Հայաստանի տարեկան ռազմական ծախսերը կազմում են շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլար: Սա են վկայում Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած տարեկան զեկույցում տեղ գտած տվյալները:
Դրանց համաձայն 2011-ին Հայաստանը ռազմական կարիքների վրա ծախսել է 396, իսկ 2012-ին` 394 միլիոն դոլար: Ադրբեջանի ռազմական բյուջեն անհամեմատ ավելի մեծ տեմպերով է աճում: Մեկ տարում Ադրբեջանի ռազմական հատկացումների ծավալն աճել է շուրջ 100 միլիոնով` 2011-ի 1 միլիարդ 680 միլիոնից 2012-ին հասնելով 1 միլիարդ 777 միլիոնի:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը տարեկան ռազմական կարիքները հոգալու համար հատկացնում իր է ՀՆԱ-ի 4, իսկ Ադրբեջանը շուրջ 2.5 տոկոսը:
Աշխարհում առկա ռազմական հավասարակշռությանը նվիրված այս զեկույցի հեղինակները նաեւ գնահատել են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի ռազմունակության մակարդակը` առավելություն տալով հայկական կողմին:
«Հայկական բանակը բավական գրագետ է եւ գիտակցում է այն նպատակները, որ դրված են իր առջեւ: Դրա հետ մեկտեղ թեեւ Հայաստանի զինված ուժերի շարքերը շարունակվում են համալրվել առավելապես ժամկետային զորակոչի միջոցով, այնուհանդերձ, աճում է պրոֆեսիոնալ սպայակազմի թիվը», – նշում են զեկույցի հեղինակները` հավելելով. – «Թեեւ Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ ռուսական լուրջ ազդեցություն է կրում, այնուհանդերձ, արտերկրում իրականացվող գործողությունների, մասնավորաբար, Աֆղանստանում տեղակայված միջազգային կոալիցիայի կազմում ծառայության շնորհիվ, հայ զինծառայողները հնարավորություն ունեն դասեր առնել Պուլ-Ի-Խումրիի ռազմակայանում ծառայող ՆԱՏO-ի իրենց ծառայակիցներից»:
Ինչ վերաբերում է թերություններին, ապա հիմնական խնդիրը, որ առկա է Հայաստանի զինված ուժերում, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբանների, ավիացիոն ստորաբաժանումների թուլությունն է:
«Հայաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր խնդիրը սպասարկման եւ ընդհանուր արդյունավետության հետ է առնչվում: Սա է պատճառը, որ Հայաստանի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանը` [Հայաստանից] վարձակալված ավիաբազայի միջոցով», – նշում են զեկույցի հեղինակները:
Անդրադառնալով հայկական բանակում իրականացվող բարեփոխումներին` զեկույցի հեղինակները նկատում են. – «Այդ բարեփոխումները հիմնականում նպատակ ունեն ավելացնել պայմանագրային ծառայողների թիվը, ինչպես նաեւ բարձրացնել իրականացվող գնումների մակարդակը: Դրա հետ մեկտեղ ավելի լուրջ, կառուցվածքային փոփոխությունների փորձերը, մասնավորաբար, վարժանքների ու զինվորական անձնակազմի մակարդակի բարձրացումը, բախվում է առավել խորքային խնդիրների հետ` զինվորական ղեկավարության որակին, եւ հանրության շրջանում զինված ուժերի վարկի անկման իրողությանը»:
Բացի այդ, ըստ բրիտանացի փորձագետների, չնայած ներդրված լուրջ միջոցների՝ նորագույն զենքերով ու զինատեսակներով հագեցվածության հասնելու համար Հայաստանը «դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` հատկապես կոռուպցիայի եւ պաշտպանության նախարարությունում առկա ֆինանսական անարդյունավետության լույսի ներքո»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական ճակատային գծում առկա իրադրությանը` զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ 2012-ին առնվազն երկու անգամ` գարնանն ու ամռան սկզբին, իրավիճակը շփման գծում լարվել էր, դա ի վերջո չհանգեցրեց լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետներնընդհանրապես գերադասում են ուղղակի կապ չտեսնել Բաքվի կողմից ռազմական ծախսերի ավելացման եւ պատերազմի հնարավոր վերսկսման միջեւ: Զեկույցի հեղինակները բավական քննադատաբար են տրամարդված ադրբեջանական բանակի կարողությունների հանդեպ, նշելով, օրինակ, որ չնայած լուրջ գնումներին` ադրբեջանցիները չեն կարողանում օդում միանշանակ առավելության հասնել, ինչը «կարող է լուրջ ռիսկեր ստեղծել Լեռնային Ղարաբաղում հնարավոր գործողության դեպքում»:
«Նավթային եկամուտները հնարավորություն տվեցին Ադրբեջանին նոր զինատեսակներ գնել, այդ թվում՝ C300 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: Չնայած դրան, դեռ հստակ չէ, թե մարտունակության առումով ինչ է շահում Ադրբեջանն այդ գնումների շնորհիվ: Զինված ուժերի համալրման հիմքը Ադրբեջանում շարունակում է մնալ զորակոչը, ընդհանուր պատրաստվածության մակարդակն էլ տատանվում է կախված կոնկրետ զորամասից», – նշում են զեկույցի հեղինակները:
Գեւորգ Ստամբոլցյան
http://www.azatutyun.am/content/article/24929942.html