Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր, Ru.Aravot.am
Երևան
Անկախության շրջանում Հայաստանում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների բերմամբ ազգային անվտանգության մասին հայացքների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների հայեցակետերի համակարգը, ինչպես նաև դրա վրա հիմնված այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների պարադիգմը ներկայումս ծանր ճգնաժամի մեջ են։
Հայ պաշտոնատար անձանց վերջին շրջանում արած հայտարարություններից երևում է, որ նրանք լիովին գիտակցում են երկրի խորը ճգնաժամի մեջ գտնվելու հանգամանքը, և դա ինքնին լավ է։ Բայց սոսկ գիտակցելը բավարար չէ, քանի որ գիտակցվածից բխող քայլեր իրագործելու հնարավորությունները նույնպես չափազանց սահմանափակ են՝ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչն էլ միանգամայն վատ է։ Էլ ավելի վատ է, որ ներկայիս իշխանությունը ստիպված է ուղղել այն, ինչ անմտաբար թույլ է տրվել անկախության առաջին տարիներին, իսկ Վլադիմիր Պուտինի առաջին և երկրորդ ժամկետներին համընկած Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք վերածվել է երկրի ինքնիշխանության հետևողական հանձնման՝ բռնաճնշող քրեաօլիգարխիկ վարչակարգի քաղաքական սատարման դիմաց։ Ապա այս ամենը՝ որպես ժառանգություն, ստացել է ներկայիս իշխանությունը, որի համար այն ծանր բեռ է դարձել։Սակայն, ներկայիս վարչակարգի գրեթե մեկ տասնամյակ տևած իշխանության շրջանը նշանավորվել է ոչ թե ստացած տարակուսելի ժառանգության որակը քննելու և դրանից հրաժարվելու հնարավորությունների որոնմամբ, այլ շարունակաբար թուլացող վարչակարգին սատարելու դիմաց ինքնիշխանությունը հանձնելու իներցիոն արագընթաց շարժմամբ։
Այսօր մենք տկարացել ենք այն աստիճան, որ մեզնից պահանջում են այն, ինչ չեն հանդգնել պահանջել ո՛չ խորհրդային առաջնորդները, ո՛չ էլ օսմանյան սուլթանները: Այսօր ոտնձգում են հայոց լեզվի նկատմամբ՝ հարցն էժանագույնս կապակցելով վարորդական իրավունքների ճանաչման հետ… Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է կատարված փաստի առջև. նա արդեն բոլոր՝ քաղաքական և տնտեսական առումներով անդամահատված ինքնիշխանությամբ երկիր է։ Արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները զարգանում են Կրեմլի «բարձրաշուք» թույլտվությամբ, կամ ավելի հաճախ՝ արգելմամբ։ Քաղաքական որոշումներ ընդունելու մեր իրավունքը փոխանցվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի պես անհասկանալի «վերազգային» կառույցներին, որոնց ղեկավարում են Կրեմլի ուղիղ ցուցմամբ որոշումներ ընդունող հայկական ծագում ունեցող դեկորատիվ անձինք։ Քաղաքական որոշումներ ընդունելու մեր իրավունքը յուրացրել են անգամ Պուտինի ընկերների ղեկավարած ռուսաստանյան պետական մենաշնորհային կորպորացիաները։ Սակայն այս անգամ հայկական իշխանությունը մերժել է ռուսական անպարկեշտ առաջարկությունը։
Բայց դրա հետ միասին արդյո՞ք մեր իշխանությունները հասկացել են, որ անցած ուղին ենթակա է արմատական վերանայման, հատկապես, երբ Ալիևի վարչակարգին նավերով և երկաթուղային էշելոններով հարձակողական սպառազինություններ մատակարարող և կանխամտածված պատերազմ սադրող գլխավոր «ռազմավարական դաշնակիցը» հայոց պետականության համար վաղուց ի վեր փաստացի գլխավոր գոյաբանական սպառնալիք է դարձել։
Առավել քան ակնհայտ է, որ ներկայիս «չափանիշների» և «արժեքների» վրա հիմնված արդի քաղաքական և տնտեսական համակարգը մեր պետությանն ու հասարակությանը շատ քիչ պաշար է թողել՝ մեծ վտանգներով և արտաքին քաղաքական ու ռազմական վայրիվերումներով հղի ժամանակաշրջանը հաղթահարելու համար։ Ընդ որում՝ գերազանցապես դեպի Ռուսաստան ընթացող արտագաղթն էլ ավելի է քայքայում մեր հասարակական-պետական մարմնի դիմադրողականությունը։
Մնում է գլխավոր հարցը, թե այս ամենի հետ ի՞նչ կարելի է անել։ Կրեմլյան «եվրասիականության» ջատագովներն այս դեպքում շատ են սիրում հարցնել, թե որտեղ է այլընտրանքը։
Հայաստանում առկա խոսքի ազատությունը, որը քաղաքացիական հասարակության անվիճելի ձեռքբերումն է, թույլ է տալիս, որ այս հարցի մասին սկսեն խոսել և հնարավորություն է ընձեռում ստեղծել և կայացնել ազատ խոսքի համապատասխան հարթակներ։ Հայաստանի փորձագիտական հանրությունը, մամուլը և ոչ կառավարական կազմակերպությունները վերջին տարիների ընթացքում հասել են այնպիսի մակարդակի, որը նրանց թույլ է տալիս արհեստավարժորեն քննարկել ստեղծված իրավիճակը, բարձրացնել հասարակության քաղաքական և քաղաքացիական գիտակցության մակարդակը և հոգեբանորեն նախապատրաստել նրան հնարավոր լուրջ փոփոխությունների։
Հասարակության և պետության միջև խորացող փոխադարձ ճեղքվածքն ու օտարացումը (արդեն ոչ միայն հասարակության և իշխանության, այլև հասարակության և պետության միջև), որն առկա է 1995թ. սահմանադրական հանրաքվեից և խորհրդարանական ընտրություններից ի վեր, յուրաքանչյուր նոր ընտրական շրջանում էլ ավելի էր վատթարացնում դրությունը, իսկ 2004 և 2008թթ. ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցուցարարների և քաղաքացիական բողոքի գործողությունների մասնակիցների դեմ իշխանության գործադրած բռնությունները, ինչպես նաև անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում նրանց դեմ իրականացված դատական հետապնդումները հասարակության լայն հատվածում առաջացրել են այն պատրանքը, թե այլևս քննարկելու ոչինչ չի մնացել և «զրույցն ավարտված է», իսկ հարցեր լուծելու միակ արդյունավետ ճանապարհն ուժի կիրառումն է՝ այդ թվում և զինված դիմադրության եղանակով։
Եվ եթե հասարակության մէջ առկա դիսկուրսները դրա շուրջ են «պտտվում», ապա իշխանության մոտ կարող է գայթակղություն առաջանալ իրենց ընդդիմախոսներին կա՛մ «ահաբեկիչ» («ծայրահեղական»), կա՛մ էլ ահաբեկիչների համակիր անվանել։ Այս նույնացումն, ի դեպ, ռուսաստանյան, սիրիական կամ թուրքական ավտորիտար վարչակարգերի «սիրած խաղալիքն» է։ Սա ցույց է տալիս, թե պետականության գաղափարի համար որչափ վտանգավոր է օրինական՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ գործունեության դաշտի աճող ու հետևողական սահմանափակումը։ Այս առումով, Freedom House-ի Հայաստանին տված գնահատական-նախազգուշացումն այսօր էլ արդիական է մնում. մեզ մոտ ձևավորվել է կոռուպցիայի և մենաշնորհայնացման բարձր մակարդակի, ոչ կոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ, որն արդեն սպառնում է համախմբվել։ Մեր պայմաններում այդ երևույթը դժվար է հասարակական բարիք անվանել. այն մեր անվտանգության ներքին ամենամեծ սպառնալիքն է։
Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարում է, թե «Այնպես չէ, որ ՆԱՏՕ-ում մեզ գրկաբաց սպասում են», ինչպես նաև անուղղակիորեն մատնանշում այն փաստը, որ ՆԱՏՕ-ն և իր անդամները ոչինչ չեն կարողացել անել, երբ Թուրքիայի մեղքով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացը տապալվել է։ Իհարկե, մեզ չեն սպասում։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ չեն էլ սպասելու, եթե չլինեն նման սպասումների համար անհրաժեշտ նախադրյալներ։ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նկատմամբ դժգոհությունն առանձին հարց է. դրանք առավել քան արդարացված են, այդ թվում և դրանով, թե ինչպես են նրանք վարվում Ռուսաստանի բռնազավթիչ քաղաքականության դեմ պայքարող հարևան Վրաստանի կամ Ուկրաինայի հանդեպ. ինչո՞ւ 5-րդ հոդվածը մինչ օրս չի տարածվում Վրաստանի վրա, ինչո՞ւ արդեն չորս տարի օդի մեջ է կախված Ուկրաինային պաշտպանական սպառազինությունների մատակարարման հարցը և շատ այլ բաներ։
Խորհրդային վարչակարգի բռնազավթած բալթյան երկրներն այդ օրվան ավելի քան 50 տարի են սպասել։ Այո՛, Արևմուտքը չէր ճանաչում նրանց «կամավոր միավորումը» Խորհրդային Միությանը, բայց՝ ոչ ավելին։ Հանուն նրանց Մոսկվայի դեմ ոչ ոք մտադիր չէր պատերազմել։ Փաստացի բռնազավթման հետ չէին հաշտվում նաև Արևմուտքի կողմից բազմիցս լքված լեհերը։ Շատ բաներ են տեղի ունեցել, բայց խորհրդային կայսրության փլուզման պահին այդ երկրների հասարակությունները տոգորված էին այն գաղափարներով, որոնք քննարկվում էին դեռևս այն ժամանակ, երբ Մոսկվան իր հզորության գագաթնակետին էր։ Դրանք ներքին խաղաղ դիմադրության, խորհրդային իրողությունների և ռուսաստանյան «կենսակերպի» բացարձակ մերժման գաղափարներ էին։
Ակնհայտ է, որ այսօր այլևայլ հարցեր կամ ժամանակակից իրողություններ քննարկելու համար, փա՜ռք Աստծո, խոհանոցներում կամ բնակարաններում հավաքվելու անհրաժեշտություն չկա։ Բայց պետք է հստակ գիտակցել, որ առանց մտածողության, աշխարհայացքի և մեր ապագայի տեսլականի՝ մեր Երազանքի փոփոխության, առանց ներկայիս իրողությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքի՝ «ալիբի» դարձած մեր «անվտանգությունը» մեզ համար սպառնալիք է դարձել, այնպես որ մենք, ինչպես և հարյուր տարի առաջ, կանգնած ենք վերահաս մարտահրավերներին դիմադրել չկարողանալու և մոտ ապագայում բացվելիք նոր հնարավորություններից չօգտվելու վտանգի առջև։ Իսկ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա մասին համակարգորեն մտածելու և բաց՝ առանց խաբելու և խաբվելու խոսելու համար, քանզի «Ի սկզբանե էր Բանը…»։