Ինչո՞ւ Կրեմլը չի վրդովվել Ուկրաինայում հայտնված թուրքական անօդաչուի կապակցությամբ․ բացատրում է Յուլիա Լատինինան
2021 թ․ հոկտեմբեր 28 Յուլիա ԼԱՏԻՆԻՆԱ «Նովայա գազետա»-ի մեկնաբան
Նախագահ Պուտինը հազիվ հասցրել է հերթական անգամ պատմել մեզ ռուսական նոր ու հզոր գերձայնային զենքի՝ «համարժեքը չունեցող գերձայնային «Ցիրկոնի»» մասին՝ Պաշտպանության նախարարության ցուցադրած տեսահոլովակի եթեր մտնելուն պես Ուկրաինայում թուրքական անօդաչու «Բայրաքթարը» ոչնչացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հաուբիցը։
Մի րոպե մոռանանք բարոյականության մասին։ Ամեն ինչը դիտենք չոր realpolitik-ի տեսանկյունից։
Կա Ռուսաստան, որտեղ պաշտոնական պետական կեղծ կրոն է դարձել հաղթանակն այն պատերազմում, որն այն ժամանակվա իշխանությունների պատճառով՝ պատերազմին մասնակից գրող Վիկտոր Աստաֆևի դիպուկ բնութագրմամբ ռուս ժողովրդին «սպառել-մոխրացրել է»։ Բայց հենց ժողովրդականություն վայելող մի երգիչ-ռեպեր հանդգնեց կասկած հայտնել ցուցադրամոլության անհրաժեշտության վերաբերյալ, նրանով անմիջապես զբաղվեցին համապատասխան քննչական ծառայությունները։ Ռուսաստանում նաև կան գեներալներ, որոնք մեզ մուլտֆիլմներ են ցուցադրում, թե ինչպես ռուսական հրթիռներն աշխարհի երեսից ջնջում են Ֆլորիդան։ Սպոյլեր՝ չեն ջնջի, քանի որ այդ տղերքը սեփական անշարժ գույքը հարվածի չեն ենթարկի։
Կան նաև թուրքական անօդաչուները, որոնք ջախջախել են ռուս «նրանք այնտեղ չկան»-ներին նախ՝ Սիրիայում, ապա՝ Լիբիայում, որտեղ մենք, առաջնորդվելով յուրաքանչյուր կիսափտած քաղաքական դիակին աջակցելու անսխալ բնազդով, պաշտպանում էինք մարշալ Հաֆթարին, որի ռազմական հմտությունների մակարդակը բացահայտվել է դեռևս 1987 թ․, երբ լիբիական հեղափոխության այս հերոսը հաջողացրել է գերի ընկնել Չադի Հանրապետության փառապանծ բանակի ձեռքը։
Իսկ ապա այդ նույն անօդաչուների օգնությամբ Ադրբեջանը Ղարաբաղում ջախջախել է հայկական բանակը։ Ռուսաստանը վաղուց դաշնակիցներ չունի։ Հայաստանն էլ Անդրկովկասում Ռուսաստանի միակ պատանդն է։ Այս դժբախտ, փոքր, թալանված երկիրը, որի նախորդ իշխանությունները բանակը չեն բարեփոխել, չեն վերազինվել, ոչինչ չեն արել, այլ պարզապես երկիրը հանձնել են Ռուսաստանին և հույս ունեին, որ դրա փոխարեն Ռուսաստանը գոնե իր փաստացի գաղութը կպաշտպանի։
Չէ՞ որ Մոսկվան շատ է մտահոգվում, երբ Լեհաստանը կամ Էստոնիան ՆԱՏՕ-ի անդամ են դառնում։ Իսկ Անդրկովկասում Ադրբեջանն ակնհայտորեն վայելում է Թուրքիայի աջակցությունը, որը նախ՝ նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ավանդական մրցակիցն է, երրորդը՝ պատմական Օսմանյան կայսրության վերականգնմանը և տարածաշրջանային գերտերություն դառնալուն ձգտող ագրեսիվ բռնապետի ղեկավարած երկիրն է։
Եվ ահա հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, որն, ի տարբերություն «Ավանգարդի» մասին մուլտֆիլմերի և «նրանք այնտեղ չկան»-ների հիբրիդային պատերազմների, իրական պատերազմ էր, Կրեմլը չի բարեհաճել գոնե ինչ-որ չափով պաշտպանել իր իսկ պատանդին։
Ռուսաստանը գիտի միայն իր պատանդների հյութերն իսպառ ծծել։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվել ԱՄՆ-ից կախում ունեցած երկրների՝ Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի հետ։ Նրանք դարձել են տնտեսական գերտերություններ։ Բայց Աստված մի՛ արասցե Ռուսաստանից կախում ունենալ։ Կապրես Մերձդնեստրի, Դոնեցկի ու Լուգանսկի նման։
Կրեմլը ոչ մի կերպ չի միջամտել, որովհետև Հարավային Կովկասում ռուսաստանյան ազդեցության գոտին պահպանելու բոլոր նկատառումները նահանջել են եռաքայլ պարզունակ մի դասավորության առջև՝ Էրդողանի ձեռքով ջախջախել իր երկրում բարեփոխումներ ձեռնարկել հանդգնած լկտի Փաշինյանին։ Ընդ որում՝ դա էլ Կրեմլին չի հաջողվել․ 2021 թ․ խորհրդարանական ընտրություններում հայ ընտրողները քվեարկել են Փաշինյանի կուսակցության օգտին։ Փաստորեն սա հանրաքվե էր, և հայերը քվեարկել են ընդդեմ Կրեմլի։
Մենք, թերևս, կենթադրեինք, որ այս ռազմավարական պարտության դիմաց Կրեմլը Թուրքիայից մի բան կսակարկեր; Օրինակ, Ուկրաինային «Բայրաքթարներ» չմատակարարելու պարտավորություն։
Չէ՞ որ հենց «բայրաքթարները» Սիրիայում, Լիբիայում, ապա նաև Ղարաբաղում դարձան նոր պատերազմի գլխավոր հարվածային ուժը։ Պատերազմ, որում սպառազինությունների համարյա բոլոր ավանդական տեսակները՝ թնդանոթներն ու տանկերն անպիտան են դառնում, քանի որ անօդաչուն օդից ոչնչացնելու է ամեն բան՝ առանց կենդանի ուժի անենափորքն իսկ կորստի։
Բայց՝ ոչ։ Ոչինչ էլ չեն սակարկել ու ստացել։
Մենք կարող էինք սպասել, որ Կրեմլը գոնե կդժգոհի։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվեր, եթե ուկրաինացիներին անօդաչուները Բայդենը մատակարարեր։
Բայց Կրեմլը չի դժգոհել։
Բայց Մորգենշտեռնը, որը կասկած է հայտնել Հաղթանակի օրվա ցուցադրամոլության անհրաժեշտության մասին, անմիջապես պատկան մարմինների ուշադրությանն է արժանացել։
Ինչպե՞ս, կհարցնեք դուք։ Չէ՞ որ Թուրքիան մեզանից Ս-400 է գնում։ Չէ՞ որ մենք Թուրքիայում ատոմակայան ենք կառուցում։ Չէ՞ որ մենք նրանց գազ ենք մատակարարում։ Այս բոլոր նախագծերը Թուրքիայի համար շահավետ են։ Արդյո՞ք Կրեմլը Թուրքիայի վրա ներազդելու որևէ լծակ չունի։
Պատասխան՝ հենց այս է խնդիրը։ Անցած անգամ, երբ Պուտինը դժգոհել է ռուսական ռազմական օդանավը խոցելու կապակցությամբ, Էրդողանը սպառնացել է ռուսներին գտնել ատոմակայանը կառուցելու ունակ այլ երկիր։ Առաջին հայացքից այդ սպառնալիքն անհեթեթություն էր։ Չէ՞ որ Ռուսաստանն է Թուրքիայի մեջ գումար ներդնում։ Բայց այս ամենը լավագույնս ցույց է տալիս, որ թուրք սուլթանը շատ լավ է հասկանում, թե ինչով են առաջնորդվում ռուսաստանյան պետական ընկերությունները։ Նրանց կառավարում է կոռուպցիոն մեխանիզմների գերակայությամբ տնտեսությունը․ այս դեպքում՝ աշխարհաքաղաքական պատրվակներով առավելագույն չափով գումարներ յուրացնելու ձգտումը։
Իսկ հանուն դրա Կրեմլում ամեն ինչ կուլ կտան․ և՛ Ղարաբաղը, և՛ Ուկրաինային մատակարարված թուրքական «Բայրաքթարները»։
Իսկ բնակչությանը հերթական անգամ մի մխիթարող բան կցուցադրեն․ օրինակ՝ գերձայնային «Ցիրկոնը»։
Կարևորն այն է, որ մարդկանց ցույց են տալու այն զենքը, որն, ի տարբերություն «Բայրաքթարի», Ուկրաինայում չի գործածվի։
Իսկ որչափ ավելի գաղտնի է զենքը, նույնչափ այն էկրանում ավելի լավ է թռչում՝ ստեղծելով պետական միջոցները մսխելու նոր հնարավորություններ։