Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության մեջ: Եթե 1988-ին` Մայր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսով սկսված արցախյան շարժման արշալույսին, որեւիցե մեկը փորձեր նման կանխագուշակում անել, ապա հաստատ կմեկուսացնեին հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված վայրում:
Բայց այս ընթացքում, ըստ երեւույթին, սարսափելի մետամորֆոզներ են կատարվել արցախյան հանրությունում: 26 տարի անց իրենց հայաստանաբնակ եղբայրներին ու քույրերին հենց սահմանագլխին դաժանաբար ահաբեկեցին հոգեկան խնդիրներ չունեցող անձինք` այդօրինակ խնդիրներ չունեցող մարդկանց հրամանով: Եվ որ ամենասարսափելին է` այդօրինակ անմարդկային վերաբերմունքն արդարացրեց (պատճառների մասին` այլ առիթով) արցախյան հանրության մի զգալի հատված: Տպավորություն էր ստեղծվում, որ գործ ունենք զոմբիացված մարդկանց հետ: Ու որ 88-ի ակունքներից շատ ենք հեռացել ու շատ ենք պղտորել այդ ակունքները:
Կատարվածը ոչ մի արդարացում չի կարող ունենալ, եւ բոլոր արցախցիներս էլ կամա թե ակամա դեռ երկար ժամանակ պատասխան ենք տալու սրա համար: Կատարվածն, ըստ իս, ավելի մեծ մարտահրավեր է մեզ, քան բոլոր արտաքին մարտահրավերները միասին վերցրած: Ո՞վ է պատասխանատու սրա համար: Հայկական մամուլում ամենատարածված վարկածն այն էր, որ սա կազմակերպել է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը` ԼՂՀ բարձրագույն ղեկավարության միջոցով: Իսկ ես կասեմ` կատարվածի համար պատասխանատու են կատարողները: Ու կապ չունի, թե ում հրամանով-առաջարկով-խնդրանքով է դա արվել: Պատասխանատվության ամենաանմիջական հասցեատերը ԼՂՀ բարձրագուն ղեկավարությունն է` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Մի գեղեցիկ օր արցախյան հանրությունը պատասխան է պահանջելու կատարողներից, ու երեւակվելու է այդ խայտառակության խոհանոցը:
Իսկ մինչ այդ փորձենք կատարվածը դիտարկել մի քանի կարեւոր տեսանկյուններից:
Իրավական տեսանկյուն: Միջադեպից հետո մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ հենց իրավական դաշտում էին փորձում գտնել կատարվածի տրամաբանությունը: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե Հիմնադիր խորհրդարանի «հակաիրավական» գործնեության մասին տարփողող իշխանությունների կարծիքով որ օրենքների որ դրույթներն են խախտել ավտոերթի մասնակիցները, եւ իրավական ինչ հենք ունեին ոստիկանության գործողությունները: Հոդաբաշխ ոչինչ չհնչեց Ստեփանակերտից, ինչը խոսում է իրավական պետություն դառնալու ճանապարհին մեր ունեցած լրջագույն խնդիրների մասին: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը միջադեպից հետո տրամաբանական հարց տվեց` ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի տարածքում թույլատրել են ավտոերթը, իսկ Արցախի իշխանություններն այդ գործողությունը համարել են վտանգավոր եւ ոստիկանական ուժի միջոցով կասեցրել. «ՀՀ-ն ըստ միջազգային իրավունքի, չի կարող թույլ տալ օգտագործել իր տարածքը որեւէ ուրիշ պետության դեմ գործողություններ կազմակերպելու եւ իրականացնելու համար: Եթե Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ ձեռնարկած ավտոերթն իր մեջ իսկապես վտանգ էր պարունակում ԼՂՀ-ի համար, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր էին այդ գործողությունը կասեցնել դեռեւս ՀՀ տարածքում»:
Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ ԼՂՀ իշխանությունները պատեհ-անպատեհ շեշտում են, որ երկու հայկական հանրապետությունները նույն իրավական դաշտում են, ապա աբսուրդը կատարյալ կդառնա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով` հարցերը պետք է քննարկվեին ոչ թե անձնական խնդրանք-պահանջների, այլ օրենքի եւ օրինականության տեսակետից. «Նախ` անհրաժեշտ է տեղի ունեցածին հստակ իրավական գնահատական տալ: Սա ուղղակի անհրաժեշտ առաջին քայլն է: Պետք է բռնություն գործադրած անձինք պատժվեն. մի մասը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է լինեն իրենց պաշտոնական պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ոստիկանների պաշտոնանկություններ: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ եւ՛ հայ, եւ՛ միջազգային հանրությունը պետք է ստանա հստակ ազդակներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետություն է, որտեղ կա հստակ գործող իրավակարգ եւ պետական համակարգ»:
Իսկ ի՞նչ արեց ԼՂՀ ղեկավարությունը միջադեպից հետո: Ոչինչ էլ չէր անի, եթե չլիներ հուժկու հանրային արձագանք ՀՀ-ում եւ այդ արձագանքի անդրադարձ` ԼՂՀ-ում: Բայց ստիպված էր անել: Ու երկրի ղեկավարը ոստիկանության ապօրինությունների ծառայողական քննությունը հանձնարարեց…ոստիկանապետին: Խորհրդային ժամանակներում, երբ մարդ բողոքում էր, ասենք, բնակշահագործման գրասենյակի (ԲՇԳ-ի) պետից, ապա պատկան մարմինն այդ բողոքը վերահասցեագրում էր նույն ԲՇԳ-ի պետին: Ու հարցը սպառվում էր ողբերգազավեշտի ժանրի տրամաբանությամբ: Նույնօրինակ բան կատարվեց նաեւ այս պարագայում: Կարծում եմ` առնվազն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով պիտի կազմվեր, որի աշխատանքներին ներգրավվեր նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արցախի ոստիկանների բռնի գործողություններին` հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական հրապարակումները, ապա ոստիկանության ծառայողների գործողություններում առկա է ինքնիրավչության (ՀՀ քր. օր. 322-րդ հոդվածի 2-րդ մասի) հանցակազմը: Պատժվում է … ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Մինչդեռ արցախյան հանրությունում այս առումով լուրջ խնդիրներ կան, ինչի վկայությունն է արցախյան «անկախ» լրատվամիջոցներից մեկի հետեւյալ մտահոգությունը. «Եթե ճնշումների ենթարկենք ոստիկանությանը եւ առանց պատժի թողնենք Հիմնադիր խորհրդարանին, ապա ուժայինների ոգին կկոտրվի, իսկ դա ամենավտանգավորն է ներքին անվտանգության համար»: Ահա այսպիսի ցավալի մուտացիա:
Քաղաքական տեսանկյուն: Տարբեր կերպ կարելի է վերաբերվել Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությանը (կարծիքների, մեղմ ասած, սակավություն չկար հանրային տրամադրություններում), սակայն, կարծում եմ, կարելի է համաձայնվել գոնե նրանում, որ ավտոերթն, ըստ էության, ՔԱՂԱՔԱԿԱՆ մարտահրավեր էր Արցախի իշխանություններին ու հանրությանը: Ու պատասխանն էլ պարտավոր էր լինել զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ ու համաչափ: Փակ, միաբեւեռ, անմրցակից ու անմրցունակ հասարակությունում քաղաքական էլիտան գաղափարապես անզոր գտնվեց քաղաքական պայքարում ու ինտրիգներում բավականին թրծված ուժի հետ հարաբերություններում: Արցախյան էլիտան վաղ թե ուշ պիտի հասկանա, որ երկիրն ու հանրությունը տեւական ժամանակ փակի տակ պահելը ոչ միայն անհնար է, այլեւ անհեռանկարային ու խիստ վտանգավոր: Իրեն անզուգական ժողովրդավարություն հռչակած նորանկախ երկիրը պիտի գոնե ժողովրդավարական պահվածքի տարրական նորմերը պահպանի:
Արցախյան քաղաքական համակարգը վաղուց արդեն քաղաքական հարթությունից դուրս է, այն իրենից չի ներկայացնում քաղաքական հաստատությունների ամբողջություն, ուստի զուրկ է քաղաքական գործիքակազմից: Կատարվածը թե ամբողջությամբ վերցրած քաղաքական համակարգի եւ թե առանձին քաղաքական հաստատությունների ձախողման առհավատչյան է: Ինքնին քաղաքական մարտահրավերին մահակով պատասխանելը հենց քաղաքական մտածելակերպի ու քաղաքական գործելակերպի, ընդհանրապես` քաղաքական համակարգի բացակայության մասին է վկայում: Ի ցույց դրվեց նաեւ առանձին քաղաքական հաստատությունների քաղաքական սնանկությունը: Արցախյան խորհրդարանն անգամ չքննարկեց միջադեպը` մեկ անգամ եւս ցույց տալով, որ խորհրդարանական երեք հիմնական գործառույթներից միայն մեկն է նմանակելով իրականացնում (օրինաստեղծումը) եւ թերանում է մյուս երկուսում, այն է` քաղաքական մարմին չէ եւ չի վերահսկում կառավարության գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպանը լռություն պահպանեց անգամ իր հայաստանյան գործընկերոջ ուղերձից հետո: Խորհրդարանական կուսակցություններն էլ ձեւացրին, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
Ապաքաղաքական հարթությունում գտնվող սույն քաղաքական համակարգի պարագայում պարզապես անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության մասին, քանի որ դա զուտ քաղաքական գործընթաց է, զուտ քաղաքական հարթակ: Բերձորյան գործիքակազմով, մեղմ ասած, հնարավոր չէ դիմակայել քաղաքական-դիվանագիտական մարտահրավերներին, փորձություններին ու ծուղակներին: Քաղաքական համակարգը պիտի նախեւառաջ քաղաքական հարթություն վերադարձվի:
Անվտանգության տեսանկյուն: Կատարվածի հիմնական պատճառաբանություններից մեկն այն էր, որ ավտոերթը խաթարելու էր ԼՂՀ անվտանգությունը, առավել եւս` սահմանների լարվածության պարագայում: Ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին առկա լարվածությունը շատ տարածված պատճառաբանություն է ամենատարբեր բացասական երեւույթների, սեփական մորթապաշտության ու անազնիվ նպատակների քողարկման համար: Ուղղակի զզվելիության աստիճան: Ահա ամենավերջին օրինակներից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ իշխանությունների պատժամիջոցներից հետո ԲՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորներ ազդարարեցին հերթական առնետավազքի սկիզբը` լքելով ԲՀԿ-ն: Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչ պատճառաբանությամբ: Իհարկե` երկու հայկական պետությունների անվտանգության նկատառումներով: Վաղուց արդեն ծիծաղելի չէ այսօրինակ առնետային մտածելակերպը:
Ինչ որ է, անդրադառնանք այս մտածելակերպի մի նրբության վրա: Ավտոերթի նախօրեին Արցախի ազատամարտիկների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի թիվս այլ բաների, ասված է. «Միության անդամներն արդարացիորեն կիսում եւ պաշտպանում են ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը, որ կիսապատերազմական վիճակում գտնվող եւ չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ-ի հետ նրա ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երեւանի նկատմամբ արցախցիների դրսեւորած հավատի ու վստահության վրա»:
Սրանք պատահական խոսքեր չեն: Պատերազմի սպառնալիքի տակ ապրող արցախցուն տարիներ շարունակ ներշնչել են, որ նրա հիմնական դաշնակիցը ՀՀ իշխանություններն են: Վաղուց ժամանակն է, որպեսզի արցախցին հասկանա` նրա հիմնական դաշնակիցը ՀՀ հանրությունն է, ՀՀ քաղաքացին, հայաստանյան հասարակական կարծիքը: Աստված չանի` եթե այդ կարծիքն անբարենպաստ եղավ: Արցախցին մենակ է մնալու, մեն-մենակ: Հայաստանյան հասարակական կարծիքն առայսօր շարունակում է բարենպաստ մնալ Արցախի համար` ի հեճուկս Արցախի հետ իրավացիորեն ու անիրավացիորեն կապվող մի շարք գործոնների: Փառք Աստծո, հայաստանյան հասարակական կարծիքը հիմնականում դիմանում է բոլոր փորձություններին` զանազանելով թացը չորից: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի անընդհատ նոր փորձությունների ենթարկել եւ ամենակարեւորը` հանուն ինչի՞ եւ հանուն ու՞մ: Պետք չէ նաեւ մոռանալ, որ միջպետական վարկի տեսքով Արցախին Մայր Հայաստանի կողմից տրվող օգնությունը գոյանում է ՀՀ քաղաքացիների, ուշադրություն դարձրեք` քա-ղա-քա-ցի-ների հարկերից, եւ իշխանություններն այդ վարկը տալիս են հարկատուների գրպաններից, այլ ոչ թե իրենց փողաքսակից:
Ինչ վերաբերում է իրական ու տարաբնույթ անվտանգությանը, ապա կան սուբեկտներ ու հաստատություններ, որոնք զբաղվում են դրանով եւ պատասխանատու են դրա համար: Ոչ մի ավտոերթ չի կարող նրանց օգնել խուսափելու պատասխանատվությունից: Այս բազմաշերտ անվտանգության ապահովման համար ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում պետական բյուջեից ու հսկայական թվով պաշտոնյաներ են զբաղվում դրանով: Եթե ինչ-որ ավտոերթ կարող է հեշտությամբ խարխլել այդ անվտանգությունը, ապա դա կնշանակի, որ անվտանգությամբ զբաղվողները, մեղմ ասած, վատ են աշխատել:
Ու մի բան էլ` եթե հանրության որոշ շրջանակներ ծայրահեղ մտահոգված են բազմաշերտ այս անվտանգությամբ, ապա կարող եմ հուշել մի շարք այլ խնդիրներ` կոռուպցիա, մենաշնորհներ, պետական պաշտոնյաների ապօրինի ձեռնարկատիրական գործնեություն, արտագաղթ և գյուղերի դատարկում, տեղեկատվական պատերազմի իրավիճակում տեղեկատվական խղճուկ դաշտ եւ կիբերահաբեկչության սպառնալիք: Ավտոերթի առիթով անվտանգության մասին հեծկլտացողները չգիտես ինչու այս խնդիրներին բացարձակապես ուշադրություն չեն դարձնում:
Ու ամենակարեւորը` մրցունակ տնտեսություն, միջազգային զարգացումներին համահունչ քաղաքական համակարգ ու արդիական տեղեկատվական դաշտն է մեր օրերում ցանկացած երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը:
Միասնության տեսանկյուն: Ավտոերթի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ այն կարող էր խաթարել արցախցիների միասնությունը: Այն մտածելակերպն ու գաղափարական կաղապարները, որոնք օգտագործվում էին այսօրինակ քարոզչության համար, շատ պարզունակ ու ծիծաղելի են եւ ուղղորդված են իշխանական օղակներից: Ի՞նչ միասնության մասին է խոսքը: Լավագույն դեպքում մենք կարող ենք խոսել հակադրությունների միասնության մասին: Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ ցանկացած ժողովրդավարական երկրում ապահովված է իշխանությունների հաշվետվողականությունը, ընդդիմությունը մշտապես պայքարում է իշխանության գալու եւ երկրի զարգացման սեփական տեսլականն իրականացնելու համար, քաղաքացիական հասարակությունն էլ ձգտում է վերահսկողական գործառույթ իրականացնել: Ի՞նչ միասնության մասին է խոսքը տարաբնույթ շահերի այս հանգույցում: Ու՞մ համար է գաղտնիք, որ քաղաքակիրթ երկրներում գործում է հակակշիռների ու զսպումների մեխանիզմը, առանց որի հանրության միասնությունը հուսահատ ու ճարահատյալ հեզություն ու հպատակություն է իշխանավորներին:
Վերջապես, ի՞նչ նպատակով են այդ դեպքում Արցախում ընտրություններ անցկացվում: Չէ՞ որ ընտրությունները ոչ միայն կոնկրետ մարդկանց, այլեւ գաղափարների ու տեսլականների ընտրություն է նշանակում, ասել է թե` գաղափարական պայքար: Ստացվում է, որ մենք գիտակցաբար անմիաբանությու՞ն ենք սերմանում եւ այն ամրագրու՞մ Սահմանադրությունում: Թե՞ ընտրություն ասելով հասկանում եք իշխանության վերընտրություն եւ վերարտադրություն: Այ սա միասնություն է, իսկ եթե ուրիշ քաղաքական ուժեր են ուզում իշխանության գալ, ապա սա անմիաբանություն է: Պարզից էլ պարզ է, թե ում է ձեռնտու այս մտայնությունը:
Իշխանությունն այնպես է խոսում միասնության մասին, որ կարելի լինի ընկալել հետեւյալ կերպ` միասնաբար ծառայեք ինձ: Տրամաբանական կլիներ հարցնել` իսկ ի՞նչ գաղափարի շուրջ միավորվել, այլ կերպ` հանուն ինչի՞: Միգուցե հանուն հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների՞, օրենքի առաջ հավասար լինելու՞, հանուն բոլորի (այլ ոչ միայն իշխանավորների) ապահով, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի՞: Համենայն դեպս, միասնությունը կարող է եւ պարտավոր է լինել մեր իսկ ընդունած Սահմանադրության շրջանակներում, մեր երկրի հիմնական օրենքով ամրագրված մեր իրավունքներին ու պարտականություններին համահունչ: Մյուս տարբերակները պարզապես խաբեություն են: