Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրությունը եւ խաղաղարարությունը
Մի առիթով Բելֆաստում անվտանգության հարցեր լուսաբանող լրագրող Բրայան Ռոուանի հետ բանավիճեցինք ԶԼՄ-ների դերի մասին տեւական հակամարտություններում եւ, մասնավորապես, հյուսիսիռլանդական դիմակայությունում: Հայաստանից, Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած մի խումբ փորձագետների հետ զրույցի ժամանակ նա դժգոհեց այն հանգամանքից, որ Հյուսիսային Իռլանդիայում լրատվամիջոցները խաղաղարար առաքելություն չունեին: Ինձ թույլ տվեցի չհամաձայնվել նման հարցադրմանը, ավելի ճիշտ` չորրորդ իշխանությանը հավելյալ գործառույթ` խաղաղարարություն, վերագրելուն:
Հիշեցնելով մասս-մեդիայի դասական առաքելության մասին` տեղեկացնել, կրթել ու զվարճացնել, ես պնդեցի, որ հակամարտային իրավիճակներում կամ էլ տեւական ու արյունահեղ դիմակայություններում լրագրողների հիմնական, իսկ միգուցե նաեւ միակ առաքելությունը հանրությանը բարեխղճորեն տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ անաչառ ու լիարժեք տեղեկություններ ունենան կատարվածի մասին:
Բի Բի Սի-ում իր 26-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Դենիս Մյուրեյը լուսաբանել է խաղաղ գործընթացը Հյուսիսային Իռլանդիայում: 1997թ. նա ներկայացվել էր Բրիտանական կայսրության շքանշանի` հեռարձակվող լրագրության ոլորտում ավանդի համար: «Ռեպորտաժներ բանակցություններ վարելու եւ հասարակական կարծիք ձեւավորելու մասին. Հյուսիսային Իռլանդիայի փորձը» ուսումնասիրության մեջ նա գրում է. «Ես համոզված եմ, որ լրագրությունը հասարակական կարծիք չի ձեւավորում…Դա անում են փաստերը, իսկ լրագրության դերը կայանում է այդպիսի փաստերի մասին հանրությանը զեկուցելու մեջ: Հիմա դա կարող է ծիծաղելի թվալ, բայց 1970-ականներին Հյուսիսային Իռլանդիայում կարծր կարծիք կար առ այն, որ «ոչ մի տհաճություն էլ չէր լինի, եթե դուք, տղաներ, դրանք չցուցադրեիք հեռուստատեսությամբ»: Կարծես թե ԶԼՄ-ների աշխատակիցները, ռեպորտաժներ պատրաստելով ռմբահարությունների, հրաձգությունների եւ այլնի մասին, ապստամբներին էին ծառայություն մատուցում: Սույն տեսակետն իր գագաթնակետին հասավ, երբ Մարգարետ Թետչերը` Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետը, իր հայտնի դիտողությունն արեց «հրապարակայնության թթվածնի» մասին, դիտողություն, որն ի ցույց դրեց, որ չկա այն բանի ընկալումը, թե իրականում որոնք են ապստամբների դրդապատճառները, եւ ի վերջո հանգեցրեց «հեռարձակման սահմանափակումներին» կամ էլ, այլ կերպ ասած, փաստացի գրաքննության»[151]:
Մյուս կողմից էլ, հակամարտաբանության միջազգային փորձագետ Կլեմ Մակքարտնին ճշտում է` փաստերի հաղորդման մասին փաստարկը պիտի առնչված լինի այն բանի պարզաբանման հետ, թե ինչ են «փաստերը»[152]: Ըստ նրա, «Տեղեկատվական գործակալությունների մեծ մասը չի արտացոլում հանրությունն իր ամբողջության մեջ, այլ հանդիսանում է հանրության այն մասի հայելային արտացոլանքը, որը գնում է այս կամ այն թերթը, կամ էլ որին ուզում են ներգրավել: Նրանք ամրակալում են որոշակի կարծիքներ եւ սահմանափակում են այլ տեսակետների հետ շփման հնարավորությունը: Այսպես է գործում «հետադարձ կապի ամրապնդումը»: Փաստերի մասին հարցերից բացի` ԶԼՄ-ները նաեւ պարտավոր են պատճառների մասին հարցադրում անել: Իմ կարծիքով, լրագրողների համար ավելի հեշտ է խոստանալ բազմակողմանի լուսաբանել փաստարկները, քան չեզոքություն պահպանել»[153]:
Հակամարտությունների ժամանակ լրագրության դերը շարունակում է վիճելի մնալ: Միջկառավարական շատ հաստատություններ ու միջազգային լրագրողական կազմակերպություններ իրենց հռչակագրերում բազմիցս ընդգծել են ԶԼՄ-ների կարեւոր դերը հակամարտությունների կառուցողական լուսաբանման եւ ազգամիջյան թշնամանքի կանխարգելման գործում (1995թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի Վեհաժողովի 5.61 բանաձեւով հաստատված Հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր, Խաղաղության մշակույթի մասին ՄԱԿ-ի հռչակագիր[154]): Դուշան Ռելժիչն[155] առանձին գլուխ է հատկացրել այդ առաքելությանը: Այն կոչվում է «Կոնսենսուսային (կոնսոցիատիվ) ժողովրդավարությունը եւ «կառուցողական լրագրությունը»: Ահա թե ինչ է նա գրում. «Իդեալական տարբերակում զանգվածային լրատվության միջոցները պետք է առնվազը ձգտեն նպաստել հարցի խաղաղ լուծմանը, այլ ոչ թե հակամարտությունը սրող նախապաշարմունքները սնուցեն: Կոնսենսուսային ժողովրդավարության հայեցակետը նման իդեալական լրագրությանը կարեւոր տեղ է հատկացնում հակամարտությունների կանխարգելման ու լուծման գործում… Այդուհանդերձ, միամտություն կլիներ հուսալ, որ ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ իրենց մասնագիտական պարտականությունը կհամարեն խաղաղության ու քաղաքացիական հասարակության արժեքների ակտիվ պաշտպանությունը»[156]:
Որո՞նք են լրագրողի չեզոքության սահմանները
Լրագրողների չեզոքության ու անաչառության մասին բանավեճերը միշտ էլ հրատապ են, պարզապես այս կամ այն իրադարձության համապատկերում, դրանք ավել կամ նվազ օրախնդիր են լինում: Լրագրության «ակսակալները» կարծում են, որ լրագրողն ու լրատվամիջոցը բոլոր դեպքերում էլ պարտավոր են անաչառ լինել: Սույն մոտեցումը մեծ պատասխանատվություն է դնում լրագրողի ուսերին` նրան հարկադրելով վեր լինելու իր մարդկային ու քաղաքացիական համակրանքներից, եւ անտեսում է այն հանգամանքը, որ լրագրողն էլ մարդ է մսից ու արյունից, ինչպես նաեւ իր ժամանակի ու իր երկրի արդյունքն է:
Ինձ թվում է, որ լրագրողի չեզոքության ու անաչառության մասին թեզը գործում է բնականոն պայմաններում, որոնց պարագայում այս որակների շուրջ փոխզիջում իրո՞ք չի կարող լինել, բայց ոչ արտակարգ հանգամանքներում: Կլեմ Մակքարտնիի կարծիքով, լրագրողի որոշումը պայմանավորող գործոնը պետք է լինի այն, թե ինչն է ինքն ավելի լավ կարողանում անել. «Հնարավոր է, կենսական պատմությունների հրապարակային լուսաբանումը հենց այն գործն է, որ կարող են անել միայն լրագրողները: Օրինակ, դասախոսն ի վիճակի չէ իր տեսական գիտելիքները կիրառել ճգնաժամային իրավիճակում, ուստի այստեղ լրագրողի միջամտությունն իմաստավորված է: Դա մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք լրագրողը դեպքի վայրում հայտնված միակ անձն է: Եթե ուրիշ մարդիկ էլ կան, ովքեր կարող են պաշտպանել մարդուն, ում վրա հարձակվել են, կամ էլ վիճել ինչ-որ հարցում, ապա լրագրողն ազատ է ինքը որոշելու` լուսաբանե՞լ այդ պատմությունը, թե՞ ոչ: Բայց եթե նրա կողքին ուրիշ ոչ ոք չկա, ապա նրա ուսերին դրվում է իրավիճակին միջամտելու ավելի լուրջ պարտականություն: Ավելին, լինում են իրավիճակներ, երբ լրագրողը մեն մենակ է լինում մեծաթիվ մարդկանց դեմ, երբ նրա համար միակ հնարավոր գործելակերպը կատարվածը ձայնագրելն է կամ նկարահանելը»[157]:
Կլեմ Մակքարտնին իրավացի է, բայց, ըստ իս, ավելի կարեւոր գործոն է հանրային ընկալումը: Ինչպե՞ս է լրագրողի չեզոքությունը կամ «որպես քաղաքացի ոչինչ չանելն» ընկալվելու հանրային գիտակցությունում: Կախված իրավիճակից` լրագրողը կարող է ավելի կարեւոր համարել հենց քաղաքացիական պարտքի կատարումը, բայց ոչ ի վնաս արհեստավարժության, քանի որ իրադարձությունն առանց իրեն էլ բավականաչափ լուսաբանվում է, եւ այլ ԶԼՄ-ների գրանցածի կրկնությամբ ինքն, ըստ էության, ոչինչ չի փոխի: Սակայն արհեստավարժ շատ լրագրողներ գտնում են, որ քաղաքացիական գործողությանը մասնակից լրագրողն իրավունք չունի լուսաբանելու նույն այդ գործողությունը, քանի որ ի հայտ է գալիս այսպես կոչված «դերային խնդիրը», կամ էլ շահերի բախման հարցը:
Սույն թեման ժամանակին արծարծել է նաեւ վերոհիշյալ Դենիս Մյուրեյը, երբ խոսում էր անձնական փորձի ու չեզոքության մասին: «1998թ. Օմում[158] կատարված ահաբեկչական գործողությունը այն դեպքերից մեկն էր, երբ իմ ու ITN-ի թղթակից Ջոն Իրվինի պատրաստած ռեպորտաժները մանրազնին վերլուծելով` դուք չեք գտնի ոչ մի հույզ կամ անձնական կարծիք: Սակայն, ես կարծում եմ, որ նույնիսկ ամենաանուշադիր հեռուստադիտողի մոտ չէր կարող կասկած ծագել, թե ինչ ենք մենք զգացել` բացառապես դատելով մեր ձայների տոնից: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես կարելի էր «չեզոք» կամ «անաչառ» մնալ, ինչին իմ պատասխանը միշտ անփոփոխ է մնում` քաղաքականապես չեզոք մնալը դժվար չէ: Հարցրեք ցանկացած լրագրողի, ով լուսաբանել է Դոյլի (Իռլանդիայի խորհրդարանի), Վեսթմինստրի (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի) կամ էլ ցանկացած այլ երկրի խորհրդարանի նիստերը, եւ նրանք կհաստատեն, որ մենք հանդիպում ենք ցանկացած կուսակցության այնպիսի անդամների հետ, որոնց մենք համակրում եւ հարգում ենք, ինչպես նաեւ ցանկացած կուսակցության այնպիսի անդամների հետ, ովքեր մեզ մոտ հակակրանք են առաջացնում կամ ում չենք հարգում: Ես հայտնագործեցի, որ ինձ համար շատ ավելի դժվար է չեզոք մնալ բռնի գործողություններից հետո, հատկապես` երբ զինված ուժի կիրառման անիմաստությունը պետք է որ ակնհայտ լիներ գրոհայինների համար (…): Ես խորապես հավատում եմ, որ չեզոքության գաղափարն ինքնին ծայրահեղ անհրաժեշտ է այս կղզիներում հանրային հեռարձակման համար: Փաստեր վերլուծող մեկնաբանների ճշմարտացիությունը, ինչպես նաեւ այն վստահությունը, որն ակնկալվում է հեռուստատեսային հաղորդման ու հեռուստադիտողի միջեւ, անփոխարինելի գործոններ են»[159]:
Կլեմ Մակքարտնին այս առնչությամբ ճշգրտում է, որ Բի Բի Սի-ն, որի մասին խոսում է Մյուրեյը, ոչ սովորական դեր է խաղում Մեծ Բրիտանիայի տեղեկատվական դաշտում: «Բի Բի Սի-ի խարտիայում ասվում է, որ հեռարձակումը պիտի «անկախ, անաչառ ու ազնիվ» լինի: Բի Բի Սի-ի աշխատակիցներն իրո՞ք չեն խոսում «չեզոքության» մասին: Նրանք հաճախ այլ բառ են օգտագործում` «հավասարակշռվածություն»: Ի տարբերության դրա, զանգվածային լրատվության միջոցների մեծ մասի մոտ կա խմբագրական ուղեգիծ, ինչը նշանակում է, որ նրանք հավասարակշռության չեն ձգտում: Փաստարկներից մեկը կայանում է նրանում, որ բազում տեսակետների արտացոլման համար տեղեկատվական գործակալությունների բազմազանություն է պետք: Դենիս Մյուրեյը եւս ցույց է տալիս, որ լրագրողների մեծամասնությունը զանգվածային կոնսենսուսի մասնակից է, ուստի եւ` ոչ անաչառ: Խնդիրը մասամբ նաեւ կայանում է նրանում, որ լրագրողներն իրենք չեն գիտակցում իրենց անաչառությունը, որը հաճախ արտացոլվում է նույնիսկ ոչ թե փաստերի ընտրության մեջ, այլ ընդամենը մի բառում կամ տոնում (այստեղ նկատի չունեմ Դենիս Մյուրեյի մեկնաբանությունը Օմում նրա ձայնի տոնի շուրջ)»:
Գնահատական եւ ինքնագնահատական
Դենիս Մյուրեյը նաեւ փորձել է ձեւակերպել հյուսիսիռլանդական փորձի բացառիկ հատկանիշները. «Եթե համայն աշխարհի խաղաղ կարգավորման գործընթացները ինչ-որ բան մեզ սովորեցրել են, ապա դա այն է, որ դրանք բացառիկ են` հակամարտությունների միջեւ կարող են նմանություններ, փոխարձագանքներ ու անդրադարձներ լինել, բայց դրանցից ոչ մեկը նույնական չէ մյուսին: Սակայն, չի կարելի ասել, թե հնարավոր չէ դասեր քաղել այս կամ այն իրավիճակից: Օրինակ, հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում մի քանի տարրեր կան, որոնք կարելի է համապիտանի պարտադիր պահանջներ համարել. համաձայնության գալու, կամ գոնե հակամարտությանը վերջ դնելու բոլոր կողմերի ցանկությունը, արբիտրի դերում միջազգային հանրության ներկայացուցիչների հանդես գալը, կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը եւ ԶԼՄ-ների կողմից գոնե նվազագույն վերահսկողությունը»[160]:
Բոլո՞րն են, արդյոք, համաձայն ԶԼՄ-ների կողմից վերահսկողության պնդմանը: Լրագրողներն, ինչ խոսք, կհամաձայնվեն: Բրայան Ռոուանն, օրինակ, վկայում է, որ շատ քչերին է հաջողվել շփվելու հակամարտության բոլոր կողմերի հետ. «1994 թվականին, երբ հանրապետականները հայտարարում էին կրակի դադարեցման մասին` հրավիրել էին միայն երկու լրագրողի: Այդ կազմակերպություններից շատերը փակ էին գործում: Բայց մենք ոչ միայն հրապարակում էին նրանց հայտարարությունները, այլեւ մի քանի խողովակներով ստուգում էինք: Բոլորն էլ ուզում էին օգտագործել մեզ, իսկ իշխանություններն էլ ուզում էին լավագույն լույսի ներքո ներկայացնել խաղաղ գործընթացի արդյունքները, թեեւ Ավագ ուրբաթի համաձայնագրից հետո 18 ամիս պետք եղավ կառավարություն ձեւավորելու համար: Իհարկե, մենք էլ էինք սխալվում եւ ստիպված էինք լինում ներողություն հայցել»[161]:
Իսկ ինչպե՞ս է ԶԼՄ-ների գործունեությունը գնահատում հանրությունը: Անցյալի հետ հաշտեցմանն ուղղված նախաձեռնություններ իրականացրած «Ապաքինում` հիշողության միջոցովե (Healing Through Remembering) կազմակերպության տնօրեն Քեյթ Թերները խոսում է ընդհանուր առմամբ խաղաղարարության եւ, մասնավորապես, իրենց կազմակերպության նկատմամբ ԶԼՄ-ների անտարբերության մասին: Դա դրսեւորվում է, օրինակ, նրանում, որ մասս-մեդիան չէր հետաքրքրվում իրենց հաշվետվություններով: Քեյթը նաեւ խոսում է միեւնույն թեմայի կամ իրադարձության նկատմամբ ԶԼՄ-ների տարբեր մոտեցումների մասին եւ բավականին ուշագրավ դիտարկում անում. «Նույն նյութը մի թերթում հայտնվում է առաջին, մյուսում` 18-րդ էջում»[162]: Ըստ նրա, ԶԼՄ-ները նեղացնում էին փոխզիջումների դաշտը. «Հնարավոր չէր ԶԼՄ-ները որպես գործիք օգտագործել բանակցային գործընթացում, որովհետեւ Միտչելը դեմ էր փաստաթղթերի հրապարակմանը»[163]:
Խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդ հանդիսացած Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության անդամ Շոն Ֆարենը փաստում է, որ ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ները մատչելի են բոլորի համար: Նրա կարծիքով, եկեղեցին ու ԶԼՄ-ները ազգայնականների այն երկու հաստատություններն էին, որոնք դեմ էին բռնությանը: «Համազգային ԶԼՄ-ներն աջակցեցին մեզ,- ասում է նա:- Պատասխանատու լրատվամիջոցները նորմալ են լուսաբանել մեր կուսակցության խաղաղարար գործունեությունը, սակայն մեզ համար մի իսկական խնդիր դարձան բուլվարային մամուլն ու տաբլոիդները, որոնց համար գլխավոր կողմնորոշիչները սենսացիան ու արյունն էր»[164]:
Դերմոտ Ահերնը` Իռլանդիայի Հանրապետության նախկին արտգործնախարարը, վկայում է. «Լրագրողներն ըմբռնումով էին վերաբերվում բանակցային գործընթացին, ճիշտ է` ուզում էին հնարավորինս շատ բան կորզել մեզնից, ընդսմին գիտակցելով, թե որքան կարեւոր է այդ գործը: ԶԼՄ-ները լավ են աշխատել, բացառությամբ տաբլոիդների: Ընդհանուր առմամբ, հանրությունը լավ տեղեկացված էր»:
«Բրիտանական մամուլն ու Հյուսիսային Իռլանդիան» հետազոտության հեղինակ Իմոն Մակքանը դժգոհում է, որ լրագրողների մեծամասնությունը չափից ավելի է հենվում «պաշտոնական» աղբյուրներին, ինչով էլ բացատրվում է երբեմն այս կամ այն պատմության լուսաբանումների ապշեցուցիչ նմանությունը: Նա մեջբերում է «Միրոր» թերթի նախկին աշխատակցին. «Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին հյուսիսիռլանդականն է, մարդիկ ստիպված են լինում սերտ կապերի մեջ լինել բանակի մամուլի ծառայության հետ: Նրանց աշխատանքը կպահանջի ինչքան հնարավոր է ավելի մտերիմ ծանոթություն հաստատել բանակի մամուլի քարտուղարի հետ, ինչն ինքնին արդեն իսկ կազդի մարդու դատողության վրա: Դրանից բացի, ստիպված ես լինում մշտապես մտահոգված լինել, որ մրցակից գործընկերները հանկարծ չշրջանցեն քեզ: Ոչ ոքի չեն հեռացնի «Միրորից» նրա համար, որ չի գրել հանգամանորեն ստուգված եւ լավ հետազոտված հոդված, որում մեծ ջանք էր թափված, բայց ահա մարդիկ կարող են աշխատանքից ազատվել, եթե նրանց մրցակիցներին հաջողվել է ԻՀԲ-ի մասին սենսացիոն նյութ հայթայթել»[165]:
Դենիս Մյուրեյը մասամբ համաձայն է նման հարցադրմանը, բայց դրանով հանդերձ, ուշադրություն է սեւեռում ընտրության այն իրավունքի ու հնարավորության վրա, որոնք ունի լրագրողը. «Ես շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեի Թոնի Բլերի հաղորդակցման հարցերով տնօրենի` հայտնի «սպին-դոկտոր» Ալեստեր Քեմփբելի հետ… Մի անգամ երեկոյան նա հեռախոսային ճեպազրույց էր անցկացնում ինձ համար. նա գտնվելով Դաունինգ-սթրիթում, ես` Ստորմոնտյան ամրոցում, որտեղ ընթանում էին Ավագ ուրբաթի հանգեցրած բանակցությունները: Ինչ-որ մի պահի նա ինձ ասաց. «Մեզ նաեւ կօգներ, եթե դու ասեիր…»: «Կարո՞ղ ես կանգ առնել հենց այս պահին, Ալեստեր: Եթե դու ինձ ասես մոտավորապես այսպիսի բան` «Կառավարության քաղաքականությունը կայանում է հետեւյալում…», կամ էլ` «վարչապետը գտնում է», կամ էլ «նրա անձնական մամուլի քարտուղարը հայտարարում է», ապա ես կզեկուցեմ այդ մասին, բայց ես այստեղ եմ բացարձակապես ոչ նրա համար, որ օգնեմ ձեզ»: Նա ծիծաղեց եւ ասաց, որ ես չափից ավելի զգայուն եմ, իսկ ես պատասխանեցի` «Բա… Ես խոսում եմ բջջային հեռախոսով, այն էլ Հյուսիսային Իռլանդիայում»: «Օքեյ,- ասաց նա ու շարունակեց,- կառավարության դիրքորոշումը կայանում է հետեւյալում…»: Ինչ որ է, սա բավականին անվնաս ու թեթեւակի զավեշտալի պատմություն է, որն, այդուհանդերձ, ի ցույց է դնում մի կարեւոր հանգամանք. ես կարող էի ռեպորտաժ անել այն մասին, ինչ ասել էր Ալեստերը, բայց անհրաժեշտության դեպքում կարող էի նրա խոսքերին քննադատաբար վերաբերվել ու իմ ոճով վերլուծել այն, ինչ նա էր ասել»:
Լոնդոնում, Բելֆաստում եւ Դուբլինում լրագրողների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպումներից ու զրույցներից ես այն եզրահանգման եկա, որ հանրությունը բավականաչափ տեղեկացված էր խնդրի կարգավորման մասին, ավելին` մարդիկ ըմբռնումով էին վերաբերվում լրագրողների աշխատանքին: Այդ մասին մեզ հետ խոսեց նաեւ հայտնի անկախ լրագրող Ֆիոնուլա ՕՔոննորը. «Լրագրողներին գրեթե ոչինչ չէր սպառնում: Միայն մի լրագրող է զոհվել դիմակայության ընթացքում»[166]: Ընդհանուր առմամբ, հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում լրագրողների աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ Ավագ ուրբաթի համաձայնագրից հետո սենատոր Միտչելը` գլխավոր բանագնացը, նամակ հղեց բանակցությունների ընթացքը լուսաբանած բոլոր թղթակիցներին եւ նրանց երախտագիտություն հայտնեց խաղաղ գործընթացում ունեցած ներդրման` ընդամենը փաստերի ճշմարտացի լուսաբանման համար:
Ուշադրություն դարձրեք «փաստերի ճշմարտացի լուսաբանման» վրա: Ընդսմին, հանրությունում խրախուսվում էր բանակցություններին լուրջ ու պատասխանատու վերաբերվելը, այսինքն` կոչ էր արվում հրաժարվել այն ամենից, ինչը կարող էր բացասականորեն անդրադառնալ դրանց արդյունքների վրա: Դենիս Մյուրեյը գրում է. «Ես գտնում եմ, որ հանրությունը բոլոր իրավունքներն ունի տեղեկացված լինելու բանակցությունների մասին` դրանց առաջխաղացման չափով, սակայն հակամարտության դադարեցման շահերից ելնելով նման բանակցությունները պետք չէ անցկացնել խորհրդարանական համաժողովների դռնբաց ձեւաչափով»[167]:
Բրիտանական եւ իռլանդական չափորոշիչներ
Իռլանդացիները սիրում են հեգնանքով վերաբերվել նրան, թե ինչպես են բրիտանական թերթերը պարծենում լրագրության բարձր չափորոշիչներով: Բրիտանական հանրությանը, ըստ իռլանդացիների, փորձում են համոզել, որ իրենց մամուլը աշխարհում լավագույնն է, եւ որ այն «ազատության պահապանն է»: Մինչդեռ, ինչպես գրում է Իմոն Մակքանը իր «Բրիտանական մամուլն ու Հյուսիսային Իռլանդիան» աշխատության մեջ, այն ժամանակ, երբ խմբագիրներն ու բարձրագույն օղակի ղեկավարները ժամանակ էին սպանում իրենց էթիկական անաղարտությամբ զմայլվելով, շարունակվում էր Հյուսիսային Իռլանդիայի մասին նորությունների կառավարման աշխատանքը եւ դրանց խեղաթյուրումը: «Բրիտանացիների մեծ մասը կիսում է Հյուսիսային Իռլանդիայում կատարվածի մասին աղճատված կարծիքները,- գրում է նա:- Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք հավատում են այն ամենին, ինչ կարդում են: Ինչ խոսք, եղել են նաեւ արժանապատիվ բացառություններ, սակայն ռեպորտաժների ուսումնասիրումն ի հայտ է բերում խեղաթյուրման հստակ մոդելը: Գիտակցաբար, թե ոչ` լուրերը պարբերաբար ներկայացվում էին այն ձեւով, որն արդարացնում էր բրիտանական իստեբլիշմենտի ենթադրություններն ու նախապաշարմունքները եւ ծառայում բրիտանական կառավարության անմիջական կարիքներին»:
Մակքանի վկայությամբ, առկա էր հնարավոր ու անհնար բոլոր չարագործություններում անհապաղ, առանց որեւէ ապացույցի ԻՀԲ-ին մեղադրելու միտում: Բրիտանական մամուլը ԻՀԲ-ին պատկերում էր` չհենվելով գոյություն ունեցող որեւէ փաստի վրա, եւ դա մամուլի ու բանակի հատուկ փոխհարաբերությունների արդյունք էր: Մաքկանը բազմաթիվ օրինակներ է բերում: Դրանցից մեկը Բելֆաստում 17-ամսական Անջելա Գալահերի եւ Դերիում 14-ամյա Անեթ Մակգավիգանի մահն էր: ԻՀԲ-ի երկու թեւերն էլ ժխտում էին իրենց մասնակցությունն այդ միջադեպերին: Անջելա Գալահերին առնչվող միջադեպը տեղի է ունեցել կաթոլիկ թաղամասում, ուստի եւ մասամբ տրամաբանական էր կասկածելը (բայց ոչ ավելին) իռլանդական հանրապետականներին համակրող որեւէ մեկի: Բայց նաեւ փաստեր էին պետք:
Սակայն, ինչպես գրում է Մակքանը, «հենց որ ԻՀԲ-ն հայտարարվեց գլխավոր թշնամի` փաստերի մասին ցանկացած հոգածություն մի հրաշքով ի չիք դարձավ: ԻՀԲ-ի կողմից կատարվող զանգվածային սպանությունների, դրամաշորթության եւ սպառնալիքների, ԻՀԲ-ի անդամների կողմից մարդասպան երեխաների պատրաստման եւ այլնի մասին պատմությունները որպես արդարացում էին ծառայում պատժիչ միջոցների ուժեղացման համար: Հենց այդ հիման վրա էլ «Գարդիանը», որն իրեն բրիտանական լիբերալ հանրության խիղճն է համարում, կարող էր միանգամայն վայելուչ դրդապատճառներով պաշտպանել կալանման պրակտիկան: Հենց այդպիսի պատմությունների շնորհիվ էլ բրիտանական կառավարությանը հաջողվեց նման քաղաքականություն վարել»[169]:
Իսկ արդյո՞ք անբասիր էին կաթոլիկներին համակրող իռլանդական ԶԼՄ-ները, արդյո՞ք դրանք համարժեք են արձագանքել ժամանակի հիմնական խնդիրներին: Խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդի դեր կատարած Սոցիալ-դեմոկրատական լիբերալ կուսակցության անդամ, Ջոն Հյումի գործընկեր Դենիս Հոգին մի հետաքրքրաշարժ դրվագ է պատմում. «Երբ բանակցային գործընթացում ճգնաժամային պահ եղավ, ինչի կապակցությամբ էլ Հյումը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, «Irish News» թերթն այդ կարեւորագույն հանդիպմանն ընդամենը մի քանի պարբերություն նվիրեց ներսի էջերում, իսկ առաջին էջում զետեղեց «Շին Ֆեյնի գրասենյակի պայթեցման սպառնալիք» նյութը: Իսկ կատարվել էր ընդամենը այն, որ «Շին Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսի թիկնապահներից մեկը` Կիկի Քլարկը, մոտակայքում կասկածելի մեքենա էր տեսել»:
Մինչեւ Ավագ ուրբաթը եւ դրանից հետո
60-ականները բարենպաստ էին հանուն քաղաքացիական իրավունքների շարժումների նկատմամբ վերաբերմունքի առումով, շատ ԶԼՄ-ներ Բելֆաստ էին ուղարկում իրենց թղթակիցներին: Կաթոլիկ շրջաններում լավ էին վերաբերվում լրագրողներին ու լուսանկարիչներին: ԶԼՄ-ները պաշտպանում էին Թերենս Օ’Նիլին, ում ներկայացնում էին որպես «շրջահայաց խաչակիր»: Իրադարձությունների կոպիտ աղճատումներ գրեթե չկային: Նույն Մակքանի վկայությամբ` «Միրոր» թերթը որոշ ժամանակահատվածներում Դերիում 12 թղթակից էր պահում: Նրանցից քչերն էին հանգամանալից տեղեկությունների տիրապետում գործերի իրական վիճակի մասին: Նրանցից ոմանք թափառում էին փողոցներում` խնդրելով իրենց ծանոթացնել մեկի հետ, ով խտրականության զոհ է դարձել, կամ էլ հետնախորշերում ապրող ու կաթոլիկ դավանանքի տեր որեւէ բնակչի: Սակայն, չնայած հանուն քաղաքացիական իրավունքների արշավի բարյացակամ լուսաբանմանը` արդեն այդ փուլում սկսեց նկատվել բռնության ցանկացած գործողության մեջ ԻՀԲ-ին մեղադրելու միտում: Օրինակ, ենթադրվում էր, որ ԻՀԲ-ն պատասխանատվություն է կրում Օ»Նիլի հրաժարականին նախորդած ահաբեկչական գործողությունների համար, սակայն լուսաբանումն առաջվա պես չափավոր ու նրբանկատ էր:
Կլեմ Մակքարտնին նշում է, որ «Հյուսիսային Իռլանդիայում խտրականության համար մեղադրանքն ընկնում էր տեղի վարչակազմի վրա, իսկ բրիտանական կառավարությունը կարող էր հայտարարել ու հայտարարում էլ էր, որ այդ հարցերը պատվիրակված են տեղի իշխանություններին եւ չեն մտնում իր լիազորությունների մեջ: Այսպիսով, լոնդոնյան մամուլը չէր քննադատում իր կառավարությանը, թեեւ կարող էր ինքն իրեն հարց տալ, թե ինչու է բրիտանական կառավարությունը թույլ տվել, որ նման իրավիճակը զարգանա»[170]:
Իմոն Մակքանը պնդում է, որ իսկական, կայուն ու պարբերական աղճատումն սկսվեց այն ժամանակ, երբ բրիտանական զինվորները փողոց դուրս եկան: 1970-ականների կեսերին, երբ զորքերը գրեթե մշտական դիմակայության մեջ էին գտնվում կաթոլիկ բանվորներով բնակեցված շրջանների հետ, թերթերի մեծամասնությունն արդեն գործնականում լուրեր չէր հրապարակում. դրանք դարձել էին քարոզչամիջոցներ: Որոշ միջադեպեր անտեսվում էին, որոշները` հորինվում: Կիսաճշմարտությունը ներկայացվում էր որպես անհերքելի փաստ: Բրիտանական մամուլի կարծիքով` զինվորներն ընդունակ չէին չարագործություններ անելու, իսկ հակադիր կողմի` «ապստամբների» նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ էր[171]:
Իմոն Մաքկանը փորձում է առավելագույնս անաչառ լինել. «Ասել, թե մամուլն իրավիճակն աղճատում էր անճանաչելիության չափ` չի նշանակում, որ բրիտանացի զինվորներին դիմակայելու նպատակով փողոց դուրս եկածների վարքագիծը կարող էր հիացմունք առաջացնել լիբերալների մոտ: Իհարկե` ոչ…Սակայն բրիտանացիների գերակշռող մեծամասնությունը, որ Հյուսիսային Իռլանդիայի մասին կարող էր տեղեկություններ ստանալ միայն մամուլից, արդեն իսկ ի վիճակի չէր սեփական կարծիք ձեւավորել` այնքան միակողմանի էր այդ հարցը լուսաբանված մամուլում»[172]:
Հանուն քաղաքացիական իրավունքների շարժման սկսվելուց հետո բրիտանական պետական քաղաքականության կենտրոնական ուղղությունը դարձավ Հյուսիսային Իռլանդիայի «ժողովրդավարացումը»: Հանրապետությունում բրիտանական ներդրումների ավելացումը, որպես առեւտրային գործընկեր Իռլանդիայի հարավի հարաճուն նշանակությունը հնացած դարձրին նախորդ կառավարությունների ավանդական դիրքորոշումը: Անգլո-իռլանդական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կայսերական իշխանության համար կարեւոր էր հավասարակշռություն պահպանել «օրանժիստների» (բողոքականների) ու «կանաչների» (կաթոլիկների) միջեւ: Դա ինքնաբերաբար անդրադարձավ Հյուսիսի նկատմամբ բրիտանական քաղաքականության վրա եւ իր արտացոլումը գտավ մամուլում: Դրանով է բացատրվում ի պաշտպանություն քաղաքացիական իրավունքների բազմաթիվ խմբագրական հոդվածների ի հայտ գալը, իչնպես նաեւ այն, որ կաթոլիկների դիրքորոշումն ավելի շատ էր լուսաբանվում, քան բողոքականների դիրքորոշումը:
Դենիս Մյուրեյը հետաքրքիր դրվագներ է պատմում Ավագ ուրբաթի բանակցությունների եւ այն մասին, թե ինչպես է լուսաբանվել խաղաղ կարգավորման գործընթացը: «Ստորմոնտում վերջապես լրատվական կենտրոն կազմակերպվեց ավտոկայանատեղիում` խցերով, շարժական զուգարաններով եւ այլն: Որոշվել էր բացառել լրատվամիջոցները բանակցային գործընթացից, բայց նրանց չզրկել բանակցությունների վայրի մոտակայքում գտնվելու հնարավորությունից: Գործընթացի վերջում` լուրերի թողարկման հեռարձակումից կես ժամ առաջ, երբ քաղաքական գործիչները դուրս եկան փողոց` տեսախցիկների առաջ ելույթ ունենալու համար, իրավիճակը բավականին զավեշտալի էր: Ոմանք պարբերաբար դուրս էին գալիս լրագրողների առաջ «փիարվելու» նպատակով եւ նրանց թվում էր Ջոն Թեյլորը` Օլսթերի յունիոնիստական կուսակցության առաջնորդի տեղակալը, ով հայտնի էր դարձել իր այն հայտարարությամբ, որ փոխզիջման մասին առաջարկին չի կպչի անգամ նավակները հրելու 40-ֆուտանոց ձողով : Ամեն անգամ նրա հայտնվելն անվերջ զվարճացնում էր լրագրողներին, ովքեր անընդհատ գոռում էին` «իսկ ինչքա՞ն է քո ձողի երկարությունը, Ջոն»: Մեկ այլ կարեւոր տարր էր հեռախոսը (սովորական, բայց այնքան անհրաժեշտ): Փոքրիշատե մշտական հիմունքներով բանակցությունները լուսաբանելու եկած լրագրողները շատ շուտով հայթայթեցին տարբեր պատվիրակությունների ուղիղ հեռախոսագծերի համարները, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, մեր համարներն ունեին, եւ արդյունքում ոչ մի կուսակցություն կամ կառավարություն չէին կարող վերահսկել տեղեկատվական հոսքը: Ահա այսպիսի ռեժիմով ենք աշխատել բանակցությունների ողջ ընթացքում, իսկ հետագայում նաեւ պայմանավորվածությունների իրականացմանը միտված այլ բանակցություններում»[174]:
Միակ բացառությունը սենատոր Միտչելի աշխատատեղին էր: 1999թ. աշնանը Ջորջ Միտչելը` Ավագ ուրբաթի համաձայնագրի կազմակերպիչը, կրկին հրավիրվեց` հաղթահարելու համար այն փակուղին, որ ստեղծվել էր համաձայնագիրը ձեռք բերելուց հետո: Աշխատատեղին գտնվում էր լոնդոնյան Ռիջենթս պարկում եւ շատ լավ հսկվում էր: Այնտեղ եկան օլսթերցի յունիոնիստներն ու ՍԴԼԿ-ն, որոնք այդ ժամանակ քաղաքական ասպարեզի գլխավոր դերակատարներն էին: Իսկ ԶԼՄ-ներին փաստորեն փողոցում թողեցին: Այնտեղ եղած լրագրողներից մեկը պատմում էր, որ դա միակ դեպքն էր, երբ լրատվամիջոցին հստակ հասկացնել էին տվել, որ նրանց չեն սպասում եւ չեն հանդուրժի նրանց ներկայությունը[175]:
Մյուրեյը վերստին հարց է տալիս` ԶԼՄ-ներին պետք է հեռավորության վրա` պահել, մերձակա՞յք թողնել, թե՞ նրանց էլ գործի դնել: «Թեեւ ես ինքս հրապարակայնության կողմնակից եմ, այնուամենայինվ, գտնում եմ, որ հանրության համար բաց բանակցությունները հաջողության ավելի քիչ շանսեր ունեն. Ո՞վ կհամաձայնվի հրապարակայնորեն բանակցել: Օրինակ, մի անգամ Լոնդոնում, ապարտեիդի չեղարկումից հետո, ես հարցրի Հարավաֆրիկյան Հանրապետության Աֆրիկյան ազգային կոնգրեսի գերագույն հանձնակատարի տեղակալին, թե ինչ են արել այն իրավիճակներում, երբ ինչ-որ բանի անգամ քննարկումը քաղաքական ինքնասպանություն էր նշանակում: Ահա նրա պատասխանը. «Մենք թփերի մեջ էինք մտնում»[176]: Բանագնացները (կասկածներ ունեմ, որ դրանք պիտի որ մեր երկու գլխավոր բանակցողները լինեին) պարզապես ինչ-որ տեղ էին անհետանում, համաձայնեցնում մանրամասները եւ վերադառնում լուծումներով»[177]:
Տարբեր ԶԼՄ-ների խաղաղարար ներուժը
Դիմակայությունը հեռուստատեսությունում լայն լուսաբանում է գտել 1960-ականներին, երբ հակամարտությունը` իր զարգացման բարդ փուլի բերումով, գործնականում ամեն օր հայտնվում էր լուրերի թողարկումներում, որոնցում ներկայացվում էին լոյալիստների ու հանրապետականների չափազանց խնդրահարույց փոխհարաբերությունները: Այդ ռեպորտաժների թերությունն այն էր, որ դրանք հիմնականում արտահայտում էին կառավարության դիրքորոշումը: Կառավարական տեսակետի գերիշխման ավարտն ավետեց «այլ» Հյուսիսային Իռլանդիայի մասին ռեպորտաժը, որն արտացոլեց հանրապետականների տեսակետը եւ ցուցադրվեց Բի Բի Սի-ով: Այդ ժամանակից ի վեր իռլանդացիների ջանքերն ուղղվեցին տարածաշրջանում պարբերաբար գրաքննություն մտցնելու դեմ պայքարին ու իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: Այսպիսով, մարտահրավեր նետվեց գլխավոր քաղաքական ուժերին, իսկ հեռուստատեսությունն էլ դարձավ մարտավայր, որտեղ պաշտպանվում էին բնակչության յուրաքանչյուր խմբի իրավունքները: 1970-ականներին, հակամարտության էլ ավելի սրման կապակցությամբ, Հյուսիսային Իռլանդիայի իրադարձությունների լուսաբանումն ավելի զուսպ ու զգուշավոր դարձավ: Եղել են նաեւ հեռուստատեսային ծառայությունների վրա անմիջական քաղաքական ճնշման մի քանի դեպքեր: Իռլանդիայի Հանրապետությունում գրաքննությունն ավելի խիստ էր:
Այնուամենայնիվ, լայն տարածում էին գտնում խաղաղ բնակչության կյանքը պատկերող այն ռեպորտաժները, որոնցում արտացոլվում էին ռազմական գործողությունների ողբերգականությունն ու դրանց ազդեցությունը սովորական մարդկանց կյանքի վրա: Օրինակ, Փիտեր Թեյլորը, Փոլ Համանը եւ Արթուր Մակքրեյգը հակամարտության ու դրա կողմերի վրա մի իսկական «հայացք ներսից» ներկայացրին: Անմեղ մարդկանց թեման, քաղբանտարկյալների թեման, հաջորդ տասնամյակում հյուսիսիռլանդական տարածաշրջանում խաղաղության թեման առաջին պլան մղվեցին: Հեռուստատեսային լուսաբանման նոր ձեւ դարձան վավերագրական ֆիլմերը, որոնք լայն տարածում գտան 1980-ականների վերջերին ու 1990-ականների սկզբներին: 1996թ. ռեժիսոր Մայքլ Քոլինզը նկարահանեց մի վավերագրական ֆիլմ, որ նվիրված էր 1921թ. Անգլո-իռլանդական պայմանագրի 70-ամյակին եւ լուսաբանում էր XX դարում այդ հակամարտության ողջ պատմությունը: 1990-ականների կեսերին ռեպորտաժների հիմնական թեման Դաունինգ-սթրիթում ստորագրված հռչակագրի հետ կապված ժամանակավոր հրադադարն էր, խաղաղ կարգավորմանն առնչվող խնդիրները, այդ թվում զինված խմբավորումների զինաթափման խնդիրը:
Ինչ վերաբերում է ռադիոյին, ապա Ուոլթ Քիլռոյը (Institute for International Conflict Resolution and Reconstruction, Dublin City University) գտնում է, որ «Ռադիոն ավելի կառուցողական դեր էր խաղում, որովհետեւ արյունոտ տեսարաններ ցուցադրելու գայթակղություն ու հնարավորություն չուներ: Բացի այդ, ռադիոն ավելի մեծ հնարավորություններ ուներ հանգիստ ու գաղափարական զրույցի համար»[178]: Կլեմ Մակքարտնին հավելում է. «Քաղաքական գործիչներն աշխուժորեն հետաքրքրվում են նրանով, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում իրենց գործունեությունն ու իրենց հայտարարությունները, եւ նրանք ուզում են լսել, թե ինչ են ասում իրենց ընդդիմախոսները: Ամենաշուտը նրանք կարող են այդ ամենը լսել ռադիոյով, բայց նաեւ հեռուստատեսությանն էին աչալրջորեն հետեւում»:
Նոր մեդիայի դերը սկսել են ուսումնասիրել միայն վերջերս: Սոցիալական ցանցերը գլխավորապես տարբերվում են նրանով, որ հնարավորություն ունեն խոսելու այն մարդկանց հետ, ովքեր հեռուստացույց չեն դիտում, ռադիո չեն լսում եւ թերթ չեն կարդում: «Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատման դիտարկման մասին զեկույցի ծրագրի» տնօրեն Փոլ Նոլանի խոսքերով` համացանցում հատկապես ակտիվ են Ավագ ուրբաթի համաձայնագրի դեմ հանդես եկող հանրապետականները: Բացի այդ, նրանք նպատակային կերպով աշխատում են երիտասարդության հետ, այն է` նրանց հետ, ովքեր չեն տեսել «անկարգությունները»: Հաշվարկը պարզից էլ պարզ է` շեշտադրումն անել մատաղ սերնդի անիրազեկության ու ռոմանտիզմի վրա:
Այլ կերպ ասած` պայքարը տեղափոխվել է վիրտուալ տարածք, համացանցային ամենատարբեր ֆորումներ եւ սոցիալական ցանցեր, սակայն դրա նպատակը մարդկանց ակտիվացնելն ու վիրտուալ հաղորդակցման սահմաններից դուրս բերելն է: Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության եւ խորհրդարանի անդամ (բանակցությունների ժամանակ Օլսթերի յունիոնիստական կուսակցության նախկին անդամ) Ջեֆրի Դոնալդսոնը գտնում է, որ սոցիալական ցանցերն օգնում են համաձայնության հասնել հանրությունում, անմիջականորեն ներազդում են մարդկանց վրա, սակայն այդ ցանցերն օգտագործելու համար հարկ է պատկերացում ունենալ դրանց մասին, այլապես նույն այդ ցանցերը կարող են ականապատ դաշտի վերածվել:
Եռաստիճան երկխոսություն` երկու մենախոսությունների փոխարեն
Բելֆաստի փողոցներում ցայսօր կաթոլիկների ու բողոքականների միջեւ պատ կա, բայց դա չի խանգարում երկխոսությանը: Չի խանգարում, որովհետեւ կենսափորձով իմաստնացած քաղաքական գործիչները սկսել են ոչ թե այդ իրական պատերի քանդումից, այլ մարդկանց հոգիներում ու մտքերում առկա այն անտեսանելի խոչընդոտների վերացումից, որոնք էլ հենց տարաձայնությունների տեղիք էին տալիս: Բացի այդ, ինչպես իրենք` քաղաքական գործիչներն են հայտարարում, տեղի բնակչությունն առայժմ դեմ է այդ պատերը քանդելուն:
«Միշտ էլ ավելի լավ է զրուցել, քան պատերազմել»` պնդում է լորդ Ջոն Օլդըրդայսն իր «Բազմոցից` բանակցությունների սեղան» հոդվածում: Նրա կարծիքով, հանրությունների միջեւ ուժային հակամարտության ժամանակ նրանք հիմնականում ի վիճակի չեն լինում հակադիր կողմին լսելու եւ լսում են միայն այն, ինչն ամրապնդում է իրենց նախապաշարմունքներն ու նպաստում իրենց իսկ ինքնապաշտպանությանը:
«Հոգեվերլուծության աշխարհում խոսելու ու լսելու արժեքն ընկալվում է առանց դժվարության, սակայն հաճախ ենք ստիպված լինում լսել, թե ինչպես են մարդիկ քննադատում խորհրդարանին «դատարկաբանության» համար, չգիտակցելով, որ խորհրդարանում իրենց խոսակցություններով մեր համայնքների ներկայացուցիչները ամենաիրական իմաստով իրացնում են բռնության այլընտրանքը,- գրում է նա: – Աշխարհի կայուն ու խաղաղ ծագերում հեշտ է մոռանալը, թե ինչի համար են պետք խորհրդարանները` վայրեր, որտեղ հանրույթների ներկայացուցիչները բանակցում են միմյանց հետ (ինչպես նաեւ լսում են միմյանց): Անհանգիստ ու բռնության հակված հանրություններում սպառնալիքին դեմ հանդիման ավելի հեշտ է քամահրանքն արտահայտել զրույցներում, որոնք, ի տարբերություն վճռական գործողությունների, ընկալվում են որպես թուլության նշան: Հյուսիսային Իռլանդիայում 30 տարիներ ի վեր քաղաքական տարաձայնություններն արտահայտվել են ուժային գործողությունների եղանակով, այլ ոչ թե խոսքերով, սակայն (թեեւ դա առավելս ակնհայտ է այնտեղ, որտեղ հանրությունը խորապես տարանջատված է) ցանկացած հասարակությունում բռնությունը միշտ էլ հանդիսանում է բանակցություներ վարելու այլընտրանքը: Կարող ենք ինքներս մեզ լուրջ հարցեր տալ հանրությունում այսքան խոր տարաձայնությունների պատճառների մասին: Սակայն, անկասկած, երբ նման տարաձայնությունները հանգեցնում են համայնքների միջեւ ու համայնքների ներսում լուրջ ու շարունակական բռնության ժամանակահատվածների, դա ծանրագույն վնաս է հասցնում մտածելու, զրուցելու եւ հավաքական հոգեբանական հարաբերությունների այն գործընթացներին մասնակցելու ունակությանը, որ մենք քաղաքականություն ենք անվանում: Քաղաքականությունը ոչ այնքան համաձայնության հասնելու ունակությունն է (չնայած մեզ տարանջատող տարբերություններին), որքան իրենց տարաձայնություններն արտահայտելու հնարավորությունը` առանց միմյանց սպանելու»[179]:
Սակայն Կլեմ Մակքարտնին համաձայն չէ այն մտքի հետ, որ քաղաքական տարաձայնությունները Հյուսիսային Իռլանդիայում 30 տարի շարունակ դրսեւորվել են բռնի գործողությունների, այլ ոչ թե խոսքերի օգնությամբ. «Միայն ուժային գործողություններ չէ, որ եղել են: Քաղաքական գործիչների մեծ մասը չի մասնակցել բռնություններին, իսկ շատ լոյալիստներ ու հանրապետականներ իրար հետ շփվում էին հասարակական կազմակերպությունների միջոցով: Ինչ-որ չափով նրանք հաղորդակցվում էին նաեւ ԶԼՄ-ների միջոցովե: Այլ կերպ ասած` երկխոսություն, այնուամենայնիվ, կար:
Ըստ իս, հենց երկխոսությունը, համընդգրկուն ու առանց պայմանների երկխոսությունն է հյուսիսիռլանդական կարգավորման հաջողության գրավականը: Երբ երկխոսություն չէր լինում` իրար էին բախվում հակամարտության կողմերի մենախոսությունները: Իսկական երկխոսությունն էլ անհնար է առանց ԶԼՄ-ների, եւ ահա թե ինչու:
Ես կընդգծեի հյուսիսիռլանդական երկխոսության երեք մակարդակ.
– ներքին երկխոսություն (մարդն ինքն իր հետ) երկխոսություն հանրության ներսում եւ երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ:
Եռաստիճան երկխոսությունը ենթադրում է, որ սկզբում մարդ սկսում է ինքն իր հետ խոսել (իր խղճի կամ երկրորդ «ես»-ի հետ), այնուհետեւ` իր նմանների հետ եւ, վերջապես, հակադիր կողմի հետ: Այս եռամակարդակ կամ եռամիասնական երկխոսությունն էլ խաղաղարարության հաջողության գրավականն է: Առանց երկխոսելու ներքին պատրաստակամության անհնար է բանավիճել սեփական հանրույթում եւ առավել եւս` հակադիր կողմի հետ:
Թե° ինքն իր հետ երկխոսության, թե° հանրության ներսում քննարկումներում եւ թե° հակամարտող կողմերի շփումներում ուղղակի անգնահատելի է լրատվամիջոցների դերը: Երկխոսության առաջին փուլի համար մարդիկ առնվազը կարիք ունեին ամբողջական տեղեկատվության, այլապես զանազան կաղապարներն ու կարծրատիպերը կփոխարինեին մտածելու եւ վերլուծելու կարողությունը: Երկրորդ փուլի համար հարթակ է պետք, իսկ ամենատարբեր ԶԼՄ-ներ էլ ծառայում էին որպես նման հարթակ: եւ ԶԼՄ-ներն առավել եւս անփոխարինելի էին հակամարտող կողմերի միջեւ շփումներում:
Կարինե Ռուշանյանն իր «Տեղաշրջանային ԶԼՄ-ների դերը Ստավրոպոլի երկրամասի էթնոքաղաքական գործընթացների ու հաստատությունների զարգացման գործում» աշխատության մեջ հմտորեն նկատել է նոր միտումներ. «ԶԼՄ-ները հասարակական-քաղաքական հարաբերությունների ակտիվ սուբյեկտ են դառնում ի հաշիվ նոր ռեսուրսների իրացման: Այդ ռեսուրսները հիմնավորված են քաղաքականության, իրավունքի, կառավարման նորարարություններով, որոնցում լրատվամիջոցները ձեռք են բերում հանրային դիսկուրսի կազմակերպչի, հասարակական կարծիքի մոդերատորի դեր: ԶԼՄ-ները հասարակական-քաղաքական հարաբերությունների լիիրավ մասնակիցներ են հանդիսանում ի հաշիվ քաղաքական ժողովրդավարական տարանցման, այդ թվում` էթնոքաղաքական հաստատությունների ժողովրդավարական տարանցման արտացոլման»[180]:
ԶԼՄ-ները եւ նոր ժամանակների մարտահրավերները
Անվտանգության զգացում, հավասարություն, քաղաքական առաջընթաց ու հանրության սոցիալական համախմբվածություն` սրանք են նոր մարտահրավերները եւ ժամանակի նոր ցուցիչները` համոզված է «Հյուսիսային Իռլանիդայում խաղաղության հաստատման դիտարկման մասին զեկույցի ծրագրի» տնօրեն Փոլ Նոլանը: Դա նշանակում է, որ ԶԼՄ-ների համար նոր թեմաներ են ի հայտ գալիս, որոնցից յուրաքանչյուրը պարբերաբար լուսաբանվելու կարիք ունի, քանի որ խնդիրներ ինչքան ասեք կան:
Դատեցեք ինքներդ` 2012թ. Հյուսիսային Իռլանդիայում գրանցվել է ինքնասպանության 313 դեպք (ճանապարհատրանսպորտային պատահարներից այդ տարի մահացել էր 59 մարդ): Տնտեսական պայմաններն այստեղ կապ չունեն, քանի որ ինքնասպանությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց թիվը սկսել է աճել հենց տնտեսական աճի տարիներին: Բացի դրանից, այդ դժբախտ մարդիկ ամենեւին էլ երիտասարդ ու պոռթկուն տղաներ չէին, այլ 35-40 տարեկան հասուն մարդիկ: Այստեղ միայն լուսաբանումը բավարար չէ, պարբերական հետազոտություններ են պետք:
Եւս մի խնդիր է քաղաքական էլիտաների ու համայնքների միջեւ ջրբաժանը: «Ինչպես ասաց Բելֆաստում մեր զրուցակիցներից մեկը` քաղաքական ուժերն իշխանությունը կիսել են իրար միջեւ, բայց ահա մոռացել են կիսել հանրության հետ: Իսկ լրագրող Բրայան Ռոուանն էլ գտնում է, որ թեեւ քաղաքական էլիտաները պայմանավորվել են` հանրությունում քիչ բան է փոխվել: Այլ կերպ ասած` պատեր արդեն չկան քաղաքական դաշտում, բայց ահա կան հանրայինում: Բրիտանական խորհրդարանի անդամ Ջեֆրի Դոնալդսոնը կարծում է, որ սա իդեալական խաղաղություն չէ, ավելին` խաղաղ գործընթացն ավարտված չէ, սակայն հուսադրում է այն, որ իրավիճակը լիովին փոխակերպվել է: Նրա կարծիքով, հակամարտությունը տարածքների շուրջ չէ, քանի որ ոչ թե սարերն են գնում սարերի դեմ, այլ մարդիկ: Ահա թե ինչու պիտի սկսել մարդկային բնականոն հարաբերությունների վերականգնումից»[181]:
Իրոք, հակամարտությունը միգուցե լիովին փոխակերպվել է, սակայն փոխակերպումն ինքնին հակամարտության լուծում չի նշանակում: Հյու Մայալն իր «Հակամարտությունների փոխակերպում. համալիր խնդիր» մենագրության մեջ ուշադրություն է հրավիրում մի շատ կարեւոր հանգամանքի վրա. «Հակամարտությունների փոխակերպման տեսաբանները կարծում են, որ ներկայումս բավարար չէ վերաձեւակերպել դիրքորոշումները եւ փոխշահավետ լուծումներ գտնել: Հակամարտության կողմերի կառուցակարգերն ու դրանց փոխհարաբերությունները արտացոլում են հարաբերությունների հակամարտայնությունը, որոնք դուրս են գալիս ցանկացած տեղական իրավիճակի շրջանակներից: Ուստի դրանց փոխակերպումը փոխհարաբերությունների, շահերի, դիսկուրսների եւ, անհրաժեշտության պարագայում, ողջ հանրության փոխակերպման գործընթաց է, եթե նրա կառուցվածքը նպաստում է ուժային հակամարտության շարունակմանը»[182]:
Վ. Ակսենտեւն իր «Էթիկական հակամարտաբանություն. գիտական հոլովույթի որոնումներում» ուսումնասիրության մեջ նույնպես կասկածամտորեն է վերաբերվում խնդրի ամբողջական լուծմանը. «Հյուսիսիռլանդական հիմնախնդրի լուծումը, որքան էլ այն ցանկալի լինի, դժվար հասանելի է տեսանելի ապագայում: Դրա, ինչպես նաեւ էթնոքաղաքական հակամարտությունների մեծ մասի, բարդությունը կայանում է նրանում, որ դրանց մեծամասնությունը եթե ոչ էն գլխից, ապա հակամարտային գործընթացի սրմանը զուգընթաց արժեքային հակամարտության հատկանիշներ է ձեռք բերում: Ուստի հյուսիսիռլանդական փակուղուց դուրս գալու ավելի հավանական եղանակ կարելի է համարել հակամարտության սոսկ կարգավորումը, այն է` դրա տեղափոխումը քողարկված փուլ: Կարգավորման գործընթացում չեն վերանում ոչ դրա մասնակիցները, ոչ հակամարտության խնդրո առարկան, ոչ էլ բուն հակասությունները: Հակամարտող կողմերի գլխավոր ջանքերը նպատակաուղղվելու են հակամարտության խնդրո առարկայի շուրջ հարաբերությունների համակարգի փոփոխման ուղղությամբ կառուցողական փոխգործակցության հասնելուն»[183]:
Հյուսիսային Իռլանդիայում չկան մարդիկ, ովքեր ոչինչ չեն ստացել խաղաղ համաձայնագրից, սակայն կա աննշան փոքրամասնություն, որը համաձայն չէ կատարվածի հետ: Այս մարդիկ թեկնածուներ են առաջադրվել ամենատարբեր ընտրություններում, սակայն ընտրազանգվածի աջակցությունը չեն ստացել եւ չեն ընտրվել: Թե ինչ անել նրանց հետ` խորհրդածության եւս մի կարեւոր թեմա է: «Չի կարելի այդ մարդկանց մեկուսացնել հանրությունից, նրանք պետք է սեփական կարծիքներն արտահայտելու իրավունք ունենան: Բոլորն էլ պիտի հնարավորություն ունենան մասնակցելու խաղաղ ու քաղաքական կյանքին: Վակուում չպետք է լինի: Զինյալները զինված պայքարով էին լցնում վակուումը»,- պատմում է նախկին վարչապետ Բերթ Ահերնը:
Մարդու իրավունքներ ու հնարավորությունների հավասարություն, ինչպես նաեւ վերականգնողական արդարադատություն` ահա սրանք են ներկայիս հիմնախնդիրներն ըստ «Ատլանտյան ֆիլանտրոպիա» ամերիկյան հիմնադրամի հյուսիսիռլանդական վարչության պետ Փադրայգ Քուերկի:
Հասարակական գործիչ եւ երիտասարդության հարցերով աշխատակից, լոյալիստ ակտիվիստ Ռեյմոնդ Լավերին մեզ հետ զրույցում հստակ ուրվագծեց հիմնախնդրի իր տեսլականը. «Մենք հիմնախնդրի մի մասն ենք, սակայն մենք ուզում ենք դրա լուծման մասը լինել: Պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ով է այստեղ ապրել, այլ այն մասին, թե ով է այստեղ ապրելու»[184]:
Հասարակական գործիչ եւ Պրոգրեսիվ յունիոնիստական կուսակցության ղեկավար, լոյալիստական զինված կազմավորման ու Հյուսիսիռլանդական ասամբեայի նախկին անդամ Բիլլի Հաթչինսոն. «Պետք է զինաթափել նաեւ մտածելակերպը: Զենքն ինքնին վատ բան չէ, եթե վատ ձեռքերում չի հայտնվում»:
Ապագային նպատակամիտված լինելու պարագայում հնարավոր չէ անտեսել կրթական համակարգի բարեփոխումները, որպեսզի մատաղ սերունդն ապրի առանց պատերի: Բենջամին Մելոունը ղարաբաղյան «Անալիտիկոն» հանդեսի համար գրված իր հոդվածում խորհրդածում է այն բանի շուրջ, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել խաղաղության ամրապնդմանը. «Նախ` պահանջվում է այն փաստի անկեղծ գնահատականը, որ կրթական քաղաքականությունն ու պրակտիկան մեղքի մեծ բաժին ունեն բռնության հավերժացման գործում: Ազգային դասագրքերի շարադրման մոդելը ձեռք է բերում մեծ կարեւորություն այն գիտելիքների, հմտությունների եւ ընկալումների շրջանակում, որոնք այդ նույն մոդելն առաջ են մղում: Պատմական եւ ժամանակագրորեն ավելի մոտիկ հակամարտություններին վերաբերող որոշ առարկաներ կրթական համակարգերի բարեփոխման ժամանակ պետք է հետեւողականորեն գտնվեն աչալուրջ ուշադրության եւ վերահսկողության ներքո: Միաժամանակ, հարկ է հիշել, որ այլ առարկաներն ու դպրոցական միջոցառումները երիտասարդների մոտ նույնպես կարող են հակամարտությունների մասին համապատասխան գիտելիքներ ձեւավորել: Հյուսիսային Իռլանդիայի պարագայում առկա են բազմաթիվ օրինակներ, երբ խաղաղարար կրթության նախագծերը կամ ծրագրերը փոխգործակցում են պաշտոնապես ընդունված կրթական ծրագրի հետ: Այդ ծրագրերը մշակվել են արվեստի, աշխարհագրության եւ քաղաքացիության պես առանձնահատուկ առարկաների յուրացումը հակամարտության պայմաններում դյուրացնելու համար: Այսպիսի կրթական ծրագրերը կարող են տարբերվել մեթոդաբանական հարթության վրա, բայց, ընդհանուր առմամբ, դրանք կենտրոնացած են մնում հակամարտությունների կարգավորման հմտությունների ձեռքբերման, հասարակության միասնության ամրապնդման եւ խաղաղարարության սատարման վրա: Որոշ ծրագրեր միտված են հանդուրժողականության ամրապնդմանը, իսկ մյուսները երիտասարդներին հնարավորություններ են ընձեռում միջհամայնքային համերաշխությունը խորացնելու համար: Որոշ դեպքերում դրանց նպատակը անդրսահմանային երկխոսությունն ու հանդիպումների կազմակերպումն է, հաճախ` տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների միջնորդությամբ»[185]:
Ռուսաստանցի գիտնական Ա. Մացնեւն իր «Էթնոքաղաքական հակամարտություններ. դրանց բնույթը, տիպաբանությունն ու կարգավորման ուղիներըե գիտական աշխատության մեջ եւս մի հանգամանքի վրա է ուշադրություն սեւեռում: Նրա կարծիքով, օլսթերյան հակամարտության սոցիալ-քաղաքական պատճառների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում վերապրած պատմական անարդարությունների եւ իռլանդական ազգի ազգային արժանապատվության զգացման ոտնահարման զգացողությունը: Նա կիսում է էթնոքաղաքագետ Է.Կիսսի գիտական այն թեզը, ըստ որի «ազգայնականության ու մարդու իրավունքների համատեղելիության համար պայքարում կա եւս մի առանցքային տարր, որը չի տեղավորվում քաղաքական հաստատությունների շրջանակներում: Դրա էությունը կայանում է մշակութային ու սոցիալական հիմնախնդիրների անհաշտ քննադատական վերլուծության անհրաժեշտության մեջ»[186]:
Սրանք ոչ միայն ժամանակի նոր մարտահրավերներն են, այլեւ նոր թեմաներ ԶԼՄ-ների համար: Այս թեմաների լուսաբանման համար նոր մոտեցումներ են պետք: Ինչպես ասաց մեր զրուցակից լրագրողներից մեկը` «Մենք պետք է խաղաղությունը լուսաբանենք նույն ջերմեռանդությամբ, ինչ անկարգությունները»:
Եզրակացություններ
• Հանրությանը պետք է ըստ ամենայնի տեղեկացնել հակամարտության ու դրա կարգավորման մասին, խաղաղ կարգավորման գործընթացներում ԶԼՄ-ների մատչելիությունը խոչընդոտ չէ, իսկ բանակցային գործընթացի գաղտնապահությունը պետք է բանական սահմաններում լինի:
• ԶԼՄ-ները կարող են հակամարտությունների կարգավորման արդյունավետ մեխանիզմ լինել եւ ճշմարտացի փաստերի լուսաբանմամբ իրենց ներդրումն ունենալ խաղաղ գործընթացում: Կարգավորման գործընթացի նկատմամբ ԶԼՄ-ների որոշակի վերահսկողության առկայությունը շատ կարեւոր հանգամանք է: Սակայն մասս-մեդիայի գլխավոր առաքելությունը հանրությանը ժամանակին ու անաչառ իրազեկելն է:
• Որպեսզի ԶԼՄ-ները կարողանան կատարել իրենց առաքելությունը` անհրաժեշտ են քաղաքական, տնտեսական եւ այլ հատուկ պայմաններ: Հակամարտությունների կանխարգելման, դրանց հաջող լուծման եւ խաղաղության ապահովման գործում ԶԼՄ-ների դերը կարելի է գնահատել` ելնելով ընդհանուր սոցիալական պայմանների այն համապատկերից, որն էլ որոշում է ԶԼՄ-ների գործունեությունը: Իրենց առաքելությունը կատարելու համար լրատվամիջոցները պետք է տնտեսապես ինքնաբավ եւ քաղաքականապես ազատ լինեն: Քաղաքական բազմազանությունը կարող է տնտեսական բազմազանության երաշխավորը լինել, իսկ վերջինս էլ իր հերթին կնպաստի ԶԼՄ-ների ռեսուրսների բազմազանմանը:
• Հասարակության ժողովրդավարացումն անհնար է առանց խոսքի ազատության, ուստի ԶԼՄ-ները ժողովրդավարության կարեւոր տարր են եւ պետք է աջակցեն դրան:
• Երկխոսությունը հակամարտությունների լուծման եւ հանրության զարգացման պարտադիր պայման է, ինչպես նաեւ բարենպաստ հող ԶԼՄ-ների առաքելության իրականացման համար: Երկխոսությունը կարող է եւ պետք է բազմամակարդակ լինի, իսկ լրատվամիջոցների դերը կարեւոր ու անփոխարինելի է երկխոսության ցանկացած մակարդակում:
• ԶԼՄ-ները կարող են եւ պետք է լինեն հանրային դիսկուրսի կազմակերպիչ ու հասարակական կարծիքի մոդերատոր:
• Տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հատված ունի իր ուրույն դերն ու իր առանձնահատկությունը հակամարտության կարգավորման գործում: Մասնավորապես, ամենաազդեցիկ գործիքը` ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստներով, հեռուստատեսությունն է: Ռադիոն ունի հանգիստ ու կառուցողական երկխոսության ու քննարկման ավելի մեծ ներուժ: Նոր մեդիան, սոցիալական ցանցերը օգնում են ամենաժողովրդավարական եղանակներով ապահովելու քաղաքացիական մասնակցությունը, սակայն, միեւնույն ժամանակ, իրենց մեջ նոր մարտահրավերներ են պարունակում:
• Որպես հասարակական կարծիքի մոդերատորներ` ԶԼՄ-ները կարող են եւ պետք է նպաստեն քաղաքական էլիտաների ու հանրության միջեւ եղած ջրբաժանի հաղթահարմանը:
——————————————————————–
151. D. Murray, Reporting on negotiations, shaping public opinion: the Northern Ireland experience, in Preparing for peace: communications in conflict resolution, OSCE, December 2012, p. 21. URL: http://www.osce.org/secretariat/98116?download=true
152. Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ` 2013թ. հունիսի 26:
153. Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ` 2013թ. հունիսի 26:
154. http://www.tolz.ru/library/?id=440
155. Душан Релжич, “Средства массовой информации и трансформация этнополитических конфликтов”, стр. 375, http://www.berghof-handbook.net/documents/publications/russian_reljic_handbook.pdf
156. Д. Релжич, Средства массовой информации и трансформация этнополитических конфликтов, с. 375. URL: http://www.berghof-handbook.net/documents/publications/russian_reljic_handbook.pdf.
157. Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ` 2013թ. հունիսի 26:
158. Օմում (Տիրոնի կոմսություն, Հյուսիսային Իռլանդիա) ավտոմեքենայի պայթեցումը, որի հետեւանքով 29 մարդ է զոհվել, իրականացվել է այսպես կոչված Իրական ԻՀԲ-ի կողմից, խումբ, որ մասնատվել է ԻՀԲ-ից եւ Ավագ ուրբաթի համաձայնագրի դեմ է տրամադրված:
159 D. Murray, p. 22.
160. D. Murray, p. 21.
161. D. Murray, p. 23.
162. Հեղինակի հարցազրույցը Քեյթ Թերների հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ)
163. Հեղինակի հարցազրույցը Քեյթ Թերների հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ)
164. Հեղինակի հարցազրույցը Շոն Ֆարենի հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ)
165. Имонн МакКанн, «Британская пресса и Северная Ирландия»
http://etheses.whiterose.ac.uk/1839/1/DX193726_1.pdf
- Հեղինակի հարցազրույցը Ֆիոնուլա ՕՔոննորի հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ)
167. D. Murray, p. 24.
168. Eamonn McCann, The British Press and Northern Ireland. URL: http://cain.ulst.ac.uk/othelem/media/mccann72.htm
169. Նույն տեղում:
170. Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ` 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ):
171. E. McCann, op. cit.
172 E. McCann, op. cit.
173. Would not touch with a bargepole (անգլ.) եւ փոխաբերական արտահայտություն, որը նշանակում է զրուցակիցների համար միանգամայն անընդունելի երեւույթ (խմբ.)
174 D. Murray, p. 23.
175. Նույն տեղում:
176. Չբնակեցված վայր (հրվաֆր.) – խմբ. ծնթգր.
177. D. Murray, p. 23–24.
178. Հեղինակի հարցազրույցը Ուոլթ Քիլռոյի հետ` 2013թ. հունիս (Դուբլին):
179. John, Lord Alderdice, Off the couch and round the conference table. Ch. 1, in Off the couch – Contemporary psychoanalytic applications, ed. by Alessandra Lemma and Matthew Patrick, Routledge, 2010.
180. К. Рушанян, Роль региональных СМИ в развитии этнополитических процессов и институтов в Ставропольском крае. URL: http://www.dissercat.com/content/rol-regionalnykh-smi-v-razvitii-etnopoliticheskikh-protsessov-i-institutov-v-stavropolskom-k
181. Հեղինակի հարցազրույցը Ջեֆրի Դոնալդսոնի հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ):
182. Х. Майалл Трансформация конфликтов: комплексная задача, с. 78. URL:http://www.berghofhandbook.net/documents/publications/russian_miall_handbook.pdf
183. В. А. Авксентьев, Этическая конфликтология: в поисках научной парадигмы, Ставрополь, 2001, с. 210.
184. Հեղինակի հարցազրույցը Ռեյմոնդ Լավերիի հետ` 2013թ. հունիս (Բելֆաստ):
185. Բենջամին Մելոուն. Հակամարտության եւ խաղաղության դասերը, The Analyticon, 2013թ. հուլիս URL: https://theanalyticon.com/?p=3435#more-3435
186. А. Мацнев, Этнополитические конфликты: природа, типология и пути урегулирования, Социально-политический журнал, М., 1996, ?4, c.53.