Էյնուլլա Ֆատուլաև
Դեկտեմբերի 10-12-ը Թբիլիսիում կանցկացվի “Արևելյան գործընկերության” Քաղաքացիական հասարակության ֆորումի տասերորդ ամենամյա համաժողովը։ Այս մասին, հղում անելով Համաժողովի կայքին, հաղորդում է haqqin.az-ը։
Հիշեցնենք, որ “Արևելյան գործընկերությունը” Եվրամիության հատուկ պրոյեկտն է, որը ստեղծվել է հետխորհրդային վեց երկրների հետ ԵՄ-ի ինտեգրումը զարգացնելու նպատակով։ Այդ երկրներն են՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան։
Պարադոքսալ է, բայց “Արևելյան գործընկերության” հովանու ներքո անցկացվելիք միջոցառմանը հրավիրված չեն ադրբեջանական կառավարության ներկայացուցիչները։ Թեև մտքերի փոխանակությանը, մասնավորապես՝ “Փոփոխությունների ժամանակը “Արևելյան գործընկերությունում”. արդյո՞ք հաջողում ենք” թեմայով, նախատեսված են Ուկրաինայի փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեի, Մոլդովայի փոխվարչապետ Յուրի Լյանկեի, Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոյի և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ելույթները։
Ինչպես haqqin.az-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները Բրյուսելում՝ Եվրամիությունը հրավեր չի ուղարկել Ադրբեջանի կառավարությանը։ Որոշվել է պաշտոնական Բաքվի մասնակցությունը սահմանփակել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցչի ձևաչափով։ Ավելին՝ ադրբեջանցի դիվանագետը նիստին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։
Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Համաժողովում որպես պատվավոր հյուր մասնակցելու է հայկական կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Եվրամիությունը Հայաստանի վարչապետին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 11-ի բանավեճին։ Ուշագրավ է, որ Համաժողովում հայկական կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներգրավումը տեղի կունենա ճիշտևճիշտ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը և, ամենայն հավանականությամբ, Ն.Փաշինյանն իրեն տրամադրված հարթակը կօգտագործի իր երկրում ժողովրդավարական արժեքների հաղթանակն ազդարարելու նպատակով։
Սակայն, բրյուսելյան դիվանագետների խոսքերով, “Արևելյան գործընկերության” բանավիճային հարթակներում ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների բացակայությունն ամենևին էլ չի կարող կապված լինել Փաշինյանի հաղթական երթի հետ։ Ավելի շուտ խոսքը գնում է Ամփոփիչ հռչակագրի նախագծի մասին, նախագիծ, որը Համաժողովի մասնակիցների դատին կհանձնվի։ Հռչակագրի նախագծում ճանաչվում են Ուկրաինայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտությունը՝ Ռուսաստանի “զավթողական քաղաքականության” լույսի ներքո, և բացակայում է համանման ձևակերպում, որը կարտահայտեր եվրոպական հանրության վերաբերմունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ղարաբաղյան հակամարտության հետևանքների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Համաժողովի նախորդ ամփոփիչ փաստաթղթերն ամեն տարի բացահայտ աջակցություն էին հայտնում “Արևելյան գործընկերության” ծրագրի մասնակից բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։
Ադրբեջանի կառավարությունում մեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական Բաքուն մտադիր է երկխոսության մեջ մտնել ԵՄ-ի և պաշտոնական Թբիլիսիի հետ և պարզել ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի կառավարության տարակուսանքն է առաջացնում այս բացահայտ սկանդալային և սադրիչ իրավիճակի ծագումը պաշտոնական Բաքվի ռազմավարական դաշնակից՝ բարեկամ Վրաստանի տարածքում։
Եւ, վերջապես, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Համաժողովի աշխատանքին մասնակցելու են Ադրբեջանի քաղաքացիական հասարակույթան այսպես կոչված արևմտամետ հատվածի ներկայացուցիչները, որոնք, ամենայն հավանականությամբ, հոտնկայս կծափահարեն մի երկրի կառավարության ղեկավարի, որը շարունակում է իր նախորդների զավթողական քաղաքակնությունը։