Պրոմեթեւսի մասին զրույց գնում է չորս պատումով. համաձայն առաջինի` դավաճանության համար աստվածները գամել էին նրան Կովկասյան լեռներին, եւ արծիվները կտցահարում էին նրա անընդհատ աճող լյարդը:
Համաձայն երկրորդի` արծիվների կտցոցների ցավից Պրոմեթեւսն ավելի ու ավելի խորն էր սեղմվում ժայռին, մինչեւ որ չդարձավ նրա անբաժանելի մասը:
Համաձայն երրորդի` շատ հազարամյակներ անց մոռացվեց նրա մեղքը, մոռացան աստվածները, մոռացան արծիվները, մոռացավ ինքը նաեւ:
Համաձայն չորրորդի` քանի որ դարձավ անհիմն այդ ամենը, հոգնեցին: Հոգնեցին աստվածները, հոգնեցին արծիվները, հոգնած` փակվեց վերքը:
Մնացին անբացատրելի ժայռոտ լեռները:
Ասքը փորձում է բացատրել անբացատրելին: Սակայն քանի որ այն բխում է ճշմարտության ընդերքից, նրա ավարտն անբացատրելիի մեջ է:
***
Պետերբուրգում պետք է ընթանար հասարակական լայն հնչեղություն ստացած մի դատավարություն: Ամուսինը սպանել էր կնոջը կենցաղային հողի վրա: Ամուսնու դատապաշտպանի պարտականությունը ստանձնել էր Անատոլի Ֆյոդորովիչ Կոնին: Նա իր պաշտպանական ճառն սկսելուց առաջ դիմում է դատավորին ու երդվյալ ատենակալներին հետեւյալ նախաբանով. ՚Մեծարգո պարոն դատավոր, պարոնայք երդվյալ ատենակալներՙ: Քսան րոպե շարունակ հնչում է նախադասությունը նույն առոգանությամբ: Համբերությունը կորցրած դատավորն ընդհատում է նրան բավական կոշտ, խնդրելով շարունակել ասելիքը: ՚Ահա, տեսա՛քՙ, – հակադարձում է դատապաշտպանը: ՚Դուք չդիմացաք քսան րոպե մոնոտոն խոսքին: Դե պատկերացրեք հիմա, որ այս ամուսինը քսան տարի շարունակ լսել է նույն կշտամբանքը. ՚Դու ոչինչ չարժես, դու հարբեցող ես ու անպիտանությունՙՙ:
Ավելի ծանրակշիռ փաստարկ պետք չեկավ ամուսնու անմեղությունն ապացուցելու համար:
– Դու անբարեխիղճ ես, դու պետության թշնամին ես, դու գող ես:
Քսան տարի շարունակ սա է ասում նորանկախ Հայաստանի իշխանավորը գործարար մարդուն:
Գուցե ոչ բացահայտ, սակայն յուրաքանչյուր խոսքի ենթատեքստում, յուրաքանչյուր ակնարկի մեջ առկա է կասկածի տարրը: Կասկածվողն էլ տարիների ընթացքում ենթագիտակցաբար սկսում է կասկածել իր ազնվության մեջ: Իշխանավորին պետք է կասկած սերմանել քաղաքացու մեջ: Համոզել է պետք բոլորին, որ չկա ազնիվ մարդ: Անազնիվ ենք բոլորս: Սա է հոգեբանական ճնշմամբ սեփական անազնվությունը կոծկելու վերջնանպատակը: Արատավոր ենք բոլորս: Սա են ասում աստվածները, սա է ասում իշխանավորը: Եվ անմեղները թող փորձեն ապացուցել իրենց անմեղությունը:
***
Իշխանավորին քննադատելու համար շինծու մեղադրանքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում են նախկին արտգործնախարարին ու պատրաստվում են լյարդակեր ՚արծիվներինՙ ուղարկել նրա մոտ:
– Ես իմ ընտանիքի ստեղծածն եմ բերել Հայաստան, ես թողել եմ իմ բարեկեցիկ Ամերիկան ու եկել եմ Հայրենիք իմ ընտանիքով, որ ծառայեմ իմ ժողովրդին: Կուշտ է իմ աչքը, ես ոչ մեկինը չեմ յուրացրել, – փորձում է հոշոտումից փրկել իր լյարդը նորօրյա Պրոմեթեւսը: Փորձում է ապացուցել, որ ինքն ազնիվ մարդ է: Տարօրինակ մարդ: Չի հասկացել, որ երբ սկսում ես արդարանալ, անմիջապես կասկածի տակ է առնվում ասածդ: Հատկապես օրինապահը մտածում է` ահա, ուրեմն կա մի ինչ-որ բան, եթե արդարանում է, ուրեմն պետք է փորփրել: Եվ ինչքան էլ Կոնիի նման կրկնես ՚մեծարգո պարոն նախագահող, մեծարգո պարոնայք պատգամավորներՙ, միեւնույնն է` գնալով ավելի է խորանալու կասկածը:
***
Այս հոդվածը գրելու ժամանակահատվածում զանգվածային ստուգումներ են սկսվել փոքր ու միջին տնտեսվարող սույեկտների մոտ: Ի՞նչ քանակներ են ներկրվում, ի՞նչ գնով են վաճառվում, ինչպիսի՞ն է այդ ապրանքի պահանջարկը, ինչու՞ են գնում, ի՞նչ են անում հետագայում գնված ապրանքը: Ուսումնասիրվում է բիզնեսի մրցունակությունը, տվյալ բիզնեսի լավն ու վատը, տալիս են հարցեր, հարցաշարեր, որոնց նպատակը հայտնի է միայն իրեն` հարցադրում անողին: Խոսում են պետության անունից, ներկայանում են որպես պետական շահի պաշտպան, որպես իրավապահ, որպես տեր` օրինականության:
Փակեց իր փոքրիկ արտադրամասի դռներն անհատ ձեռներեցը, ուղարկեց տուն իր երկու աշխատողներին, փոքր մի գումար էլ հատկացրեց բանվորի ընտանիքին, երեւի թե մի վերջին անգամ ու ինքն էլ գնաց տուն` փախուստի երազը գլխի մեջ: Գնաց տուն, գնաց, որ ավելի սեղմվի իր ժայռին, գնաց քարանա, որ դիմանա փորձությանը:
***
Իշխանությունը պահպանելու ու վերարտադրվելու համար անհրաժեշտ են դրամական միջոցներ: Հայ իշխանավորը սա հասկացավ այն պահին, երբ տեսավ, որ Հայրենիք, Սեր, Մարդ հասկացությունները պիտանի չեն նոր շուկայական կարգերում: Շատ կարճ մի ինտերվալ, ոչ ավելի մեկ տարուց, երեւի թե իննսունմեկ – իննսուներկու թվականներին նորանկախ Հայաստանի իշխանավորը փորձում էր հանդուրժել գործարարի առկայությունը երկրում: Ու հասկանալով, որ դա ներհակ է իր ներքին մղումներին, բիզնեսն ու բանկային ռեսուրսը վերցրեց իր ձեռքը: Հիմա միամիտ-միամիտ խոսում են իշխանություն – բիզնես սերտաճման մասին: Սերտաճում կարող է լինել տարրերի մեջ: Եթե իշխանավորներն ու գործարարներն ի սկզբանե եղել են նույն մարդիկ, ապա ի՞նչ սերտաճման մասին է խոսքը: Մեր նախօրոք վարձված վերլուծաբանները փորձում են մեր տմարդի իրավիճակը կապել ընդհանուր աշխարհակարգի հետ: Մինչդեռ նեղ ազգային է մեր արատավոր այս կարգը` զուտ հայկական: Քաղաքացին գիտե, որ ուզուրպացված է բիզնես դաշտը, ու իրեն մնացել է վարձու ստրկական աշխատավարձը, գիտի, որ նորանկախ Հայաստանը մտածող ու ձեռներեց մարդու տեղ չէ, նույնիսկ Ֆորտունայի համար չի մնացել տեղ Հայաստան երկրում, եւ յուրաքանչյուր ոք, ով հաջողությունը համարում է անձի բնական պահանջ, ճամպրուկները հավաքած շարժվում է Տիկին Հաջողության գնացած ճանապարհով:
Ունեզուրկին մնացել է մի ելք: Փախուստ:
Այդ փախուստի մեջ էլ մեռնում է նորանկախ երկրի երջանիկ ապագայի մասին առասպելը:
***
Պրոմեթեւսի մասին զրույցը Ֆրանց Կաֆկան ներկայացնում է չորս պատումով ու բացատրությունը տեսնում է անբացատրելիի մեջ: Դեպքերի զարգացումը, ըստ նրա, հանգեցնում է աբսուրդի: Սակայն մի հանգամանք անտեսում է հեղինակը, այն, որ ժամանակն ունի մի շատ աներես հատկություն: Նա` ժամանակը, ընթանում է նաեւ աբսուրդի մեջ: Ժամանակի մեջ նորից ու նորից ակամա վերապրում է առասպելի հերոսը, ու առաջ են գալիս հաջորդ` հինգերորդ ու դրան հաջորդող վարկածները: Աբսուրդի առաջ կանգնած էլ յուրաքանչյուր ոք ունի իր հեռանկարը: Մարդն ապագայի էակ է, առավել եւս Պրոմեթեւսը, որ գուշակում էր ապագան, ուստի չէր կարող ավարտվել նրա կենսագրությունը չորրորդ ու վերջին տարբերակով:
Ըստ հինգերորդ տարբերակի` Պրոմեթեւսը մի պահից սկսեց գնահատել իր տեղն իրականության մեջ, գնալով սկսեց համոզվել, որ անհիմն չէ իրեն հարուցված մեղադրանքն ու սահմանված պատիժը: Ինքը խաբել է ընկերոջը` Հեփեստոսին, կատարել է գողություն, ընդ որում՝ կանխամտածված: Իր արարքի դրդապատճառն էլ ցեղային շահն էր: Իմացության լույսն ստանալու դիմաց մարդը պետք է ունենար տիտանների նկատմամբ հատուկ վերաբերմունք: Նրա խաղը եղել է երկակի: Զեւսին իշխանության բերելով` ինքն ընդունվեց աստվածների կողմից եւ աստվածային կլանի օրենքներին հավատարիմ լինելու փոխարեն դավաճանեց նրանց, ինչի համար էլ մերժվեց ու պատժվեց: Որ իմացության կրակի նվերը վերջնականապես ոչնչացնելու է մարդուն` սկսում է ուրվագծվել ժամանակի հետ:
Մարդկանց համար կրակ գողացողը, մարդկանց ազատարարը լսում էր տրտունջ այդ նույն մարդկանցից, ինչը սպառնում էր վերածվել անեծքի ու նախատինքի: Ազատությունը դարձավ բեռ, անկախությունը ստրկություն` մարդու համար: Իր մեղքն ընդունելու ու վիճակի հետ հաշտվելու մի կենսական կարեւոր հանգամանք էլ կար: Որքան խորանում էր սեփական մեղավորության զգացումը, այնքան նա ավելի հեշտ էր տանում ցավը: ՚Ինչու՞ արգելողը թույլ տվեց գողությունը: Գուցե դա հենց իր` Զեւսի սադրանքն էր: Եթե այդպես է, ապա հեռու չէ ներման ու ազատագրման օրըՙ, – մտածում էր նա: Այդպես էլ եղավ: Հայտնվեց մի կիսաստված ու ազատագրեց Պրոմեթեւսին: Առասպելն ասում է՝ մոռացան աստվածները կամ էլ հոգնեցին ու չտեսնելու տվեցին Հերակլեսի զանցանքը: Մոռացումն ու հոգնածությունը համոզիչ դրդապատճառներ չեն հանցանք ներելու: Հանցակիցն է չտեսնելու տալիս հանցանքը: Եվ մեղավորության զգացումը, որ մտավ Պրոմեթեւսի մեջ, հանգուցալուծեց առճակատումը: Օլիմպոսյան կյանքը երեւակվեց երկրի վրա: Ազատագրված Պրոմեթեւսը նոր լույսով բերեց մարդկանց մեղավորության զգացումը: Սա էր պետք աստվածներին: Ամրագրվեց երկրի վրա արատն ու արատավոր կարգը: Կարեւորը, որ լինեն մեղավորներ ու մեղավորության զգացում: Զգացում, որը ծնում է հպատակություն:
՚Որպեսզի ենթարկվեն քեզ, դու ինքդ պետք է ենթարկվեսՙ:
Հազարամյա հնության առասպելներով ներծծված մեր ժողովուրդն իր իշխանավորի բերանով հռչակեց հանրային կյանքը կանոնակարգող ամենաունիվերսալ բանաձեւը: Այդ կարգախոսով էլ օլիմպոսյան երկնային հանցագործ բարքերը երկնքից երեւակվեցին նորանկախ երկրի վրա, ու ազատագրման հեռանկարը թաղվեց անբացատրելիի խորքում: Սակայն այնտեղ՝ նույնիսկ անբացատրելիի ընդերքում, միշտ կա բաց մի հնարավորություն նրանց համար, ովքեր սպասում են իրենց չվերթին երկնքի ու երկրի սահմանի վրա: