Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժային դերակատարների վերադասավորում է տեղի է ունեցել. մասնավորապես, Թուրքիան և Ռուսաստանը ամրապնդել են իրենց դիրքերը որպես Հարավային Կովկասի հիմնական դերակատարներ: Վերադասավորումների այս փուլում լուսանցքից այն կողմ չի ցանկանում մնալ նաև Եվրոպական Միությունը, որը բավականին պրագմատիկ ծրագիր է մշակել տարածաշրջանի երկրների հետ իր կապերն ամրապնդելու ուղղությամբ:
Սույն թվականի հուլիսի 2-ին Եվրոպական Հանձնաժողովը հրապարակեց «Վերականգնում, դիմակայություն և բարեփոխում. 2020-ից հետո Արևելյան գործընկերության առաջնահերթություններ» (“Recovery, resilience, and reform: post-2020 Eastern Partnership priorities”) փաստաթուղթը, որը սահմանում է Արևելյան գործընկերության երկրների հետ առաջիկա հինգ տարիների աշխատանքի օրակարգը:
Այն կոչված է իրականացնելու այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ընդգրկված են «Արևելյան գործընկերությունը` 2020 թվականից հետո: Ճկունության ամրապնդում. Արևելյան գործընկերություն, որն ապահովում է բոլորին» փաստաթղթում, որն էլ Արևելյան գործընկերության երկրների հետ տարվող աշխատանքի հիմնական ռազմավարությունն է:
2020 թվականից հետո ԵՄ-ն, նրա անդամ պետություններն ու գործընկեր երկրները քաղաքականության հինգ նպատակադրումների միջոցով միասին կաշխատեն ճկունության՝ որպես քաղաքականության գերակա շրջանակի ամրապնդման ուղղությամբ.
- Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է
Տնտեսության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի քաղաքացիների սպասելիքների բավարարման, անհավասարության նվազեցման և գործընկեր երկրներն այնպիսի վայրեր դարձնելու համար, որտեղ մարդիկ կցանկանան կառուցել իրենց ապագան: ԵՄ-ի և ԱլԳ-ի, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև ամուր փոխադարձ կապերը տնտեսական զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և շարժունակության կարևոր խթան են: Նպատակն է` ստեղծել պատշաճ աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ, բարեկեցություն ապահովելով գործընկեր երկրներում ապրող մարդկանց համար:
- Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
Լավ կառավարումը և ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, հաջողված հակակոռուպցիոն քաղաքականությունները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքների և անվտանգության հարգանքը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցության ցուցաբերումը շուկայական տնտեսության գործառնության և կայուն աճի կարևոր նախապայմաններն են, ուժեղ և ճկուն պետությունների ու հասարակությունների ողնաշարը:
- Գործընկերություն, որը ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է
Եվրոպայի «կանաչ գործարքը» հասկացնել է տալիս, որ շրջակա միջավայրին և կլիմային առնչվող մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ի և գործընկեր երկրների կողմից: Ձգտելով կլիմայական չեզոքության՝ ԵՄ-ն և գործընկեր երկրները համատեղ պատասխանատվություն են կրում Փարիզի համաձայնագրի շրջանակներում իրենց ազգային հանձնառությունների կատարման և սեփական տնտեսությունների արդիականացման համար՝ նվազեցնելով իրենց ածխածնի հետքը:
- Գործընկերություն, որ ԿԱՊ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ
Տվյալների վրա հիմնված ժամանակակից տնտեսությունը լիարժեք կերպով կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քաղաքացիները և բիզնեսները բարձրորակ էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների ու մատչելի սակագներով ծառայությունների հասանելիություն ունեն: Եվրոպայի թվային ապագայի ձևավորման ռազմավարությունը ԵՄ հարևանության տարածքում ուժեղ թվային ներկայության պահանջ է դնում՝ աճի ապահովման և կայուն զարգացման խթանման համար:
- Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է:
Թափանցիկ, քաղաքացիակենտրոն և հաշվետու պետական կառավարման մարմինները, ազատ և արդար ընտրությունները էական նշանակություն ունեն ժողովրդավարության համար: Դրանք ճկուն, արդար, ներառական և ժողովրդավարական հասարակությունների հիմնական բաղադրիչներն են՝ ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների ու պաշտպանված քաղաքացիական իրավունքների հետ մեկտեղ:
Հենց այս առաջնահերթությունների իրականացման հիման վրա էլ ԵՄ-ն կազմել է իր առաջիկա հինգ տարիների օրակարգը, որը թույլ կտա բարձրացնել ԱլԳ անդամ պետությունների ճկունությունն ու կառուցել ավելի ամուր տնտեսություններ:
Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների և երաշխիքային միջոցներից բաղկացած բյուջեով, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում` 2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում:
Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարել միակցվածության ուղղությամբ, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային փոխակերպումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։
Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են 2025 թ․ համար տասը հիմնական թիրախային նպատակներ՝ համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված հստակ պարտավորություններով: Թիրախային նպատակների շարքում են՝ լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000 կմ առաջնային նշանակության մայրուղիների և երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 250,000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով, անվտանգ ջրամատակարարման և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ ինտերնետի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների պատվաստումների օժանդակությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ օժանդակությունը, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների համար շարժունակության հնարավորությունների ապահովումը:
Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։
Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում է առաջնային կարևորություն ներկայացնող այն ծրագրերի շարքը, որոնք համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:
Հենց այս համատեքստում էլ կայացավ Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Հայաստանի համար ևս բավականին հավակնոտ ծրագիր է մշակվել, որի մասին խոսեց եվրահանձնակատարը: Հայաստանի համար ԵՄ-ն առանձնացրել է հինգ հիմնական ծրագրեր.
- Կայուն և նորարար, մրցակցային տնտեսության աջակցություն. 30,000 ՓՄՁ-ի ուղղակի աջակցություն,
- կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք,
- ներդրումների թվային վերափոխում, նորարարություն, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում,
- հարավային շրջաններում կայունության ամրապնդում,
- ներդրումներ կանաչ Երևանում. էներգաարդյունավետություն և կանաչ ավտոբուսներ:
Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով: ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին:
Ծրագրի համաձայն ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ևս 356 մլն դոլար՝ էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:
Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին:
Վարհեի այցից օրեր անց տարածաշրջանային այց կատարեց նաև Եվրոպական Խորհրդի նախագահ Շառ Միշելը, ով հայտարարեց, որ Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ ու ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար։
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ»:
Այսպիսով, ակնհայտ է, որ ԵՄ-ն բավականին ծանրակշիռ ծրագիր է առաջարկում տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար, որի կենսագործման դեպքում հնարավոր է տարածաշրջանում որոշակիորեն բարելավել ուժերի բալանսը: