Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Ցանկացած նոր երեւույթի ճանապարհին միշտ էլ կանգնած է լինում արդեն իսկ արմատավորված հինը՝ միֆերի ու զանազան հոգեբանական բարդույթների տեսքով: Մեր թեմայի պարագայում կուզեի անդրադառնալ երեք կարեւոր հոգեբանական բարդույթի, որոնց հաղթահարման դեղատոմսն արցախյան հանրությունն առայժմ չի գտնում:
Բարդույթ առաջին` քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել` Արցախում էլ չի փոխվի: Սույն բարդույթն առավել եւս ցավալի է մեր սերնդի պարագայում, սերունդ, որը 1988-ին ապացուցեց, որ կարող է լինել հակառակը: 1988-ին Արցախում ականատես եղանք ազգային-ազատագրական ու ժողովրդավարական մի իսկական պոռթկման, որն արձագանքվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհասփյուռ հայությունում: Այդ պոռթկումն իր անդրադարձներն ունեցավ նաեւ հայության սահմաններից դուրս, մասնավորապես՝ նախկին Խորհրդային Միությունում: Ընդունված է ասել, որ հենց ղարաբաղյան հանրահավաքները վերակառուցման ու ժողովրդավարության մասին գորբաչովյան թղթե կարգախոսները վերածեցին իրական գործիքակազմի, իսկ խորհրդային կայսրության տարածքային չափանիշով մի բուռ հողատարածքի ժողովուրդը դարձավ ժողովրդավարության ծիծեռնակն ու դետոնատորը: Հավանաբար, չափազանցված է այն կարծիքը, որ հենց ղարաբաղյան ժողովրդավարական պոռթկումը փլուզեց հսկայական ամբողջատիրական համակարգը, բայց որ արցախյան իրադարձություները լուրջ անդրադարձներ ունեցան խորհրդային ողջ երկրով մեկ` անվիճելի է:
Բայց անցավ պատմական առումով մի չափազանց փոքր ժամանակահատված, եւ արցախյան հանրությունը կրկին հայտնվեց արդեն իսկ թոթափած հոգեբանական բարդույթի ճիրաններում: Ընդհանրապես, բավականին հետաքրքիր մետամորֆոզներ եղան այս ընթացքում: Ստրկական լուծն ու ստրկամտական հոգեբանությունը թոթափած հանրությունն ընդամենը մի կարճ ժամանակահատված հետո կրկին ընկղմվեց դրանցում: 1988-ի առաջին հանրահավաքներից մեկի ժամանակ ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի պատվանդանից հայտարարեց, որ վերջ՝ արցախցին արդեն սպանել է իր մեջ ստրուկին: Հիշում եմ՝ նույն ժամանակահատվածում մոսկովյան առաջադեմ թերթերից մեկում խորհրդային հայտնի մտավորականներից մեկը միանգամայն այլ առիթով գրեց, որ ինքը չի հավատում կոլեկտիվ հասունացմանը, առավել եւս մարդկանց անսպասելի ու միաժամանակյա հասունացմանը, հավելելով, որ դա շատ ավելի բարդ ու երկարատեւ գործընթաց է, քան կարող է թվալ: Հավանաբար, նա նկատի ուներ այն, որ իրական ու անշրջելի հասունացումը կարող է լինել հասունացած կամ ինքնահասունացած անհատների միագումարման պարագայում:
Ինչ որ է, ժամանակը ցույց տվեց, որ ոչ բոլոր արցախցիների մեջ է ստրուկը մեռել 1988-ին, այլ կոլեկտիվ հասունացման աղմկոտ իրարանցման ժամանակ գլուխն ազատել ու թաքնվել է շատերի հոգու խորխորատներում եւ հետո, երբ հանդարտվել է ամեն ինչ, նորից գլուխ է բարձրացրել: Այս անգամ արդեն ոչ մի աղմկոտ իրարանցմամբ նրան հնարավոր չէ նորից ուղարկել հոգու խորքը: Այս անգամ ամեն մեկն ինքնուրույն պիտի կարողանա հաղթահարել նրան: Եվ յուրաքանչյուր քաղաքացու հաղթահարելուց հետո միայն հանրությունը կհաղթահարի այդ բարդույթը:
Իսկ այսօր այդ բարդույթը խորանում է հիմա էլ Հայաստանում բարդույթի վերածված այն մտայնությամբ, ըստ որի՝ քանի դեռ տարածաշրջանում իր որոշիչ ազդեցությունն ունեցող Ռուսաստանում ոչինչ չի փոխվել` չի փոխվի նաեւ Հայաստանում: Ու ստացվում է, որ փոփոխությունների հեռանկարը հավասար է զրոյի: Համենայն դեպս` այսօր:
Բարդույթ երկրորդ` մենք չենք կարող տարաձայնություններ ունենալ Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանի կողմից օրըստօրե ահագնացող պատերազմի սպառնալիքի պարագայում դա ուղղակի վտանգավոր է: Սույն բարդույթի ամենավտանգավոր հատկանիշն այն է, որ այն նույնացնում է Հայաստանն ու Հայաստանի ղեկավարությունը: Արդարացիորեն նշելով այն հանգամանքը, որ հենց Հայաստանն է երկրորդ հայկական պետականությանն օդի պես անհրաժեշտ միջպետական վարկը տրամադրում եւ նպաստում նրա անվտանգության ապահովմանը՝ թե° միջպետական հարաբերությունների մակարդակով, եւ թե° արցախյան բանակի մարտունակության ապահովմանն ուղղված միջոցներով՝ մարդիկ, որպես կանոն, դա համարում են հենց ՀՀ ղեկավարության մենաշնորհը, առաքելությունն ու առաքինությունը: Քմծիծաղով կամ, լավագույն դեպքում, մեծահոգի ժպիտով է ընկալվում այն փաստարկը, որ ցանկացած բյուջե, այդ թվում Հայաստանի բյուջեն, ձեւավորվում է հարկատուների, իմա՝ Հայաստանի քաղաքացիների միջոցներից, եւ որ իշխանավորները սեփական գրպանից չեն դա տալիս: Բայց սա մեդալի մի երեսն է միայն: Վիճակը բարդանում է նրանով, որ նման հոգեբանությունը լիովին անտեսում է կամ միանգամայն թերագնահատում հասարակական կարծիքի դերը բուն Հայաստանում: Հետեւաբար՝ արցախյան ժողովրդի երախտագիտությունն էլ հստակ հասցե ունի՝ ՀՀ ղեկավարությունը: Քանի որ հասարակական կարծիքը թերագնահատվում է նաեւ Արցախում, ապա ստացվում է, որ այս համագործակցությունը ոչ թե երկու հայկական պետությունների, նրանց ժողովուրդների, այլ երկու երկրների իշխանությունների միջեւ: Ամենեւին էլ պատահական չէ, որ այս ամբողջ ընթացքում լավագույնս ինտեգրվել են երկու պետությունների իշխանությունները, բայց ոչ հանրությունները: Երկու հանրությունները շարունակում են միմյանց դարդուցավին անհաղորդ մնալ: Միայն պատերազմի ժամանակ էր, որ երկու հանրությունները բյուր թելերով կապված էին իրար հետ: Բայց այս հարցում եւս պատերազմի փորձությանը դիմացած երեւույթը չդիմացավ խաղաղության փորձությանը:
Հայաստանում վերջին ժամանակներս բավականին հստակ մեղադրանք էր հնչում ընդդիմության եւ հատկապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարից, որ Արցախը պաշտպանում է ՀՀ արցախցի ղեկավարներին եւ ըստ այդմ էլ ստանձնում է Հայաստանում ամեն բացասականի համար պատասխանատվությունը: Արցախյան հանրությունում իսկապես կան ՀՀ ներկայիս ղեկավարներին զուտ արցախյան ծագման պատճառով սատարելու տրամադրություններ եւ մտահոգություն առ այն, որ ոչ արցախցի ղեկավարի պարագայում Արցախը կարող է լուրջ կորուստներ ունենալ: Սակայն սա չէ այդ հարաբերությունների իրական պատճառը: Ինչպես նշել է երեւանյան փորձագետներից մեկը՝ Արցախում միշտ էլ պաշտպանել են ՀՀ ղեկավարությանը եւ միշտ էլ դա եղել է սեփական անվտանգության ընկալումից բխող դրդապատճառներով: Այդպես է եղել նաեւ Տեր-Պետրոսյանի օրոք: Իսկ Հայաստանի իշխանություններին ոչ միայն բարոյական, այլ նաեւ շատ ավելի գործնական աջակցության (հատկապես՝ ՀՀ իշխանության համար դժվար պահերին ու ներքաղաքական լարվածության պայմաններում) դրսեւորումները նույնպես սովորական են դարձել շատ ավելի վաղ, քան ՀՀ ղեկավարությունում արցախցիների հայտնվելը: Այնպես որ, այս երեւույթն ամենեւին էլ ներքաղաքական բնույթ չունի, ինչպես եւ չունի քաղաքական-գաղափարական համակրանքներ ու հակակրանքներ:
Արցախցիների մտահոգությունն ամենեւին էլ տեսական ոլորտից չէ` երկրորդ հայկական պետականության ստեղծման ու կայացման սկզբնական փուլում Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ իշխանությունն ուղղակի չճանաչեց ԼՂՀ-ում Արթուր Մկրտչյանի գլխավորած իշխանությունը, ինչը բավականին լուրջ խնդիրներ ստեղծեց կենաց-մահու պայքար մղող նորանկախ պետականության համար եւ ավարտվեց նրանով, որ Արցախում իշխանության եկան ՀՀ իշխանության համակրանքը վայելող ուժերը: Ահա թե ինչու են Արցախում խուսափում ՀՀ իշխանությունների հետ լարված հարաբերություններից:
Սակայն ամեն ինչ ՀՀ ղեկավարության սրտով անելու բարդույթի ամենամեծ ավերածությունն այն է եղել, որ Արցախն ու արցախցին դադարել են սուբյեկտ լինելուց ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում, ուր ԼՂՀ շահերը ներկայացնում է ՀՀ-ն, այլ նաեւ ուրիշ հարթություններում: Բարդույթին ըմբռնումով վերաբերվող արցախյան հանրությունը պիտի ըմբռնի նաեւ սրա հսկայական վնասները:
Բարդույթ երրորդ` Ադրբեջանի կողմից օրըստօրե ահագնացող պատերազմի սպառնալիքի պայմաններում վտանգավոր են արմատական ժողովրդավարական բարեփոխումները: Սույն բարդույթի տրամաբանությամբ ստացվում է, որ իր բյուր մեղքերից բացի Ադրբեջանը նաեւ հանդիսանում է արցախյան ժողովրդավարության ամենամեծ թշնամին: Ոչ թե կոռումպացված պետական պաշտոնյան, ոչ թե տնտեսական մրցակցությունը սպանող մենաշնորհները (որոնք նաեւ խոչընդոտում են քաղաքական դաշտի բազմաբեւեռությանը), ոչ թե իշխանությունների անհաշվետվողականությունն ու անվերահսկելիությունը, ոչ թե ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումը, այլ հենց արտաքին վտանգը, արտաքին թշնամին:
Մարդիկ գիտակցաբար ժամանակավորապես (նույնիսկ ի զորու չլինելով գծելու ժամանակային այդ սահմանները) հրաժարվում են իրենց իրավունքների լիակատար իրագործումից՝ հանուն երկրի անվտանգության ապահովման: Էությամբ համբերատար, ըմբռնումով մոտեցող, սեփական եսը հանուրի շահերին ստորադասելու պատրաստ արցախցին իդեալական հենք է դարձել իշխանության պահպանման եւ վերարտադրման համար: Սեփական իրավունքների իրագործումից գիտակցաբար հրաժարված եւ հանուրի բարօրության համար մտահոգված մարդիկ չեն էլ ուզում նկատել, որ որոշ մարդիկ եւ ուժեր ոչ միայն իրենց պես չեն հրաժարվում սեփական իրավունքների մի մասից, այլեւ իրենց իսկ զիջած իրավունքներին են տիրանում: Սեփական հոգեկան անդորրը չխախտելու համար մարդիկ չեն ուզում նկատել, որ Արցախում վերջին տարիներին հռչակված համընդհանուր միասնության կարգախոսը խարսխված չէ համընդհանուր հավասարության եւ, այդ թվում, իրավահավասարության գաղափարներին, ինչն էլ անիմաստ ու սնամեջ է դարձնում միասնության գաղափարը:
Հավանաբար, բավականին երկար ժամանակ է պետք, որպեսզի հանրությունն ըմբռնի, որ ժողովրդավարությունը ոչ թե սպառնում է անվտանգությանը, այլ հանդիսանում է դրա երաշխավորներից մեկը: Քանի որ անվտանգ կարող է լինել ազատ մարդը միայն: Թեկուզեւ այն պատճառով, որ ինքն իրեն չի զրկում իր ճակատագրի որոշմանը մասնակցելու իրավունքից: