Վոլոդիմիր ԿՈՊՉԱԿ
New Geopolitics Research Network (NGRN) փորձագիտական հարթակի հարավկովկասյան բաժնի ղեկավար
Թբիլիսի
Ուկրայինայի Զինված ուժերը (ՈՒԶՈՒ) Միավորված ուժերի գործողության (ՄՈՒԳ) գոտում առաջին անգամ մարտական պայմաններում օգտագործել են երկրի սպառազինության մաս կազմող թուրքական արտադրության հետախուզական-հարվածային անօդաչու Bayraktar TB2 համալիրը՝ հարվածային ձևաչափում և հարվածի ընթացքի ու արդյունքների հրապարակային ցուցադրությամբ հանդերձ։ Սա կարևոր է, բայց սրա մասին՝ ստորև։
Ֆոնային ռեժիմ, կամ՝ առանց նախաբանի
Հիշյալ «միջադեպը», որ տեսանկյունից էլ քննվի, և՛ հանրությունը, և՛ տարբեր աշխարհագրություն և փորձագիտական մակարդակ ունեցող շրջանակները դիտում են առնվազն երկու երևույթների՝ անցած տարի Ղարաբաղի համար մղված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի և Թուրքիայի՝ նրան ցուցաբերած դաշնակցային աջակցության տեսանկյունից։ «Աղմկահարույց միջադեպի» հիմնական թեմային անցնելուց առաջ նպատակահարմար ենք համարում թվարկել հետագա քննարկման համար անհրաժեշտ մի շարք ելակետային տվյալներ։ Մի տեսակ ստորոգային գործեդարան՝ թեպետև առավելագույնս պարզ կառուցվածքով։
1.«Դիմային» համեմատությամբ Ադրբեջանի՝ իր տարածքների դեօկուպացման հաջողված փորձն Ուկրաինայի համար որդեգրելի չէ։ Ռազմական գործողությունների թատերաբեմի աշխարհագրությունն ու տեղագրությունը, Ռուսաստանի ուղիղ ագրեսիային դիմակայելու Ուկրաինայի ութ տարին, «դաշնակցային ձևաչափեր»՝ սա այն ոլորտների ցուցակն է, որտեղ ամեն ինչ այլ կերպ է դասավորված։ Կարող ենք երկար շարունակել։ Ինչպես նշել է Ժամանակավորապես բռնազավթված տարածքների վերինտեգրման հարցերի նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ «Մենք կարող ենք փոխ առնել միայն ընդհանուր սկզբունքներն ու առանձին տարրերը՝ ոչ միայն Ղարաբաղի, այլև մյուս զուգահեռների հաշվառմամբ»։ Ավելացնենք, որ ռազմաճակատում իրավիճակի կտրուկ թեժացման պարագայում ուկրաինական կողմը ստիպված կլինի և՛ պաշտպանվել, և՛ հակահարձակմանն անցնել՝ ռազմական գործողություններ մղելով կանոնավոր ռուսական բանակի դեմ, ընդ որում, ռուսական ներխուժման ծավալի ու աշխարհագրական ընդգրկման ընդլայնման դեպքում, երկրի ունեցած բոլոր միջոցների ներգրավմամբ։
2.Ուկրաինայի Ազգային անվտանգության ռազմավարության վերջին խմբագրման համաձայն՝ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական դաշնակիցն է։ Ռազմավարական դաշնակիցների մասին բաժնում թվարկված են ևս մի քանի երկրներ, բայց հենց Անկարայի մասով այս «ռազմավարությունն» ունի ամենամեծ, իրական և գործնական տարողությունը։ Թուրքիան, Կրեմլի հետ մի շարք խաչաձևվող տարածաշրջաններում «համագործակցություն և մրցակցություն» սկզբունքով հարաբերությունները կառուցելով, ուկրաինական հատվածում Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի նահանգների գրավված մասերի ապաբռնազավթելու հարցերում բացահայտորեն և հետևողականորեն հանդես է գալիս Կիևի օգտին։ Սակայն Անկարան միանգամայն ակնհայտ պատճառներով Կիևին և ոչ մեկ ուրիշին չի ապահովելու Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը հավասարազոր դաշնակցային ձևաչափ։ Ուկրաինան հետևողականորեն զարգացնում է Թուրքիայի հետ համագործակցության սեփական կաղապարը, որը ոչ ավելի լավն է ու ոչ ավելի վատը․ այն պարզապես այլ է։
- Ռազմատեխնիկական ոլորտում Կիևն ու Անկարան ունեն հարաբերությունների բավականին հարուստ, ընդ որում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից շատ ավելի առաջ մեկնարկած պատմություն։ Սակայն մենք այժմ «Բայրաքթարների» մասին ենք խոսում։ Չէ՞ որ Ուկրաինան «Բայրաքթարների» առաջին խմբաքանակը ձեռք է բերել ոչ միայն ղարաբաղյան վերջին պատերազմից, այլև սիրիական Իդլիբում այդ անօդաչուների առաջին լուրջ փորձարկումներից շատ ավելի վաղ։ Դրա համար էլ՝ երբ մնացած աշխարհը խորապես տպավորված էր «Բայրաքթարների» ցուցաբերած արդյունքներից, Ուկրաինայում արդեն ընթանում էր այդ զինատեսակի լիարժեք ներդրումը Զինված ուժերի սպառազինությունների համակարգի մեջ։ Զուգահեռաբար՝ ուկրաինական Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը և այլ ոլորտային նախարարություններն ու գերատեսչությունները մանրակրկիտ ուսումնասիրում են «Բայրաքթարների» ներառումը միասնական հետախուզական-հարվածային տարածություն, որն էլ ապահովել է այդ անօդաչու թռչող սարքերի առավելագույն արդյունավետությունը վերջին ղարաբաղյան պատերազմում։ Ուկրաինայում մերձավորագույն հեռանկարում ծրագրվում է կառուցել «Բայրաքթարների» սպասարկման և վերանորոգման կենտրոն։ Ակտիվ քննարկման փուլում է Թուրքիայից ներկրված պահեստամասերից «Բայրաքթարների» հավաքման տեղական կայանի ստեղծման հարցը։ Թուրքիայում ակտիվորեն ընթանում է ուկրաինացի օպերատորների վերապատրաստումը։ Նշենք նաև, որ անօդաչուների ոլորտում «Baykar» ընկերության հետ համագործակցոթյունը չի սահմանափակվում սոսկ «Բայրաքթարներով»։ Ուկրաինան բանակցում է այդ ընկերության արտադրած սպառազինության այլ նմուշներ ևս գնելու շուրջ։
«Հրադադար», «խորին մտահոգվածություն», հետևանքներ
Բեռլինն ու Փարիզը մտահոգվել են նախ և առաջ թուրքական արտադրության անօդաչուների օգտագործմամբ՝ շեշտը դնելով «թուրքական» բառի վրա։ Բեռլինը մտահոգվել է անմիջապես՝ տաք հետքերով, իսկ Փարիզը՝ մի փոքր խորհելուց և «օպերատիվ դադար» պահպանելուց հետո, բայց համանման շեշտադրմամբ։ Պատշաճ արձագանք չի ունեցել և ռուսական հաուբիցը ոչնչացրած անօդաչուի ծագման ստվերում է մնացել ուկրաինացի զինյալի մահը և «Բայրաքթարի» պատասխան՝ առավելագույնս մարդասիրական հարվածի բնույթը, մինսկյան պայմանավորվածություններով արգելված 122 տրամագիծն ու ռուսական Դ-30 մարտկոցի գտնվելու վայրը՝ հրադադարի գծի անմիջական հարևանությամբ։ Այս ամենին Կիևն անդրադարձել է ԱԳՆ և այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով միջոցով։
Այս կապակցությամբ ավելորդ չի լինի ևս մի լիրիկական շեղում։ 2020 թ․ հուլիսի 27-ից հրադադարի գծում մենք ապրում ենք «կրակի ամբողջական և լիակատար դադարեցման ռեժիմում»։ Կատարվել է զինված ստորաբաժանումների տարանջատում։ 2020 թ․ հուլիսի 22-ին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել՝ Եռակողմ կոնտակտային խմբի (ԵԿԽ՝ Ուկրաինա, Ռուսաստան, ԵԱՀԿ) հերթական նիստի շրջանակներում։ Անտարակույս, այս ռեժիմն էապես նվազեցրել է ռազմաճակատում զոհերի թիվը։ Սակայն ռուսական զինված ուժերն այն երբեք չեն պահպանել։ Հրետանային գնդակոծությունները շարունակվում էին՝ այդ թվում և Մինսկյան հուշագրով արգելված տրամաչափերից։ Ռուսական ԱԹՍ-ների գործածությունը երբեք չի դադարել։ Օրինակ, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, գրանցվել է ավելի քան 200 գնդակոծություն։ Դիպուկահարների պատերազմը, դիվերսիոն խմբերի ներթափանցումները գործող «հրադադարի» անփոփոխ առանձնահատկություններն են։ Այս պայմաններում ուկրաինական կողմը ստիպված է եղել պատասխանել՝ հայելային, սիմետրիկ, երբեմն՝ գործակիցով հանդերձ։ 2020 թ․ հուլիսից Ուկրաինան ամեն ամիս ռազմաճակատում զոհ էր ունենում։ Այս առումով՝ 2021 թ․ հոկտեմբերն Ուկրաինայի համար կարող էր պատերազմի մեկնարկից ի վեր բացառիկ ամիս դառնար՝ առանց ռազմաճակատում զոհերի։ Բայց հոկտեմբերի 26-ին զավթիչները որոշել են հերթական անգամ սրել իրավիճակը՝ ստանալով այդ թվում և ասիմետրիկ պատասխան՝ «Բայրաքթարի» հարվածի տեսքով։
Ռուսական կողմի հրահրած թեժացմանն Ուկրաինայի նախաձեռնելիք պատասխան գործողությունների էության և «հրադադարի» ռեժիմի առանձնահատկությունների մասին քննարկումները երկրում նյարդայնացման, տարատեսակ բանավեճերի և երբեմն էլ շահարկումների տեղիք են տվել։ 2021 թ․ սեպտեմբերի 21-ին լարվածությունը կարողացել է մեղմել ԶՈՒ նոր գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որը հայտարարել է, թե պատասխան կրակ բացելու որոշումն ընդունում են տեղում իրավիճակի համար պատասխանատու հրամանատարները, որոնք պարտավոր չեն իրեն որոշումները Կիևի հետ համաձայնեցնել և ոչ մի արգելքով սահմանափակված չեն։ Հոկտեմբերի 26-ից հետո էլ ռուսաստանյան կողմը շարունակում է գնդակոծել ուկրաինական առաջապահ դիրքերը, իսկ ուկրաինական կողմը պատշաճ պատասխանող-զսպող գործողություններ է իրականացնում։ «Բայրաքթարները» ռազմաճակատի առաջնահերթորեն կարևոր հատվածներում շարունակում են անհրաժեշտ հետախուզական տվյալներ հայթայթել՝ դիտարկելով ռուսաստանյան զորամիավորումների տեղաշարժն ու ի մի բերելով և մշակելով ստացված հետախուզական նյութերը։
Բեռլինի և Փարիզի արձագանքի լույսի ներքո՝ Դոնբասում անօդաչուների օգտագործման թեմայի շուրջ էլ մի քանի խոսք ասենք։ Եթե հնարավորինս պարզ ձևակերպենք՝ այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Նախ՝ Միավորված ուժերի գործողության տարածքում ակտիվորեն թռիչքներ են իրականացնում թե՛ ռուսական, և թե՛ ուկրաինական անօդաչու սարքերը։ Երկրորդ՝ 2014 թ․ սեպտեմբերի 19-ի Մինսկյան հուշագրի 7-րդ կետի համաձայն արգելված են ռազմական ավիացիայի և ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱԹՍ-ների թռիչքները։ Բացառություն է արված միայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության ԱԹՍ-ների համար։ Արդ՝ ռուսական կողմը կառչել է 7-րդ կետից, բայց ոչ միայն։
… 2014 թվականից ի վեր Ուկրաինայում հասկանալի պատճառներով տեղի է ունենում ԱԹՍ-ների մշակման և արտադրության աճ։ Այս հարցում առավել ակտիվ են մասնավոր հատվածը և կամավորականները։ Շատ սարքեր փորձարկվել են մարտական պայմաններում և հետախուզական նպատակներով շարունակում են օգտագործվել ռազմաճակատում։ Ռուսական կողմն Ուկրաինայի դեմ պատերազմում նույնպես առավելագույնս ակտիվորեն է ԱԹՍ-ներ օգտագործում, օրինակ՝ «Օռլան-10» կամ «Գրանատ-1»։ Դրանք ժամանակ առ ժամանակ ընկնում են կամ խոցվում ուկրաինական կողմից։ Ռուսաստանցի զինյալները սովորել են անօդաչուների օգնությամբ ուկրաինական դիրքերի վրա հրդեհող ական-նռնակներ նետել և այլն։ Այսօրինակ բազմաթիվ փաստերն անընդհատ արձանագրվում են․ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը նույնպես այս ամենը քաջ հայտնի է։ Սակայն պատշաճ արձագանքը բացակայում է․ այն կա՛մ չկա, կա՛մ դույզն իսկ համեմատելի չէ օգտագործված «Բայրաքթարի» թուրքական ծագման առթիվ ի հայտ եկած արձագանքին։ Ակնհայտ է, որ այս արձագանքը ձևավորվել է Մոսկվայի ազդեցությամբ։
Թուրքիայի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավար Մեվլյութ Չավուշողլուն արդարացի է, երբ պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ նշել է, որ Կիևը պարտավոր չէ «Բայրաքթարներով» սպառազինվելուց հետո նշել դրանց թուրքական ծագումը։ Եվ, իրոք, տարրական տրամաբանությունն ու ողջամտությունը հուշում են, որ Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինության մաս դարձած սովետական փամփուշտը, ավստրալիական բումերանգը կամ թուրքական «Բայրաքթարն» ինքնաբերաբար դառնում են ուկրաինական։ Այսպիսով, այստեղ Մինսկյան հուշագրի 7-րդ կետը վկայակոչել չի հաջողվի։
Այս կապակցությամբ Կրեմլի զգացմունքներն արժե դիտել որպես առնվազն երեք ուղղություններով ճնշում գործադրելու համալիր գործողությունների մեկնարկ։ Խոսքը՝ թուրքական, եվրոպական (Նորմանդյան ձևաչափի մասնակից Գերմանիայի և Ֆրանսիայի) և, բնականաբար, ուկրաինական ուղղությունների մասին է։
Անկասկած, Մոսկվան Անկարայի վրա ճնշում է գործադրում՝ խնդրելով գոնե սահմանափակել անօդաչուների ոլորտում Ուկրաինայի հետ ընդլայնվող ռազմատեխնիկական համագործակցությունը և այն չտարածել անօդաչուական սպառազինությունների այլ տեսակների վրա։ Դոնբասում «Բայրաքթարի» օգտագործումն ակնհայտորեն խախտել է Կրեմլի և Անկարայի միջև հարաբերությունների՝ «ամենուր համագործակցություն, սոսկ Ղրիմի հարցով անհամաձայնություն», Պեսկովի մատնանշած հարացույցը։ Մոսկվան ընդունակ է ճնշել ասիմետրիկ եղանակով՝ նախ և առաջ սիրիական Իդլիբում, որտեղ վերջերս թեժացում է նկատվում, ինչպես նաև Հարավային Կովկասում՝ ի հեճուկս Ղարաբաղի շուրջ ռուս-թուրքական փասիանսի վարդագույն արտաքին տեսքի։ «Բայրաքթարի» օգտագործումից հետո Կրեմլն արգելել է թուրքական մանդարինների ներկրումը, բայց չի վերացրել թուրքական լոլիկները Ռուսաստան արտահանելու թույլտվությունը։ Թուրքական լոլիկները Մոսկվայում են, իսկ ռուս զբոսաշրջիկները՝ Անթալիայում։ Այս ամենն առայժմ սոսկ իրադրային նյարդայնության է նման։
Անկասկած, Փարիզն ու Բեռլինն անկեղծ են, երբ հանդես են գալիս Ուկրաինայի արևելքում իրավիճակի թեժացումը կանխելու ցանկությամբ։ Նրանք այնքան անկեղծ են, որ սպասելիորեն պատրաստ են հաշվի չառնել Կիևի շահերն ու սուբյեկտայնությունը։ Անտարակույս, ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Գերմանիային փոխանցել է իր ցանկությունները/պայմանները՝ Նորմանդյան ձևաչափում հնարավոր հանդիպման մասով։ Անշուշտ, այդ ցանկությունները վերաբերում են Կիևի համար միանգամայն անընդունելի կապիտուլյացիային, քանի որ ռուսների համար «բովանդակալից» է միայն այդ տարբերակը։ Ըստ Կրեմլի տրամաբանության՝ Բեռլինն ու Փարիզը պետք է ավելի ակտիվորեն Կիևի վրա ճնշում գործադրեն՝ եվրոպական շուկայում գազի գների հետ կատարվող զարգացումների ֆոնին։ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում Բեռլինին ճնշելը հաջողվում է։ Մենք, իհարկե, շարունակելու ենք հետևել ուկրաինական ուղեգծին, բայց Բեռլին-Փարիզ տանդեմի խտրական դատապարտող արձագանքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից «Բայրաքթարի» կիրառության նկատմամբ ինքնին ակներև ցուցանիշ է։
Կրեմլը հայտնի «Տելեգրամ» ցանցի և ռուսաստանյան հատուկ ծառայությունները սպասարկող այլ տեղեկատվական հարթակների միջոցով սկսել է ակտիվորեն շրջանառել Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակման մասին տեղեկությունները։ Տարածվում են Կուրսկի նահանգում «Իսկանդերների» բրիգադի տեղաշարժը պատկերող տեսահոլովակները։ Տեղեկատվական այս ճնշմանը միացել են և՛ Արևմուտքում, և՛ հենց Ուկրաինայում գործող հայտնի տեղեկատվական հարթակները։ Այս իրավիճակում «Բայրաքթարի» միջադեպը Կրեմլի տրամաբանությամբ Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ 2021 թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ դեպի Ուկրաինայի սահման ռուսական հավելյալ ստորաբաժանումների տեղաշարժ չի նկատվել։
Սա, իսկապես, ավելի նման է Մոսկվայի բլեֆին, հատկապես՝ Ուկրաինայի սահմանների հարևանությամբ նախորդ՝ շատ ավելի բացահայտ և շատ ավելի լայնածավալ բանակային տեղաշարժների համեմատ։
Խմբ. կողմից.- Հոդվածի ամբողջական՝ ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ մեր կայքի ռուսերեն բաժում