“Անալիտիկոն” հանդեսի նախորդ բոլոր համարներում փորձագիտական հայացքով էինք նայել նորանկախ երկրի, Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի իրադարձություններին։ Այս անգամ որոշեցինք մեր երկրին նայել նրա շարքային քաղաքացիների, ավելի ճիշտ՝ շարքային քաղաքացուհիների աչքերով։
Ինչ խոսք, սա ռիսկային որոշում էր այն առումով, որ մեր հանդեսի ընթերցողները սովոր են փորձագիտական լուրջ վերլուծությունների։ Սակայն հուսով ենք, որ նրանց համար հետաքրքիր կլինի նաև սովորական-մարդկային-առօրեական հայացքը երկրում առկա խնդիրներին։ Այո՝ հենց խնդիրներին։ Ստեփանակերտի մամուլի ակումբի մի ծրագրի շրջանակներում քաղաքացիական լրագրության հիմունքներն ուսումնասիրող կանանց խմբի անդամներին առաջադրվել էր ուշադիր զննել շուրջբոլորը, վեր հանել և լուսաբանել մեր կյանքի խնդրահարույց երևույթներ ու թեմաներ, արծարծել հանրային հնչողություն ունեցող հարցեր կամ կոնկրետ ճակատագրերի միջոցով դիտարկել հանրային նշանակություն ունեցող որևէ խնդիր։
“Անալիտիկոնի” ընթերցողների դատին ենք ներկայացնում նորաթուխ քաղաքացիական լրագրողների նյութերը։ Ու հուսով ենք, որ մեր ընթերցողները խիստ չեն դատի, այլ կնկատեն քաղաքացիական դիրքորոշման դրսևորումները, ինչպես ասում են՝ ձեռքը կյանքի զարկերակին դնելու փորձն ու շրջապատն ավելի լավը տեսնելու անկեղծ մղումը։
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի խմբագիր