Ֆլորիան Գաթման, Քեվին Հեյգն, Անեթ Մայրից և Միշել Վինդե
WhatsApp-ի օգտատերերի գաղտնալսումներ, երեխաներին հետևելու դեպքեր, անառիթ խուզարկություններ[1]. ահաբեկչության՝ հետզհետե սաստկացող վտանգի պաճառով օրեցօր ավելի աշխուժորեն է քննարկվում անվտանգության ավելի սուր միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Ինչպե՞ս են դասավորվում գերմանական կուսակցությունների կարծիքներն այս հարցի շուրջ:
«Ահաբեկչությունը ոչ մի ազդեցություն չի ունենա իմ առօրյա կյանքի վրա… Ուրիշի վրա՝ միգուցե, բայց ոչ իմ կյանքի վրա»: Սովորաբար սա է մարդկանց արձագանքը: Հասարակ քաղաքացիները, որպես կանոն, այսպես են պատասխանում ահաբեկչության նետած մարտահրավերներին՝ փորձելով առանձնապես չտպավորվել արդեն ոչ այնքան ազդեցիկ դարձած ահաբեկչական ակտերից: Այո, թերևս, այդպես է:Սակայն իրականությունն այլ է. անցյալ ամիսներին ահաբեկչական ակտերի ինտենսիվության բարձրացմանը զուգահեռ աճել են նաև մարդկանց տագնապները: Եվ, այնուամենայնիվ, նրանց մեղադրել չի կարելի: Այսօր շատերն են հարց տալիս իրենց. «Որքանո՞վ է ապահով Գերմանիան այսօր»: Նույնքան արդարացված են նաև քաղաքական հետևանքներին վերաբերող քննարկումները, որոնցում շոշափվում են օր-օրի խստացող և սրացող օրենքները:
«Մեր անվտանգային կառույցները, ինչպես և մեր հասարակությունը, օրըստօրե նորանոր մարտահրավերների առաջ են կանգնում»,- SPIEGEL-ի հետ զրույցում նկատել է ԳՍԴԿ-ի ներկայացուցիչ, Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսը:
Սակայն ինչպիսի՞ ընդգրկում ունեն նմանատիպ բովանդակությամբ քննարկումները մի երկրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները մշտապես էական ուշադրության են արժանացել: Արդեն իսկ շատերն են զարմանում, թե ինչպես եղավ, որ այսքան բան փոխվեց: «ՆԱ[2] հապավումը վերածվել է ունիվերսալ բանալու, որն անխափան բացում է օրենսդրության դռները»,- մեկնաբանում է «Հարավ-գերմանական թերթը», շարունակելով. «Միակ հարցը, որի հստակ պատասխանը դեռևս չկա, այն է, թե արդյո՞ք այդ բանալին կբացի նաև անվտանգության՝ հիմնարար իրավունքներով երաշխավորված կողպեքները»:
Հենց այսպիսի տրամադրությունների պատճառով է, որ երբ Գերմանիայի երկրամասերի ներքին գործերի նախարարները սկսեցին քննարկել անչափահասներին սահմանադրական պաշտպանության ներքո հետևելու հարցը, քննադատությունների մեծ ալիք բարձրացավ։ Դրեզդենում կայացած երկրամասերի ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ արդեն իսկ որոշում է ընդունվել «WhatsApp» կարճ հաղորդագրությունների ծառայության վերահսկման մասին, և մոտ ապագայում Գերմանիայի անվտանգային կառույցներն անգամ մատնահետք են վերցնելու երկրում ապաստան գտած վեցից տասնչորս տարեկան բոլոր անչափահասներից։
Գերմանիայի նոր երկաթյա բռունցքը չի շրջանցի նաև Բունդեսթագի նախընտրական պայքարը։ Ներքին անվտանգության թեման Գերմանիայում առաջնային կարևորություն է ձեռք բերել՝ իր ազդեցությունը թողնելով չորս տարի առաջ ընտրված բոլոր կուսակցությունների օրակարգում։ Ներքին անվտանգության շուրջ քննարկումները թեժացել են նաև ԱԳՀ[3]-ի աջ պոպուլիստների հետ տարվող մրցակցության պատճառով։
Կարճ դիտարկենք այս հարցի շուրջ կուսակցությունների կարծիքների բաշխվածությունը:
ՔԴՄ/ՔՍՄ[4]
Միությունն այժմ ավելի է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարն օժանդակող առավել կտրուկ օրինագծերի առաջքաշմանը, քան 2013թ. Բունդեսթագի ընտրությունների ժամանակ էր։ Նրանք դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ պահանջում էին ավելի մեծ ծավալներով տեսավերահսկման, հեռահաղորդակցային տվյալների հավաքագրման պրակտիկաների սահմանադրական ներմուծում և արտասահմանյան հանցագործների արտաքսման առավել կոշտ օրենքի ընդունում, իսկ այսօր նրանց առաջարկների ներկապնակը լրացնում են նաև անառիթ խուզարկությունները և «WhatsApp»-ի վերահսկումը։ Երկրամասերի ներքին գործերի նախարարների՝ ներկայում ընթացող հանդիպումների ժամանակ օրակարգում բարձրացվում են անգամ ապագայում ԴՆԹ հետազոտության իրականացման, տարիքի, աչքերի և մաշկի գույնի, ինչպես նաև ծագման որոշարկման թույլատրմանը վերաբերող հարցեր։
Բավարիայի ներքին գործերի նախարար, ՔՍՄ ներկայացուցիչ Յոախիմ Հերմանն է նաև այն առաջարկի հեղինակը, ըստ որի անհրաժեշտ է սահմանադրության պաշտպանության ներքո հսկել իսլամիստական միջավայրի երեխաներին։ «Անչափահասներն արդեն մի շարք ծանր հանցագործություններ են իրագործել, և պետությունը պետք է հետևողական լինի այս հարցում»,- ասել է Հերմանը։ Այս առաջարկի պատճառն է հանդիսացել 2016թ. դեկտեմբերին Լուդվիգսհաֆենի ամանօրյա շուկայում 12-ամյա պատանու կողմից ինքնաշեն ռումբ պայթեցնելու փորձը։
ԳՍԴԿ[5]
«Մենք չենք անտեսել այս ոլորտը, պարզապես մենք այն այդքան առանցքային չենք համարում, որքան այլ ոլորտները»,- ասել է Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Պիստորիուսը։ Իրականում սոցիալ-դեմոկրատների՝ վերջին տարիների օրակարգում այս հարցը գրեթե չի շոշափվել. այս հարցում ոչինչ չի փոխվել անգամ Զիգմար Գաբրիելի նախագահության օրոք, ով փորձում էր կուսակցությունը վարել երբեմնի «երկաթյա» ներքին գործերի նախարար Օտտո Շիլլիի ոճով։
Այնուամենայնիվ, սոցիալ-դեմոկրատները նախընտրական պայքարի համար պատրաստել են տասը կետից բաղկացած և «շիլլիական» ոգով ներծծված մի փաստաթուղթ, որի համաձայն, օրինակ, տեսավերահսկումը առանձնակի, հատուկ նախադրյալների առկայության դեպքում պետք է ընդունել։ Ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրյա քաղաքացիների վերահսկման նպատակով պետք է ընդլայնվեն վերջիններիս արտաքսման հնարավորությունները, բացի այդ կուսակցության կողմից առաջարկվում է ընդունել այսպես կոչված «խնդրո առարկա» անձնավորությունների՝ ոտքին ամրացվող հատուկ սարքերի միջոցով վերահսկման մասին որոշում։
«Կանաչներ»
2013թ. ընտրապայքարում «Կանաչների» կարգախոսը հետևյալն էր. «Անվտանգությունը ծառայում է ազատությանը, այլ ոչ թե հակառակը»։ 2017թ. կարգախոսն արդեն այլ երանգավորում ունի. «Առանց անվտանգության ազատությունն անհնար է, և հակառակը»։
Եթե նախկինում կուսակցությունը շեշտը դնում էր քաղաքացիական իրավունքների պահպանման վրա, ապա այժմ կուսակցությունը շոշափում է նաև «արդյունավետ անվտանգային քաղաքականության» թեման։
Մասնավորապես, «Կանաչները» մերժում են հեռահաղորդակցային տվյալների հավաքագրման առաջարկները, սակայն այդ հարցի շուրջ այլևս լայնածավալ քննարկումներ չեն կազմակերպում։ Եթե մի ժամանակ նրանք կտրականապես մերժում էին տեսավերահսկումը, ապա այժմ դա ընդունելի են համարում։ Ավելի շատ և ավելի լավ հանդերձավորված ոստիկանների թեման նոր չէ, այնուամենայնիվ այժմ «Կանաչներն» ավելի սուր են արձագանքում դրան, քան երբևէ։ Ինչևէ, նրանք գտնում են, որ պոտենցիալ հանցագործները պետք է մշտապես վերահսկվեն, օտարերկրյա օրինախախտները անհապաղ պետք է վտարվեն երկրից, կասկածելի ինքնությամբ ապաստան ունեցողները պետք է հետևողականորեն քննության ենթարկվեն. սրանք պահանջներ են, որ մի քանի տարի առաջ ՔԴՄ/ՔՍՄ-ն էր առաջ քաշում։
«Ձախեր»
«Չվերահսկվող, բաց սահմաններ», «թուլացած ոստիկանություն» և նմանատիպ այլ արտահայտություններ սովորաբար հազվադեպ են հանդիպում «Ձախերի» դիսկուրսում։ Սակայն հենց այսպիսի արտահայտություններով տարվա սկզբին Սարա Վագենկնեխտը մեղադրեց Անգելա Մերկելին՝ վերջինիս հանցակից համարելով Բեռլինում իրագործված ահաբեկչության մեջ։
Եվ դա առաջին դեպքը չէր։ Ամիսներ շարունակ ապաստանի տրամադրման և փախստականների մասին տարատեսակ սուր պահանջներ առաջադրելով՝ «Ձախերի» ղեկավարը փորձում էր իր կողմը գրավել ԱԳՀ-ի ընտրազանգվածը։ Եվ թեպետ սա հստակ ճամբարի փոփոխություն չէր, սակայն իր այսպիսի դիրքով Վագենկնեխտը առանձնացավ կուսակցության կազմում՝ իր յուրաքանչյուր պրովոկացիոն հայտարարության համար արժանանալով սուր քննադատության բոլոր ճամբարներից։
Անվտանգային հարցերով «Ձախերի» կոնսենսուսային հանգուցալուծումը հետևյալն է. կուսակցությունը սկզբունքորեն մեծ գումարներ է պահանջում հասարակական սեկտորի համար, այդ թվում ոստիկանության բարելավման համար։ Այնուամենայնիվ, «Ձախերի» երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում պետության՝ սահմանադրական պաշտպանությամբ անհատների ազատությունները սահմանափակելու կարողության կրճատումը, իսկ ավելի ուշ՝ ընդհանրապես գաղտնի ծառայությունների գործունեության կասեցումը։
ԱԴԿ[6]
Ինչ վերաբերում է լիբերալներին, ապա նրանք չեն ընդունում «անհատական տվյալների ոչ մի տեսակ անհիմն յուրացում և պահպանում»՝ պահանջելով արմատական բարեփոխումներ կատարել գերմանական պաշտպանական մարմինների ենթակառուցվածքներում։ Սակայն անգամ լիբերալներն են սկսել շրջանցել կոշտ մեկնաբանությունները, մասնավորապես անառիթ խուզարկությունների թեմայի շուրջ։
Կուսակցությունը զուտ տեսականորեն է շարունակում մերժել այդպիսի խուզարկությունները։ Բնակչության թվաքանակով ամենախոշոր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում վերջերս տեղի ունեցած ներկուսակցական համաժողովի ընթացքում ԱԴԿ-ը եկել է հետևյալ փոխհամաձայնությանը. ընդունել «մարտավարական խուզարկություն» եզրույթը և դրա անհրաժեշտությունը։ Այսպիսի խուզարկությունը կարող է իրագործվել առանց կասկածանքի, սակայն ի տարբերություն անառիթ խուզարկության պրակտիկայի, մարտավարական խուզարկությունը միայն կարող է իրագործվել հստակ առիթի առկայության դեպքում։
Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը
Սկզբնաղբյուրը` SPIEGEL
[1] Անառիթ խուզարկությունը (Schleierfahndung) Գերմանիայի ուժային կառույցների կողմից որդեգրված անձնական վերահսկման պրակտիկա է, որի դեպքում առանց հատուկ առիթի կամ կասկածանքի, անվտանգային նկատառումներից ելնելով խուզարկում են այս կամ այն անձին կամ նրան պատկանող գույքը կամ վերջինիս որևէ հատվածը:
[2] Ներքին անվտանգություն: Գերմ.՝ IS – Innere Sicherheit:
[3] Այլընտրանք Գերմանիայի համար, քաղաքական կուսակցություն է Գերմանիայում. գերմ․` AfD (Alternative für Deutschland):
[4] Քրիստոնյա-դեմոկրատական միություն/քրիստոնյա-սոցիալիստական միություն։
[5] Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։
[6] Ազատ դեմոկրատների կուսակցություն