Իզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի խմբագիր
Սուխում
2015-ը Աբխազիայի համար ամենածանր տարիներից էր։ Եվ բանը միայն ռուսական ռուբլու արժեզրկումը չէ (իսկ Աբխազիայում շրջանառվում է ռուբլին). 2015 թվականը բեկումնային էր Աբխազիայի համար։
2014 թվականի բուռն իրադարձություններից հետո (կապված իշխանափոխության հետ) պարզվեց, որ երկիրը ոչ միայն ահռելի արտաքին, այլև ներքին պարտքեր ունի։ Հսկայածավալ ու անիմաստ շինարարական նախագծերը ավարտին չհասցվեցին, նախորդ իշխանությունը ժառանգություն է թողել նաև շինարարներին հսկայական պարտքեր։ Եթե դրան նաև ավելացնենք բոլոր ոլորտները ներթափանցած կոռուպցիան և մաշված ենթակառուցվածքները, ապա լավատեսության նշույլ անգամ չեն առաջացնի այս համապատկերում նոր իշխանության խոստացած բարեփոխումներն ու կենսամակարդակի բարձրացումը։Դժվար էին ստացվում նաև երկիրը ճանաչած միակ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանը 2015 թվականին զգալիորեն կրճատել է ֆինանսական ներարկումները Աբխազիա, առաջ մղելով հանրության աջակցությունը չվայելող նախագծերը՝ “Ռոսնեֆտ” ընկերության կողմից նավթի պաշարների հետազոտման և արդյունահանման նախագիծ, արտասահմանցիներին անշարժ գույքի վաճառքի մասին օրենքի ընդունում և այլն։
Այս համապատկերում առավել հատկանշականը Աբխազիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին անցկացված ռուս-աբխազական գործարար համաժողովն էր։ Բացի աբխազական պաշտոնատար անձանցից համաժողովին մասնակցել են նաև ռուսաստանյան բիզնես-շրջանակների ներկայացուցիչները։ Ակտուալ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Նիկիտա Իսաևը համաժողովում հնչեցրեց Ռուսաստանի համար առավել սուր հարցերը։ Բավականին կոշտ զրույց ստացվեց։ Իսաևն Աբխազիայի ղեկավարությանը հանդիմանեց այն բանում, որ “Աբխազիան անընդհատ չորս կողմն է նայում” և “ռուսաստանյան շահերի հաշվին արտաքին-քաղաքական պլաններ հաշվարկում”։ Ապա բոլորին ապշեցրեց այն տեղեկատվությամբ, ըստ որի Աբխազիայի նավթային պաշարներն ավելի շատ են, քան Ադրբեջանինը, ուստի Աբխազիան կարող է դառնալ “հետխորհրդային տարածքի խոշորագույն նավթային մատակարարը”, ահա թե ինչու Ռուսաստանն Աբխազիայի խորհրդարանին թույլ չի տա մորատորիում սահմանել նավթի մշակման վրա։ Իսաևն ընդգծեց, որ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Աբխազիայի զարգացումը կայանա “ռուսաստանյան մասնավոր կապիտալի ու ռուսաստանյան պետական ընկերությունների կապիտալի հաշվին, կապիտալ, որ կարող է ակտիվ աշխատել Աբխազիայի Հանրապետության տարածքում”։
Ռուս-աբխազական գործարար համաժողովում ռուսաստանցի գործարարների հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Երկրի նկատմամբ նման վերաբերմունքին անհամաձայնություն հայտնեցին կառավարության ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, հայտարարելով, որ ներկայիս իրավիճակում երկիրը պատրաստ չէ ընդունել անշարժ գույքը արտասահմանցիներին վաճառելուն ուղղված օրենքներ, և որ նախքան քննարկումների մակարդակին հասնելը հարկ է վիճակագրական ուսումնասիրություններ կատարել, ընդունել հողային կադաստր և քաղաքաշինական նախագծեր, տարածքները գոտիների բաժանել և այլն, և այլն։ “Այս հարցը տվյալ պահին առնվազը ժամանակավրեպ է։ Ու պնդելով այն՝ Դուք մի գդալ ձյութ եք լցնում մեր լավ ու բարի հարաբերությունների մեջ”,- ասել է պատգամավոր Ալմաս Ջոպան՝ հակադարձելով ռուսաստանյան բիզնես-շրջանակների ներկայացրած պահանջներին։
Աբխազիայի ներկայիս ղեկավարության կողահաստությունն իր հետևանքներն ունի։ Այս տարի Աբխազիայի բյուջեում չհայտնվեցին Ռուսաստանից ներդրումային այն ներարկումները, որոնք համաձայնեցված էին համագործակցության մասին ռուս-աբխազական պայմանագրով։ Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ ֆինանսների նախարարն ամփոփեց տարվա որոշ արդյունքներ և կառավարության անդամներին առաջարկեց համաձայնություն տալ 2015 թվականի բյուջեում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին։ Ռուսաստանը չկատարեց ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գծով ստանձնած պարտավորությունները, իսկ Աբխազիայի բյուջեն էլ 5 միլիարդի փոխարեն ստացավ 200 միլիոն ռուբլուց փոքր ինչ ավել գումար։
Սակայն ինչպես նշել է ֆինանսների նախարարը՝ այս տարի հարկային վարչարարության և արտահանման մաքսատուրքերի սահմանման շնորհիվ Աբխազիայի բյուջեի եկամտային մասն աճել է սեփական եկամուտների հաշվին։ “Աբխազիայի բյուջեում առաջին անգամ ներառվեցին Ազգային բանկի և հանրապետության ունիտար ձեռնարկությունների շահութահարկերը”։
Ինչ-որ տեղից ավելացավ, բայց ինչ-որ տեղից էլ պակասեց, և հարկ է գիտակցել, որ հաջորդ տարի, երբ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի պատժամիջոցներն ամբողջովին ուժի մեջ կմտնեն, դա կանդրադառնա նաև Աբխազիայի էկոնոմիկայի վրա, քանի որ Աբխազիան վերջին տարիներին սկսել էր զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թեև կան տնտեսագետներ, որոնք անգամ այստեղ լավատեսությունը չեն կորցնում և ակնկալում են աբխազական առողջարանների պահանջարկի կտրուկ աճ։
Այո, տարին դժվար էր։ Թերևս ամենադժվարն այն ժամանակներից, երբ չեղարկվեցին Աբխազիայի նկատմամբ պատժամիջոցները։ Բայց նաև դա առաջին տարին էր, որ Աբխազիան ապրեց իր հաշվին, իր սեփական հնարավորությ ունների հաշվին։