Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Երբ նրանք գնեցին մեզանից մեր զենքը, այն դադարեց լինել թուրքական: Այս միտքն արտահայտել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկման հարց է եղել նաև ինքնահռչակ Դոնբասի դեմ թուրքական «Բայրաքթար»-ների կիրառումը: Օրեր առաջ այդ մասին հայտարարեց ուկրաինական Գլխավոր շտաբը, նաև ցուցադրելով կադրեր, թե ինչպես է ուկրաինական ԶՈՒ-ի ձեռք բերած «Բայրաքթարը» հարվածում Դոնբասի զինված ուժերի հրետանուն:
«Բայրաքթարը» վերջին 1-2 տարիներին վերածվել է թուրքական ռազմաքաղաքական հավակնությունների և Էրդողանի՝ «սուլթանատի» ձգտման որոշակի «խորհրդանիշի»: Ռազմատեխնիկական այդ գործարքի վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները Թուրքիան և Ուկրաինան ձեռք էին բերում այն օրերին, երբ Թուրքիան «մյուս ձեռքով» Բաքվի հետ սկսել էր Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմն ու անմիջականորեն ղեկավարում էր այն, անհրաժեշտության դեպքում նաև մասնակցելով բուն ռազմական գործողություններին: Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թուրք-ուկրաինական գործարքի հանդեպ հիմնականում լուռ էր, թերևս զբաղված լինելով «Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա իրականացնելու» այն գործով, որի մասին նոյեմբերի 9-ի հրադադարից շաբաթներ անց իր հարցազրույցում նշում էր ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն:
Կովկասում իրավիճակը շարունակում է լինել բարդ և բազմաշերտ: Հատկանշական է, որ Հռոմում Մեծ Քսանյակի Վեհաժողովի շրջանակում Չավուշօղլուի հետ հանդիպած Լավրովը քննարկել է նաև 3+3 ձևաչափի խնդիրը: Արդյո՞ք Մոսկվան համարում է, որ Անկարան խախտել է պայմանավորվածությունը և ստանալով Կովկաս ու Արցախի մի մաս մուտքի իրավունք Ռուսաստանից, չի հրաժարվել ուկրաինական ուղղությամբ իր հավակնությունից: Այստեղ է, որ հատկանշական է Չավուշօղլուի ձևակերպումը, թե վաճառված թուրքական սպառազինությունն արդեն թուրքական չէ: Այսինքն, մե՛նք չենք՝ մեզ մի մեղադրեք:
Իհարկե, Մոսկվայում դա կարող է ընկալվել որպես ցինիզմ, բայց նույնպիսի ցինիզմ, ինչպիսին տարիներ շարունակ եղել է Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի հասարակության հարցադրումներին՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի կապակցությամբ, այն դեպքում, երբ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն էր, իսկ Ադրբեջանը պատերազմով էր սպառնում և սպանում հայ զինվորներին տարիներ շարունակ: «Դա միայն բիզնես է», ասում էին Ռուսաստանից, «մենք չվաճառենք՝ Ադրբեջանը, միևնույն է, կգնի ուրիշ երկրներից»:
Դա, իհարկե, քաղաքականություն է, ոչ ավելի, որն էլ ուկրաինական ուղղությամբ Ռուսաստանին կարող է վերադառնալ բումերանգ-բայրաքթարի էֆեկտով: Եթե, իհարկե, Մոսկվան ու Անկարան հենց Ուկրաինայում էլ չեն ուզում ստանալ նույն էֆեկտը, ինչ, օրինակ, Սիրիայում, հետո Կովկասում՝ կիսելով Արցախը և ձգտելով դուրս մղել Արևմուտքին: Հնարավո՞ր է, որ եկել է Արևմուտքին Ուկրաինայից էլ դուրս մղելու «ժամանակը», և փորձում են «նույն սցենարով» իրականացնել «բարդ օպերացիա», ինչպես Արցախում:
Ի դեպ, անհրաժեշտ է, թերևս, հիշել մի փաստի մասին: Նոյեմբերի 9-ի հրադադարից շաբաթներ անց եղավ տեղեկություն, որ Բաքվից Ուկրաինա են վերադարձել մոտ երեք տասնյակ ռազմական մասնագետներ, որոնք Ադրբեջանում էին մնացել դեռևս 2020 թվականի հուլիսին այդ երկրում թուրք-ադրբեջանական զորավարժության օրերից և հետևել են նաև պատերազմի ընթացքին: Այն մասին, որ Կովկասում հավակնությունը բավարարելուց հետո Անկարայի հաջորդ թիրախներն ամենայն հավանականությամբ լինելու են Կենտրոնասիական տարածաշրջանը և Ուկրաինան, խոսել եմ դեռևս պատերազմի օրերին: Ռուսաստանը Թուրքիան ընտրել է Արևմուտքի հետ մեծապետական նոստալգիայով տարվող դիմակայության գլխավոր գործընկեր, որի ախորժակը, սակայն, ավելի է բացվում ամեն մի «հաջող գործարքից» հետո, ընդհուպ՝ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտի դիտվող տարածքների, այլ անգամ անմիջականորեն ՌԴ տարածքի հարցում (hիշարժան է այն 25 միլիոն մահմեդականով քանդելու՝ Էրդողանի խորհրդականի հայտարարությունը, որ հնչեց 2020 թվականի փետրվարին` ՌԴ լռության ներքո): Թե՞ Թուրքիան է «ընտրվել» որպես հավակնոտ ու «համառ» Ռուսաստանի դեմ «հիբրիդային» զենք:
Բոլոր դեպքերում, Թուրքիայի վարքագիծը, մեծ հաշվով, պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական տրամաբանության ներքո: Որքան էլ էրդողանյան Թուրքիան ավելի ու ավելի հավակնոտ է դարձել մեծ խաղացող լինելու իր ձգտումներում, այդուհանդերձ՝ պետք չէ, թերևս, կասկածել, որ ներուժի իմաստով Թուրքիայի «պոչը» Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի «տակ» է, առանց որի Էրդողանի հավակնությունները կարող են նույնքան արագ էլ վերածվել փուչիկի: Ըստ այդմ, Ուկրաինայում «Բայրաքթարի» կիրառումով սահմանվող իրավիճակային նոր ռեժիմի «ուրվագիծն» արժե, թերևս, դիտարկել ավելի շուտ ոչ այնքան ռուս-թուրքական, որքան ամերիկա-ռուսական հարաբերության համատեքստում: Առավել ևս, որ այնտեղ տեղի ունեցողին ընդհուպ օրեր առաջ նախորդել էին երկու հատկանշական իրադարձություններ:
Նախ, հոկտեմբերի կեսերին եռօրյա այցով Մոսկվա ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որն, ի դեպ, դեռևս Բարաք Օբամայի վարչակազմում լինելով պետքարտուղարի տեղակալի օգնական, աշխույժ ներկայություն էր ունեցել ուկրաինական զարգացումներում: Նուլանդի մոսկովյան այցի փոխադարձ կարևորության մասին է խոսում նաև այն, որ այդ այցը հնարավոր դարձնելու համար Վաշինգտոնն ու Մոսկվան փոխադարձաբար գնացին պաշտոնյաների հանդեպ անհատական պատժամիջոցների չեղարկման՝ Մոսկվան հանեց Նուլանդի հանդեպ մուտքի արգելքը, իսկ Վաշինգտոնն էլ փոխարենը չեղարկել էր ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի հանդեպ պատժամիջոցը:
Մոսկվայում Նուլանդը չէր հանդիպել առաջին դեմքերի հետ, սակայն հանդիպումները եղել էին թե՛ ԱԳՆ, թե՛, ինչը հատկանշական է, ՌԴ նախագահ Պուտինի աշխատակազմի շրջանակի կարևոր ֆունկցիոներների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի հետ: Թե ինչ արդյունքով ավարտվեց Նուլանդի մոսկովյան եռօրյա այցը, որտեղ քննարկման թեման, անկասկած, միայն Ուկրաինան չէր, պարզ չէ: Այդ մասին չեղան շատ հայտարարություններ: Ըստ այդմ, հնարավո՞ր է ասել, որ օրեր անց Դոնբասի ուղղությամբ Ուկրաինայի գործողությունն այդ այցի «արդյունք» է, կամ՝ «հետևանք»:
Բայց մինչ այդ տեղի ունեցավ մեկ այլ հատկանշական իրադարձություն: Նուլանդի մոսկովյան այցից մի քանի օր անց Հելսինկիում տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը, որտեղ, ըստ մամուլի, քննարկվել է Աֆղանստանի շուրջ իրավիճակն ու միջինասիական գոտում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների հարցը: Եթե անգամ այդ հանդիպման օրակարգում չեն եղել ուկրաինական ճգնաժամին առնչվող ուղիղ քննարկումներ, կասկածից վեր է, որ ամերիկա-ռուսական ռազմաքաղաքական քննարկումներն այսպես, թե այնպես շոշափում են Ռուսաստանը պարուրող կորն ամբողջությամբ:
Անկասկած է նաև, որ ամերիկա-ռուսական այդ քննարկումներում լինում են թե՛ համաձայնեցվող, թե՛ շարունակվող հակադրությամբ հարցեր, որոնց հարաբերակցությունը գնահատելը շատ բարդ է: Այդ իմաստով, ուկրաինական ուղղությամբ լարվածության հնարավոր աճը համաձայնությա՞ն, թե՞ հակադրության թեժացման դրսևորում է: Գնահատելու համար մնում է միայն հետևել, թե ինչպիսին կլինի շարունակությունը: Արդյո՞ք լարվածության միջոցով փոխվելու է ուկրաինական ճգնաժամի «կառավարման» ձևաչափն ու դրանում ֆորմալ ներկայությամբ դերակատարում է ստանձնելու Վաշինգտոնը:
Այսօր հիմնական ձևաչափը Նորմանդական քառյակն է, որտեղ են Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Ուկրաինան: ԱՄՆ-ն ձգտում է «Նորմանդական հնգյակի՞», որին հնարավոր է հասնել նոր լարվածությամբ: Ինչպե՞ս է դրան վերաբերում Ռուսաստանը: Ուկրաինական ճգնաժամի կառավարման հարցում ամերիկա-ռուսական գերակայությամբ ձևաչափը փոխադարձ համաձայնությու՞ն է, թե՞ Վաշինգտոնն, այնուամենայնիվ, չստանալով այդպիսի համաձայնություն Մոսկվայից՝ որի համար շատ ավելի հարմար կարող է լինել Փարիզի և Բեռլինի հետ հարաբերվելը, կարող է մտածել ճնշման միջոցով դրան հասնելու մասին:
Մեկ այլ հարց կարող է լինել այն, թե արդյո՞ք լարվածությունը պատեհ հնարավորություն չի դիտարկի Մոսկվան, Ուկրաինայի հանդեպ ռազմական և ռազմաքաղաքական նոր «ձեռքբերումներ» արձանագրելու համար: Ինչ խոսք, պատերազմը, այն էլ մասշտաբային, Ռուսաստանի համար կարող է լինել խիստ ծանր բեռ, հատկապես, երբ կա փաստացի երկրորդ «կիսաբաց» ճակատը միջինասիական ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան «անկյուն քշված» է Պուտինը, որը կարող է գնալ «գլոբալ պատերազմի» արկածախնդրության: Ի վերջո, բաց տեքստով են հնչել նրա հայտարարությունները, թե՝ եթե չի լինելու Ռուսաստան, ապա ինչու՞ իրենց պետք է հետաքրքրի աշխարհի գոյությունը: Չափազանց բարդ է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են քարոզչություն և որքանով՝ ամրացած հոգեբանություն:
Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն օրեր առաջ անցկացնում էր զորավարժություն, որի «լեգենդը» միջուկային պատերազմն էր, դրանից պաշտպանությունը: Իրադարձությունների ընթացքի այդօրիննակ ծայրահեղությունն, անշուշտ, սցենարներից մեկն է՝ հավանականության աստիճանը որոշելու չափազանց մեծ դժվարությամբ: Բայց, ուշադրության է արժանի, որ այդ սցենարներն, այդուհանդերձ, դառնում են հրապարակային դիտարկման առարկա: Դա առնվազն նշանակում է, որ ընթացիկ ռազմաքաղաքական դիրքային պայքարը և լայն դիմակայությունն ունեն ներքին բավականին ուժգին նյարդ: Հայկական ձեռքն ու միտքը պետք է առավելագույնս պահել դրա վրա, որովհետև չափազանց անկանխատեսելի է այն, թե որտեղ առավել զգայուն կարող է ցնցվել այդ նյարդը, որն անցնում է Ուկրաինայով, Կովկասով և հասնում մինչև Չինաստան: