Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
1483 թվականին պորտուգալացի ծովագնաց Դիոգո Կանը հասել է Կոնգո գետի գետաբերան եւ առաջին շփումներն ունեցել տեղաբնիկների հետ: Բնիկները Կոնգոյի թագավորության միապետ Նքուվու Նզինգայի հպատակներն էին: Նրանք հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, սակայն օգտագործում էին չափազանց պարզունակ գյուղատնտեսական գործիքներ: Պորտուգալացիների հետ շփման մեջ մտնելով` գյուղացիները ծանոթանում են անիվին եւ գութանին, բայց հրաժարվում են օգտագործել դրանք իրենց առօրյա աշխատանքի մեջ:
Այդպիսի պահվածքի պատճառը եվրոպական տեխնոլոգիաների նկատմամբ կոնգոցիների հակակրանքը չէր: Նրանք, օրինակ, շատ արագ ու հեշտ սկսեցին օգտագործել պորտուգալացիների կողմից ներկրված հրացանները: Անիվն ու գութանը փոխառնելու ցանկության բացակայությունը գյուղացիների մոտ բացատրվում է Կոնգոյի թագավորության տնտեսաքաղաքական համակարգի բնույթով: Երկրի էլիտան պահպանում էր իր իշխանության տնտեսական հիմքերը՝ կեղեքիչ գործողությունների շնորհիվ: Նզինգան բազմաթիվ կամայական հարկեր էր գանձում հպատակներից, նրանց ունեցվածքը եւ ստացած բերքը յուրաքանչյուր պահի կարող էր բռնազավթվել պետության կողմից: Դա է պատճառը, որ գյուղացիները որեւէ կերպ շահագրգռված չէին ընդունել նոր տեխնոլոգիաները եւ սեփական աշխատանքը շատ ավելի արդյունավետ դարձնել:
Զարգացման համար այդ խիստ կարեւոր խթանիչ գործոնները տնտեսագիտական եւ քաղաքագիտական գրականության մեջ (հատկապես նոր ինստիտուցիոնալ տեսության մեջ) հայտնի են անգլերեն incentive բառով: Incentive-ը հայերեն կարելի է թարգմանել որպես դրդապատճառ, շարժառիթ կամ խթան: Աշխարհի բոլոր երկրների քաղաքական համակարգերը կարելի է դասակարգման ենթարկել` հաշվի առնելով դրանց մեջ զարգացման համար գոյություն ունեցող շարժառիթների առկայությունը կամ բացակայությունը: Մարդկության պատմությունն ինքին իրենից ներկայացնում է այդպիսի համակարգերի հաջորդականություն: Օրինակ, ստրկատիրական հասարակարգում ստրուկն ավելի քիչ դրդապատճառներ ուներ արդյունավետ աշխատելու համար, քան ճորտը ֆեոդալական հասարակարգում, որի շահագրգռվածությունն իր հերթին չի կարելի համեմատել վարձու բանվորների կամ ազատ գյուղացիների մոտ գոյություն ունեցող շարժառիթների հետ:
Ժամանակակից աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք զարգացման համար առավել շատ շարժառիթներ են ստեղծում: Դրանք հիմնականում ազատ շուկայական հարաբերություններ ունեցող ժողովրդավարություններն են: Սակայն ավտորիտար համակարգերում եւս կարող են լինել զարգացման համար շահագրգռող գործոններ, եթե իշխող ռեժիմը որոշակի տնտեսական ազատություններ է ընձեռնում իր քաղաքացիներին: Դրա ամենավառ օրինակներն են Չիլիի սրընթաց տնտեսական աճը Պինոչետի իշխանության օրոք, Հարավային Կորեայի հետպատերազմյան պատմության ավտորիտար շրջանը, Սինգապուրի մոդելը եւ այլն: Տոտալիտար եւ հետտոտալիտար համակարգերում նույնպես հնարավոր է տնտեսական շարժառիթների ստեղծումը: Օրինակ, Խորհրդային Ռուսաստանում «ռազմական կոմունիզմի» աղետալի հետեւանքները վերացվել են միայն «ՆԵՊ»-ի ընդունումից հետո, երբ գյուղացիությունը որոշակի տնտեսական ազատություններ է ստացել, որոնք էլ նպաստել են կործանված տնտեսության վերականգմանը: Իսկ Դեն Սյաոպինի բարեփոխումները հսկայական խթան են հանդիսացել Չինաստանի ահռելի մարդկային ռեսուրսի արդյունավետ օգտագործման համար: Թե Լենինը, թե Սյաոպինը հասկացել էին շարժառիթների կարեւորությունը տնտեսական աճի համար: Մի խոսքով, շահագրգռող գործոնների առկայությունը կամ բացակայությունը կարեւորագույն դեր են խաղում երկրների զարգացման ու ձախողման մեջ: Եվ խոսքը ոչ միայն տնտեսության մասին է:
Արցախում զարգացման համար տնտեսական շարժառիթները խիստ սահմանափակ են, ինչը պայմանավորված է մի շարք օբեկտիվ եւ սուբեկտիվ գործոններով:
Բոլորովին վերջերս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ շուկայական տնտեսություն կառուցելն Արցախի գլխավոր հաջողություններից է: Սա մի լեգենդ է, որը տարածվում է ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Արցախում, ինչպես նաեւ հետխորհրդային այլ բազմաթիվ երկրներում, ազատ շուկայական հարաբերություններ երբեք չեն եղել եւ չկան: Ազատ շուկայական հարաբերությունները ենթադրում են տնտեսական բոլոր դերակատարների համար մրցակցային հավասար պայմանների ստեղծում, այդ դերակատարների սեփականության իրավունքի պաշտպանություն պետության կողմից, իշխանության եւ բիզնեսի տարանջատում եւ այլն: Արցախում այդ ամենը գոյություն չունի, ինչը եւ սահմանափակում է շարժառիթները տնտեսության զարգացման համար:
Իշխանական էլիտայի ներկայացուցիչները, միաժամանակ լինելով երկրի գլխավոր օլիգարխները, օգտագործում են ողջ պետական համակարգն անձնական բիզնեսներն ընդլայնելու համար: Եթե երկրի առաջին դեմքերից մեկը զբաղվում է հողագործությամբ եւ օգտագործում է իր դիրքն ու պետական ռեսուրսները սեփական հողատարածքները սպասարկելու համար, ապա պարզ է, որ հասարակ գյուղացու, օրինակի համար, ոռոգվող հողատարածք ունենալու շանսերը նվազագույն են, ինչն էլ ուղիղ կերպով ազդում է բերքատվության վրա: Դրա արդյունքում պետական բարձրաստիճան պաշտոնյայի տնտեսությունը ծաղկում է, նա ձեռք է բերում նորանոր հողատարածքներ, իսկ հասարակ գյուղացին կորցնում է հողագործությամբ զբաղվելու բոլոր շարժառիթները: Նույն երեւույթը տեղի է ունենում նաեւ տնտեսության այլ ոլորտներում: Այդպիսով, իշխանության եւ բիզնեսի սերտաճումը (որը կոռուպցիայի տարատեսակներից է) եւ հաստատված քվազիկապիտալիզմը Արցախում տնտեսական խթաններն ու շարժառիթները ոչնչացնող գլխավոր գործոններից է:
Արցախում տնտեսական շարժառիթները ոչնչացնող մյուս որոշիչ գործոնը երկրում վարվող հարկային քաղաքականությունն է: Իշխանություններն ամեն քայլափոխի հայտարարում են, որ ԼՂՀ հարկային համակարգն ամենաբարենպաստն է բիզնեսի համար Հարավային Կովկասում: Սակայն իրականությունն այլ բան է փաստում: ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն իրականում ծառայություն չէ, այլ հարկային մահակ, որն իր կամայական տույժերով իսկական պատուհաս է դարձել տնտեսվարող սուբյեկտների համար, նպաստում է Արցախի տնտեսության մենաշնորհմանը երկրի էլիտայի կողմից, խոշոր կապիտալի կենտրոնացմանը իշխանական բեւեռում եւ մանր ու միջին բիզնեսի ոչնչացմանը:
Շարժառիթների բացակայության կարեւորագույն պատճառներից են նաեւ հսկայական բյորոկրատիան եւ դոտացիաների միջոցով աշխատող համակարգը: Արցախում արդեն իսկ ձեւավորվել է բյուրոկրատական մտածելակերպ եւ պահվածք ունեցող մարդկանց խավ, որը որեւէ շարժառիթ չունի մտածել զարգացման մասին: Արցախցի ուսանողների մեծամասնությունը որակյալ կրթություն ստանալու իրական մոտիվացիա չունի, քանի որ պետական համակարգում աշխատելու համար առանձնահատուկ գիտելիքներ եւ ունակություններ պետք չեն: Այսինքն` այս համակարգը ոչնչացնում է գիտելիքի նկատմամբ պահանջարկը հասարակության մեջ: Այդ ամենի արդյունքում համալսարանները կրթական հաստատություններից վերածվել են կառույցների, որոնց հիմնական նպատակը երիտասարդության սոցիալիզացիան է:
Դոտացիաների հաշվին գոյատեւող գյուղական համայնքները եւս շահագրգռված չեն զբաղվել նախաձեռնողականությամբ: Շարժառիթների ոչնչացման մեջ դոտացիաների դերի մասին փաստող լավագույն օրինակն Արցախի մեդիա դաշտն է: Երկրի գրեթե բոլոր լրատվամիջոցները գոյատեւում են պետական դոտացիաների շնորհիվ: Դրանք ամբողջովին կտրված են շուկայի օրենքներից, որեւէ կերպ կախված չեն իրենց լսարանից ու ապրում են զուգահեռ իրականության մեջ: Ուստի այդ լրատվամիջոցները որեւէ շարժառիթ չունեն որակյալ մեդիա արտադրանք մատակարարել հասարակությանը, քանի որ բոլոր դեպքերում իրենց կատարած աշխատանքի համար վարձատրությունը նույնն է լինելու:
Բակո Սահակյանի նախագահության շրջանում Արցախում ստեղծված այս լճացած համակարգը ոչնչացնում է բոլոր շարժառիթները երկրի զարգացման համար: Այս համակարգը վերջին տարիների ընթացքում քաղաքացիների մոտ միայն մեկ շարժառիթ է ստեղծել` արտագաղթելու շարժառիթ: Այդ համակարգը փոխելու միակ միջոցը հասարակական ուժեղ ինստիտուտների ստեղծումն է: