսերենը որպես պետական լեզու ընդունել»։
«Օրինագծի ընդունումը վտանգավոր է նրանով, որ վաղն, օրինակ, խորհրդարանում կամ կառավարությունում կարող են որոշել նիստերն անցկացնել խաղաղապահների համար հասանելի պաշտոնական ռուսերենով, այնուհետև այս երևույթը համատարած կդառնա, ինչն ընդհանրապես դուրս կմղի հայերենը»։
«Ծնողները սկսելու են նախընտրել երեխաներին ռուսական դպրոցներ տանել, նման նախադեպ մենք արդեն ունեցել ենք։ Խորհրդային ժամանակներում մեր «վերնախավը» խոսում էր ռուսերեն, երեխաները հաճախում էին «էլիտար» ռուսական դպրոցներ։ Այսօր բացարձակ մեծամասնությունը սովորում է հայկական դպրոցներում և տիրապետում է մայրենի լեզվին։ Սա վերջին 30 տարվա փոքր ձեռքբերումներից մեկն է, իսկ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունները կարող են խաչ քաշել դրա վրա»։
«Հայերը, որոնք ցավով են ընդունել այդ օրենքի մասին լուրը, որոշել են, որ Արցախի և Հայաստանի համար ամենամեծ խնդիրը թուրքերը չեն, ադրբեջանական դրոշը չէ Շուշիում, մեր հողերի հանձնումն ու հազարավոր զինվորների մահը չէ, անտուն փախստականները չեն, այլ ռուսերենն է, որն, առանց այդ էլ, ոչ մի տեղ չէր անհետացել»։
«Դա տեղի պաշտոնյաները չեն որոշում։ Արցախի ռուսականացումը հենց ՌԴ պլանների մեջ էր։ Այլապես ինչո՞ւ էր այդ հարցը տարիներով օդում կախված մնացել։ Հենց այս դեպքի համար էլ նրանք ձգձգում էին լուծումը»։