Հայաստանն ավելի հաճախ է սկսել Եվրոպայից հյուրեր ընդունել։ Ընդ որում, այցերին զուգահեռ՝ հայտարարություններ են հնչում զգալի ֆինանսական օգնության մասին։ Վերջին հյուրը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն էր, որը վերահաստատեց Հայաստանին 2,6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու ԵՄ պատրաստակամությունը։ Հայաստանում Եվրոպայի ակտիվացումը խանդ է առաջացնում ու ոչ միանշանակ ընկալվում Ռուսաստանի կողմից, որն իրեն գլխավոր խաղացող է համարում տարածաշրջանում։
Ի՞նչ է նշանակում Հարավային Կովկասի խնդիրների լուծմանն ավելի ակտիվ մասնակցելու Եվրոպայի մտադրությունը, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, արդյո՞ք Ռուսաստանը կարող է խանգարել ԵՄ պլաններին։ Հայ վերլուծաբանների կարծիքը։
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հկ-ի ղեկավար
Փաշինյանի նկատմամբ վստահությունը
Եվրոպայի ակտիվացումը կարելի է դիտարկել որպես Հայաստանի հետ համերաշխության նշան հետպատերազմյան վերականգնման, տնտեսական զարգացման հարցում։ Եվրամիությունը հայտարարել է Հայաստանին այնպիսի գումար տրամադրելու մտադրության մասին, որը, համեմատության համար, 1 միլիարդով ավելին է, քան Ուկրաինային այդ նույն «Արևելյան գործընկերության» շրջանակում խոստացված գումարից։
Եվրոպան ուզում է սատարել Հայաստանին՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու՝ Պուտինի պարտադրած պլանին դիմակայելու հարցում, որից Լուկաշենկոն դեռևս հաջողությամբ խուսանավում է։
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է վայելում ոչ միայն սեփական երկրում, այլև Եվրոպայում։
Փաշինյանը բավականին ինքնուրույն քաղաքականություն է վարում՝ հնարավորի շրջանակում։
Եվրոպացիները հասկանում են, որ Հայաստանի վրա ճնշում են կատարում միանգամից երեք բռնապետներ (Պուտին-Ալիև-Էրդողան)։ Եվ քանի որ իրենք Հայաստանին դեռևս չեն կարող հստակ ռազմաքաղաքական այլընտրանք տալ, գոնե փորձում են տնտեսապես աջակցել, որպեսզի Փաշինյանը շարունակի իր ինքնուրույն քաղաքականությունը։
Եվրոպան ազգերի ինքնորոշման իրավունքի կողմնակի՞ց է
Եվրոպան նաև ցանկանում է սատարել Հայաստանի դիրքորոշմանն Արցախյան հարցում։ Շառլ Միշելի այցը ցույց տվեց, որ Եվրոպան վերահաստատում է իր հավատարմությունը Մինսկի պայմանավորվածություններին և Մինսկի ձևաչափին, որի շրջանակում էին ընթանում Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ մինչև 2020 թ-ի աշնանը մեկնարկած պատերազմը։
Այսպիսով, ԵՄ-ն վերահաստատում է նաև իր հավատարմությունը հայտնի սկզբունքներին, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքին, ընդհուպ՝ մինչև ԼՂԻՄ սահմաններ պլյուս «Լաչինի միջանցք» սահմաններում Արցախի անկախության ճանաչում։
Եվ որպես դրան ուղղված առաջին քայլ՝ լինելու է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ճանաչումը։ Սա նշանակում է, որ Շուշին ու Հադրութը, որոնք պատերազմի ժամանակ անցել են Ադրբեջանին, պետք է վերադարձվեն Արցախի ենթադատությանը՝ անկախ դրա կարգավիճակից։
«Հյուսիս-Հարավը» կարող է շրջանցել Թուրքիան ու Ռուսաստանը
Հատկանշական է, որ բոլոր ծրագրերից, որոնք Եվրամիությունն ուզում է ֆինանսավորել, հատուկ տեղ է հատկացվում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի, ավելի ճիշտ՝ մայրուղու Քաջարան-Սիսիան բարդ հատվածի շինարարությանը։ Եվ այս նպատակով էլ տրամադրվում է ֆինանսական աջակցության զգալի մասը (600 մլն եվրո)։ Այստեղ կառուցվելու են կամուրջներ, թունելներ, որոնք տասնյակ կիլոմետրերով կրճատելու են ճանապարհը։
Այս նախագծի շնորհիվ՝ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ։ Հյուսիսում ճանապարհը կմիացնի Հայաստանն ու Վրաստանը և կապահովի ելքը դեպի Սև ծով և եվրոպական երկրներ։ Հարավում մայրուղին երկիրը կկապի Իրանի հետ։ Հայաստանն այս ճանապարհը կառուցում է 2012 թ-ից։ 2019-ին ճանապարհը պլանավորվում էր ամբողջությամբ կառուցել, սակայն դեռևս կառուցվել է մայրուղու շուրջ 20 տոկոսը։ Ընդ որում, ըստ փորձագետների գնահատականի, դրանք ճանապարհի ամենադյուրին հատվածներն են։
Բացի այդ, դա ավելի անվտանգ ճանապարհ կլինի՝ նրա համեմատ, ինչ հիմա ունենք՝ հաշվի առնելով դրա որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ նոր ռազմական դիրքերի տեղակայումը։
Եվրոպացիները ցույց են տալիս, որ շահագրգռված են այս նախագծով, որը կապելու է բեռնափոխադրումների հարավային հոսքերը Հնդկական օվկիանոսի ողջ ակվատորիայից և Պարսից ծոցից դեպի Եվրոպա՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով և Սև ծովով։
Փաստացի, այս ճանապարհը շրջանցելու է Թուրքիան ու Ռուսաստանը, իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունն այս գլոբալ տրանսպորտային միջանցքի վրա զրոյական է լինելու։
Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այս նախագծին, և այս առնչությամբ որոշ ռիսկեր են առաջ գալիս դրա իրականացման համար։ Սակայն նա ազդեցության լծակներ չունի՝ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներն արգելելու համար։
Հակառակ դեպքում՝ սա նշանակելու է, որ Ռուսաստանը Հայաստանի համար թշնամական երկիր է, որը բացահայտ խոչընդոտում է միջազգային տնտեսական նախագծերին դրա ներգրավմանը, հետևաբար նաև՝ զարգացմանը։
Եվրոպացիները մտադիր են ամրանալ տարածաշրջանում
Եվ նրանք չեն թաքցնում այս մտադրությունը։ Դրա մասին են խոսում ոչ միայն Ֆրանսիայի հայտարարություններն ու գործողությունները, այլև Ռումինիայի, Լիտվայի, Նիդերլանդների արտգործնախարարների այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նրանք բոլորը բաց տեքստով ասում են, որ Եվրոպան չի պատրաստվում հեռանալ։
Բացի այդ, Մինսկի խումբը ոչ ոք չի չեղարկել։ Եվ անգամ Արցախյան պատերազմից հետո Ռուսաստանն է հաստատել իր հակվածությունն այս ձևաչափին։ Միայն թե, հանուն Ադրբեջանի՝ ուզում է հետաձգել Արցախի կարգավիճակի քննարկումը։
Ակնհայտ է, որ Պուտինն այժմ գործում է տարածաշրջանի երկու մյուս բռնապետների՝ Ալիևի և Էրդողանի հետ միասին։ Եվ Հայաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին՝ չկատարելով իր դաշնակցային պարտավորությունները, որոնք շարադրված են ՀԱՊԿ ռազմական դաշինքի պաշտոնական փաստաթղթերում և 1997 թ-ի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում։
Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը
Հայաստանի իշխանությունը հասկանում է, որ հակառակ դեպքում կա՛մ Ռուսաստանը կուլ կտա երկիրը, կա՛մ էլ կշարունակվի հայկական տարածքների բաժանումը երեք բռնապետների միջև։
Պետք է հասկանալ, որ Եվրոպան տարածաշրջան է վերադառնում ԱՄՆ-ի հետ միասին։ Ընդ որում, ոչ միայն Կովկասյան տարածաշրջան, այլև Սևծովյան ավազան։ Բայդեն — Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանին ժամկետներ են տրվել իր վարքի փոփոխման համար, ինչպես նաև Պուտինին ծանոթացրել են «նոր կանոններին», որոնցից իր վերջին հոդվածում բողոքում էր Լավրովը։
Մեկուսանալու ջատագով Թրամփի անպատասխանատու քաղաքականությունը փոխվել է Բայդենի իշխանության գալով, և ԱՄՆ-ի ու Եվրոպայի վերադարձը տարածաշրջան արդեն որոշակի փոփոխությունների է բերել Հարավային Կովկասում Անկարայի քաղաքականությունում։ Էրդողանն իր հայտարարություններում և գործողություններում ավելի զգուշավոր է դարձել։ Եվ սա մի փոքր հույս է ներշնչում, թե Թուրքիան աստիճանաբար կվերադառնա արևմտյան, եվրատլանտյան ճամբար և այսուհետ կվարի ավելի խաղաղասիրական և պատասխանատու քաղաքականություն մեր տարածաշրջանում։
Անդրիաս Ղուկասյան, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի անդամ
Եվրոպական աջակցություն՝ բարեփոխումների դիմաց
ԵՄ բարձրաստիճան գործիչների այցերը կապված են մարտի մեկից ԵՄ և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ։
Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանին օգնություն ցուցաբերել դրա քաղաքական և տնտեսական զարգացման համար։
ԵՄ-ն պատրաստ է 2,6 մլրդ եվրո տրամադրել Հայաստանին, եթե երկիրը կատարի իր պարտավորություններն այդ համաձայնագրի շրջանակում և սկսի արդիականացնել իր ազգային օրենսդրությունը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։
Պլանավորվում է նաև Մակրոնի այցը Հայաստան, որն անմիջականորեն կապված է տարածաշրջանում անվտանգության հարցերի և խաղաղ կարգավորման, այդ թվում՝ Արցախյան հարցի կարգավորման հետ։
Ռուսաստանը, բնականաբար, այս ամենին խանդով է վերաբերվում, քանի որ հասկանում է՝ Հայաստանն այսպիսով տնտեսապես և քաղաքականապես ավելի անկախ դառնալու հնարավորություն է ստանում։
Հայաստանի պատրաստակամությունը փոփոխություններին
Մյուս կողմից՝ Հայաստանում ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորվածությունը հիմքեր չի տալիս մտածելու, որ Հայաստանի և Եվրոպայի միջև համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ։
Եվրոպացիները ցույց են տալիս, թե ինչի են պատրաստ։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է համագործակցության, ինչի՞ են պատրաստ հայկական քաղաքական ուժերը։
Քաղաքական ուժերի այն դասավորվածությունը, որն այժմ առկա է հայկական խորհրդարանում, խոսում է այն մասին, որ նրանք ԵՄ-ի հետ համագործակցությանը տրամադրված չեն ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ անվտանգության ոլորտում։
Բնականաբար, Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանը հազիվ թե կարողանա ազատվել։ Եվ որպես այդ հայտարարության մասնակից՝ Հայաստանը կատարելու է դրա դրույթները։
Եվրոպան հայ ժողովրդին ցույց է տալիս իր հնարավորությունները։ Ընտրություններից առաջ քարոզչություն կար, որ Հայաստանը Ռուսաստանից բացի ոչ ոքի չի հետաքրքրում, և Ռուսաստանն է միայն պատրաստ նրան օգնություն ցուցաբերել։ Եվ այժմ ԵՄ-ն ու Ֆրանսիան բոլորին ցույց են տալիս, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել։ Իսկ եթե այդ օգնությունը չընդունվի, դա կլինի ոչ թե Եվրոպայի մեղքը, այլ հայկական քաղաքական ուժերի։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Ռուսաստանի խանդն՝ ի վնաս Հայաստանի
Ռուսաստանը միշտ խանդոտ վերաբերմունք է ունեցել Կովկասում Արևմուտքի ազդեցության աճին։ Սակայն այստեղ մենք բախվում ենք պարադոքսալ իրավիճակի, քանի որ միաժամանակ Ռուսաստանը հեշտությամբ տարածաշրջան է բերում Թուրքիային և հրամցնում Կովկասի կեսը, միայն թե շարունակի պայքարն Արևմուտքի դեմ։
Սակայն, մեծ հաշվով, Թուրքիան ՆԱՏՕ է, և լավ հասկանում է, որ առանց ՆԱՏՕ-ի՝ նույն Թուրքիան չի լինելու։ Ռուսաստանն էլ է դա հասկանում։ Եվ այստեղ արդեն մենք բախվում ենք ռուսների ռացիոնալ տրամաբանությանն ու նրանց բարդույթների պայքարին։
Ռացիոնալ տրամաբանությունը թելադրում է, որ ավելի լավ է պայմանավորվածության գալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ և սեփական դերն ունենալ Կովկասում։ Իսկ բարդույթները ՌԴ-ին բերում են նրան, որ արվի ամեն ինչ՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ չպայմանավորվելու համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար նման իռացիոնալ մոտեցումը հավասարազոր է դանդաղ մահվան։
Այս տրամաբանությամբ ՌԴ-ն պարզապես դուրս կմղեն Կովկասից և ոչ միայն Կովկասից։ Այսօր արդեն Միջին Ասիայի հարցն է դրված։ Այս առումով Ռուսաստանը երկընտրանքի առջև է։
Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Երևան