Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերին, Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է ստացել «Իմ քայլը» դաշինքը։ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա դեռևս բարձր վարկանիշի շնորհիվ պատգամավորներ դարձան մարդիկ, որոնք այլ պարագայում երբևէ չէին հայտնվի խորհրդարանում։ Քիչ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ «Իմ քայլը» խմբակցության 88 անդամներն էլ հենց կազմեցին այն խումբը, որն ընդունված է անվանել «ագրեսիվ ու լուռ մեծամասնություն»։
«Ագրեսիվ ու լուռ մեծամասնություն» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ մտավ Գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակներում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայտնված հատուկենտ այլախոհներն իրենց ցանկացած ելույթից հետո ենթարկվում էին այդ մեծամասնության ներկայացուցիչներից մի քանիսի ագրեսիվ գրոհներին։
Կուսակցական վերնախավը բազմակարծության և ժողովրդավարության պատրանք էր ստեղծում, իսկ «լուռ մեծամասնությունը» ապահովում էր այդ պատրանքը։ Դե, միութենական տարբեր հանրապետություններից եկած բանվորագյուղացիական դեպուտատների շատ պե՞տքն էր ինչ-որ քննարկումներ անել, խոսել, ելույթներ ունենալ։ Օրերով Մոսկվայում ապրում էին, օգտվում հատուկ սպասարկումից, ստանում վարձատրություն, տնեցիների համար էժան ու հարմար գնումներ անում… Կարևորը «կողմ»-«դեմ»-«ձեռնպահ»-ի քվեարկության ժամանակ ձեռքը ճիշտ պահին բարձրացնելն էր։ Հա, մեկ էլ՝ կուսակցական կենտկոմի «սփիչռայթերների» (էն ժամանակ էդ տերմինը չկար, նրանք կոչվում էին հրահանգիչներ) գրած տեքստերը երբեմն-երբեմն ամբիոնից վարժ կարդալը։ Բայց անպայման՝ վարժ։ Առանց կմկմալու։
Հայաստանի 1990 թվականի առաջին խորհրդարանը, որ դեռ Գերագույն խորհուրդ էր կոչվում, ջարդեց այդ կարծրատիպը։ Այստեղ որևէ մեկը չուներ մեծամասնություն, և նախագծերն ու որոշումներն ընդունվում էին մեծ դժվարությամբ։ Կոմունիստները դեռ ուժեղ ընդդիմություն էին, ՀՀՇ-ն շատ արագ պառակտվեց մի քանի խմբակցությունների, և պահեր էին լինում, որ նախագահն անձամբ էր գալիս խորհրդարան՝ խնդրելով (այո, հենց խնդրելով) ընդունել այս կամ այն կարևոր փաստաթուղթը։
Ցավոք, դա վերջին ու Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության միակ իրո՛ք բազմակարծ խորհրդարանն էր։ Հետագայում միշտ որևէ ուժ այս կամ այն կերպ ստանում էր բացարձակ մեծամասնություն և կարող էր անցկացնել իր ցանկացած օրինագիծը կամ որոշումը։ Ընդ որում, այդ մեծամասնությունը համարում էր, որ ինքը միշտ ճիշտ է, իսկ մնացածները՝ ընդդիմությունը, սխալ ու որևէ կառուցողական բան առաջարկելու ոչ ունակ։
Սկսած 1995 թվականի առաջին գումարման ԱԺ-ից մինչև այսօր մատների վրա կարելի է հաշվել օրենքներ, որոնց նախագծերը հեղինակել են ոչ թե այդ պահին գործող կառավարությունը կամ իշխող ուժի ներկայացուցիչները, այլ ընդդիմադիր պատգամավորները։ Ավելին, այդ պահին ընդդիմություն համարվող ցանկացած պատգամավորի ցանկացած առաջարկ մերժվում էր։ Անգամ՝ եթե այդ պատգամավորը առաջարկեր ընդունել որոշում մածունի սպիտակ լինելու մասին, միևնույն է, խորհրդարանական մեծամասնությունը իր քվեարկությամբ կհաստատեր, թե մածունը սեփ-սև է։
Այդպես էր նաև, երբ քսան տարի իշխող ուժը Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր։ Ոչ մի այլընտրանք։ «Տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում»։
Ահա թե ինչու տողերիս հեղինակը դեմ էր Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն միտված՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին։ Ցանկացած ուժ, ստանալով բացարձակ մեծամասնություն, այլևս դուրս էր մնում վերահսկողությունից, ջարդվում էին հակակշիռների բոլոր մեխանիզմները։
Եվ մեր բոլոր վատ կանխատեսումներն իրականացան։ Սկզբում ՀՀԿ-ն՝ 2017 թվականի ընտրություններով, ապա «Իմ քայլը»՝ 2018 թվականի արտահերթ ընտրություններով ստացան բացարձակ մեծամասնություն և սկսեցին աջուձախ ընդունել իրենց ուզած որոշումներն ու օրենքները։
Ընդ որում, Վարչապետին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ըստ էության նրանց պատկանող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությանը ակնհայտորեն դուր եկավ բացարձակ իշխանությունը, և նրանք այդպես էլ չուզեցին այս երկու տարում գնալ համակարգային փոփոխությունների, մեծացնել ընդդիմության կառուցողական դերը, ապահովել իրական բազմակարծություն։ Ստացվեց, որ 2018 թվականի արտահերթ ընտրություններով ընդամենը ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանին փոխարինեց Արարատ Միրզոյանը, փոխնախագահի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին՝ Լենա Նազարյանը, մյուս փոխխոսնակի պաշտոնում Էդուարդ Շարմազանովին՝ Ալեն Սիմոնյանը։ Իսկ ՀՀԿ-ական «ագրեսիվ ու լուռ» մեծամասնությունն էլ փոխարինվեց «Իմքայլական» էլ ավելի ամորֆ մեծամասնությամբ։ Ընթերցողներին առաջարկում եմ բացել Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ «Իմ քայլը» խմբակցության բաժինը և այս պահին 84 հոգանոց այդ ցուցակի (մի քանիսը դուրս են եկել խմբակցությունից) անունների վրայով անցնելով փորձել մտաբերել, թե նրանցից քանի՞սն է ելույթներ ունեցել, հարցեր բարձրացրել կամ հանրային կարևոր իրադարձությունների վերաբերյալ կարծիք, տեսակետ արտահայտել, մեկնաբանություն ներկայացրել։
Հաստատ նմաններին մատների վրա կհաշվեք։ Իսկ մյուսնե՞րը։ Դե, էն սովետի բանվորագյուղացիական դեպուտատների նման. կայֆերը՝ բարձր աշխատավարձն ու պարգևավճարները կան, էլ կարծիքն ի՞նչ ցավս ա, որ արտահայտեն։ Հիմա էլ կարևորը ճիշտ քվեարկելն է։ Միայն թե սրանց գործը բարդացել է՝ քվեարկությունները ոչ թե ձեռք բարձրացնելով են, այլ՝ կոճակ սեղմելով։ Եվ այս նոր «բանվորագյուղացիական» մեծամասնությանը հարկ էր ընդամենը վարժեցնել, որ հանկարծ չշփոթեն «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կոճակների տեղը։ Հա, չմոռանանք, որ այդ կոճակները ճիշտ սեղմելու համար անգլերենի վարժ իմացությունը պարտադիր է։
Որ այս մեծամասնությունն ամորֆ է և սեփական կարծիքներ արտահայտելու անընդունակ, պարզ երևաց 44-օրյա պատերազմի և հատկապես հետպատերազմյան շրջանում։ Նրանց մեծ մասը ոչ միայն ընդունակ չեղավ և ընդունակ չէ հոդաբաշխ խոսք ասելով պաշտպանելու սեփական կառավարության ղեկավարին, որի ուսերին բազմած հայտնվել է խորհրդարանում, այլև համարձակություն էլ չունեցավ և չի ունենա լքելու խմբակցությունը, կամ՝ հրաժարվելու մանդատից, թեպետ հոգու խորքում հաստատ հասկանում է, որ ինքն էլ կապիտուլյանտ է։
Իսկ նրանք էլ, որ խոսում են կամ փորձում ինչ-որ մտքեր արտահայտել՝ հայտնվում են Լենա Նազարյանի կամ Ալեն Սիմոնյանի վիճակում։ Առաջինն ասում է, թե (բառացի չենք ասում, այլ մտքի էությունն ենք ներկայացնում) ՀՀԿ-ն գիտեր մեր գլխին գալիքը, դրա համար միտումնավոր իշխանությունը հանձնեց մեզ, որ հետո մեղադրի հող հանձնելու մեջ։ Իսկ Ալեն Սիմոնյանն էլ թե՝ «Եթե ընտրություն լինի, նորից կհաղթենք, համոզված եմ»։
Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Եվ ահա, խոսել փորձող մի քանիսին եթե հանում ենք, խմբակցության մնացած մասը գառնուկների լռություն է պահպանում։
«Գառնուկների լռությունը» հոլիվուդյան հայտնի ֆիլմ է։ Բազմակի օսկարակիր։ Իսկ գիտե՞ք որտեղից է վերնագիրը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կլարիս Սթերլինգը, Հանիբալ Լեքտորին պատմում է, որ մանուկ ժամանակ ինքը փախել է տնից՝ փորձելով փրկել մորթվող գառնուկին։ Կլարիսն ավելացնում է, որ մանկության հուշերի մեջ տպավորվել է մորթվելու տարվող գառնուկների պահվածքը՝ նրանց լռությունը։
Նմանությունները տեսա՞ք։