Հարցազրույց` Ռազմավարական հետազոտությունների վրացական կենտրոնի վերլուծաբան Գեորգի ԳՎԻՄՐԱՁԵԻ հետ
– Հոկտեմբերի վերջերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի մասին խոսելիս հայտարարել է, որ Վրաստանին «բռնի ուժով» կանչում են կայսրություն կամ ինչ-որ դաշինք: Որքանո՞վ են մեծ Վրաստանը Եվրասիական միության մեջ «ներքաշելու» վտանգները:
– Ես չգիտեմ, թե նախագահն ինչ նկատի ուներ` դա այնքան էլ հստակ չի ասվել: Բայց, իհարկե, Ռուսաստանը ոչ միայն ցանկություն, այլեւ այդ սցենարն իրականացնելու որոշակի ծրագիր ունի: Մոսկվան որոշակի ուժերով ու պաշարներով փորձում է հասնել Վրաստանի արեւմտամետ ուղղվածության փոփոխությանը եւ Եվրասիական միության հետ մերձեցմանը: Նախագահ Մարգվելաշվիլու խոսքն այս իմաստով հասկանալի է: Բայց եթե նախագահը նկատի ուներ, որ ինչ-որ մեկը երկրի ներսից այդ ուղղությամբ է աշխատում, ապա ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում:
Պաշտոնանկությունից հետո պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան Վրաստանի արեւմտամետ ուժերին միավորման կոչ է արել` կառավարությունում ռուսամետ ուժերին դիմակայելու համար: Մյուս կողմից, Վրաստանում կան ուժեր` ոչ կառավարական ու ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք անմիջականորեն աշխատում են Վրաստանում ռուսաստանամետ վեկտորն արդիական դարձնելու ուղղությամբ:
– Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը, ապա նաեւ արտաքին գործերի եւ եվրաինտեգրման հարցերի նախարարների հրաժարականն ու հայտարարությունները` եվրաինտեգրման վեկտորին սպառնացող վտանգների վերաբերյալ, որքանո՞վ են վկայում Վրաստանի կառավարությունում արեւմտամետ թեւի թուլացման մասին: Որչա՞փ մեծ են արեւմտամետ ուղեգծից շեղվելու վտանգները:
– Որոշ իմաստով կառավարությունում արեւմտամետ թեւն, իհարկե, թուլացել է: «Վրացական երազանք» իշխող քաղաքական դաշինքում ամենաարեւմտամետ էին համարվում հենց Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատները», ինչպես նաեւ Հանրապետական կուսակցությունը: Դաշինքի մյուս կուսակցությունները միանշանակ արեւմտամետ չեն համարվում: Դրա համար էլ կարելի է ասել, որ դաշինքից հեռացել է ոչ միայն արեւմտամետ, այլեւ Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների համար զգալի չափով պատասխանատու քաղաքական ուժերից մեկը: Այդ մարդկանց անձնական կապերը մեծապես նպաստում էին արեւմտյան գործընկերների հետ մեր երկրի հարաբերությունների որակի բարձրացմանը:
Թե ինչպես է զարգանալու իրավիճակը` այժմ դժվար է ասել: Ինքս դրական քայլ եմ համարում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում տիկին Թամար Բերուչաշվիլու նշանակումը: Նրա արեւմտամետության հանդեպ ես կասկածներ չունեմ:
Իսկ այժմ, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլու խոսքերով ասած, մենք Եվրոպայի հետ մեր հարաբերություններում «պաուզա» ենք վերցրել, թեեւ հույս ունեմ, որ վեկտորի իրական փոփոխություն տեղի չի ունենա:
– Քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին հայտարարել է, որ հակահրթիռային կայանքների ձեռքբերման համար Փարիզում գտնված նախկին նախարար Ալասանիան Թբիլիսիից զանգ է ստացել, որով պահանջվում էր պայմանագիրը չկնքել: Ցիսկարիշվիլու խոսքերով, դա կարող էր Մոսկվայի ուղիղ պատվերը լինել: Որքանո՞վ է իրական այն վարկածը, որ Վրաստանի կառավարությունում արդեն կան Մոսկվայի «օգտին» աշխատող ուժեր:
– Չեմ կարող ասել: Երեւի թե արժե հենց Ցիսկարիշվիլուն հարցնել այդ տեղեկատվության աղբյուրի մասին: Այն, որ Ալասանիան դա չի հերքել, դեռ չի նշանակում, որ այն հավաստի է: Անգամ եթե այդպիսի զանգ եղած լիներ, դա ապացույց չէ, որ դրանից առաջ նման պահանջով Կրեմլից Թբիլիսի զանգ է եղել: Նման հայտարարությունը լուրջ մեղադրանք է` երկրի շահերին դավաճանելու մեջ…
– Սակայն իշխանությունների կողմից Ցիսկարիշվիլու խոսքերին ոչ մի արձագանք չի եղել…
– Երեւի թե լավ է, որ չի եղել: Իշխանությունները, հավանաբար, մտածել են, որ չարժե հանդես գալ պաշտպանվող կողմի դերում:
– Ինչի՞ կարող է հանգեցնել ներկայիս ներքին քաղաքական ճգնաժամը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞:
– Ներկայիս ճգնաժամը կհանգեցներ արտահերթ ընտրություններին, եթե հանրապետականները հետեւեին ազատ դեմոկրատներին եւ դուրս գային դաշինքից: Բայց այս փուլում իշխող դաշինքը կարողացել է պահպանել խորհրդարանական մեծամասնությունը: Եթե տեղի չունենան նոր կտրուկ փոփոխություններ, արտահերթ ընտրություններ չեն լինելու: Երեւի հանրապետականները որոշել են, որ այժմ ըտրությունների ժամանակը չէ եւ այդ իսկ պատճառով մնացել դաշինքում: Ժամանակը ցույց կտա, թե նրանք որքանով էին իրավացի: Փաստն այն է, որ լայնածավալ քաղաքական ճգնաժամ, ի հեճուկս որոշ դրսեւորումների, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել, թեեւ երբ մի նախարարի պաշտոնանկ են անում, իսկ մյուս երկուսն ինքնակամ հեռանում են, ճգնաժամային իրավիճակն արդեն ակնառու է:
Ինչի՞ն է հանգեցնելու այս ամենը: Եթե բոլոր կողմերը կարողանան զգացմունքներից զերծ մնալ եւ խոսել այն մասին, թե իրականում ինչով են մտադիր զբաղվելու հետագայում, լավ արդյունքն ավելի հավանական կլինի: Լավ կլինի, եթե Ալասանիայի կուսակցությունը կարողանա կենտրոնանալ լիբերալիզմի վրա, թեեւ այդ հասկացությունն ինքնին շատ լայն է եւ ասել, թե ես լիբերալ-դեմոկրատ եմ, դեռ չի նշանակում, որ դու ինչ-որ կոնկրետ բան ես ասում: Պետք է բացատրել, թե դու կոնկրետ ինչ նկատի ունես եւ քաղաքականության մեջ որ արժեքներն ես դավանում: Հիմա նրանք պետք է դրա վրա կենտրոնանան: Եթե նրանք դրանով զբաղվեն, արդյունքում մենք ականատես կլինենք Վրաստանում իրական ընդդիմության ձեւավորմանը, որովհետեւ ներկայումս մեզ մոտ այդպիսի ուժ չկա: Այն կազմակերպությունները, որոնք այսօր իրենց ընդդիմություն են հռչակում, իրականում այդպիսին չեն: Մի կողմից` Միխեիլ Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժումն արժանի չէ անգամ խորհրդարանում ունեցած իր փոքրամասնությանը, մյուս կողմից` իրենց ընդդիմություն հռչակող կազմակերպությունները երբեք չեն կարողացել քաղաքական կուսակցություններ դառնալ: Այսպիսով, հնարավոր է, որ մեզ մոտ սկսվելու է իրական իշխանության եւ իրական ընդդիմության` այսինքն` կոնկրետ արժեքների շուրջ միավորվող քաղաքական ուժերի ձեւավորումը: Այսպիսի հնարավորություն, իրոք, կա, բայց, ցավոք, ես չեմ կարող պնդել, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում:
– Կարելի՞ է ակնկալել ավելի մեծ արտաքին քաղաքական ակտիվություն կառավարության վերցրած ընդմիջումից հետո եւ ինչի՞ հետ այն կարող է կապված լինել:
– Կառավարությունն այլ ելք չունի: Այն այժմ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս պետք է ապացուցի, որ հավատարիմ է երկրի հռչակած ուղեգծին: Արտաքին հարաբերությունները փաստացի տնօրինած երեք անձինք այժմ կառավարությունից հեռանում են` անուղղակի եւ ուղղակի մեղադրելով իշխանությանը արեւմտամետ ուղղվածությունից շեղվելու մեջ: Այսպիսով, կառավարությունն իր գործընկերներին եւ երկրի քաղաքացիներին պետք է ապացուցի, որ նա միանգամայն հավատարիմ է իր իսկ հռչակած արտաքին քաղաքական ուղղվածությանը: Ստեղծված իրավիճակը որոշ իմաստով կառավարության համար կարող է անգամ օգտավետ դառնալ` հաղորդելով նրան զորեղ խթան:
– Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը` Վրաստանին Եվրասիական եւ իր կողմից վերահսկվող այլ միությունների եւ կազմավորումների մեջ «ներքաշելու» համար:
– Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը գործում Ուկրաինայում: Նա շատ քայլերի է ընդունակ` «մեղմ» ճնշումից, օրինակ` Վրաստանի համար իր շուկան կրկին փակելուց սկսած` մինչեւ ռազմական ներխուժում: Այսինքն, Ռուսաստանն ունի որոշակի գործիքակազմ, որից կարող է օգտվել: Մյուս կողմից, ես դրա մեջ համոզված եմ, Վրաստանն էլ ունի սեփական գործիքներ` ռազմական ներխուժումից բացի բոլոր մնացած բացասական գործոնները չեզոքացնելու համար: Եթե Վրաստանն ըստ պատշաճի գնահատի Ռուսաստանի կողմից բխող ռիսկերն ու վտանգները եւ կատարի խելամիտ քայլեր, ապա կկարողանա դրանք չեզոքացնել: Վրաստանի խնդիրը Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններին հասնելն է, որ Վրաստանի վրա ճնշում գործադրելու միակ լծակը մնա ռազմական ներխուժումը: Այսինքն, բոլոր մնացած լծակները պետք է կորցնեն իրենց ուժն ու նշանակությունը, որպեսզի մնա միայն ներխուժման սպառնալիքը: Վրաստանը պետք է նաեւ այնպիսի դիրքի հասնի, որ իր դեմ հնարավոր ներխուժումը Ռուսաստանի վրա շատ թանկ նստի:
– Մոսկվան շատ կոշտ եւ ցավագին է արձագանքում Մոլդովայի եւ Ուկրաինայի եվրաինտեգրմանը, բայց Վրաստանի հանդեպ նման վերաբերմունք չի նկատվում: Ինչի՞ հետ է դա կապված:
– Մի կողմից, դա երկակի խաղ է: Մյուս կողմից` Մոսկվան հայտարարում է Վրաստանի հետ իր հարաբերությունները բնականոնացնելու պատրաստակամության մասին: Մոսկվան Վրաստանի հասցեին կտրուկ հայտարարություններ չի անում, որովհետեւ լավ է հասկանում, որ, ի տարբերություն Ուկրաինայի կամ Մոլդովայի, Վրաստանում նա այլեւս ազդեցության մեխանիզմ չունի:
Մեր երկրների միջեւ շուկան փաստացի նոր է սկսել աշխատել եւ այն շատ մեծ չէ, մեր տնտեսական հարաբերությունները նույնպես շատ զարգացած չեն: Վրաստանի հետ նախահարձակ տոնով խոսելու պատճառներ չկան: Ռուսաստանը կարող է սպառնալ խզելու տնտեսական հարաբերություններն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, իսկ Վրաստանի հետ այդպիսի հարաբերություններ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ գտնվում են սաղմնային վիճակում: Բացի դրանից, Մոսկվան Վրաստանի հանդեպ իրեն հարաբերականորեն հանգիստ է պահում նաեւ այն պատճառով, որ Ասոսացման համաձայնագրի ստորագրումը դեռ չի ենթադրում Վրաստանի մուտքը Եվրամիություն:
– ԵՏՄ ձեւավորումը, Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, Մոսկվայի պատասխան քայլերը վկայում են Ռուսաստանի մեկուսացման եւ ինքնամեկուսացման մասին: Ինչպե՞ս դա կազդի վրաց-ռուսական հարաբերությունների վրա:
– Ռուսաստանին բնորոշ է իր պատմության որոշ ժամանակաշրջաններում մեկուսանալ արտաքին աշխարհից: Իհարկե, դա շատ վատ է ազդել իր անմիջական հարեւանների վրա` մեզ նույնպես դա մտահոգում է: Ռուսաստանի ինքնամեկուսացումն այն աշխարհից, որին մենք ենք ձգտում, ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:
Զրուցել է Իրակլի ՉԻԽԼԱՁԵՆ