Վեպ-ռեքվիեմ
«Дружба Народов» 2012, №12
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Ո՜Վ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՏԵՐ, ԲԱՐԻ ԵՂԻՐ ՈՒ ԱՍԱ ԻՆՁ՝ ԴՈ՞Ւ ԵՍ ԾՆԵԼ ԻՄ ԱՅԼԻՍԸ, ԹԵ՞ ԻՄ ԱՅԼԻՍՆ Է ԾՆԵԼ ՔԵԶ,
Աստված իմ, այս ինչ տեղ է:
Արդյո՞ք գետի զառիվայր լեռան լանջից դեպի վեր սլացող աստիճանների աշխարհն իսկապես Այլիսում էր… Ի՞նչ էր Այլիսը, որտեղ միակ նեղ ձորը հանկարծ աշխարհի չափ մեծ էր դառնում: Արդյո՞ք Այլիսն այսքան, այսքան մեծ է դարձել, թե՞ ինչ-որ մեկն ի մի է բերել քարից քանդակված աստիճաններն ու աշխարհի խորշերը եւ շարել դրանք, որքան աչքն է տեսնում, Այլիսի ամենանեղ ձորում:
Սա ի՞նչ տեղ է, Աստված իմ:
Թերեւս սա Միջագետքի բաբելոնյան աստծու Քարե դարպասների պարանոցն է: Թե՞ Ակրոպոլիսը… Թերեւս այս աստիճաններն ու ժայռերը վեր են տանում դեպի Պարթենոնը: Եվ ինչո՞ւ այս ոլորապտույտ սանդուղքներն այսքան շատ են նման Դիոնիսիոսի թատրոնի քարե նստարաններին…
Թերեւս Այլիսի Վուրագըրդ կոչվող վերի թաղի այս քարե աշխարհը կարելի է կոչել ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ: Բայց դեռեւս դա ասել չենք կարող, քանի դեռ այն ժայռից, որտեղ կանգնած է Սադայ Սադըղլին, չի երեւում Վուրագըրդի եկեղեցու եւ ոչ մի քար: Այս խորհրդավորապես չքնաղ աշխարհը նա եկել է հենց ներդաշնակության որոնումներով եւ եթե այն, ինչ տեսել է, հենց ներդաշնակությունն է, ապա արդյո՞ք հետագա ճանապարհը որեւէ իմաստ չի կորցնում… Որպեսզի գոնե հեռվից տեսնի այն տեղը, որտեղ ձգտում էր հասնել արտիստը, նա դեռ երկարորեն պետք է մագլցի քարե աստիճաններով դեպի վեր, բայց իր ոտքերը հրաժարվում էին առաջ գնալ, ձեռքերը նրան չէին հնազանդվում, իսկ գլխի ծանրությունը մարմնին խանգարում էր շարժվել: Բավական էր, որ արտիստը բարձրանար գեթ մեկ սանդուղքով, եւ ուժերն անմիջապես լքում էին նրան: Այդ ժամանակ Սադայ Սադըղլին պառկում էր սառը ժայռին, մի քիչ ուշքի էր գալիս եւ ապա կրկին շարունակում էր առաջ ընթանալ սրբատաշ կարմիր քարից կառուցված մեծափառ եկեղեցուն, որն առայժմ չէր երեւում: Եվ ամեն անգամ, երբ նա սկսում էր առաջ գնալ, զուգընթացաբար շարժվել էին սկսում դեպի վեր խոյացող ժայռերը: Այս` աստիճաններից բաղկացած եւ գետի ափից մինչեւ երկինքը ձգվող քարե աշխարհում տեղի էին ունենում երկրաշարժեր, սկսում էին սասանվել եւ դողալ ժայռեր, եւ այս երերող ու տատանվող քարե աշխարհի հետ Սադայ Սադըղլին կրկին ամբողջապես մոռանում էր, թե որտեղ է գտնվում եւ թե ինչ է որոնում` խորասուզվելով Ոչնչի եւ Ոչ մի տեղի բացարձակ խավարի մեջ:
Հենց իր այս աշխարհում էր գտնվում արտիստը գիտակցությունը կորցնելու պահից ի վեր:
Երբ այսօր, ժամը 11-ի եւ 12-ի միջակայքում նա տնից դուրս է եկել եւ շարժվել է Պարապետի ուղղությամբ, մի խորհրդավոր ուժ դարձյալ տիրացել է Սադայ Սադըղլիի մտքերին` վերստին տեղափոխելով նրան Էջմիածին: Սադայ Սադըղլին երբեք Էջմիածնում չի եղել: Սակայն այս վերջին օրերին համարյա ամեն գիշեր երազում նա վերջինիս ուղղությամբ էր գնում ինչ-որ ուղղահայաց քարերի ու ժայռերի միջով եւ իր յուրաքանչյուր անրջում նա դեգերում էր հենց Վուրագըրդ եկեղեցու կեսճամփին` անթիվ քարե աստիճանների միջեւ, որոնց մասին նա այնքան շատ է ընթերցել գրքերում եւ տեսել շարժանկարներում:
Էջմիածին մեկնելու եւ անձամբ կաթողիկոսի ձեռամբ քրիստոնեություն ընդունելու, այնտեղ հավերժ վանական մնալու եւ Աստծուն` հայերի դեմ մահմեդականների գործած չարը ներելու մասին աղոթելու ցանկությունը Սադայ Սադըղլիի հոգում հանկարծակիորեն ծագեց սումգայիթյան դեպքերին հաջորդած գիշերներից մեկում: Իսկ հետո Սադայ Սադըղլին այլեւս չէր կարող հասկանալ` երազու՞մ, թե հարթմնի է նրան նման ցանկություն համակել: Սակայն այն առավոտյան նա զարթնեց ցնծությամբ լի, լվացվեց եւ ախորժակով նախաճաշեց, հաճույքով թեյ խմեց, ապա, չկարողանալով ինքն իրեն զսպել, իր կնոջ հետ կիսվեց այս նոր խելացնոր գաղափարով: Ազադա խանումն առանց այդ էլ վերջին շրջանում լուրջ մտահոգություններ ուներ ամուսնու հոգեվիճակի նկատմամբ, այն օրն աշխատանքի վայրում մտատանջություններից իր տեղը չէր գտնում, իսկ երեկոյան զանգահարելով Մարդաքյան եւ, համարյա լացելով, ամեն ինչի մասին պատմել էր հորը:
Բժշկությանն ընդմիշտ հրաժեշտ տված եւ համարյա ուսանողական տարիներից Այլիսի պատմության մասին բոլոր հնարավոր աղբյուրներից փաստեր հավաքագրող բժիշկ Աբասալիեւն առանց մեծ դժվարության ախտորոշեց փեսայի հիվանդությունը` ՙմանիակալ-դեպրեսիվ սինդրոմ՚, – ասաց նա եւ, գրեթե ամաչելով իր իսկ խոսքերի լրջությունից, փորձեց ամեն ինչ կատակի վերածել. նա կաթողիկոսին թլպատելո՞ւ է գնում: Թող գնա, նրան մի կանգնեցրու: Լավագույն դեպքում նա Վուրագըրդ կհասնի:
Իսկ հետո, կտրուկ փոխելով թեման, նա պատանեկան եռանդով սկսեց պատմել իր նոր հետաքրքության մասին: Ազյա, երեկ գրքերից մեկում գտել եմ այն հայ վաճառականի օրագիրը: Նա օրագիր է պահել` նրան հաջորդելիք վաճառականներին առեւտրի հիմնական հնարքներն ուսուցանելու համար: Այդ Զաքարը շատ գրագետ չէր, բայց լավ վաճառական էր: Ազյա, որքա՞ն շատ էր այս մարդը սիրում Այլիսը: Ես պարզապես ապշում եմ, թե այդ Այլիսն ինչո՞վ էր հայերի համար կարեւոր: Ինչո՞ւ են նրանք ստեղծել այս դրախտային անկյունը շնագայլերով եւ օձերով լի լեռներում, որտեղ քարերը միլիոն անգամ ավելի շատ են, քան ջուրն ու մշակելի հողը: Երկրի երեսին արդյո՞ք հայերը քիչ հող ունեին: Ես չեմ կարող ասել, թե Էջմիածինն ինչո՞վ էր այդքան հռչակված: Ես առիթ եմ ունեցել այնտեղ մի երեք-չորս անգամ լինելու: Սակայն այժմ` ծերության օրերին, ես հասկանում եմ, որ Աստծո ճշմարիտ տունն Այլիսն է: Այդ Էջմիածինն Այլիսի համեմատ պարզապես խլնքոտ երեխա է: Դու Սադային փոխանցիր, որ Էջմիածնի կաթողիկոսը նրան ուսուցիչ լինել չի կարող: Թող գա այստեղ` աստվածային գործերում իր ավելի բանիմաց վարդապետի մոտ, – կատակելով հավելեց բժիշկ Աբասալիեւը:
– Վերջացրո’ւ, հայրիկ: Դու ամեն ինչ կատակի ես վերածում, – որոշակիորեն դժգոհ ձայնով ասաց Ազադա խանումը:- Նա շատ ցավոտ է տանում ամեն բաքվեցի հայի ճակատագիրը, կարծես թե միայն ինքն է պարտավոր նրանց պաշտպանել ամեն մի ոտնձգությունից: Յուրաքանչյուր հայ նրա համար իրենից ավելի թանկ է դարձել: Կարծես թե նրանք բոլորը երկնային հրեշտակներ են, իսկ մենք` միայն արյուն տենչող դահիճներ: Նա մտածում է այն այլիսցի հայերի մասին եւ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ մերօրյա հայերը շատ ավելի լավը չեն մեր այս անուղեղ գոռացողներից: Նա ոչ մի կերպ չի կարող մոռանալ այն ջարդը, որն Այլիսում թուրքերն են կազմակերպել եւ որը նա չի տեսել: Այդ դու ես, հայրիկ, նրան այդպիսին դարձրել:
– Ո’չ, դստրիկս, ես դրա հետ գրեթե ոչ մի կապ չունեմ: Նա ի ծնե ազնիվ, խղճով եւ դյուրախոց մարդ է: Կապ չունի, թե ինչպիսիք են դարձել ներկայիս հայերը. կարեւոր է, թե այժմ ինչպիսին ենք մենք: Սադայը գործ չունի ո’չ այն ժամանակվա, եւ ո’չ էլ այժմյան հայերի հետ: Նա մտածում է միայն իմ ու քո ազգի մասին: Դու գիտես, թե որքան շատ եւ անկեղծ է նա սիրում իր ժողովրդին: Նա հենց դրանով էլ տարբերվում է այս խայտաբղետ ու անուղեղ գոռացողներից, որոնք այժմ ողջ աշխարհով մեկ բազմացել են` ինչպես սնկերն անձրեւից հետո:
Բժիշկը տեւական դադար տվեց: Ապա դստերը քաջածանոթ ջերմ եւ քնքուշ ձայնով շարունակեց.
– Դստրիկս, չէ՞ որ դու կարդացել ես ՙԼեյլին ու Մեջնունը՚: Հիշիր, թե ի՞նչ է ասում Մեջնունը, երբ իր ցեղախմբի զորքը վերջին գրոհն է կատարում Լեյլիի հոր ցեղախմբի զորքի դեմ: Ախր, պատերազմն սկսվել էր պատժելու համար Լեյլիի դաժան հորը, ով չէր ուզում իր աղջկանը կնության տալ այլ ցեղախմբի մարդուն: Իսկ Լեյլիի հանդեպ սիրուց կուրացած Մեջնունը, խղճալով նրա հորը, ամենապատասխանատու պահին վազում է թշնամու զորքին օգնելու: Քանզի հենց դա է ճշմարիտ սերը: Ճշմարիտ սերը ոչ մի սահման չի ճանաչում: Այդպես կարելի է սիրել թե կնոջը, թե հայրենիքը: Սերը, դստրիկս, մաքուր հայելի է. նրանում արտացոլվում են միայն բարությունն ու ողորմածությունը: Այն երկրային չէ, այլ Աստծուց է: Ահա թե ինչով է հիվանդ մեր Մեջնունը: Եվ շատ լավ է, աղջնակս, որ այսպիսի հիվանդությունից դեղատոմս դեռ չի հայտնաբերվել, – եզրակացրեց բժիշկ Աբասալիեւը` արցունքաձայն ընդունելով իր անզորությունը ստեղծված իրավիճակում:
Այդ ժամանակ էլ բժիշկ Աբասալիեւը գրեթե մեկ ժամ դստերը հեռախոսով Այլիսի մասին դասախոսություն կարդաց: Բայց այս հեռախոսազրույցը ոչ միայն չհանգստացրեց Ազադա խանումին, այլեւ ավելի խորացրեց նրա տագնապը: Նա լիակատար շփոթվածության մեջ էր. նրան թվում էր, թե իր շուրջը գտնվող բոլոր տղամարդիկ սկսում են կամաց-կամաց խելագարվել:
ՙՍա մեր եկեղեցին է Վանգում` Էջմիածնի բացարձակ պատճենը՚: Այս խոսքերը բժիշկ Աբասալիեւը ժամանակին ասել էր իր ապագա փեսային Վանգի եկեղեցու բակում: Հետաքրքիր է միայն, թե որտեղի՞ց է արվեստագետն իմացել, որ Էջմիածին տանող բազմաթիվ ճանապարհներից մեկն անցնում է հենց Վանգի եկեղեցու միջով… Համենայնդեպս, նա թիզ առ թիզ, սանտիմետր առ սանտիմետր հաղթահարել է աստիճաններից ու ժայռերից բաղկացած եւ տառապալից այս քարաշխարհը, որը նման է Վուրագըրդին:
Տեր իմ, սա հենց ինքն է` Վանգի եկեղեցին…
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հեղինակի կողմից)
Այլիս. Պատմական անվանումը` Ագուլիս: Ժամանակին` բացառիկ քաղաք` Անդրկովկասի մշակութային կենտրոններից մեկը: Ներկայումս Այլիսը փոքր հետամնաց գյուղ է Օրդուբադի շրջանում:
Վուրագըրդ. Հայկական Վարդակերտ տեղանվան աղավաղումը: Վարդակերտի (Սբ. Քրիստափորի) եկեղեցին գտնվում էր Այլիսի ամենաբարձր կետում:
Վանգի եկեղեցի. Եկեղեցու ադրբեջանական անվանումը: Այս վանքը հիմնադրվել է առաջին դարում` Բարդուղեմեոս առաքյալի կողմից: Այն թաղը, որտեղ կառուցված էր այս եկեղեցին, կոչվում էր Վանքի թաղ: