Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Պարոն Սահակյան, որո՟նք եք համարում Ձեր պաշտոնավարման 5 տարիների հիմնական ձեռքբերումները:
– Մինչեւ բուն հարցին անցնելը կուզենայի ներկայացնել այն սկզբունքը, որով ես մշտապես առաջնորդվում եմ իմ աշխատանքում, հատկապես` զբաղեցնելով մեր երկրի ղեկավարի պաշտոնը: Այդ սկզբունքի հիմքում ընկած է այն փիլիսոփայությունը, ըստ որի` բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները ես համարում եմ առաջին հերթին մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքի արդյունքը, որտեղ իր տեղն ու դերը, իհարկե, ունի նաեւ իշխանությունների վարած քաղաքականությունը: Իսկ ինչ վերաբերում է անհաջողություններին, ապա ես դրանք հիմնականում կապում եմ իշխանությունների բացթողումների եւ պատասխանատու մարմինների աշխատանքի ոչ պատշաճ կազմակերպման հետ: Նման մոտեցման մեջ միգուցե եւ չափազանց մեծ է ինքնաքննադատության բաղադրամասը, բայց եւ այնպես այն հանդիսանում է բավականին արդյունավետ միջոց աշխատանքի համար արատավոր այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսին են ինքնագոհությունն ու սնապարծությունը:
Խոսելով հաջողությունների մասին` պետք է նշեմ, որ կայուն զարգացում են ապրում ԼՂՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Աճի դինամիկան հատկապես բարձր է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում: Անցած տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքը գրեթե կրկնապատկվել է եւ մեկ բնակչի հաշվով աճել է մոտ 84 տոկոսով` կազմելով 936 հազար դրամ` 2007 թվականի 510 հազար դրամի դիմաց: Միայն վերջին երկու տարիների ընթացքում ծննդաբերությունների թիվն աճել է շուրջ 25 տոկոսով, իսկ բազմազավակ ընտանիքների թիվը` ավելի քան 40 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է ծնելիության խթանման նոր ծրագրի իրականացումը: Բնակչության բնական աճը հինգ տարիների ընթացքում տարեկան կտրվածքով կազմել է 8.8 մարդ` հազար բնակչի հաշվով: Վերաբնակություն է հաստատել մոտ 900 ընտանիք:
Բավականին ակտիվորեն էր ընթանում պետականաշինության գործընթացը: Արցախում բոլոր մակարդակների ընտրություններն անց են կացվում միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին համապատասխան, ինչը հաստատում են նաեւ միջազգային դիտորդները: 2008 թվականի հունիսից վերաքննիչ դատարանի կազմավորմամբ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգը, ստեղծվել եւ գործում են արդարադատության խորհուրդը, դատական դեպարտամենտը, դատական կարգադրիչների ծառայությունը: Կյանքի է կոչվել Գերագույն դատարանի` Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթը:
Կարեւոր ձեռքբերումներից է նաեւ երկրում հասարակական անվտանգության մակարդակի բարձրացումը: 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը 2011 թվականին մեզ մոտ կազմել է 25,6` 2008 թվականի 48,5-ի դիմաց: Շոշափելի աշխատանք է տարվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, եւ մի շարք ոլորտներում մեզ հաջողվել է այն արմատախիլ անել:
Անցած հինգ տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել բանակաշինության, զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման, սպառազինության նոր տեսակներով հագեցման հարցերին: ԼՂՀ պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացրել է պետության անվտանգության եւ նրա սահմանների պաշտպանության առաքելությունը` համարժեք հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին:
-Իսկ որո՟նք են հիմնական բացթողումները: Կամ` ի՟նչը չեք հասցրել անել:
– Անելիքներ եւ դեռեւս չլուծված խնդիրներ նույնպես կան մեր պետության գրեթե բոլոր ոլորտներում: Անհրաժեշտ եմ համարում հասարակության հիմնարար արժեքների պահպանման եւ ամրապնդման ուղեգծի շարունակումը, oրենքի գերակայության ապահովումը, ներքաղաքական կայունության ավելի բարձր մակարդակի ձեռքբերումը, աջակցությունը քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ոչ կառավարական կազմակերպությունների` որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավումը համապետական խնդիրների լուծման գործում, տեղեկատվական դաշտի կատարելագործումը, կադրային քաղաքականության եւ ղեկավար պաշտոններում կոմպետենտ ու արհեստավարժ աշխատողների առաջադրման մեխանիզմների հետագա կատարելագործումը եւ այլն:
Շատ անելիքներ ունենք նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, անհրաժեշտ եմ համարում ջանքերի հետագա ակտիվացումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Արցախի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման վերաբերյալ դիրքորոշման հետեւողական առաջխաղացման ուղղությամբ:
Տարբեր ոլորտներում առկա ձերքբերումների եւ անելիքների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ նախընտրական ծրագրում: Ես չափազանց կարեւորում եմ մեր երկրի զարգացման, առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման տարբերակների առողջ եւ կառուցողական քննարկումները, ինչը հանդիսանում է ավելի ճիշտ որոշումների ընդունման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:
-Կայացած ու փորձառու ժողովրդավարություններում երկրի դիրքորոշումը հիմնական հարցերի շուրջ չի փոխվում երկրի ղեկավարի փոփոխության պարագայում: Ըստ Ձեզ, ԼՂՀ-ի համար կարեւոր ի՟նչ հարցեր են, որոնցում մեր երկրի դիրքորոշումը փոփոխության ենթակա չէ ցանկացած ղեկավարի պարագայում:
– Այս հարցում ես չեմ կարող լիովին համաձայնել Ձեզ հետ: Ցանկացած երկիր, այդ թվում նաեւ ժողովրդավարական պետությունները, երբեմն կտրուկ փոփոխություններ են մտցնում իրենց թե’ արտաքին, եւ թե ներքին քաղաքականության մեջ: Նման փոփոխությունների համար հիմք են հանդիսանում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին զարգացումները: Այդպիսի փոփոխություններ տեղի են ունեցել, օրինակ, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական հայեցակարգում, որը երկար տարիներ հիմնված լինելով մեկուսացման քաղաքականության վրա, արմատական փոփոխությունների ենթարկվեց հատկապես XX դարում: Նույն դարի 30-ական թվականներին ԱՄՆ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը երկիրը մեծ դեպրեսիայից հանելու նպատակով որդեգրեց լրիվ նոր ներքին տնտեսական ռազմավարություն: Եվրոպական ժողովրդավարական երկրները, մասնավորապես, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, նույն XX դարի երկրորդ կեսից հրաժարվեցին գաղութատիրական համակարգից: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, լինելով կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկիր, Դեն Սյաոպինի բարեփոխումների շնորհիվ արմատապես փոխեց իր տնտեսական համակարգը` այն դարձնելով շուկայական կապիտալիստական համակարգ: Եվ նմանատիպ օրինակների շարքը կարելի է շարունակել:
Արցախն այս տեսակետից բացառություն չէ: Այսպես, արցախահայությունը յոթ տասնամյակ ձգտում էր վերամիավորվել Մայր Հայաստանի հետ: Սա էր մեր ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը: Սակայն իրադարձությունների զարգացումը, ներքին եւ արտաքին բազմաթիվ գործոնների ներգործությունն ի վերջո առաջ բերեցին արմատապես նոր մոտեցում` անկախ պետություն ունենալը, նրա կերտումը եւ զորացումը:
Նման կտրուկ փոփոխությունները պայմանավորված են հիմնականում օբյեկտիվ բնույթի գործոններով եւ չեն հանդիսանում որեւէ ղեկավարի կամ առաջնորդի քմահաճույքների արդյունք: Ընդհանրապես, եթե որեւէ պետություն արմատապես փոխում է իր արտաքին եւ ներքին քաղաքական փիլիսոփայությունը առաջնորդի, որեւէ գործչի կամ խմբավորման նեղ անձնական շահերի հետեւանքով, ապա դա թուլության եւ չկայացվածության նշան է: Եվ ընդհակառակը, եթե պետությունը կտրուկ փոխում է իր պետականաշինության փիլիսոփայությունը եւ դրանից ավելի է ուժեղանում ու զարգանում, ապա դա կայացվածության եւ նրա հզոր ներուժի թերեւս լավագույն դրսեւորումն է:
Այս համատեքստում ուզում եմ բավականին հստակ ասել, որ Արցախի Հանրապետությունը կայացած երկիր է, եւ տեսանելի ապագայում մեր երկրի որեւէ առաջնորդ սուբյեկտիվ պատճառներից ելնելով չի կարող հրաժարվել կամ փոխության ենթարկել մեզ համար այնպիսի բացառիկ արժեքը, ինչպիսին է անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետությունը, որն ի վիճակի է բոլոր հարթություններում ապահովել իր ժողովրդի անվտանգ ու բնականոն զարգացումը: Տեսանելի ապագայում այդ արժեքների վերանայման համար չեմ տեսնում նաեւ օբյեկտիվ հիմքեր:
-Ինչպե՟ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Եվ ի՟նչ կարծիքի եք Մինսկի խմբի գործունեության մասին:
– Ինչպես գիտեք, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գրեթե 14 տարի է, ինչ ընթանում է խեղաթյուրված ձեւաչափով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջոցով, առանց ԼՂՀ ուղղակի մասնակցության: Իհարկե, յուրաքանչյուր երկխոսություն իր դրական ազդեցությունն է ունենում հարցի կարգավորման վրա, եւ բանակցությունները, անկասկած, գերադասելի են շփումների բացակայությունից: Բայց կրկնում եմ` այդ ամենը թերի է, քանի որ վերականգնված չէ բանակցային լիարժեք ձեւաչափը, եւ գործընթացին չի մասնակցում հակամարտության հիմնական կողմը` Արցախի Հանրապետությունը: Ակնհայտ է, որ առանց Ստեփանակերտի մասնակցության անհնար կլինի կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը:
Իհարկե, լիարժեք ձեւաչափի վերականգնման համար կպահանջվի ժամանակ, հատկապես` հաշվի առնելով Բաքվի կողմից որդեգրված խիստ ապակառուցողական կեցվածքը, որը վերջերս դարձել է անհամեմատ ավելի ծայրահեղական: Շատ դժվար է ակնկալել բեկում կարգավորման մեջ, երբ բանակցային հիմնական կողմերից մեկը դուրս է գործընթացից, իսկ մյուսի պետականաշինության փիլիսոփայությունը հիմնված է ծայրահեղական, շովինիստական, ռազմատենչ հակահայկական քաղաքականության վրա: Հակամարտության կարգավորման ամենահիմնական խոչընդոտը հանդիսանում է հենց Ադրբեջանի այդ քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա պաշտոնական Ստեփանակերտը պահպանել է իր հավատարմությունը հենց այդ շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբը չի սպառել իրեն եւ ներկա ժամանակահատվածում հանդիսանում է հիմնախնդրի կարգավորման ամենահարմար հարթակը:
-Արդյո՟ք պաշտոնական Ստեփանակերտն ամեն ինչ անում է բանակցային գործընթացին լիիրավ մասնակցության համար:
– Պաշտոնական Ստեփանակերտն անում է հնարավորը բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման համար: Նույնպիսի ակտիվությամբ բանակցային ձեւաչափի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում նաեւ պաշտոնական Երեւանը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, լիարժեք ձեւաչափի վերականգնման համար կպահանջվի ժամանակ ու երկարատեւ համառ աշխատանք: Ես համոզված եմ, որ դա է հանդիսանում կարգավորման ամենաիրատեսական հիմքը:
-Հակամարտության կողմերի միջեւ փոխզիջումների պատրաստակամության պարագայում ո±րն է, ըստ Ձեզ, ղարաբաղյան կողմի զիջումների վերջին սահմանը: Եվ ինչպե՟ս է Ձեզ պատկերանում ազատագրված տարածքների ապագան:
– Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց` լինի դա քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Միեւնույն ժամանակ, խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Մեր ժողովրդի համար դրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ վերադարձ 1988 թվականի իրողություններին` թե’ կարգավիճակի, եւ թե’ վարչատարածքային առումով, անհնարին է: Դա պրագմատիկ մոտեցում է, որի հիմքում ընկած են մեր անցած դժվարին ուղին, միջազգային փորձն ու իրավունքը, ինչպես նաեւ արդարության գաղափարը: Հետեւաբար, բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը եւ նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարային լինելը:
-Չճանաչված պետության պարագայում երիցս կարեւորվում են արտաքին քաղաքականությունն ու տեղեկատվական քաղաքականությունը, սակայն երկու ոլորտներում էլ կարծես թե արմատական փոփոխություններ չկան: Ի՟նչն է խանգարում այդ ոլորտների կտրուկ զարգացմանը:
– Ե°վ արտաքին, ե°ւ տեղեկատվական քաղաքականությունը բավականին բարդ եւ բազմապրոֆիլային գործընթացներ են, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների հետ, եւ այստեղ իրականացվող աշխատանքները հաճախակի արդյունք են տալիս ոչ թե անմիջապես, այլ նույնիսկ տարիներ հետո: Արտաքին եւ տեղեկատվական հարթակներում մեր քաղաքականությունը հաճախակի համեմատում են Ադրբեջանի կողմից նույն ոլորտներում իրականացվող քաղաքականության հետ, ինչը բնական է: Սակայն, համեմատություններ կատարելով, կամա թե ակամա անտեսում են մի շարք կարեւորագույն հանգամանքներ: Նախեւառաջ, դա տարվող քաղաքականության հիմքն է: Ադրբեջանի քաղաքականության հիմքում ընկած են ապատեղեկատվությունն ու կեղծիքները, եւ բնական է, որ դրանց ներկայացման միակ տարբերակը հիստերիան է, որի միջոցով հարեւան պետությունը փորձում է քողարկել պատմական, իրավական, քաղաքական եւ այլ փաստերի անճշմարտացիությունը: Արդյունքում ստացվում է հիստերիկ, աղմկոտ եւ սեւեռուն պահվածք, որը, եթե նույնիսկ սկզբնական փուլում ունենում է ինչ-որ արդյունքներ, հետագայում դառնում է հոգնեցուցիչ ու տհաճ: Ես դեմ եմ նման քաղաքականություն իրականացնելուն: Ավելի գերադասելի է ճշմարտության վրա հիմնված եւ չվանող քաղաքականությունը, որը թեեւ համեմատաբար ավելի ուշ է տալիս իր արդյունքները, բայց եւ այնպես ավելի արմատական ազդեցություն է ունենում:
Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների զարգացումը` ինչպես քաղաքական երկխոսության ձեւավորման ու խորացման, այնպես էլ հումանիտար, գիտակրթական, մշակութային եւ սպորտի բնագավառներում կապերի սերտացման միջոցով: Հատուկ կարեւորություն ունի մեր երկրի զարգացման, նվաճումների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառների ու հետեւանքների մասին տեղեկատվությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Բոլոր այս ուղղություններում հաջողությունների հասնելու հիմնական գրավականներից է Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միջեւ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը:
-Ինչպե՟ս եք գնահատում ԼՂՀ տնտեսության զարգացման ներկայիս տեմպերը:
-Մեր երկրի տնտեսական զարգացման տեմպերը գնահատում եմ բավարար: Ինչպես արդեն նշել եմ, կայուն զարգացում են ապրում ԼՂՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Հետագայում անհրաժեշտ է այդ դինամիկան պահպանել: Իմ նախընտրական ծրագրում նախատեսել եմ առաջիկա հինգ տարիներին համախառն ներքին արդյունքի տարեկան իրական աճն ապահովել 9-11 տոկոս մակարդակի վրա:
-Համարվում է, որ երկրի տնտեսության շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է եւ, մասնագետների կարծիքով, մեր գյուղատնտեսությունը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան օգտագործվում է այսօր: Վերջին ժամանակներս կառավարությունն ուսումնասիրել է գյուղատնտեսության զարգացման տարբեր մոդելներ, տարբեր երկրների փորձը: Ի վերջո, ո՟ր մոդելը կարող է ապահովել աննախադեպ զարգացում այս ոլորտում, եւ ի՟նչ պետք է անել դրա համար:
– Ես գյուղատնտեսությունը ոչ միայն համարում եմ մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը, այլ նաեւ արցախյան գյուղի զարգացման ամենահուսալի գրավականը: Իսկ տնտեսապես կայացած գյուղը մեր երկրի զարգացման առանցքային տարրն է: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին: Այսպես, վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի տարեկան ֆինանսական բյուջեն աճել է ավելի քան 10 անգամ: Ոլորտի համախառն արտադրանքը 23.8 մլրդ դրամից հասել է 39,9 մլրդ դրամի: 2008 թվականից սկսած ոլորտում մեկնարկել են մի շարք նոր ռազմավարական ծրագրեր, որոնց շնորհիվ մեր ագրոհամակարգը կանգնել է զարգացման կայուն հիմքերի վրա: Սակայն անելիքներ ոլորտում դեռ շատ ունենք: Օրակարգում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, տեղական արտադրության շնորհիվ հանրապետության պարենային պահանջների ապահովումը բոլոր հիմնական տեսակներով: Կարեւոր խնդիրներից է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման խթանումը, ինչը նոր որակ կհաղորդի ոլորտի զարգացմանը: Առանձնակի նշանակություն ունի պետական աջակցության ցուցաբերումը կադրային քաղաքականությանը` գյուղատնտեսության ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով:
Խոսելով գյուղատնտեսության զարգացման մոդելի մասին` պետք է ասեմ, որ մենք բավականին մանրամասնորեն ուսումնասիրում ենք տարբեր երկրների փորձը` միաժամանակ կատարելագործելով նաեւ մերը: Ակնհայտ է, որ ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը` բարձրացնելով բերքատվությունը, զարգացնելով տոհմային տնտեսությունները եւ այլն: Պարզ է նաեւ, որ մոտ ապագայում գյուղատնտեսության զարգացման գործում մեծ է լինելու պետության դերակատարությունը` հատկապես հաշվի առնելով պատերազմի թողած խորը վերքերը: Այսօրվա դրությամբ մեր գյուղատնտեսության ամենահրատապ հիմնախնդիրներից է ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծումը, մասնավորապես, արդիական ոռոգման համակարգ ունենալը: Դա պահանջում է խոշոր ծախսեր, որոնք չեն կարող իրականացվել մասնավոր հատվածի կողմից: Այստեղ պետք է օգնի եւ օգնում է պետությունը, որն իր հերթին սերտորեն համագործակցում է համայն հայության հետ: Միայն անհրաժեշտ պայմաններ եւ հիմքեր ստեղծելուց հետո պետությունը կարող է նվազեցնել իր մասնակցությունն այս ոլորտում, թեպետ նույնիսկ ամենաշուկայական գյուղատնտեսական համակարգ ունեցող երկրներում պետության դերակատարությունը ոլորտում մնում է բավականին շոշափելի:
-Թեեւ պետական պաշտոնյաների համար օրենսդրական արգելք կա բիզնեսով զբաղվելու համար, այնուամենայնիվ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պաշտոնյաների մի զգալի մասը զբաղվում է դրանով: Փորձագետների կարծիքով` հենց իշխանության ու բիզնեսի սերտաճումն է պարարտ հող հանդիսանում կոռուպցիայի ու հովանավորչության համար: Որո՟նք են կոռուպցիայի դեմ պայքարի արցախյան դասերն ու առանձնահատկությունները:
– Ես արդեն նշել եմ, որ վերջին հինգ տարիների ընթացքում շոշափելի աշխատանք է տարվել կոռուպցիայի դեմ պայքարում: Մեզ հաջողվել է այդ արատավոր երեւույթն արմատախիլ անել բազմաթիվ ոլորտներում: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ նման է մոլախոտերի դեմ պայքարի` երկու դեպքերում էլ այն պետք է անընդհատ շարունակել եւ երբեք չդադարացնել: Այս գործընթացում ես չափազանց կարեւորում եմ ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական հատվածի ու կազմակերպությունների դերակատարությունը, նրանց ջանքերի համատեղումը: Նման մոտեցումը հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարի թերեւս լավագույն տարբերակներից մեկը:
-Արցախում դեռեւս պահպանվում են մենաշնորհները տարբեր ոլորտներում եւ հատկապես հեռահաղորդակցության ոլորտում: Արդյո՟ք դրանք չեն վնասում մրցակցային մթնոլորտի արմատավորմանը:
– Խոսելով այս հարցի մասին` անհրաժեշտ եմ համարում ցուցաբերել ոչ թե զգացմունքային մոտեցում, այլ ռեալ իրավիճակը գնահատող սառը դատողություն: Նախեւառաջ ասեմ, որ մեր հանրապետության տնտեսության որեւէ ոլորտում չկա մենաշնորհ: Եթե խոսում ենք հեռահաղորդակցության ոլորտի մասին, ապա այստեղ գործում են տարբեր կազմակերպություններ եւ ընկերություններ, մասնավորապես, ՙՂարաբաղ Տելեկոմը՚ եւ ՙԱրցախկապը՚: Երկուսն էլ, օրինակ, իրավունք ունեն գործունեություն ծավալել հեռախոսային կապի տրամադրման ոլորտում: Ողղակի ՙՂարաբաղ Տելեկոմը՚, լինելով առաջին խոշոր արտերկրյա ներդրողը, արդեն երկար ժամանակ է, ինչ մասնագիտացած է վերոհիշյալ ոլորտում: Ի դեպ, ՙՂարաբաղ Տելեկոմը՚ ոչ միայն չի ստանում գերշահույթ, այլ նաեւ 2007 թվականից մինչեւ այսօր բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում հանրապետության տարբեր վայրերում, որոնց ծավալը կազմում է մոտ 3 մլրդ դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, միայն վերջին 5 տարիների ընթացքում ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունը կատարել է մոտ 14 մլրդ դրամի ներդրումներ: Ասեմ նաեւ, որ զգալիորեն նվազել են նաեւ սակագները, մասնավորապես, անշարժ եւ անլար ֆիքսված հեռախոսների` 38%, բջջային` 46%, ինտերնետի` 82%:
Գրեթե նույն պատկերն ունենք նաեւ այլ ոլորտներում: Ճիշտ է, ստացվել է այնպես, որ մի քանի տարի հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ամենախոշոր եւ միակ տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում էր ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը: Դա բացատրվում էր նրանով, որ լեռնահանքային արդյունաբերությունը նոր ճյուղ էր մեր տնտեսության մեջ, եւ այստեղ մեծ ներդրումներ անելն ինչ-որ տեղ նաեւ ռիսկեր էր պարունակում: Սակայն հիմա ՙԲեյզ Մեթըլսի՚ հետ մեկտեղ ոլորտում գործում են նաեւ հինգ այլ խոշոր ընկերություններ: Նրանց մուտքը մեր երկրի տնտեսության մեջ խոսում է նաեւ վերջինիս կայունության եւ կայացվածության մասին:
-Արցախում չկա քաղաքական ընդդիմություն, ինչը բացատրվում է արցախյան ժողովրդավարության յուրօրինակ մոդելով: Արդյո՟ք աշխարհի համար ընկալելի է դասական ժողովրդավարությունից էապես տարբերվող մոդելը:
– Նախեւառաջ սկսեմ նրանից, որ ժողովրդավարությունը հանդիսանում է արցախյան պետականության հիմնասյուներից մեկը: Սա եղել է մեր ժողովրդի պատմական, քաղաքական եւ հոգեբանական գիտակցված որոշումը, որը մեզ համար, ինչպես արդեն նշեցի, հանդիսանում է բացառիկ արժեք: Արցախյան շարժումն ինքնին եղել է նաեւ ժողովրդավարական շարժում եւ, ազատվելով օտար տոտալիտար լծից, ստեղծել նույնանման համակարգ ուղղակի սրբապղծություն կլիներ մեր անցյալի ու ներկայի հանդեպ եւ առանց չափազանցության կործանարար մեր ապագայի համար:
Կրկնեմ` մենք ժողովրդավարության ուղին ընտրել ենք գիտակցաբար, այլ ոչ թե նրա համար, որ օգտագործենք այդ հանգամանքն արտաքին աշխարհին ներկայանալու համար: Այդ իսկ պատճառով, իշխանությունների համար անընդունելի է կեղծ ընդդիմադիր ուժերի արհեստական ստեղծումը: Եթե նույնիսկ դա հնարավոր լիներ օգտագործել արտաքին քաղաքական հարթակում, մենք ոչ միայն ինքներս մեզ կխաբեինք, այլեւ կթուլացնեինք մեր պետականության հիմքերը:
Անդրադառնալով քաղաքական ընդդիմության խնդրին` կարող եմ ասել, որ այն հանդիսանում է քաղաքական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Բայց ես չեմ կիսում այն մոտեցումը, որ մեզ մոտ ընդդիմություն գոյություն չունի: Ուղղակի այստեղ ձեւավորվել է մի յուրատեսակ եւ, կարծում եմ, մեզ ոչ այնքան վայել տարբերակ: Քաղաքական ընդդիմություն լինելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որը չի սահմանափակվում միայն գործող իշխանությանը եւ նրա առանձին ներկայացուցիչներին քարկոծելով ու հայհոյելով: Մինչդեռ քաղաքական ընդդիմությունը քաղաքական կուլտուրա եւ քաղաքական համակարգ կերտող ուժ է: Իսկ ինչի± ականատեսն ենք մեզ մոտ: Իրենց ընդդիմախոս համարող որոշ հասարակական-քաղաքական գործիչներ եւ կազմակերպություններ ոչ միայն չեն ձեւավորում ընդունված չափանիշներին համապատասխան ընդդիմադիր ուժ, որը ինչպես նշեցի, պահանջում է քրտնաջան եւ ամենօրյա աշխատանք, այլ փոխարենը գերադասում են զբաղվել միայն ոչ կառուցողական քննադատություններով, այն էլ ընտրությունների փուլում: Գուցե դա ավելի քիչ աշխատանք է պահանջում, քանի որ պետք է միայն օգտագործել հասարակության որոշ հատվածների դժգոհությունը, որը կա եւ միշտ էլ կլինի, սակայն այս պարագայում հիմնական շեշտը դրվում է ոչ թե առկա խնդիրների լուծման եւ բացթողումների շտկման, այլ ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունները խարխլելու վրա: Իսկ դա միանշանակ վնասում է մեր պետականությանը, նամանավանդ որ մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները ինստիտուցիոնալ ու դասական ընդդիմություն ունենալու համար, եւ իշխանությունները ոչ միայն չեն խոչընդոտում դրան, այլ շահագրգռված են նման ուժերի ձեւավորման մեջ:
-Բավարա՟ր եք համարում խոսքի ազատության ներկայիս մակարդակը երկրում:
– Մեր երկրում ապահովված են մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները, եւ դա հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:
-Անկախության հռչակումից 20 տարի անց էլ ԼՂՀ-ն չունի քաղաքացիության մասին օրենք: Ի՟նչն է պատճառը, եւ արդյո՟ք դա չի կարող երկրի միջազգային ճանաչման խոչընդոտներից մեկը լինել:
– Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ ապագայում այդ հարցն անպայման կկարգավորվի:
-Վերընտրվելու դեպքում որո՟նք են լինելու Ձեր առաջնահերթությունները:
– Վերընտրվելու դեպքում ես, բնականաբար, առաջնորդվելու եմ իմ նախընտրական ծրագրով եւ շարունակելու եմ գործել ըստ մեր մայր օրենքի, ԼՂՀ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում:
-Ի±նչ կարծիքի եք Ձեր մրցակիցների մասին եւ ինչպե՟ս եք գնահատում Ձեր շանսերը:
– Ես կողմնակից եմ փոխադարձ հարգանքի, մեր ավանդույթներին եւ համամարդկային բարոյական նորմերին հետեւելուն: Մենք բոլորս պարտավոր ենք նաեւ ընտրարշավի ընթացքում հավատարիմ լինել ԼՂՀ օրենսդրության տառին ու ոգուն:
Ինչ վերաբերում է իմ հաղթանակի հավանականությանը, ապա դա կորոշի մեր ժողովուրդը: Ասեմ միայն, որ գնում եմ ընտրությունների բարձր տրամադրությամբ եւ պատասխանատվության զգացումով: