*Ըստ էության Ազգ-բանակ հայեցակարգը հայտարարվեց որպես ռազմական բնագավառի մենեջմենթի բարելավման, հանրության և բանակի միջև կապը, բանակի նկատմամբ վերաբերմունքը և բանակի հետ առնչությունները պատերազմական և խաղաղ պայմաններում կանոնակարգելու բանաձև:Չնայած որ այդ կապն ու վերաբերմունքը (միանշանակ դրական՝ բանակում ծառայող և սահմանին կանգնած հայ զինվորի, և տարբեր՝ սպայի և ավելի բարձր կոչումով զինվորականների կերպարների նկատմամբ) առանց այդ էլ ցայտուն դրսևորվում էր մի շարք հանգամանքների և իրադարձությունների բերումով. պարտադիր երկամյա ժամկետային ծառայություն (որի հետևանքով բնակչությունը բանակում ուներ/ունի զորակոչված զինծառայող որդիներ, զարմիկներ, մոտ ընկերների որդիներ և ծանոթների ծանոթներ և այլն), Ղարաբաղյան շփման գծում տարբեր աստիճանի և տևողության լարվածության պայմաններում կամավորների մոբիլիզացիայի փորձ, բանակին տարբեր ձևով օգնելու պրակտիկա:*Ազգ-բանակ հայեցակարգի առիթով մեդիադիսկուրսը ծավալվում էր ԱԺ-ում քննարկում/բանավեճերի, ելույթների հետքերով, հաճախ՝ դրանց հետ կապված ներքաղաքական ու քաղաքացիական գործընթացների առիթներով: Հանրային քննարկման դնելու և ոչ թե նորամուծությունները «շարքով մարշ» ընդունելու անհրաժեշտության մասին ի սկզբանե հայտարարել էին հայաստանյան իշխանություններն ու պաշտպանական գերատեսչությունը: Եվ դրա գաղափարական/ քարոզչական պատճառը մեր համոզմամբ այն էր, որ այդպես էր պահանջում նաև Ազգ-բանակի առանցքային՝ բանակի և հանրության միասնականության դրույթը: Սակայն հանրության ոչ միանշանակ, որոշ պարագաներում քննադատական վերաբերմունքը հիմնականում բխում էր այն հանգամանքից, որ այդ նորամուծությունների շեշտադրումները (մասնավորապես՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերն) ավելի շատ վերաբերում էին ոչ այնքան բանակի ներսում կատարվելիք բարեփոխումներին, որքան նախաբանակային (զորակոչ և տարկետման իրավունք, բանակից հետո սոցիալական փաթեթներ և այլն) և ետբանակային փուլերին: Այլ խոսքերով, հայտարարված նորամուծությունները չէին արդարացնում հանրության մի հատվածի սպասելիքները, դրանք չէին պատասխանում ապրիլյան պատերազմից հետո առավել ցայտուն և որպես սոցիալական պահանջ բարձրացվող սուր հարցադրումներին՝ «անվտանգության ամրապնդման համար վերացրեք կոռուպցիան և իրավական կամայականությունները», «բանակի համար փող կա, լավ փնտրեք և արդյունավետ օգտագործեք պետական ռեսուրսները»: Չնայած որ, Ազգ-բանակի օգտին հիմնավորումների մի մասը ձևակերպվում էր հանրային հարցադրումներին համահունչ: Ինչպես օրինակ սա՝ «Ամեն կորցրած լումա մեր զենք, զինամթերք գնելու վրա ազդող գործոն է: Ամեն չարաշահումը յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգության խնդիր է» (ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյան):
*Հետազոտության ժամանակահատվածում բանակի խնդիրների մեծ մասը (օնլայն 5 ԶԼՄ-ներում՝ 62%, 5 հեռուստաընկերությունների թվով 23 հաղորդումների թողարկումներում՝ 65%) վերաբերել են Ազգ-բանակ հայեցակարգին: Եվ դա հիմնականում՝ հայեցակարգի շուրջ ծավալված քննարկումների փուլում էր՝ 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբերին:
*Ոչ ազգբանակային հարցերի չափաբաժինը (օնլայն մեդիայում՝ 38%, հեռուստահաղորդումներում՝ 35%) լսարաններին մատուցվել է հետազոտության բոլոր երեք ամիսների ընթացքում: Հանրությանը հասցեագրված իրենց ուղերձներով «ոչազգբանակային», ֆոնային հարցերի որոշ խմբեր ուղղված են եղել հայեցակարգի նկատմամբ հանրային վերաբերմունքի վրա դրական ազդեցություն գործելուն: Օրինակ, աննախադեպ քանակի նյութեր են հրապարակվել բանակում կատարված իրավախախտումների առիթով (ոչ կանոնադրական հարաբերություններ, սպանություններ/առողջական խեղումներ, ցածր կոչումներով սպաների կոռուպցիոն հանցանքներ, բանակի մատակարարման մի քանի կոռուպցիոն գործարքներ, շարային ծառայության համար ոչ պիտանի նորակոչիկների զորակոչ և այլն) ընթացող դատական գործերի կամ քրեական քննությունների մասին: Այս նյութերը մեդիային տրամադրվել են պաշտոնական աղբյուրներից: Կամ՝ նյութերի/սյուժեների շարքեր են թողարկվել ներկայիս և նախկին (ինչպես շարքային, այնպես էլ սպայական կազմի) բանակայինների դրական դիմանկարներով:
*Չնայած որ բանակի հետ կապված հարցերը ստաբիլ առաջնահերթ են եղել հանրության և մեդիայի համար, սակայն բանակի մասին նյութերի ինտենսիվության տեսանկյունից այս ժամանակահատվածը կարելի է համեմատել 2016թ. ապրիլյան պատերազմին անմիջապես հաջորդած ամիսների հետ: Այսպես, հետազոտության 93-ից 30-32 օրերի ընթացքում 5 օնլայն ԶԼՄ-ներից չորսը (1in.am, News.am, 168.am, Tert.am) բանակի մասին օրական հրապարակել է 10-36 նյութ:
*Հեռուստաընկերություններում բանակի թեմաները շոշափվել են անհամեմատ ավելի մեծ ինտենսիվությամբ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ բանակի խնդիրները ներկայացվել են լրատվական-վերլուծական, բանավեճային և թոք-շոուի ժանրի հաղորդումներում (խոսող գլուխների մասնակցությամբ), այլև գեղարվեստական և վավերագրական ժանրի հաղորդումներում: Ինչպես օրինակ՝ Առաջին ալիքի «Կյանքը սահմանին», Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարերն են: Հեռուստատեսային եթերում քարոզչական ընդգծված ուղղվածության են եղել նաև սոցիալական հոլովակները, առանձին վավերագրական ֆիլմերն ու գեղարվեստական սերիալները: Անգամ այնպիսի հոլովակները, որոնք բանակի հետ թեմատիկ ոչ մի աղերս չունեն:
*2017թ. հոկտեմբեր-նոյեմբերին առավել ինտենսիվ ծավալված քննարկումներն ընդհանուր առմամբ նաև պաշտոնական մակարդակում խախտեցին բանակի թեմայի տաբուն: Օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստատեսային եթերում սկսեցին շրջանառվել բանակային այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այդ բնորոշ էին հայկական սոցցանցային տիրույթներին: Հայկական բանակի խնդիրներին այս բազմազանությամբ մեդիան չէր անդրադարձել նախկինում: Ընդ որում՝ երկրի ռազմական գերատեսչության տարբեր աստիճանի ներկայացուցիչների արձագանքներով և մասնակցությամբ: Օրինակ՝ բանակում կոռուպցիոն սողանցքները փակելու անհրաժեշտության մասին պնդումներն այդ օղակների ներկայացուցիչների կողմից նախևառաջ հաստատում էին, որ այդ սողանցքները, այնուամենայնիվ, կան, նույնը՝ հայտարարություններն այն մասին, թե ինչ է նախատեսվում նոր հայեցակարգով զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների կոռուպցիոն գործարքները վերացնելու համար:
*Ինֆորմացիոն գործընթացները զարգանում էին ձնագնդի սկզբունքով՝ առաջ մղելով ոչ «օրակարգային», այսինքն՝ ոչ բուն ազգբանակային թեմաներ: Թեմաներ, որոնք ծագում ու ծավալվում էին Ազգ-բանակ հայեցակարգի առիթով, սակայն շղարշում էին այլ ուղղության հարցերը: Ինչպես օրինակ՝ բանակից խուսափած պաշտոնյաների թեման, որը զարգացավ թե՛ տարկետման իրավունքի սահմանափակման, թե՛ սոցիալական արդարության և սոցիալական վերելակի մասին պնդումների ֆոնին: Խուսափման թեման ներքաղաքական շեշտադրումներով ծավալվեց այն բանից հետո, երբ ֆեյսբուքում բանակից խուսափած մի պաշտոնյայի մասին ակնարկներ գրեց համակարգում ռազմական բժիշկ աշխատած, պաշտպանության նախկին նախարարի կինը՝ Ռ. Խաչատրյանը: Օնլայն մեդիան երկար ժամանակ և բազմակողմանի անդրադարձավ խուսափման խնդրին: Հեռուստաընկերությունները Ռ. Խաչատրյանի այս մի քանի գրառումներին չանդրադարձան: Զորակոչի/տարկետման իրավունքի խնդիրը խթանեց նաև կրթության/գիտության խնդիրների բավական ինտենսիվ և մինչ այդ աննախադեպ ծավալի քննարկումներին: Հոկտեմբեր-նոյեմբերի ուսանողական շարժում-բողոքի ակցիաները, հացադուլները ոչ միայն առիթ տվեցին անդրադառնալու կրթության և գիտության բնագավառի բազմաթիվ խնդիրներին, այլև երկրում ներքաղաքական պայքարի, քաղաքացիական շարժումների, խոսքի ազատության և այլ հարցերին:
*Օնլայն ԶԼՄ-ներում բանակի մասին նյութերում արծարծված խնդիրների ռեյտինգներում առաջին 5 հորիզոնականներում՝ ծառայություն/զորակոչն է, Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցող միջադեպերի և լարվածության թուլացման հարցերը, կրթության, անվտանգության հարցերը, բանակում կատարված իրավախախտումների առիթով դատավարությունների ու դատավճիռների մասին հաղորդագրություննեը:
*Հեռուստահաղորդումներում առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրել են Ղարաբաղյան հակամարտությունը (վերը նշված տեսանկյունից), ծառայություն/զորակոչը, կրթությունը, անվտանգությունը, սոցիալական հարցերը:
*Ներքաղաքական ազատությունների հետ կապված հարցերը շատ ավելի պակաս անգամ են արծարծվել, քան օրինակ Ադրբեջանի՝ որպես հակառակորդ բանակի մասին նյութերը: Դա այդպես է եղել և՛ օնլայն մեդիայում, և՛ հեռուստահաղորդումներում:
*Ինֆորմացիոն մակարդակում Ազգ-բանակի հայեցակարգը միանշանակ դրական, կամ միանշանակ բացասական տեսանկյունից չի լուսաբանվել: Օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստատեսությունում դրական նշանով արտահայտվածների շարքում մնացածից էականորեն առաջ են եղել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները, պետական գործիչները: Հեռուստաընկերություններում նրանք միասնաբար կազմել են բոլոր «խոսող գլուխների» 1/3 մասը (32%):
*Բացասական նշանով հայեցակարգի մասին արտահայտված անձինք օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստաընկերություններում հասարակական/մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչները, առանձին փորձագետներն են եղել: Չնայած որ հեռուստաընկերություններում ոչ պետական և ոչ քաղաքական սեգմենտների այս ներկայացուցիչները նաև մոտավորապես նույնքան դրական կարծիքներ ու մոտեցումներ են ցուցաբերել հայեցակարգի նկատմամբ: Հատկանշական է, որ Ազգ-բանակի մասին եթերում հնչած քննադատական խոսքը մեծ մասամբ կապված է եղել օրվա լրատվության հետ: Իսկ դրական կարծիք հայտնողները մեծ մասամբ հեռուստատաղավարներ հարցազրույցի կամ բանավեճի հրավիրված հյուրերն են եղել:
*Հայաստանյան քաղաքական ուժերից թե՛ օնլայն ԶԼՄ-ներում, թե՛ հեռուստահաղորդումներում Ազգ-բանակի առնչությամբ արտահայտվածները գլխավորապես եղել են խորհրդարանական կուսակցությունների/խմբակցությունների ներկայացուցիչները: Օնլայն ԶԼՄ-ներում ամենից շատ արտացոլվել է ՀՀԿ (5,5%), Ելք (4,5%), Ծառուկյան դաշինք (0,9%), և ՀՅԴ (0,4%) կարծիքները: Հեռուստատեսությունում այս հերթականությունը պահպանվել է: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական քաղաքական ուժերին, ապա նրանք անհամեմատ ավելի քիչ են հանդես եկել մեդիա հարթակներում: Օնլայն ԶԼՄ-ներում բանակի թեմայով հրապարակվել են 5 արտախորհրդարանական քաղուժերի կարծիքները (Երկիր Ծիրանի կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Առաքելություն կուսակցություն, Ազգային պետություն կուսակցություն, ՀԱԿ), իսկ հեռուստահաղորդումներում՝ երկու (Երկիր Ծիրանի և Ժառանգություն) կուսակցությունների կարծիքները:
* Չնայած որ բանակն ավանդաբար հասարակական հետաքրքրությունների առանցքային թեմաներից է, բայց հիմնականում այս թեմաներով նյութերի նկատմամբ օնլայն տիրույթի լսարանները առանձնակի հետաքրքրությամբ չեն վերաբերվել: Այդ թվում՝ ինտենսիվ լուսաբանված կրթության, տարկետման, ուսանողական բողոք-երթերի, նրանց և ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարների, ՀՀ վարչապետի հետ հանդիպումների, նրանց հացադուլի մասին նյութերի նկատմամբ3: Կարդացվածության և լսարանների արձագանքների (like/share) ցուցանիշները մնացել են ամեն մի ԶԼՄ-ի սովորական տիրույթներում: Օրինակ՝ 1in.am-ի բանակի թեմայով բոլոր նյութերի մոտ կեսը կարդացվել է 1000-ից մինչև 5000 և ավելի անգամ, Aravot.am-ի այդ կարգի նյութերի կեսը՝ 100-500 կարդացվածության տիրույթում են եղել, 168.am-ի նյութերի ճնշող մեծամասնությունը՝ 88% -ը, մնացել է 1-500 տիրույթում: Ավելի ցածր է եղել լսարանների ակտիվ արձագանքների մակարդակը: Բոլոր լրատվամիջոցների բանակի մասին նյութերի ակնհայտ մեծամասնությունը կայուն ստացել է 1-500like/share. 168.am-ի նյութերի 91%- ը ունեցել է 1-100 like/share:
Առանձին բացառություններ են կազմել բանակում հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ քրեական գործերի մասին պատմություններով, ներքաղաքական խնդիրներով սկանդալային բնույթի հրապարակումները, շփման գծում վիրավորված և այժմ բուժում ստացող նախկին զինծառայողների մասին պատմությունները, բանակում ծառայության ժամկետի փոփոխման մասին նյութերը: Սրանց կարդացվածության և լսարանների կողմից արձագանքների ցուցանիշները մի քանի տասնյակ անգամ բարձր են եղել սովորական մակարդակներից: