Երևանում անցկացվեց «Starmus VI» փառատոնը։ Սեպտեմբերի 5-10-ը քաղաքն ու ողջ Հայաստանն ասես ապրում էին երաժշտությամբ ու գիտությամբ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էին ունենում համերգներ՝ համաշխարհային ճանաչման արժանացած երաժիշտների կատարմամբ, և դասախոսություններ, որոնց միավորել էր տիեզերքի և մեր ապրած աշխարհում փոփոխությունների թեման։
Երևանցիների առջև դասախոսություններով հանդես եկան աստղագնացներ ու տիեզերական թռիչքների կազմակերպիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ու ինժեներներ, որոնք ապահովում են ժամանակակից ամենատարբեր բարդագույն համակարգերի (սկսած մարսագնացներից, վերջացրած այֆոններով) աշխատանքը։
Մի խոսքով, դա գիտության և արվեստի համաշխարհային մակարդակի փառատոն էր։ Բայց ինչպե՞ս ստացվեց, որ այն հայտնվեց Երևանում։
Եթե հավատանք Վիկիպեդիային (իսկ այս դեպքում դրան, հավանաբար, պետք է հավատալ), ամեն ինչ սկսվել է 2007 թվականին, երբ աշխարհի ամենահայտնի կիթառահարներից մեկը՝ Բրայան Մեյը, որոշել է վերադառնալ իր դիսերտացիային, որը սկսել էր գրել 1970-ականների սկզբներին, սակայն 1974-ին թողել էր, քանի որ «Քուին» (Queen) ռոք խմբի (որի հիմնադիրներից մեկն էր ինքը) գլխապտույտ հաջողությունը գիտության համար ժամանակ չէր թողնում։
Մեյը նորից դարձավ աստղագիտությանը 2000-ականների սկզբներին, վերսկսեց Արեգակնային համակարգի տիեզերական փոշու իր հետազոտությունները և դիսերտացիան պաշտպանեց 2007 թվականին։ Նրա խորհրդականներից մեկը (արևմտյան համակարգում չկան գիտական ղեկավարներ, սակայն կան խորհրդականներ) աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն էր։ Աշխատանքի ընթացքում նրանք ընկերացան, և դա նաև այն պատճառով, որ, պարզվեց՝ և՛ Մեյը, և՛ Իսրայելյանը ունեին երկու ընդհանուր կիրք, երկու հրապուրանք՝ երաժշտություն և գիտություն։
Եվ նրանք հիմնադրեցին փառատոն, որն անվանվեց Starmus։ Այս անվանումը կազմված է անգլերեն երկու բառերից star – աստղ և music – երաժշտություն։
Առաջին Starmus-ն անցկացվեց Կանարյան կղզիներում, որտեղ, մասնավորապես, տեղակայված է կանարյան մեծ օպտիկական աստղադիտակը՝ աշխարհում ամենամեծ հայելիով։ Մասնակիցները, ներկա մասշտաբներով, համեմատաբար քիչ էին՝ մոտ 300 մարդ։ Փառատոնը նվիրված էր Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50 ամյակին։ Ելույթ ունեցողների թվում էին Ալեքսեյ Լեոնովը, որ բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդն է, աստղագնաց Նիլ Արմսթրոնգը, որն առաջինն էր ոտք դրել լուսնի վրա։
Դրան հաջորդեց երկրորդը, հետո՝ երրորդը, և շուտով պարզ դարձավ, որ Starmus-ը վերաճել և դարձել է մեր օրերի գիտամշակութային լուրջ երևույթներից մեկը։ Եվ երբ երրորդ Starmus-ին մասնակցեց հանճարեղ ֆիզիկոս, տիեզերաբան և աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որ ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն բրիտանացիներից մեկը, իսկ նրան ուղեկցեց Նոբելյան մրցանակի 11 դափնեկիր, Starmus-ը վերածվեց բացարձակապես յուրահատուկ փառատոնի, որի ավանդույթներից մեկը դարձավ գիտության հանրայնացման համար Սթիվեն Հոքինգի սահմանած մեդալի հանձնումը։ Ընդ որում, առաջին մեդալները հենց ինքը՝ Հոքինգը հանձնեց։
Տարբեր տարիներին Հոքինգի մեդալի են արժանացել Իլոն Մասկը, Ժան Միշել Ժարը, ամերիկացի հայտնի աստղաֆիզիկոս, գրող և գիտության հանրայնացնող Նիլ դե Գրաս Թայսոնը։ Իսկ վերջին՝ վեցերորդ Starmus-ի ժամանակ պարգևատրվեցին Բրայան Մեյը, ամերիկյան բանաստեղծուհի և նատուրալիստ Դիանա Աքերմանը և պրիմատագետ, մարդաբան, ՆԱՍԱ-ի հաղորդակցությունների բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։
Այն մասին, որ վեցերորդ Starmus-ը պլանավորվում է անցկացնել Հայաստանում, հայտարարվեց 2019 թվականին՝ Դիլիջանում տեղի ունեցած «Մտքերի գագաթնաժողովում»։ Դա միջազգային համաժողով էր, որ անց էր կացվում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո և որին մասնակցում էին քաղաքականության, բիզնեսի, գիտության և մշակույթի ոլորտի ինտելեկտուալներ։
Ելույթ ունենալով 2021 թվականի համաժողովում՝ Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց Starmus-ը և հաստատեց, որ այն տեղի կունենա Հայաստանում։ Այսպիսով, կարծես կապ հաստատվեց երկու հեղինակավոր համաժողովների և դրանք ընդունող Հայաստանի միջև։ Եթե դրանց ավելացնենք նաև «Ավրորա» միջազգային խոշոր մրցանակը, որ տրվում է մարդասիրական արժեքների առաջընթացում մեծ նվաճումների և մարդկանց փրկելու համար, ապա կարելի է պատկերացնել, որ փոքրիկ հարավկովկասյան երկիրը դառնում է այն կենտրոններից մեկը, որտեղ գիտության, տեխնիկայի և մշակույթի առաջնորդները հավաքվում են քննարկելու մարդկության և մեր մոլորակի ապագայի հիմնախնդիրները, և որտեղ բարձր է գնահատվում մարդկանց անշահախնդիր օգնությունը։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ երկու-երեք միջոցառումը (թեկուզ և ամենահզոր միջազգային ծավալի) քիչ է համաշխարհային կենտրոն դառնալու համար։ Ավելի շուտ դրանք բավարար են, որպեսզի Հայաստանը քարտեզի վրա նշվի իբրև մի վայր, որտեղ գիտնականները, երաժիշտներն ու գործարարները կարող են հավաքվել և զրուցել։ Բայց սա էլ արդեն շատ լավ է։
Դառնանք, այսուհանդերձ, վեցերորդ Starmus-ին։ Դրա ծրագիրը ներառում էր և՛ աստղալուսանկարահանման դպրոց Աղվերանում, և՛ այցելություն Գյումրի, որտեղ անցկացվեցին ցուցահանդեսներ ու համերգ։ Իսկ բացի դրանցից՝ աստղագնացների և հայտնի գիտնականների ելույթներ, քննարկումներ, բանավեճեր… Փառատոնը ներառում էր նաև դասախոսություններ Հայաստանի առաջատար համալսարանների, քոլեջների, ճեմարանների ուսանողների և դասախոսների համար, այցելություն նշանավոր ԹՈՒՄՈ և անգամ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահություն։
Երևանում մեծ ժողովրդականություն վայելեց «Գիտության ճամբարը» (Science Camp), որ տեղակայված էր Ազատության հրապարակում՝ Օպերայի շենքի առջև։
Եվ եթե առաջին փառատոնը նվիրված էր առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին, ապա վեցերորդի կարգախոսն էր «50 տարի Մարսի վրա»՝ ի պատիվ սովետական ավտոմատ միջմոլորակային «Մարս-3» կայանի, որից այդ մոլորակի վրա իջեցվեց հատուկ ապարատ՝ նախատեսված «կարմիր մոլորակի» ուսումնասիրության համար։
Եթե ճիշտն ասենք, «Մարս-3» առաքելությունը եղել է 1971 թվականին, իսկ դա նշանակում է ոչ թե 50, այլ 51 տարի առաջ։ Իսկ Մարսից տեղեկությունների փոխանցումը տևել է ընդամենը 14 ու կես վայրկյան, ինչը տիեզերքի յուրացման կարևոր հանգրվան էր։ Հետաքրքիր է, որ շատ տարիներ անց՝ 2012-2013 թվականներին, էնտուզիաստները մոլորակի մակերեսի նկարներում կարողացան նկատել «Մարս-3»-ի տարրեր՝ բուն կայանը, պարաշյուտը, փափուկ վայրէջքի շարժիչը և այլ մասեր։
Շարունակելով Մարսի մակերևույթի ուսումնասիրությունների թեման՝ Starmus VI –ին մասնակցեց Perseverance («Համառություն») և Curiosity («Հետաքրքրասիրություն») մարսագնացները ստեղծած խմբի ղեկավար Նագին Քոքսը։ Իր ելույթներում նա խոսում էր մոլորակի ուսումնասիրության և այն մասին, թե կարո՞ղ է, արդյոք, այնտեղ կյանք առաջանալ։ Քոքսը կարծում է, որ հնարավոր է։
Բուն՝ «Կա՞, արդյոք, կյանք Մարսի վրա» հարցը տարբեր ձևակերպումներով հնչում էր Starmus-ում. Կարլ Սագանի ինստիտուտի տնօրեն, աստղաֆիզիկոս Լիզա Կալտենեգերի համար կյանքին պիտանի մոլորակների որոնման նպատակով տիեզերքի ուսումնասիրությունը գիտական հետաքրքրության առարկա է։ Կալտենեգերը նույնականացրել է մի քանի հազար մոլորակ, որոնց տեղակայումն իրենց աստղից այնպիսի հեռավորության վրա է, որ դրանցում կարող է կյանք առաջանալ։
Այսինքն՝ այլ քաղաքակրթությունների որոնումները, ինչպես ընդունված է ասել՝ «բանական եղբայրներ» գտնելու փորձերը միանգամայն գիտական զբաղմունք է՝ առանց գիտական ֆանտաստիկայի խառնուրդի։
Ի դեպ, Կալտենեգերը, ճիշտ և ճիշտ ինչպես «Ավատար» ֆիլմում, ուսումնասիրել է նաև հսկա մոլորակների լուսիններում կյանքի առաջացման հնարավորությունը։
Բնության ուսումնասիրություն, նրա գաղտնիքները բացահայտելու փորձ՝ և՛ գենետիկայի աշխարհում, և՛ հսկայական մոլորակների և արևների աշխարհում։ Այս ամենի մասին է խոսվել Starmus-ում։
Ու նաև եղան համերգներ՝ մասնակցությամբ Տիգրան Համասյանի, Դերեկ Շերինյանի, Yes ռոք խմբի ստեղնաշարահար Ռիկ Ուիքմանի, Սերժ Թանկյանի, Անդրեյ Մակարևիչի և, իհարկե, Բրայան Մեյի, որը հսկայական և խիստ արժեքավոր նվեր մատուցեց Տավուշի թեմի մանկական երգչախմբին։
Դեռևս մինչ փառատոնի սկսվելը, Մեյը Ինստագրամի իր էջում հրապարակեց Տավուշի երեխաների՝ Queen խմբի «Բոհեմյան ռապսոդիայի» կատարման քառասուն վայրկյանանոց մի հատված։ Դա մեծ հետաքրքրություն առաջացրեց և՛ երգչախմբի, և՛ Մեյի Երևան այցելության նկատմամբ։ Եվ երգչախումբը հուսախաբ չարեց։ We Will Rock You երգի նրանց կատարումը փառատոնի էմոցիոնալ գագաթնակետերից մեկը դարձավ։
Դե իսկ ինքը՝ Մեյը, իր ընկեր Ջիվան Գասպարյանի թոռան՝ Ջիվան Գասպարյան-կրտսերի հետ նվագեց «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունից մի հատված։
Մեկ հոդվածում ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել է փառատոնում, հնարավոր չէ։ Սակայն մի բան ինձ համար պարզ է՝ ես մեծ հույս եմ փայփայում, որ հաջորդ Starmus-ը նույնպես տեղի կունենա Հայաստանում։
Մարկ ԳԻՐԳՈՐՅԱՆ
Լրագրող
Երևան