Հայաստանի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 15–ից։ Ընդ որում, խոսքը հեռավար կրթության մասին չէ․ աշակերտները պետք է շաբաթական վեց օր դպրոց գնան՝ առանց դասամիջոցի դուրս գալու և բուֆետում սնվելու իրավունքի։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի շրջանում դպրոցական դասերի անցկացման կանոնները։
Ըստ այդ փաստաթղթի՝ աշակերտները պետք է մշտապես դիմակներով լինեն և պարբերաբար փոխեն դրանք, սոցիալական հեռավորություն պահպանեն և դասը տեղից պատասխանեն՝ առանց գրատախտակին մոտենալու։
Դպրոցական նոր կանոնների մի մասը ծնողներին շփոթության մեջ է գցել, մյուս մասն՝ անիրական թվացել։ Նրանցից ոմանք սոցցանցերում գրում են, որ նախընտրում են երեխաներին դպրոց չուղարկել։
Իսկ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցականներին և ուսանողներին կոչ է արել ինքնակամ երկու շաբաթով ինքնամեկուսանալ մինչև ուսումնական տարվա մեկնարկը՝ նվազեցնելու համար կորոնավիրուսի տարածման ռիսկերը։
Նոր կանոններ
Կանոնների պահպանմանը հետևելու են դպրոցի բոլոր աշխատակիցները, սակայն դրանց կատարման հիմնական պատասխանատվությունը դրված է տնօրենների վրա։
Բոլոր դպրոցներն իրենց աշակերտներին ապահովելու են դիմակներով և ախտահանիչներով։ Դրանց պահուստը դպրոցում պետք է կազմվի նվազագույնը մեկ շաբաթվա հաշվարկով։ Բոլոր ուսուցիչներն ու աշակերտները պետք է դիմակները փոխեն չորս ժամը մեկ։
Զանգվածային միջոցառումների անցկացումն արգելվում է, ժամանակավորապես դադարեցվելու են դասապատրաստման ժամերը, խմբակներն ու լրացուցիչ պարապմունքները։
Աշակերտները չեն կարող դասարանից դուրս գալ ոչ միայն դասամիջոցի ընթացքում։ Ցանկացած անհրաժեշտության դեպքում դասարանից դուրս գալու համար նրանք պետք է ուսուցչից թույլտվություն ստանան։
Ուսուցիչներն առաջնորդվելու են ամեն սեղանի մոտ մեկական աշակերտ նստեցնելու մոտեցումով՝ եղած հնարավորություններից ելնելով, կամ էլ՝ խաչաձև կամ նստարանի հակադիր կողմերում։
Դպրոցական նոր կանոններում հատուկ ընդգծվում է, որ անհրաժեշտ է սոցիալական հեռավորություն պահպանել, բացառել կուտակումներն ու սերտ շփումները։
Մուտքի մոտ աշակերտների ջերմությունը չափվելու է հեռահար ջերմաչափերով։ Դպրոցներն ապահովված են լինելու նաև անհատական ջերմաչափերով՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար։ Սուր շնչառական հիվանդությունների որևէ ախտանիշի առկայության դեպքում բոլորին տուն են ուղարկելու։
Միաժամանակ մեկ դասարանում կարող է առավելագույնը 20 աշակերտ լինել։ Եթե նրանք շատ են, ապա դասարանը պետք է երկու մասի բաժանվի՝ երեխաների միջև մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն ապահովելու համար։
Դասասենյակների պայմանների վերաբերյալ պահանջներն այսպիսին են․
- 20 աշակերտ կարող է դաս անել ոչ պակաս, քան 54 քառակուսի մետր մակերեսով սենյակում։ Դա կարող է լինել դպրոցի դահլիճը կամ միջանցքները։
- Այն դասարանները, որոնք տասից պակաս աշակերտ ունեն, կարող են դասերն անցկացնել ոչ պակաս, քան 42 քառակուսի մետր մակերեսով դասասենյակներում։
Վեցօրյա ուսման ռեժիմը հաստատվել է՝ դպրոցում անցկացվող ժամանակը կրճատելու համար։
Գրավոր աշխատանքների համար տետրերի օգտագործումը նույնպես արգելված է։ Ստուգողական աշխատանքների համար առանձին թերթիկներ կտրվեն։ Ուսուցիչը դրանք կստուգի միայն մեկ օր անց։ Թղթերն աշակերտներին վերադարձնելն արգելվում է․ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը պետք է պատճենը տրամադրի։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ծնողների մեծ մասը դժգոհ է դասերի անցկացման նոր կանոններից։ Եվ սոցցանցերում դրանք ակտիվորեն քննարկվում են։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ուզում եմ հասկանալ, թե ինչու են պետական մարմինները, որոնք կորոնավիրուսային պատմության ամենասկզբից ինձ պարտավորեցնում են տանը նստել, սոցիալական հեռավորություն պահպանել, շոգին բացօթյա տարածքում դիմակ կրել և այլն, ելնելով (ուզում եմ հավատալ) իմ առողջության և շրջապատի մարդկանց առողջության մասին հոգալու ազնիվ նպատակից, հիմա այդ ամենի վրա խաչ են քաշում և բացում դպրոցներն ու բուհերը։ Իսկ միգուցե ես, սիրելի պետություն, չե՞մ ուզում, որ երեխաներս հիվանդանան, վարակեն ինձ ու տնեցիներին, այդ թվում՝ տարեցներին»։
«Դուք չեք կարող այդ անտեր սոցիալական հեռավորությունը երեխաների միջև պահպանել խուց–դասասենյակներում։ Դուք չեք կարող երաշխավորել դպրոցում իմ երեխաների անվտանգությունը»։
«Դպրոցները կբացեն և մի ամսից կփակեն, բուհերը կբացեն, որ ուսանողներից առկա ուսուցման համար վճարները գանձեն առանց զեղչերի։ Մեզ մոտ կլցվեն հնդիկ և իրանցի ուսանողները՝ համաճարակային առումով անբարենպաստ գոտիներից»։
«Կրթության այսպիսի նախարարով, ավելի լավ է, առանց կրթության մնալ, ավելի առողջ կլինենք՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն»։
«Մենք պետք է սովորենք ապրել այս վարակի հետ։ Այն չի հեռանալու։ Քանի դեռ արդյունավետ պատվաստանյութ չկա, մենք բոլորս պետք է ինչ–որ կերպ համագոյակցենք այս աշխարհում։ Կշեռքի մյուս նժարի վրա են ծնողները, որոնք չեն կարող զբաղվել երեխաների առցանց ուսուցմամբ։ Եվ նրանց նույնպես կարելի է հասկանալ։ Բարդ իրավիճակ է։ Եվ միանշանակ լուծում չկա։ Պարզ է, որ առողջությունն ամեն ինչից վեր է։ Սակայն մշտական մեկուսացման մեջ ապրելն էլ իրատեսական չէ»։
«Ես ուսուցիչ եմ և վախենում եմ, չեմ ուզում ռիսկի ենթարկել և ինձ, և հարազատներիս»։
«Դիմակով չեմ ուզում երեխային դպրոց ուղարկել, բայց ընդհանրապես չուղարկելն էլ տարբերակ չէ։ Չգիտեմ՝ ինչ անել։ Դպրոցը մասնավոր է, աշակերտները քիչ են, հուսով եմ, որ թույլ կտան առանց դիմակների դաս անել»։
Հարցին միջամտում է օմբուդսմենը
Մարդու իրավունքների գրասենյակը արդեն մի շարք բողոքներ է ստացել աշակերտներից և նրանց ծնողներից սեպտեմբերի 15–ին դասերի վերսկսման և դիմակներ կրելու պահանջի առնչությամբ։ Այս մասին ասված է Facebook-ում օմբուդսմենի պաշտոնական էջում․
«Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն»։
Ահա այդ հարցադրումներից մի քանիսը․
- Ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները։
- Դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել։
- Դասերի ընթացքում երեխաների՝ դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ։
- Արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու։