Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Տարածաշրջանային հարցերի անկախ փորձագետ
Երեւան
Սեպտեմբերը հետաքրքիր ամիս է դառնում Հայաստանի նորագույն պատմության ճակատագրի համար: Բոլորս ենք հիշում, որ 2013թ. մեր երկրի նախագահը հենց սեպտեմբեր ամսին է մեզ «Ուկրաինայից» փրկած հայտարարություն արել (ով ինչպես ուզում է՝ թող սա հասկանա): Բայց դրանից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը կատարեց եւս մեկ քայլ՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ: Մեր քննության առարկա հայտարարության տեղը չափազանց կարեւոր է. այն անգամ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը նվիրված երկկողմ կամ նույնիսկ բազմակողմ խորհրդատվությունները չէին: Հայտարարությունը հնչել է ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԲԵՄՈՒՄ: Բայց նախեւառաջ հիշենք Հայաստանի նախագահի խոսքերը:
Նախագահի գնահատականը, որը հավելվել է «գրողի ծո՞ցը վավերացումն» արտահայտությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում շատերին է հայտնի: Այսպիսով, Հայաստանի եւ Արցախի հանրությունը գործ ունի գործող նախագահի ոչ թե սոսկ ելույթի, այլ՝ ողջ աշխարհին եւ այսպես կոչված հայ-թուրքական արձանագրությունների հովանավորներին հասցեագրված ամենաիսկական «ուղերձի» հետ: Դա Թուրքիային հղված ուղերձ չէ. այն Անկարային է ուղարկվել դեռեւս ամռանը, երբ Սերժ Սարգյսանը դեռեւս վարչապետ եղած Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երեւան է հրավիրել՝ 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, թուրքական կողմը փորձել է «խաղալ», բայց մոտալուտ նախագահական ընտրությունները ստիպել են Էրդողանին դառնալ մոլեռանդ թուրք ազգայնական (նա անգամ միտք է հայտնել, թե հայ լինելն անարգանքի պես բան է, եւ այլն): Արդյունքում՝ Անկարան, ըստ էության, հրաժարվել է Երեւան այցելելու հրավերից: Թուրքերին Սերժ Սարգսյանի հղած «ուղերձը» նշանակում էր այն, ինչ հետագայում Հայաստանի նախագահը հնչեցրեց ՄԱԿ-ում՝ Արցախի շուրջ առեւտուր չի լինելու: Ուղերձը նշանակում էր նաեւ այն, որ Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար պայքարից, եւ որ Թուրքիան ստիպված կլինի հաշտվել դրա հետ:
Նշենք, որ նույնը Սերժ Սարգսյանը թուրքերին հիշեցրել է «Պատմության մութ եւ չավարտված էջը. Առաջին աշխարհամարտը եւ Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ իր հոդվածում, որը լույս է տեսել ամերիկյան «International New York Times» թերթում եւ որտեղ նա թուրքերին կոչ է արել «ճանաչել պատմական ճշմարտությունը»: Հոդվածը լույս է տեսել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթ ունենալուց քիչ առաջ, ինչպես ասվում է՝ պատեհ տեղին եւ ժամանակին: Սակայն, երեւի թե առաջին անգամ է Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին իմաց տվել, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, «ժողովրդին ականջ են դնում»: Նա ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ղեկավարներին հասկացրել է, որ եթե Հայաստանի եւ Արցախի շարքային քաղաքացիները մեծ հաշվով թքած ունեն հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելու վրա, ապա պաշտոնական Երեւանն էլ ավելի պատրաստ է հարեւանին «գրողի ծոցն» ուղարկել: Առավել եւս՝ այնպիսի հարեւանին, որը երկկողմ հարաբերությունները պայմանավորում է երրորդ պետության շահերով եւ պահանջներով:
Այժմ տեղին է խորհել Սերժ Սարգսյանի «թուրքական ուղերձի» հետեւանքների եւ այն արտաքին-քաղաքական համապատկերի մասին, որը ստվերում էր հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման բավական հետաքրքիր գործընթացը: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Շվեյցարիան շարունակ փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել հայ-թուրքական «արձանագրությունները» վերակենդանացնելու համար, թեեւ ինչպե՞ս կարելի է վերակենդանացնել ՄԵՌԵԼԱԾԻՆԸ: Վաղ թե ուշ Հայաստանը պետք է մի բան պատասխաներ ԱՄՆ-ից Թուրքիայի խնամակալներին եւ փաստաբաններին: Այդպիսիք կան նաեւ Ֆրանսիաում՝ հիշենք նախագահներ Սարկոզիի եւ Օլանդի մանեւրները Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի պատմությունում: Իսկ այժմ Վաշինգտոնն ու Փարիզը գիտեն, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ միլիոնավոր հայերին հետաքրքիր չէ «արձանագրությունների» ապագան եւ որ նրանցից ոչ ոք չի աղոթում, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը խստորեն է խոսել նաեւ Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի մասին, ամերիկացիներն ու ֆրանսիացիները պետք է հասկանան, որ Հայաստանը շահագրգռված չէ ունենալ բարդ եւ պայթյունավտանգ բաց սահման Թուրքիայի հետ: Առավել եւս՝ վերջին իրադարձություններից հետո: Նայենք քարտեզին. Սիրիայի եւ Իրաքի այն տարածքները, որոնք գրավված են «Իսլամական պետություն» կազմավորման կողմից, բավականին մոտիկ են Հայաստանի սահմաններին: Ընդ որում, արեւմտահայ քաղաքներից մեկի քուրդ քաղաքապետ Լոքման Օզդեմիրի Անկարայի հասցեին հնչած մեղադրանքը, թե «Իսլամական պետության» գրոհայինների համար սպառազինությունն ամեն օր մատակարարվում է Թուրքիայի տարածքով եւ թե Թուրքիան ու Ադրբեջանն աջակցում են վահաբիթներին Սիրիայում եւ Իրաքում, Հայաստանին եւս մեկ առիթ են ընձեռում հիշեցնելու իր վաշինգտոնյան եւ փարիզյան գործընկերներին հայկական ազգային շահերի մասին:
Այժմ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան (Շվեյցարիան, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործում հիմնական «խաղացողը» չէ) Հայաստանին պատասխանելու բան չունեն: Ակնկալել, որ այս երկու երկրները «հանկարծ» սկսեն ճնշում գործադրել միայն Թուրքիայի վրա՝ իհարկե, չարժե: Այս ճնշումը կարելի էր իրականացնել դեռեւս 2009-2010թթ., սակայն այն ժամանակ Արեւմուտքը նախընտրել է «չխանգարել» Թուրքիային (Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում) փորձելու միահյուսել հայ-թուրքական բնականոնացման եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները: Իսկ հիմա ի՞նչ: Մեր երկիրը փորձելու են «մայդանացնել» ուկրաինական կամ հոնկոնգական «տարբերակո՞վ»: Բացառված չէ: Համենայն դեպս, չենք կարծում, որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում գոհ են Սերժ Սարգսյանի այն ուղիղ ակնարկով, թե «վաղեմության ժամկետի» լրանալուց հետո Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի համար կորցրել է իր «արժեքը»:
Սեպտեմբերի համապատկերն ընդհանրապես շատ հետաքրքրական է: Ու ոչ միայն Մերձավոր Արեւելքի կամ Նովոռոսիայի առումով: Մենք արդեն հպանցիկ հիշատակել ենք չինական Հոնկոնգը, որի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է չին-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սառեցմամբ, ինչը շատ էական է ողջ աշխարհի համար: Ամերիկացիները փորձում էին համոզել Ռուսաստանին եւ Իրանին միանալ իրենց նոր իրաքյան դաշինքին, մտածելով, որ նրանք հրամաններ կտան այդ երկրների ցամաքային զորքերին, որոնք պետք է հանդես գային թնդանոթի մսի դերում «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողությունների պարագայում: Դա նրանց չի հաջողվել: Փոխարենը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ռուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան էլ ավելի են մերձեցնում իրենց դիրքորոշումները: Եվ ահա Աստրախանում կայացած մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում ստորագրվել է ընդհանուր Հուշագիր եւ նախապատրաստվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա, որում ամրագրել են «Կասպից ծովում կողմերին չպատկանող զինված ուժերի չներկայության» սկզբունքը: Կան տեղեկություններ, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաներն ակտիվորեն բանակցում են մոսկովյան այն ԶԼՄ-ների հետ, որտեղ նախկինում տպագրվել են իր տարածքում ՆԱՏՕ-ի (այսինքն՝ ԱՄՆ-ի) զորքերի տեղակայելուն Բաքվի դրսեւորած պատրաստակամության մասին հոդվածներ եւ «լրատվական արտահոսքեր»: Շուտով մերձկասպյան երկրների Արտակարգ իրավիճակների ծառայության ուժերը Կասպից ծովում առաջին համատեղ զորավարժություններն են անցկացնելու:
Այսպիսով, ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում սեպտեմբերի վերջում իր քթին երկու զգալի հարված է ստացել: Իհարկե, մենք չպետք է գերագնահատենք (ինչպես նաեւ թերագնահատենք) Հայաստանի հայտարարությունների-«ուղերձների» կարեւորությունը ԱՄՆ ռազմավարության համար: Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ-ի փաստացի աշխարհաքաղաքական պարտությունը շատ ցավալի է «կառավարելի քաոս» սերմանելու ամերիկյան ռազմավարության համար: Իսկ մենք հետագայում եւս պետք է հաշվի առնենք, որ թե° Կասպիական տարածաշրջանում, եւ թե° Անդրկովկասում Ռուսաստանն ու Իրանը ջանքեր են համատեղում ԱՄՆ-ի ներկայության սեգմենտներին դիմադրելու եւ ամերիկյան ռազմավարական ծրագրերի իրականացումը կանխելու համար: