Թուրք գրող, Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի հետազոտող Նեդիմ Գյուրզելի սյունակ։ Թուրքիայում առաջին ռազմական հեղաշրջման նկարագրությունը, վերցված իր վերջին՝ «Կապիտանի որդին» գրքից:
«Կեսգիշերին նրանք տանկերով մտնում են քաղաք: Ովքե՞ր են նրանք: Նրանց դեմքերը, սաղավարտները ճակատներին, տեսանելի չեն: Նրանք շարժվում են, և քաղաքը դղրդում է: Թվում է, թե մոնղոլներն են վերադարձել տանկերով: Կեսգիշերին խառնաշփոթ խմորումներ են տեղի ունենում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ քսան տարեկան է եղել այս տողերը իր առաջին՝ «Ստամբուլյան մի երկարատև ամառ» վեպում գրելիս, որտեղ նկարագրվում է բացահայտ ճնշումների ժամանակաշրջանը, որ հաջորդել էր 1971 թվականի մարտի 12-ի ռազմական հեղաշրջմանը: 1980 թվականին՝ գեներալ Էվրենի կողմից պետական հեղաշրջումից հետո, իմ գիրքն առգրավվեց «ազգային անվտանգության ուժերին վիրավորելու համար», և ես դատվեցի ռազմական դատարանում: Իմ վերջին՝«Կապիտանի որդին» գրքում, որ հաշվեհարդար է իշխանությունների հետ, ես անդրադառնում եմ մեր ժամանակների առաջին՝ 1960 թվականի մայիսի 27-ի ռազմական հեղաշրջմանը, որը տապալեց Մենդերեսի կառավարությունը: Վերջինիս հեղափոխականները կախաղան հանեցին իր երկու նախարարների հետ միասին: Այդ ժամանակ ինը տարեկան էի, այսինքն՝ իմ կյանքը, իմ գրական ուղին ձևավորվել են հեղաշրջումների ռիթմին համընթաց:
Աղետալի իրավիճակ
Կարծում էի, թե ռազմական հեղաշրջումների դարաշրջանն ավարտված է Թուրքիայում: Այս վերջին փորձից հետո հասկանում եմ, որ բանակը մշտապես ներկա է քաղաքական ասպարեզում, ինչն անհամատեղելի է ժողովրդավարության հետ: Մինչդեռ նախագահ Էրդողանը ամեն ինչ արել է բանակի ուժին հակազդելու համար, նույնիսկ ապահովել է, որ Թուրքիան դառնա Եվրոպական Միությանը միանալու թեկնածու երկիր՝ ինքն իսկ դրան չհավատալով: Առանց նպաստելու ժողովրդավարության, հիմնարար իրավունքների՝ հատկապես խոսքի ազատության, աշխարհիկ կյանքի զարգացմանը, նա հայտնվել է աղետալի իրավիճակում, որից ցանկանում է օգուտ քաղել: 2002 թվականից ի վեր նա է կառավարում երկիրն՝ այսօր այն հասցնելով անդնդի եզրին: Վատթարագույն սպասելիքն իրականացավ, երբ հեղաշրջումը կասեցվեց. ոստիկանությունը հակադրված է բանակին:
Երկիրը բևեռացրած առաջնորդների և նրանց հաստատությոինների մեղքը ծանր է, պատասխանատվությունը՝ շատ մեծ: Եթե նախագահի կոչով փողոցներում հավաքված մարդկանց քանակը չկրճատվեր, միգուցե հեղաշրջումը չձախողվեր, թեև այդ մարդկանց մեծամասնությունը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության աջակիցներն են, ովքեր պահանջում են վրեժխնդիր լինել: Նրանք ցույց են անում՝ գոչելով «Ալլահը մեծ է» և պահանջելով վերահաստատել մահապատիժն ու կախաղան բարձրացնել հեղափոխականներին: Նրանք դիմադրության կոչ են անում, որպեսզի պաշտպանեն լեգիտիմ կառավարությանը, որ օրինական կերպով ընտրվել է, սակայն դա անում են մինարեթներից, ասես պատերազմ է:
Նախագահը ոտնահարում է Սահմանադրությունը
Թուրքիան ծանր ճգնաժամի մեջ է, իսկ նրա նախագահը, ով պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, խախտում է այն ամեն օր: Մոտ երեք հազար դատավորներ հեռացվելու վտանգի տակ են, իսկ Սահմանադրական և Վերաքննիչ դատարանի որոշ դատավորների հանդեպ մեղադրանք է առաջադրվելու: Նրանց մեղադրում են, ինչպես բոլոր հեղափոխականներին, կրոնական եղբայրության հոգևոր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Եթե այդպես լիներ, կնշանակեր՝ իսլամիստները ցանկանում են տապալել մեկ այլ իսլամիստների, որ իրենց «չափավոր» են կոչում: Բայց նրանք շատ երկա՞ր չեն համատեղ գործել՝ վերացնելու այս երկրի դեմոկրատներին և աշխարհիկ սպաներին: Պարոն Էրդողանը չի՞ ասել իր թանկագին Ֆեթուլահին՝ Հոջա Էֆենդի գործակալին, որ կանի նրա ուզած ամեն ինչ (մինչև նրան պատերազմ հայտարարելն էր դա եղել):
Սա գրոտեսկ կլիներ, եթե սրանից կախված չլիներ Թուրքիայի ապագան: Ի՜նչ ապագայի մասին է խոսքն ընդհանրապես: Այժմ Էրդողանի ձեռքերն ազատ են՝ հաստատելու ավտորիտար նախագահական համակարգ, որի մասին նա վաղուց էր երազում: Թուրքիայի պատմության շարունակության դեպքում առկա հիմնական տարրը ավտորիտարիզմն է՝ իր բոլոր ձևերով: Ոչ միայն այս ռազմական հեղաշրջումները, այլև գործող ռեժիմի մտահոգիչ զարգացումը դրա ապացույցն են: Ո՞ւմ է սա ձեռնտու: Չեմ կարող ճշգրիտ պատասխանել այս հարցին, սակայն այս ամենը լավ բան չի գուշակում Թուրքիայի ապագայի համար:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը