Վահրամ ԹՈՔՄԱՋՅԱՆ
Պատմաբան
Երևան
ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ դրեց հանրակրթության չափորոշիչների նախագիծը, որի միայն մեկ բաղադրիչ ենթարկվեց լայն քննարկման: Այն է՝ ՀԵՊ առարկայի լինել-չլինելու հարցը: Կողմերը այնքան տարվեցին այդ քննարկումով, որ նույնիսկ «մոռացան» նկատել «Հայոց պատմություն» առարկայի բացակայությունը 6-րդ դասարանում: Փոխարենը գործ ունենք «Հայրենագիտություն»5 բաղադրիչի հետ, որում ինտեգրման փիլիսոփայությունը չափորոշչի հեղինակների ամենավառ երևակայությունն անգամ չի կարող բացատրել: Այս փոքրիկ գրվածքում, կփորձենք զերծ մնալ հուզական դաշտից և խնդիրը քննել իրավական հարթությունում:
Մի փոքր նախապատմություն
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների Ուսումնական պլաններում ներառվեց 2002թ.-ից սկսած: 2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ։ Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Կաթողիկոսի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով՝ կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ։
Այն նախապես փորձնական առարկա էր, իսկ հետագայում արդեն դարձավ պարտադիր: Առարկայի դասագրքերի հետ կապված ծախսերը, ուսուցիչների վերապատրաստումը և դասավանդման վերահսկողությունը իրականացվում է ՀԱՍԵ Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի կողմից: Կրթության և գիտության նախարարությունը ԿԱԻ մասնակցությամբ (կառույցը լուծարված է) իրականացնում էր առարկայի պետական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների և ուսումնական ուղեցույցների և դասագրքերի հաստատումը: Առարկան պարտադիր դասավանդվում է 5-9-րդ դասարաններում և 10-11-րդ դասարանների հումանիտար հոսքերում:
Ավելի ուշ, որպես 2-4-րդ դասարանների ուսումնական պլանների դպրոցական բաղադրիչում, ԿԳՆ երաշխավորությամբ ներառվեց «Հայոց եկեղեցու պատմություն» (Քրիստոնեական կրթություն) առարկան: Այժմ այն դասավանդվում է 74 հանրակրթական դպրոցներում:
Առկա իրավիճակ
Դաշտում առկա են մի քանի հետազոտություններ, որոնցում ուսումնասիրվել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը, բովանդակությունը, մեթոդական կառուցվածքը, օժանդակ նյութերը, դրանց ազդեցությունները:
Առարկան ամբողջական ուսումնասիրության չի ենթարկվել հարակից դիսցիպլիններում՝ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Մայրենի լեզու» ներկայացվածության մասով: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի բազմաթիվ թեմաներ ներառված են նշված առարկաների բովանդակության մեջ: Ըստ էության, մենք ունենք դասընթացի տարբեր բաղադրիչների կրկնություն և արհեստական ծանրաբեռնում: Այնինչ, 21-րդ դարի կրթական լրջագույն խնդիրներից է ուսումնական նյութերի բեռնաթափումը: Այս խնդիրն առկա իրողությունների պայմաններում քննարկվում է մի շարք դիտանկյուններից՝ ծավալային նպատակահարմարություն, սովորողների իրավունքներ, արհեստական ուռճացվածություն, կյանքի հմտությունների ձևավորում, կիրառելի հմտությունների ձևավորում և այլն:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է ՀՀ շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր դասընթաց: «Հայոց եկեղեցու պատմություն» (Քրիստոնեական կրթություն) առարկան, այժմ դասավանդվում է 74 հանրակրթական դպրոցներում:
Մի շարք ուսումնասիրություններում և զեկույցներում կան փաստեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ առարկայի դասավանդման ժամանակ խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից միջազգային համաձայնագրերով երաշխավորված իրավունքները: Հիմնական մտահոգությունները կապված են հետևյալ երևույթների հետ.
- Դասերի ժամանակ կրոնական ծիսակատարությունների կամ կրոնական ծիսակատարության տարրերի կատարում,
- Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ այլ կրոնական կազմակերպությունների դեմ քարոզչության և թշնամանքի սերմանում,
- Կրոնական և ազգային պատկանելության նույնականացում,
- Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության սերմանում,
- Ստեղծական և քննական մտածողության խոչընդոտում:
ԿԳՆ-ն և ՀԱՍԵ-ն երիցս հավաստիացրել են, որ այս առարկայի դասավանդումն իր մեջ չի ներառում քարոզչական բաղադրիչ: Սակայն առկա իրավական մոտեցումները, որոնք ամրագրված են ԿԳՆ-ՀԱՍԵ համաձայնագրում և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2007 թվականին ընդունված օրենքում, հակասում են այդ պնդումներին:
ՀՀ Սահմանադրության հոդված 17.
Պետությունը և կրոնական կազմակերպությունները
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
- Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
- Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածների շուրջ ծավալվել են բազմաթիվ քննարկումներ: Հատկապես 18-րդ հոդվածի նման ձևակերպումը կարող է տարընկալումների և տարատեսակ մեկնաբանությունների հիմք տալ, ինչին և ականատես ենք լինում այս փուլում: Հասկացությունների անմեկնելի թողնելը և հստակ սահմանումներ չտալը, խնդիրներ է առաջացնում նաև համապատասխան օրենքում: Նույն Սահմանադրության Հոդված 29-ով սահմանվում է խտրականության արգելքը. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Դաշտում առկա հետազոտություններ փաստում են, որ կան դեպքեր, երբ առարկայի շրջանակներում նույնացվում են սովորողի ազգային ինքնությունը և դավանական պատկանելիությունը: Փորձ է արվում մեկը պայմանավորել մյուսով: Իսկ երկրորդ՝ դավանական պատկանելիությունն ավելի է մասնավորեցվում, այն կապելով միայն ՀԱՍԵ հետևորդ լինելու հանգամանքի հետ: Կան արձանագրված դեպքեր, երբ այլակարծ սովորողների նկատմամբ կիրառվում է խտրականություն, դասընթացի բովանդակության մեջ կան հատվածներ, որոնք Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ այլ կրոնական կազմակերպությունների դեմ քարոզչություն և թշնամանքի սերմանում են:
Հարդյունս խախտվում են Սահմանադրության 38-րդ 1. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»: Սահմանադրության 39-րդ. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով »: Սահմանադրության 41-րդ 1. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը»: Սահմանադրության 42-րդ 1. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը »:
Սրանք Սահմանադրության այն հիմնական հոդվածներն են, որոնցից բխում են հանրակրթության և դրա բովանդակության ոլորտը կարգավորող օրենքները: Սահմանադրության 18-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Նույն՝ մայր օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ կետով հստակ սահմանվում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններն իրավահավասար են:
Հանրակրթության ոլորտը կարգավորվում է «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով, իսկ բովանդակությունը՝ Հանրակրթության պետական չափորոշչով: Կրթակարգի բազմաթիվ բաղադրիչներ ներառվել են Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, ուստի այն կորցրել է իր նշանակությունն որպես առանձին փաստաթուղթ: ՀՀ Սահմանադրության Հոդված 38-ը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-րդ սահմանում է կրթության բնագավառում պետական քաղաքականությունը.
1.Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը՝ որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:
- Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:
4.3 հոդվածի՝ այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին, հատվածը որևէ կերպ պարզաբանված չէ, բացառությամբ «ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների: Այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր կամ պարզաբանումներ, այս դրույթը չեն կարգավորում: Ավելի, ՀՀ վերջին՝ կրթության զարգացման պետական ծրագիրն ընդունվել է 2011-2015 թթ. համար: Առ այսօր, չկա նոր ծրագիր:
Նույն օրենքի հոդված 5-ում անդրադարձ է կատարվում կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներին: 5-րդ հոդվածի 6-րդ կետը հստակ սահմանում է ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը:
Վերոնշյալ՝ Կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածն ուղիղ հակասության մեջ է մտնում «ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին» օրենքի 8.2-րդ, այն է. «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»:
Առարկայի դասավանդումը և դրա բովանդակությունը փաստացի հակասության մեջ է մտնում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հետ: Փաստարկվածից զատ, այն խախտում է նաև նույն օրենքի 6-րդ Հոդվածում սահմանված կրթական իրավունքի պետական երաշխիքները.
- Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
Եվ այլ հարակից դրույթներ.
«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 12-րդ կետը ևս սահմանում է. «Հանրակրթական դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա»:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի տարբեր հոդվածներ ևս անդրադառնում են սույն խնդրին: Ի մասնավորի.
Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը
- Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:
Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հանրակրթութան ոլորտը կարգավորող գլխավոր օրենքներից մեկը հստակ սահմանում է, որ. «ՀՀ-ն ապահովում է կրթության աշխարհիկ բնույթը», ավելին՝ նույն օրենքով, ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել կրոնական գործունեություն կամ քարոզչություն: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի և այլ դիսցիպլինի միջոցով կրոնական կամ քաղաքական քարոզն ուղիղ հակասության մեջ են մտնում Հանրակրթության մասին օրենքի հետ: Առարկայի բովանդակության շատ հատվածներ օրենքի վերոնշյալ դրույթի խախտում են: Այստեղ տարակարծության տեղիք կարող է տալ միայն՝ «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» հատվածը: Այս օրենքը և կրթությանն առնչվող հարակից այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր կամ որոշումներ, դրույթը չեն կարգավորում: Թերևս այդ դրույթը կարգավորվում է «ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք կետերով:
Սույն օրենքով ՀԱՍԵ-ին տրվող լիազորություններն ուղիղ հակասության մեջ են մտնում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների հետ: Ավելին, բավականին երկար ժամանակ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան քարոզ է, թե ոչ: ՀԱՍԵ ներկայացուցիչները պնդում են, որ այն քարոզ չէ և մեր պատմության մեկ հատվածն է: Առարկայի բովանդակությանն այս դիտանկյունից անդրադառնալու կարիք չկա: ՀԱՍԵ-ին տրված լիազորությունները, այն է. «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները» կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի կողմից:
Մայր Աթոռի կայքում, հստակ նկարագրված են կենտրոնի նպատակները: Մասնավորապես նշվում է. «այն կոչված է զբաղվելու Ավետարանի քարոզչությամբ և հասարակության լայն շրջաններում քարոզելու և տարածելու կրոնական ծիսական, եկեղեցագիտական գաղափարախոսություն, որն անհամատեղելի է աղանդավորական և այլ կրոնական կազմակերպությունների քարոզած գաղափարների հետ»:
Մեկ այլ հատվածում, տրված է հետևյալ նկարագիրը. «ՔԴԿ-ն այսօր իրականացնում է քարոզչություն` համաձայն Հայ Եկեղեցու վարդապետության, կազմակերպելով Ս. Գրոց ուսուցում` հրատարակությունների և կենդանի քարոզչության միջոցով: Այն մշակում և իրականացնում է լսարանային հաղորդումներ, հաղորդաշարեր, դասախոսություններ` ռադիոյի, հեռուստատեսության և այլ լրատվական միջոցներով, պատրաստում և վերապատրաստում է կրթական ծրագրեր ու դասագրքեր կիրակնօրյա վարժարանների, նախադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, հովանավորում է Էջմիածին քաղաքում գործող կիրակնօրյա վարժարանները և ղեկավարում դրանց աշխատանքները»:
Ինչպես տեսնում ենք, ՔԴԿ-ի հիմնական նպատակներն արդեն իսկ մերկապարանոց են դարձնում այն պնդումները, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչ թե քարոզ է, այլ սոսկ պատմություն:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում հստակ ամրագրված է Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը.
«Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի և դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները , համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Դավանանքի, ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին»:
Հանրակրթության պետական չափորոշիչների 6. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժինը սահմանում է.
3) պետության և ազգային-հոգևոր կառույցների նշանակության, անձնական, հասարակական և ազգային շահերի միասնության, Հայաստանում ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործում սեփական ակտիվ մասնակցության նշանակության, մարդկանց միջև հավասարություն, արդարություն, բարեկամություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, գենդերային հավասարության և հասարակության մեջ սեռային խտրականության բացառման կարևորմանը.
4) ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունմանը:
Այսպիսով, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի այս ձևաչափով և բովանդակությամբ դասավանդումը խախտում է.
ՀՀ Սահմանադրության 17.2, 41, 42 հոդվածները:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 6-րդ կետը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երրորդ կետը:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:
Խնդրի բովանդակային-քաղաքական կողմը
Քննարկումները ցույց են տալիս, որ թե՛ ԿԳՄՍ ներկայացուցիչները, թե՛ խնդիրը շահարկողները չեն տիրապետում իրավիճակին ամբողջությամբ: Շահարկողների հիմնական խմբերը պնդում են. «Հայոց եկեղեցու պատմությունը հանում են դպրոցներից, ուրանում են գենը, ազգայինը» և այլն: ԿԳՄՍ-ն արդարանում է. «Հայոց եկեղեցու պատմություն առարկան չենք հանում, այլ ներառում ենք Հայոց պատմության մեջ»:
Երկու կողմն էլ սխալ են: Եկեղեցու պատմությունը միշտ է եղել ներառված Հայոց պատմության դասընթացում: Անգամ այն ժամանակ, երբ չկար «Հայոց եկեղեցու պատմություն» առանձին առարկա: Եվ դա բնական է, քանի որ ՀԱՍԵ պատմությունը, ինչպես հայոց ռազմարվեստի կամ արքաների պատմությունը, հայոց պատմության անքակտելի մասն է: Որևէ անհատ կամ համակարգ, չի կարող ջնջել այդ պատմությունը, ինչպես 1700-ից ավել տարիներ փորձեցին ջնջել հեթանոսության փուլի պատմությունը և չստացվեց:
Մյուս կողմից, ստացվում է, որ մենք, հանրակրթական դպրոցներում ունենք նույն պատմության երկու շարադրանք՝ պետության շարադրանքը և եկեղեցու: Ընդունեք, որ ակնառու հակասություն է: Նույն, շատ չարչրկված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը եկեղեցու պատմության դասագրքերում ներկայացվում է առասպելական-մարգարեական հատկություններով օժտված մեկը, որը շուռ էր տալիս գետի հունը: Իսկ հայոց պատմության դասագրքերում ներկայացված է այնպես, ինչպես որ կա: Իսկ այդ այնպես, ինչպես որ կան մենք գիտենք նույն՝ եկեղեցական պատմագրությունից:
Խնդիրը շարունակելու է շահարկվել, քանի դեռ իր մեջ ներառում է բազմաթիվ հուզական, զգայական տարրեր և չկա բովանդակային քննարկում: