Պատերազմ և խաղաղություն Կովկասում. Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն
Կիրիլ ԿՐԻՎՈՇԵԵՎ
Իմանալով «Բաքվի թեկնածու» լինելու իր նոր վարկանիշի մասին՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է սակարկելով ձեռք բերել փոքր հաղթանակներ, օրինակ՝ գերիների նոր խմբաքանակի ազատում, ջանալով ներկայացնել դրանք որպես իր կոշտ դիրքորոշման արդյունք։ Այս համապատկերում խոսվելու է նոր ու մեծ հաղթանակների մասին, օրինակ՝ Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան տարանցիկ ապրանքաշրջանառության մեկնարկի մասին։
Հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները բոլորին են զարմացրել՝ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում։ Ի հեճուկս Ղարաբաղի համար անցած տարվա պատերազմում կրած ծանր պարտության՝ Նիկոլ Փաշինյանը կրկին ջախջախիչ հաղթանակ է շահել։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին՝ 54%, իսկ նրա գլխավոր մրցակից, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքն՝ ընդամենը 21%։
Այսպիսի ելք անակնկալ էր անգամ հայաստանյան սոցիոլոգիական ծառայությունների համար, որոնց նախընտրական հարցումները կանխատեսում էին Քոչարյանի հաղթանակը կամ «ոչ ոքի» արդյունքը։ Արդյունքում՝ Փաշինյանը կկարողանա ոչ միայն նորից վարչապետ դառնալ և խորհրդարանում ձևավորել միակուսակցական կառավարություն, այլև կունենա սահմանադրական մեծամասնություն։ Միաժամանակ՝ դա նշանակում է, որ Փաշինյանը ոչ ոքի հետ չի կարողանալու կիսել պատասխանատվությունը ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Ադրբեջանի հետ բարդ բանակցությունները շարունակելու, ո՛չ էլ ղարաբաղյան պատերազմում պարտություն կրելուց հետո Հայաստանի նոր արտաքին քաղաքականության ձևավորման համար։
Հաղթանակի պատճառները
Փաշինյանի անսպասելի հաջողության պատճառներն ավելի հեշտ է ընկալել, եթե դիտենք Հայաստանի տարբեր մարզերում ստացված ընտրական արդյունքները։ Օրինակ, իր կուսակցությունն աջակցության ամենաբարձր ցուցանիշը (65%) ստացել է Շիրակի մարզում։ Սա այն հայ զինվորների հայրենիքն է, որոնք ադրբեջանական գերության մեջ են հայտնվել Հադրութի շրջանում 2020 թ. դեկտեմբերին։ Ըստ ամենայնի դատելով՝ նրանց ազգականներն ու հայրենակիցներն այդպիսի քվեարկությամբ ուզում էին ցույց տալ, որ ակնկալում են ոչ թե Քոչարյանի հետ ասոցացվող ռևանշը, այլ հանգստությունն ու հետագայում նմանօրինակ միջադեպերի բացառումը։
Դեռևս ձմռանը հասկանալի էր, որ հայ հասարակությունը չի կամենում պատերազմել։ Մարդիկ զինկոմիսարիատների մոտ ցույցեր էին անում և պահանջում նորակոչիկներին Արցախ չուղարկել և, ընդհակառակը, չեն պահանջում անմիջապես ռազմագործողություն վերսկսել անցյալ տարի կորսված տարածքները վերադարձնելու համար։
Նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանն, իհարկե, ասում էր, որ ներկա պայմաններում ռևանշի մասին միտք ոչ մի սթափ մտածող մարդու մոտ չի կարող ծագել, բայց Հայաստանում հասկանում են, որ Բաքվի համար նա շատ ավելի տոքսիկ դեմք է։ Հետևաբար, նրա հաղթանակի դեպքում բախումների հավանականությունն ավելի մեծ է, անգամ եթե դրանք լինեն հակառակորդի սադրած միջադեպեր։ Անցյալ տարվա պատերազմը ցույց է տվել, որ հայկական բանակը հնարավոր ռազմական միջադեպերում այժմ չի կարող հաղթել։ Ուստի, բախումներից պետք է պարզապես խուսափել՝ ընտրելով Բաքվին նվազ գրգռող քաղաքական գործչի։
Տառացիորեն ընտրությունների նախօրեին Ադրբեջանը Հայաստանին հստակ ուղերձ է հղել, որ պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ կոշտ գծի շարունակությանը։ Ադրբեջանի իշխանությունները ցուցադրաբար դատել են հայ ռազմագերիների մի մասին, իսկ մյուս մասին նույնպես ցուցադրաբար բաց են թողել՝ Աղդամի շրջանի ականապատված գոտիների քարտեզների դիմաց։ Իմ ադրբեջանցի զրուցակիցները չէին թաքցնում, որ դա Փաշինյանին արված յուրօրինակ նվեր էր՝ երկխոսության հնարավորության ցուցադրություն։
Ինչպես և ենթադրվում էր, ընտրարշավի ժամանակ Բաքուն ակնարկում էր, որ կնախընտրեր գործ ունենալ Փաշինյանի հետ, բայց իր նախապատվությունը շատ բացահայտ չէր ցուցադրում՝ հակառակ արձագանքը չառաջացնելու համար։ Որոշ անձանց դա կարող է անհայրենասեր թվալ, բայց հայ ընտրողն ընդունել է խաղի այդպիսի կանոնները։
Նվազ ցուցադրական չէր Փաշինյանի հաղթանակը Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ ադրբեջանցիները պատրաստվում են երկաթգիծ ու ավտոմայրուղի կառուցել՝ երկրի հիմնական տարածքի և նախիջևանյան անկլավի միջև։ Ոչ վաղ անցյալում Փաշինյանը տառացիորեն չէր կարող մտնել այդ մարզը, քանի որ տեղի բնակիչները քաղաքապետերի օգնությամբ փակում էին ճանապարհները և վարչապետի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր նետում։ Իսկ այժմ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սյունիքում ստացել է ձայների 54%-ը։
Իր նախընտրական տեսահոլովակներում Քոչարյանը փորձում էր խաղալ մարդկանց այն վախերի վրա, թե ապագայում Փաշինյանը կարող է հանձնել բոլոր ազգային շահերը։ Մի տեսահոլովակում ադրբեջանցիները Սևանա լճում հայ ձկնորսին էին բռնում, մյուսում կանգնեցնում էին հայ վարորդին Սյունիքի միջով Նախիջևան տանող ավտոմայրուղու վրա։ Սակայն, դատելով արդյունքներից, հայ ընտրողներն այս տեսահոլովակները համարել են չափազանցություն, իսկ Ադրբեջանի հետ անզիջում Քոչարյանի՝ բանակցություններ վարելու հեռանկարը դիտել են էականորեն վտանգավոր հեռանկար։
Վերջապես, Փաշինյանի օգտին աշխատել է նաև հայ հասարակությունում տիրող հիասթափության մթնոլորտը։ Այն անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցուցանիշի վրա, որը հայ քաղաքական մշակույթի համար ցածր էր՝ ընդամենը 49%։ Այս պայմաններում Փաշինյանի օգտին կողմնորոշված ընտրողների 25%-ը հաղթանակի համար միանգամայն բավարար էր։
Քոչարյանը նույնպես ուներ իր աջակցության միջուկը, բայց այն շատ ավելի սակավաթիվ էր։ Քոչարյանը կարողացել է հաղթահարել իր ունեցած բացասական վարկանիշը սոսկ հայրենասեր մտավորականության շրջանում, որն այժմ Փաշինյանին և իր կողմնակիցներին անվանում է «շարիկովներ» և հայտարարում, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ բազուկ և ոչ թե օխլոկրատիա։ Երևանում այդ մարդիկ կարողացել են անցկացնել 30-հազարանոց տպավորիչ հանրահավաք, բայց ողջ երկրի մասշտաբով դա, իհարկե, բավարար չէր։
Քոչարյանի թիմը, որը դեռ վերջերս «Կոմերսանտին» տված հարցազրույցում իրենց հակառակորդին անվանում էր «լուզեր», հայտարարություն է տարածել, որ չի ճանաչի ընտրության արդյունքներն այնքան ժամանակ, քանի դեռ «բոլոր խնդրահարույց հարցերը չստանան իրենց սպառիչ պարզաբանումները»։ Ընդդիմադիրներն անգամ խոստանում են դիմել Սահմանադրական դատարան, բայց այդ դիմադրությունը հազիվ թե երկար տևի։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընտրությունների հայտարարված արդյունքներն արտացոլում են հասարակական համակրանքի իրական պատկերը։
Կրեմլը, ի հեճուկս Քոչարյանի հետ ունեցած հին կապերի, կարծես թե դժգոհ չէ հայաստանյան ընտրությունների արդյունքներից։ «Եթե Քոչարյանի դաշինքը խորհրդարանում մեծամասնություն ունենար, այն կարող էր հավելյալ անկայունություն առաջացնել, թեև նա մեր հին նոր գործընկերն է»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Իսկ եթե Մոսկվայում այդպես են խոսում, ապա Քոչարյանն ակնհայտորեն չի ունենա բողոքի ալիք հարուցելու որևէ հնարավորություն։ Կրեմլը շահագրգռված չէ ժողովրդականություն չվայելող թեկնածուին բացահայտ աջակցության ցուցաբերմամբ դժգոհություն առաջացնել իրեն բավականին լոյալ հայ հասարակության շրջանում։ Հայաստանում Ռուսաստանի շահերին չի սպառնում ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում վերջինս ավելի նախընտրելի է, քանի որ ավելի կանխատեսելի է։
Ի՞նչ է լինելու հետագայում
Սակայն, չի կարելի ասել, որ Հայաստանում այս ընտրություններից հետո ամեն ինչ կմնա նախկինի պես։ Ի հեճուկս երկրորդ անգամ խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը ստանալու հանգամանքի՝ Փաշինյանը գործ կունենա բոլորովին նոր կազմով ԱԺ-ի հետ։ Եթե նախկինում ամենախոշոր պայմանական ընդդիմադիր դաշինքն օլիգարխ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը պատրաստ էր համակերպվել և ընտելանալ ամեն մի իրավիճակի, ապա այժմ նոր կառավարությունը և նրան հարած ուժերը բախվելու են կոշտ խորհրդարանական ընդդիմությանն ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարած ուժերի։ Արդյո՞ք Քոչարյանը կկամենա ավարտել իր քաղաքական կենսագրությունը շարքային պատգամավորի կարգավիճակում՝ դեռ հարց է, բայց իր կողմնակիցները հաստատ թույլ չեն տա իշխանական կուսակցությանը հանգիստ ապրել։
Ընտրարշավի ժամանակ Փաշինյանն իր ընդդիմախոսների հասցեին բազում սպառնալիքներ է հնչեցրել, բայց այժմ նա հազիվ թե փորձի դրանք իրականություն դարձնել։ Այդ քայլը նրան կարող է շատ թանկ արժենալ։ «Նախկինները» կարողացել են ապացուցել, որ նման չեն ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցության» փախուստի դիմած կոռումպացված վերնախավին։ Նրանք իրական քաղաքական ուժ են՝ երկրում իր մեծությամբ երկրորդը։ Նրանց վստահաբար աջակցելու է նաև ռուսաստանյան պետական քարոզչամեքենայի մի մասը, որը վաղուց ի վեր Քոչարյանի կողմն է անցել։
Դրա համար Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյանը ստիպված կլինի դրսևորել առավելագույն հավատարմություն, ինչպես որ իր կառավարման սկզբում, երբ նա վռազում էր Պուտինին դեպի օդանավակայան ճանապարհ դնելու։ Պատահական չէ, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Փաշինայնն անմիջապես խոստացել է ընդլայնել համագործակցությունը ռուսաստանյան ինտեգրացիոն նախագծերի՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ, որին բոլորովին վերջերս քննադատում էր դանդաղաշարժության համար։
Գլխավոր մարտահրավերը, որից Փաշինյանը չի կարողանա խուսափել, Ադրբեջանի հետ բանակցություններն են։ Ընտրությունների նախօրեին նա և իր թիմը ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ընտրողներին համոզեն, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որով ադրբեջանցիները բնութագրում են դեպի Նախիջևան կառուցվելիք նոր ճանապարհը, արտատարածքայնություն (էքստերիտորիալություն) չի ենթադրում։
Այսինքն՝ այն լինելու է սովորական ճանապարհ, որից կօգտվեն և՛ հայ վարորդները, և՛ ռուս սահմանապահների ուղեկցությամբ ադրբեջանական բեռնատարները։ Այժմ Փաշինյանը պետք է ջանա, որ հենց այդպես էլ լինի։ Այո՛, ճանապարհին հայկական և ադրբեջանական պետհամարանիշներով երթևեկող մեքենաներ տեսնելն արտասովոր է, բայց այդպիսին է նոր իրականությունը։ Եվ այս նոր իրականությունը Հայաստանին նոր տնտեսական հնարավորություններ է խոստանում, որոնց կարիքը երկրում մեծապես առկա է։
Իմանալով «Բաքվի թեկնածու» լինելու իր նոր վարկանիշի մասին՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է սակարկելով ձեռք բերել փոքր հաղթանակներ, օրինակ՝ գերիների նոր խմբաքանակի ազատում, ջանալով ներկայացնել դրանք որպես իր կոշտ դիրքորոշման արդյունք։ Այս համապատկերում խոսվելու է նոր ու մեծ հաղթանակների մասին, օրինակ՝ Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան տարանցիկ ապրանքաշրջանառության մեկնարկի մասին։
Ղարաբաղի հարցում Փաշինյանն իսկական թակարդի մեջ է հայտնվել։ Հաշվի առնելով, որ իր կտրուկ հայտարարությունները, օրինակ՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կամ Շուշիում պարելը խթանել են ադրբեջանական հարձակումը, նա հարկադրված կլինի հրաժարվել Ղարաբաղ այցելելուց և այդ տարածքի մասին խոսելու է սոսկ որպես «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի», որոնց ներկայությունը պետք է պահպանել։ Ընդ որում՝ Փաշինյանին ձեռնտու է ընդգծել «տարածաշրջանի անորոշ կարգավիճակը», որպեսզի հայ հասարակությունը չսկսի մտածել, որ շուտով ողջ Լեռնային Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Դեպի Արևմուտք Հայաստանի տեղաշարժ նույնպես չի լինելու, որքան էլ դրա մասին աղաղակեն ռուսաստանյան քարոզչամեքենայի աշխատակիցները։ Փաշինյանը փորձերի ու սխալների մեթոդով սովորել է, որ Մոսկվային նյարդայնացնել չի կարելի։ Սակայն արևմտյան հարթակներում նա շարունակելու է առաջ մղել այն միտքը, թե անհրաժեշտ է պահպանել հայկական վերահսկողությունը Ղարաբաղից մնացած փոքր տարածքի վրա և, միաժամանակ, ակնարկել հայաստանցի ընտրողներին, որ Քոչարյանն Արևմուտքում նման հաջողությունների չէր կարող հասնել։ Ակնհայտ է, որ այս հարցում հատուկ դեր է վերապահված Ֆրանսիային՝ որպես Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում Հայաստանի գլխավոր եվրոպական դաշնակցի։
Եթե Հայաստանում նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, ապա այս գումարման հայաստանյան խորհրդարանի աշխատանքի վերջին կես տարին կհամընկնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ընթացիկ մանդատի ավարտին։ Եթե ռուսական ներկայությունը Ղարաբաղում երկարաձգվելու է, ապա դա հոյակապ ձեռքբերում կլինի Փաշինյանի հետագա նախընտրական արշավին ընդառաջ։ Փաշինյանը կարող է շատ ավելի երկար ժամանակ մնալ հայկական քաղաքականության գագաթին, քան թվում էր ընդամենը կես տարի առաջ։
Հոդվածը հրապարակված է «Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն.սերնդափոխություն» նախագծի շրջանակում։ Հոդվածում արտահայտված մտքերն արտացոլում են հեղինակի անձնական կարծիքը։
Carnegie.ru