Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և
գործընթացների ամբիոնի դոցենտ
Երևան
Սկսած 2000–ական թվականների կեսերից և, մասնավորապես, 2008-2009թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամի, ներգաղթի աննախադեպ ալիքի ու ահաբեկչական պայթյունների արդյունքում, եվրոպական քաղաքական և վերլուծական շրջանակներում բանավեճերի առարկա են դարձել Եվրոպայում իսլամացման և իսլամատյացության, երիտասարդ աշխատուժի կարիք ունեցող «ծերացող» Եվրոպայի և հականերգաղթայնության, բազմամշակութայնության և իսլամի համադրելիության հարցերը։ Բարձրաձայնվող խնդիրների մի մասն իսկապես օբեկտիվ են, մի մասն էլ՝ սուբեկտիվ գործիքայնացման արդյունք։ Հակիրճ անդրադառնանք դրանցից չորսին.
- Հականերգաղթային ու հակաիսլամական հռետորաբանության թեզերից մեկն այն է, թե մուսուլմանները հեղեղել են Եվրոպան։ Նախ, աշխարհագրական Եվրոպայում այսօր էլ կան օսմանյան տիրապետության շրջանից ժառանգված «տեղական» մուսուլմաններ՝ ալբանացիները, բոսնյակները, Մակեդոնիայի ՆՀՀ–ի և Բուլղարիայի մուսուլմանները, իսկ քաղաքական Եվրոպայում (ԵԽ–ի երկրներում)՝ նաև Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ–ի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի մուսուլմանները։ Ըստ առանձին երկրների (չհաշված «տեղական» մուսուլման բնակչությամբ երկրները)՝ մուսուլմանների թիվն անցնում է բնակչության 3%-ից. Ֆրանսիայում (7.5%), Նիդեռլանդներում (6%), Բելգիայում (6%), Գերմանիայում (6%), Ավստրիայում (5.4%), Հունաստանում (5.3%), Միացյալ Թագավորությունում (5%) և Իտալիայում (4%)[1]։ Որոշ հաշվարկներով, այսօր ներգաղթած ու «տեղական» մուսուլմանները կազմում են Եվրոպայի բնակչության մոտ 8%–ը։
Կարելի՞ է արդյոք մոտ 740 մլն․բնակչություն ունեցող Եվրոպայում (չհաշված՝ Թուրքիան և հարավկովկասյան երկրները) անգամ 10% (74մլն.) մուսուլմանական համայնքի առկայությունը համարել «Եվրոպան մուսուլմաններով ողողել», մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նրանց նշանակալի մասը Եվրոպայի «տեղական» մուսուլմաններն են։
Իսկ որտեղի՞ց են ծագում տագնապային այդ պատկերացումները։ Պարզվում է՝ ներգաղթյալ մուսուլմանների մեծ համայնք ունեցող եվրոպական երկրների բնակիչները 3-8 անգամ «ավելացնում» են մուսուլմանների թիվն իրենց երկրներում[2], ինչը մարդկանց սուբեկտիվ զգացողությունների արդյունք է՝ հիմնված, օրինակ, թաղամասում, քաղաքում, աշխատավայրում հանդիպած մուսուլմանների «թվի» վրա։
Երևի կարելի է խոսել եվրոպական առանձին քաղաքների, բայց ոչ առանձին երկրների ու, առավել ևս, ողջ Եվրոպայի՝ մուսուլմաններով «ողողման» մասին։
- Երբեմն իսլամն ընկալվում է որպես «ահաբեկչական» կրոն, մուսուլմանները՝ որպես պոտենցիալ ահաբեկիչներ։ Իրականում, 2007-2013թթ․ Եվրոպայում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալությունների ընդհանուր թվի մեջ կրոնական շարժառիթներով ահաբեկչության մեղադրանքով ձերբակալությունները կեսից էլ քիչ են կազմել[3], իսկ այդ ընթացքում իրականացված կամ կանխված ահաբեկչական գործողությունների ընդհանուր թվի մեջ «իսլամական» հետք ունեցել է ընդամենը 1%–ը[4]։ 2012-2015թթ., որը համընկնում է Միջին Արևելքում իսլամական ծայրահեղականության աճի ու այդ տարածաշրջանից Եվրոպա ներգաղթյալների աննախադեպ մեծ հոսքի հետ, կրոնական շարժառիթներով ահաբեկչական հարձակումների մեղադրանքով ձերբակալությունների թիվն աճել է։ Սակայն այդ տեսակի ահաբեկչությունների կամ դրանց փորձերի թիվը, ահաբեկչության մյուս տեսակների համեմատությամբ, փոքր է [5, էջեր 40-42]։
- Ասում են՝ ներգաղթը բացասաբար է ազդում աշխատաշուկայի վրա։ Եվրոպայում տարածաշրջանից տարածաշրջան և երկրից երկիր ներգաղթի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Սակայն եվրոպացիների մեծամասնությունը կողմ է ներգաղթի կրճատմանը։ Այդ հարցում առավել արմատական են Հարավային Եվրոպայի բնակիչները, մինչդեռ Արևմտյան Եվրոպայում հարցվածների հարաբերական մեծամասնությունը կողմ է ներգաղթի առկա մակարդակի պահպանմանը[6]։ Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում մեծամասամբ կարծում են, որ ներգաղթը բացասաբար է ազդում երկրի վրա և դժվարացնում աշխատանք գտնելը։ Այդպիսի համոզմունք ունի եվրոպական մյուս երկրներում հարցվածների հարաբերական մեծամասնությունը [7]։
4․ Հաճախ կասկածի տակ է դրվում նաև իսլամի ու եվրոպական արժեհամակարգի համադրելիությունը։ Եվրոպացիների ընկալմամբ, իրենց արժեհամակարգի գլխավոր հիմնատարրերն են մարդու իրավունքները, խաղաղությունը, մարդու կյանքի նկատմամբ հարգանքը, իսկ այդ աստիճանակարգության ստորին հորիզոնականները զբաղեցնում են հանդուրժողականությունը, այլ մշակույթների նկատմամբ հարգանքը և կրոնը[8, էջ 48]։ Ըստ որում, հարցվածների ճնշող մեծամասնությունն իրեն նույնացնում է քրիստոնեության, ընդամենը 2%–ը՝ իսլամի հետ, իսկ ¼–ն էլ որևէ կրոնի հետ իրեն չի նույնացնում [9, էջ Т98]։ Ավելին, մշակույթի հետ կրոնն ասոցացնում է հարցվածների ընդամենը 9%-ը։ Մշակույթի նույնարժեք տարր են համարվում ժամանցը և ճամփորդությունը [10, էջ 5]։ Փաստորեն, եվրոպացիների համար կրոնն ունի ընդամենը խորհրդանշական նշանակություն, իսկ եվրոպական արժեհամակարգն ապակրոնական է՝ աշխարհիկ։
Այդուհանդերձ, եվրոպացիների մեծամասնության համոզմամբ, իսլամն ու Արևմուտքն անհամատեղելի են [11]։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն անգամ խոստովանել են, որ իրենց երկրներում բազմամշակութայնության քաղաքականությունը ձախողվել է [12]։
Հարց է ծագում՝ գուցե կրոնի կարևորության մասին պատկերացումների տարբերությո՞ւնն է հենց այդ անհամատեղելիության գլխավոր պատճառներից մեկը։ Հիշենք, օրինակ, 2015թ. փարիզյան ահաբեկչության դրդապատճառը՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները։ «Շառլի Էբդոն» և իսլամի թեմայով ծաղրանկարներ հրապարակած եվրոպական մյուս թերթերը բազմիցս քննադատվել են մուսուլմանական համայնքի ու իսլամական երկրների կողմից։
Ստացվում է՝ կրոնը և այլ մշակույթների նկատմամբ հարգանքը չեն համարվում եվրոպական արժեհամակարգի գլխավոր տարրեր, փոխարենը՝ կրոնական թեմաներով ծաղրական հրապարակումները խոսքի ազատության դրսևորում են։ Իսկ մուսուլմանական համայնքի համար, հակառակը, հենց կրոնական նորմերն են առաջնահերթ։ Այստեղից էլ ակնհայտ է դառնում եվրոպական ներկայիս և իսլամական արժեհամակարգերի անհամատեղելության մասին պնդումների և բազմամշակութայնության քաղաքականության ձախողման պատճառներից մեկը՝ խոսքի և կրոնական ազատությունների մասին պատկերացումների տարբերությունները։
Ընդհանրացնելով՝ կարող ենք եզրակացնել, որ
- Եվրոպայի և անգամ եվրոպական առանձին երկրներ՝ մուսուլմաններով հեղեղված լինելու մասին պատկերացումներն ու պնդումները գերչափազանցություն են՝ հիմնված զուտ առօրեական զգացողությունների վրա և արդյունք՝ հարցի քաղաքական գործիքայնացման։ Ըստ որում, անտեսվում է Հարավ–Արևելյան Եվրոպայում ավանդական «տեղական» մուսուլմանական համայնքների առկայությունը։
- Եվրոպայի տարբեր քաղաքներում ահաբեկչական բոլոր գործողությունների կամ դրանց փորձերի մեջ «իսլամական» հետք տեսնելը ևս չափազանցություն է։ Դրանց միայն փոքր մասն է ունեցել կրոնական շարժառիթ։ Եվ, չնայած վերջին շրջանում կրոնական շարժառիթով ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածների թիվն աճել է, դա ամենևին չի խոսում իսլամիստական ահաբեկչական գործողությունների թվի աճի մասին։
- Ներգաղթը գուցե և նպաստում է բիզնեսի զարգացմանը, բայց այն, իսկապես, լարվածություն է ստեղծում աշխատաշուկայում, ինչն էլ, իր հերթին, պայմանավորում է տեղացիների բացասական վերաբերմունքը ներգաղթի նկատմամբ։
- Եվրոպական և իսլամական արժեհամակարգերի համադրելիության մասին հոռետեսական պնդումներն անհիմն չեն։ Այդ համակարգերի շատ տարրեր գուցե և անգամ նույնական են, սակայն դրանց աստիճանակարգությունը և տարրերի վերաբերյալ ընկալումներն ակնհայտորեն տարբեր են։ Դա, մասնավորապես, վերաբերում է խոսքի և կրոնի/դավանանքի ազատություններին։
Այսպիսով, կարող ենք նկատել, որ ներգաղթի ու ներգաղթյալների վերաբերյալ եվրոպական հանրային–քաղաքական դիսկուրսում կան ինչպես չհիմնավորված տագնապային պնդումներ, այնպես էլ անարդարացիորեն քիչ ուշադրության արժանացած իրական սոցիալ–տնտեսական ու սոցիոմշակութային խնդիրներ։ Եվ քանի դեռ չեն գտել դրանց խաղաղ համադրման բանաձևը, Եվրոպայում կշարունակեն խոսել բազմամշակութայնության՝ իրենց ձևանմուշի անարդյունավետության կամ ձախողման մասին։
Հղումներ
[1]”ԻսլամըԵվրոպայում”, Barometer.am, 2015. [Online]. Available: http://www.barometer.am/news/real-politics/20151120/9946/. [Accessed: 14- Apr- 2016].
[2]”ԻսլամըԵվրոպայում․մուսուլմանների իրական թիվն ավելի քիչէ, քան թվումէ”, Barometer.am, 2015. [Online]. Available: http://www.barometer.am/news/real-politics/20151124/10139/. [Accessed: 14- Apr- 2016].
[3]”Terror attacks and arrests in Western Europe”, The Economist, 2015. [Online]. Available: http://www.economist.com/blogs/graphicdetail/2015/11/daily-chart-10. [Accessed: 14- Apr- 2016].
[4]A. Cousins, “Graphic: Islamist terror accounts for only 0.7% of attacks in Europe”, Counterfire, 2015. [Online]. Available: http://www.counterfire.org/news/17599-graphic-islamist-terror-accounts-for-only-0-7-of-attacks-in-europe. [Accessed: 14- Apr- 2016].
[5] Europol, “European Union Terrorism Situation and Trend Report 2015”, European Police Office, The Hague, 2015.Available: https://www.europol.europa.eu/sites/default/files/publications/p_europol_tsat15_09jun15_low-rev.pdf [Accessed: 14- Apr- 2016].
[6]N. Esipova, A. Pugliese and J. Ray, “Europeans Most Negative Toward Immigration”, Gallup.com, 2015. [Online]. Available: http://www.gallup.com/poll/186209/europeans-negative-toward-immigration.aspx. [Accessed: 14- Apr- 2016].
[7]R. Buchanan, “Six graphs that show what the world really thinks about immigration”, The Independent, 2015. [Online]. Available: http://www.independent.co.uk/news/world/more-than-half-of-people-in-developed-nations-think-their-country-has-too-many-immigrants-10446541.html. [Accessed: 14- Apr- 2016].
[8] The European Commission, “Standard Eurobarometer 79: European Citizenship,” The European Commission, Brussel, 2013. Available: http://ec.europa.eu/public_opinion/archives/eb/eb79/eb79_publ_en.pdf. [Accessed: 14- Apr- 2016].
[9] The European Commission, “Special Eurobarometer 393: Discrimination in the EU in 2012,” The European Commission, Brussel, 2012. Available: http://ec.europa.eu/public_opinion/archives/ebs/ebs_393_en.pdf. [Accessed: 14- Apr- 2016].
[10] The European Commission, “Special Eurobarometer 278: European Cultural Values,” The European Commission, Brussel, 2007. Available: http://ec.europa.eu/public_opinion/archives/ebs/ebs_278_en.pdf. [Accessed: 14- Apr- 2016].
[11] M. Hollstein and F. Peters, “Jeder Zweite hält den Islam für eine Bedrohung”, DIE WELT, 2013. [Online]. Available: http://www.welt.de/politik/deutschland/article115664989/Jeder-Zweite-haelt-den-Islam-fuer-eine-Bedrohung.html. [Accessed: 14- Apr- 2016].
[12] K. Malik, “The Failure of Multiculturalism”, Foreign Affairs, 2015. [Online]. Available: https://www.foreignaffairs.com/articles/western-europe/failure-multiculturalism. [Accessed: 14- Apr- 2016].