Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
1985-ին, երբ Եվրոպական հանձնաժողովը փորձում էր պանեվրոպական ինքնություն կառուցել, ի թիվս այլ խորհրդանիշների ստեղծման՝ մայիսի 9-ը հռչակեց Եվրոպայի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի՝ 1950-ի մայիսի 9-ի հայտարարությամբ, որով առաջարկվում էր Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի ածխի և պողպատի արտադրությունը մեկ ընդհանուր՝ բարձրագույն իշխանության վերահսկողության հանձնել:
Այս հայտարարությունը նպատակ էր հետապնդում եվրոպական երկրների միջև ստեղծել ընդհանուր շահեր, ինչը կմեծացներ տնտեսական համագործակցությունն ու փոխկապակցվածությունը և աստիճանաբար կհանգեցներ քաղաքական ինտեգրման: Շումանի առաջարկն ընդունվեց Գերմանիայի կանցլեր Ադենաուերի կողմից` ազդարարելով ֆրանս-գերմանական դարավոր հակասությունների ավարտը: Հենց այս նախագիծն էլ ընկավ եվրոպական ինտեգրման մեծ գաղափարի հիմքում:
Ի թիվս այլ երկրների՝ Հայաստանում ևս մեծ շուքով նշվում է Եվրոպայի օրը: Ավելին` Հայաստանում նույնիսկ հայտարարվում է Եվրոպայի ամիս, ներառելով երկրի բոլոր մարզերն ու համայնքները: Այս տարի պանդեմիայի պառճառով շատ միջոցառումներ տեղափոխվել են վիրտուալ հարթություն և նշվեցին մայիսի 8-ից 22-ն ընկած հատվածում: Եվրոպական Միությունն առանցքային դերակատարություն ունի նաև մեր տարածաշրջանում, ուստի առաջարկում եմ հետհայացք ձգենք և ամփոփենք հարևանության գոտում ԵՄ-ի հիմնարար նախագծերից մեկի` Արևելյան Գործընկերության տասնամյակը, հաջողություններն ու թերացումները:
2020-ի հունիսին պետք է կայանար Արևելյան Գործընկերության և ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի: 2003-ից ի վեր Եվրամիությունը գործարկեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), որի մեջ ընդգրկված էին նաև Արևելյան գործընկերության բոլոր վեց պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը: Այնուամենայնիվ, ԵՄ անդամ տարբեր երկրներ ԵՀՔ երկրների հետ կապված զանազան պլաններ էին կազմում: Մասնավորապես, Ֆրանսիան կողմնակից էր հարավի հետ հարաբերությունների ամրապնդմանը և առաջ էր տանում Միջերկրածովյան միություն ստեղծելու գաղափարը, ինչը և արեց 2008-ին: Ի պատասխան` Գերմանիան միտված էր արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացմանը: Արդյունքում, երբ 2007-ի առաջին կեսին Գերմանիան ստանձնեց ԵՄ նախագահությունն, ավելի հետևողական քայլեր ձեռնարկեց այդ ուղղությամբ: 2008-ի մայիսին Լեհաստանը և Շվեդիան, որոնք ԵՄ-ի ներսում արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացման առանցքային լոբբիստներից են, ներկայացրին Արևելյան Գործընկերության (ԱլԳ) առաջարկը: Այն իր մեջ ներառում էր հետևյալ կետերը` աջակցություն ԱլԳ երկների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Ասոցացման համաձայնագրերի կնքում, պետական կառույցների կայացմանն ուղղված քայլեր, ԵՄ-ին աստիճանական ինտեգրում, ԵՄ գործակալությունների ինտեգրում, ԱլԳ որոշ երկրների ներառումն էներգետիկ համայնքում, արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումներ, չորս թեմատիկ պլատֆորմի ստեղծում (ժողովրդավարություն, տնտեսական ինտեգրում/կոնվերգենցիա), էներգետիկ անվտանգություն, քաղաքացիների հետ հարաբերությունների ամրապնդում) առանցքային (flagship) նախաձեռնությունների ստեղծում:
Միջերկրածովյան միության գործարկումը լրացուցիչ խթան հանդիսացավ արևելյան հարևանների հետ հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու համար: 2008-ի հոկտեմբերի 3-ին պատրաստ էր լեհ-շվեդական փաստաթուղթը, որն իր աջակցությունն էր հայտնում Չեխիայի գալիք նախագահության շրջանակում Արևելյան գործընկերության գործարկմանը: 2009-ի մայիսի 7-ին սկիզբ դրվեց Արևելյան Գործընկերությանը: ԱլԳ հենակետային միջոցառումներից մեկը երկու տարին մեկ անցկացվող գագաթնաժողվն է, որին մասնակցում են անդամ բոլոր պետությունների և ԵՄ կառույցների բարձրագույն ղեկավարությունը: Յուրաքանչյուր գագաթնաժողով ավարտվում է հռչակագրի ընդունմամբ և կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ:
Արևելյան Գործընկերության երկրորդ գագաթնաժողովը կայացավ 2011-ին՝ Վարշավայում, որին մասնակցեցին ԵՄ-ի 27 անդամ պետություններից 23-ի ղեկավարները: Բելառուսի նախագահը հրաժարվեց մասնակցությունից: Այս գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում Բելառուսում մարդու իրավունքների խախտումներն էին, իսկ Ուկրաինայում` նախկին վարչապետ Տիմոշենկոյի նկատմամբ հետապնդումները: Ընդունվեց Վրաստանի ու Մոլդովայի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Որպես ծրագրի առաջամարտիկներ մատնանշվում էին Ուկրաինան և Մոլդովան, որոնք էլ փորձում էին հստակեցում ստանալ անդամակցության հեռանկարի վերաբերյալ:
Արևելյան Գործընկերության երրորդ գագաթնաժողովը կայացավ 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսում: Սա, թերևս, աշխարհաքաղաքական ամենապայթյունավտանգ իրավիճակում անցկացված գագաթնաժողովն էր, որտեղ նախատեսվում էր Ասոցացման համաձայանագրեր նախաստորագրել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Սակայն նախքան այդ՝ Հայաստանը, կանգնելով երկընտրանքի առջև, հրաժարվել էր նախաստորագրումից և անդամակցել Եվրասիական Միությանը: Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայանագրի նախաստորագրումից, որն էլ մայդանյան արյունալի իրադարձությունների սկիզբը դարձավ:
Հաշվի առնելով իրավիճակը` Լեհաստանը, Դանիան, Շվեդիան և Չեխիան ներկայացրին չորս կետից բաղկացած առաջարկ, որով նախատեսվում էր զարկ տալ ԱլԳ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ազատ առևտրի գոտի ստեղծել ԱլԳ վեց երկրների միջև, ԱլԳ-ին ավելի մեծ տեսանելիություն հաղորդել, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ամենամսյա զեկույցներում ընդգրկել ԱլԳ-ին առնչվող հարցեր:
Լեհաստանը ցանկանում էր Վիլնյուսում առաջ տանել ԱլԳ երկներին անդամակցություն շնորհելու հեռանկարը, որը սակայն Միության մյուս անդամների կողմից արկածախնդրություն էր որակվում: Վիլնյուսյան գագաթնաժողովը կարծես սառը ցնցուղ լիներ ինչպես անդամ երկրների, այնպես էլ ԵՄ-ի համար, որի ներսում հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականն օր օրի աճում էր: ԵՄ-ն քաղեց դասերը և հիմնարար փոփոխություններ կատարեց Եվրոպական Հարևանության քաղաքականության մեջ:
2015-ին ԱլԳ գագաթնաժողովը տեղի ունեցավ Ռիգայում, որի նպատակն էր նոր խթան հաղորդել ԵՄ-ԱլԳ հարաբերություններին, քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները: Հանդիպման առանցքում նաև Ղրիմի իրադարձություններին միասնական գնահատական տալն էր: Արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որտեղ « ճանաչում են շահագրգիռ անդամ երկների եվրոպական հավակնությունները և եվրոպական ընտրությունը»: Սակայն այս աղոտ ձևակերպումը ամենևին էլ չի խոսում անդամակցության հեռանկարների մասին: Հենց այս գագաթնաժողովի ժամանակ էր, որ Հայաստանը և ԵՄ-ն համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հնարավորություններ էին ստեղծվում: Միաժամանակ ԵՄ-ն մերժում է հստակեցնել Ուկրաինային և Վրաստանին վիզաների ազատականացում շնորհելու հստակ ժամկետը: Այս համաժողովն ի հայտ բերեց նաև ԵՄ-ի և հենց ԱլԳ երկրների միջև եղած պառակտումները: Օրինակ, վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանն ու Բելառուսը դեմ էին ԵՄ-ի առաջարկած ձևակերպումներին, որտեղ նշվում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական զավթման փաստը:
2017-ի նոյեմբերին Բրյուսելում կայացավ ԱլԳ հերթական գագաթնաժողովը, որի հիմնական նպատակը ձևաչափը կենսունակ պահելն էր: ԵՄ-ն ցանկանում էր բոլոր վեց երկրներում տնտեսական ոլորտում սահմանել եվրոպական չափորոշիչներ: Հիմնական ձեռքբերումներից էր Հայաստանի հետ Խորը և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Հանդիպմանը քննարկվում էր նաև ԱլԳ + ձևաչափը, որն իր մեջ ներառում էր մաքսային միության ստեղծում, թվային, էներգետիկ ներդրումների հատուկ ֆոնդի գործարկում և այլն: Հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկն էլ «20 առաքում 2020-ի համար» (“20 deliverables for 2020”) անվանված հիմնական փաստաթուղթն է, որն իր մեջ ներառում է ֆինանսական աջակցության գործիքներ ՓՄՁ-ներին, մինչև 2030 թվականը ԵՄ-ի անդր-եվրոպական տրանսպորտի (TEN-T) ցանցի ընդլայնում դեպի ԱլԳ երկրներ, ներդրումներ էներգաարդյունավետության ոլորտում, ԵՄ-ի հետ առևտրային առավելությունների մեծացում, ռոումինգի իջեցված սակագներ, աջակցություն թվային արդյունաբերություններում աշխատատեղերի ստեղծմանը, Think Tank ֆորումի ստեղծում և երիտասարդական փաթեթի ընդունում:
2020-ի հունիսին սպասվում է ԱլԳ ղեկավարների հերթական գագաթնաժողովը, սակայն դեռևս հստակ չէ՝ կկայանա՞ այն, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, այս գագաթնաժողովը վճռորոշ կլինի ԱլԳ հետագա գործունեության համար: ԵՄ-ն արդեն իսկ հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ուրվագծել է ԱլԳ երկրորդ տասնամյակի առաջնահերթությունները` շեշտը դնելով կայուն զարգացման, տնտեսական բարեկեցության, կանաչ գաղափարների, տնտեսության թվային վերափոխումների վրա: Սակայն օդում կախված է մնում քաղաքական ինտեգրման նշաձողի հարցը: ԱլԳ անդամ և Ասոցացման համաձայնագիրը ստորագրած 3 պետություններ` Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ակնկալում են իրենց հետագա համագործակցությունը տեղափոխել այլ հարթություն և գործառնական հիմքերի վրա դնել անդամակցության հավակնությունները: ԵՄ-ն չի շտապում նման օրակարգ սահմանել, ինչն էլ առաջ է բերում այդ երկրների հիասթափությունը: Որքան էլ մեծ է քննադատությունը ԵՄ-ի նկատմամբ, հարկ է փաստել, որ վերջին տասնամյակում ԵՄ-ն բավականին սրընթաց կերպով մուտք գործեց մեր տարածաշրջան և դարձավ բազմաթիվ դրական փոփոխությունների անկյունաքարը: ԵՄ-ի և Արևելյան Գործընկերության երկրների կապն ամուր է առավել, քան երբևէ: