Ինչու՞ է Մեծ Բրիտանիան հեռանում ԵՄ-ից, և ի՞նչ է դա նշանակում մեզ համար
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան
Երկիրը երկիր չէ
Երբ տեղի է ունենում որևէ կարևոր քաղաքական իրադարձություն՝ ֆեյսբուքի լրահոսում տիրում է, ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը, կատարյալ իրարանցում: Մարդիկ վիճում են միմյանց հետ, իրար ծաղրում,երբեմն իրար հայհոյում, դժգոհում կյանքից, գանգատվում, որ երկիրը երկիր չէ: Եվ, իհարկե, այդ ամենն ավարտվում է որևէ նորմալ երկիր արտագաղթելու սպառնալիքներով: Հունիսի 24-ին իմ ֆեյսբուքի լրահոսում հենց այդպիսի մի իրարանցում էր սկսվել: Սակայն, այս անգամ վիճում, հայհոյում, կյանքից և երկրից դժգոհում, ինչպես նաև արտագաղթի էին պատրաստվում ոչ թե հայաստանցիները, այլ բրիտանացի ծանոթներս:Թեև Բրեքսիթի շուրջ տեղեկատվական հոսքերից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չէ ,այնուամենայնիվ, մի քանի բան պարզ է: Նախ, ակնհայտ է, որ կատարվել է իրապես պատմական մի իրադարձություն Բրիտանիայի, Եվրոպայի և գուցե ամբողջ աշխարհի համար: Երկրորդ՝ հանրաքվեի արդյունքը բավականին անսպասելի էր շատերի, այդ թվում անգամ Բրեքսիթի կողմնակիցներից ոմանց համար: Ավելին, շատ արագ պարզվեց, որ Բրիտանիայի քաղաքական առաջնորդները և ընդհանրապես՝ քաղաքական վերնախավը ամենևին էլ պատրաստ չէին տեղի ունեցածին: Ոչ Բրեքսիթի հակառակորդները, ինչպես օրինակ, այս պահին արդեն նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը, ոչ էլ կողմնակիցները՝ ինչպես օրինակ, այս պահին արդեն արտգործնախարար դարձած Բորիս Ջոնսոնը, չունեին հստակ պատկերացում այն մասին, թե ինչ պետք է անել հանրաքվեի հաջորդ օրը: Բրյուսելում ևս, կարծես, չէին սպասում այդպիսի արդյունք, կամ, գերադասում էին դրա մասին չմտածել՝ հույս ունենալով, որ վերջին պահին բրիտանացիները “կսթափվեն”: Արդյունքում, թե՛ Բրիտանիան, թե՛ ԵՄ-ն այսօր հայտնվել են մի քաղաքական ճգնաժամում, որի վերջը դեռևս չի երևում:
Ինչու՞ այդպես եղավ
Իհարկե, բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես եղավ, որ ԵՄ առանցքային անդամներից մեկը մի օր որոշեց դուրս գալ ԵՄ-ից: Բրեքսիթի հակառակորդներից շատերը մատնացույց են անում Բրեքսիթի կողմնակիցների ոչ բարեխիղճ քարոզչությունը և ընտրողների տեղեկացվածության ցածր մակարդակը: Այսպես, Բրեքսիթի կողմնակիցների քարոզչությունը պնդում էր, թե իբր ԵՄ-ից դուրս գալու դեպքում շաբաթական 350 միլիոն ֆունտ ստերլինգ կարող է ուղղվել Բրիտանիայի Ազգային առողջապահության համակարգին, բայց հանրաքվեից հետո Բրեքսիթի կողմնակիցները սկսեցին հրաժարվել այդ պնդումից /http://www.independent.co.uk/news/uk/politics/brexit-350-million-a-week-extra-for-the-nhs-only-an-aspiration-says-vote-leave-campaigner-chris-a7105246.html/ :
Մանիպուլյացիաների մեկ այլ օրինակ է միգրացիայի հարցը. Բրեքսիթի քարոզիչները ներկայացնում էին խնդիրն այնպես, ասես ԵՄ-ից դուրս գալով Բրիտանիան կարող է զերծ մնալ միգրացիոն հոսքերից: Բրեքսիթին կողմ քվեարկածներից շատերի՝ հատկապես ազգայնական և պահպանողական հայացքներով մարդկանց համար, միգրացիայի գործոնը որոշիչ էր: Իրականում, Բրեքսիթը գրեթե չի անդրադառնա ո՛չ Բրիտանիայի նախկին գաղութներից ներգաղթի վրա ՝ Հնդկաստան, Պակիստան, Կարիբյան ծովի կղզիներ և այլն, քանի որ այդ երկները ԵՄ մաս չեն, ո՛չ էլ Մերձավոր Արևելքից փախստականների վրա, քանի որ Բրիտանիան Շենգենի գոտու անդամ չէ և չունի բաց սահմաններ մայրցամաքային Եվրոպայի հետ: Միակ ներգաղթողները, որոնց վրա կարող է անդրադառնալ Բրեքսիթը՝ ԵՄ այլ երկրներից Բրիտանիա եկած աշխատողներն են: Սակայն, դա ևս կախված է նրանից, թե ինչ համաձայնության կգան ԵՄ-ն ու Բրիտանիան՝ դուրս գալու պայմանների մասին: Եթե Բրիտանիան ցանկանա պահպանել մուտքը ԵՄ ընդհանուր շուկա, ամենայն հավանականութամբ նա ստիպված կլինի նաև ընդունել տեղաշարժի ազատությունը, այսինքն “լեհ փականագործները”, ում այդքան չէին սիրում Բրեքսիթի կողմնակիցները, կմնան Բրիտանիայում:
Այս ամենով հանդերձ, պետք չէ գերագնահատել Բրեքսիթի կողմնակիցների քարոզչության դերը: Նախ, Բրեքսիթի հակառակորդներն էլ միշտ չէ, որ փաստերի հետ բարեխիղճ են վարվել: Այսպես, Միացյալ Թագավորության Գանձապետարանի տարածած արդեն իսկ ուռճացված տեղակատվության հիման վրա Բրեքսիթի որոշ հակառակորդներ պնդում էին, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում երկրի տնտեսությունը 6 տոկոսով անկում կապրի, մինչդեռ իրականում խոսքը ոչ թե 6 տոկոս անկման մասին էր, այլ այն մասին, որ աճը կարող էր լինել 6 տոկոսով ավելի քիչ, քան սպասվում էր (երկու կողմերի մանիպուլյացիաների այլ օրինակներ այստեղ՝ http://carnegie.ru/commentary/2016/06/29/ru-63949/j2ls): Սակայն, էլ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք, որի մասին մոռանում են Բրեքսիթի հակառակորդներից ոմանք: Եթե ժողովրդավարական երկրում, որտեղ կա ազատ մամուլ և ազատ քաղաքական մրցակցություն, ընտրողների մեծ մասը քվեարկում է մի որոշման օգտին, այդ ամենը դժվար է բացատրել միմիայն “կեղտոտ” քարոզչությամբ: Ի վերջո, եթե բրիտանացիների մեծամասնությունն ընտրեց Բրեքսիթը, նշանակում է՝ դրա համար կային ավելի խորքային պատճառներ:
Ընդհանուր առմամբ, այդ պատճառները կարելի է բաժանել երկու խմբի. Դժգոհություններ՝ կապված ԵՄ-ի հետ և հակասություններ՝ կապված Բրիտանիայի ներքին խնդիրների հետ: Եթե խոսենք ԵՄ հանդեպ բացասական վերաբերմունքի մասին, դրա հիմնական պատճառներից մեկն է դժգոհությունը Բրյուսելի բյուրոկրատական համակարգից, որը, բրիտանացիների կարծիքով, չափազանց շատ է խառնվում տնտեսական հարցերին և ստեղծում օրենքներ և կանոնակարգեր, որոնք սահմանափակում են տնտեսության զարգացման հնարավորությունները: Կա նաև սուբյեկտիվ գործոն՝ բրիտանական քաղաքական դասը տասնամյակներով Բրյուսելին օգտագործել է իբրև քավության նոխազ՝ ժողովրդականություն չվայելող որոշումների համար պատասխանատվությունը բարդելով բրյուսելյան բյուրոկրատների վրա: Պետք չէ նաև մոռանալ մայրցամաքային Եվրոպայի հանդեպ բրիտանական ավանդական թերահավատության մասին. Չէ՞ որ Բրիտանիան նաև համեմատաբար ուշ միացավ ԵՄ-ին և միշտ ԵՄ ներսում փորձեց պահպանել իր ուրույն դիրքը:
Բայց, պակաս կարևոր չեն, իսկ գուցե նաև ավելի կարևոր են Բրիտանիայի ներսում առկա հակասությունները: Բրեքսիթը ցույց տվեց, որ Բրիտանիայի ներսում առկա է որոշակի ճեղքվածք նրանց միջև, ովքեր ընդգրվկած են գլոբալացման գործընթացների մեջ և շահում են դրանցից, և նրանց միջև, ովքեր, առնվազն իրենցկ արծիքով, դրանցից կորցնողի դերում են հայտնվել: Ի դեպ, այդ ճեղքվածքը չի կարելի նույնացնել ավանդական ձախ և աջ, կամ աշխատավոր դասակարգ և բուրժուազիա հասկացություների հետ, այս եզրույթները բավականին հնացած են և չեն արտահայտում իրական պատկերը: Դրան գումարվում են նաև այլ հակասություններ, մասնավորապես՝ ճեղքվածքը գլոբալացված Լոնդոնի և այլ մեծ քաղաքների և պրովինցիալ Անգլիայի միջև: Պետք է հաշվի առնել նաև Շոտլանդիայում տարածվող անջատողական տրաամադրությունները, որոնք իրենց հերթին հակազդեցություն են առաջացնում Միացյալ Թագավորության այլ մասերում՝ նպաստելով անգլիական նացիոնալիզմի ուժեղացմանը: Բարդ իրավիճակ է նաև Հյուսիսային Իռլանդիայիում, որտեղ հակամարտությունը համարվում է լուծված, սակայն հակասությունները կաթոլիկ և բողոքական համայնքների միջև պահպանվում են: Կարևոր գործոն է նաև մարդկանց դժգոհությունը ընտրական համակարգից, որն առավելություն է տալիս երկու մեծ կուսակցություններին, և սահմանափակում մյուս կուսակցությունների հնարավորությունները: Այս ամենը հանգեցրեց նրան, որ շատերը, քվեարկելով Բրեքսիթի օգտին, առաջին հերթին փորձում էին արտահայտել իրենց դժգոհությունը հենց բրիտանական քաղաքական վերնախավից և երկրի քաղաքական համակարգից:
Մեզ ի՞նչ. Ի՞նչ է նշանակում Բրեքսիթը մեզ համար
Իհարկե, մեզ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ հետևանքներ կունենա Բրեքսիթը մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար: Եթե հարցին մոտենանք ձևական տեսանկյունից, հետևանքներն այնքան էլ զգալի չեն. ԵՄ քաղաքականությունը Հայաստանի և Հարավային Կովկասի համար մնալու է հիմնականում նույնը՝ անկախ նրանից, կմնա՞ Բրիտանիան ԵՄ կազմում, թե՞ դուրս կգա: Սակայն, ակնհայտ է նաև, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում Բրեքսիթը զգալիորեն թուլացրեց Բրյուսելի դիրքերն՝ իբրև միջազգային խաղացող, հետևաբար՝ դա կարող է անդրադառնալ նաև Հարավային Կովկասում ԵՄ ազդեցության վրա: Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, առնվազն մեկ-երկու տարի Բրեզիթը լինելու է ԵՄ համար առավել կարևոր խնդիրներից մեկը, որին իրենց ժամանակը և ռեսուրսները ստիպված կլինեն տրամադրել թե՛ ԵՄ ղեկավար մարմինները, թե ԵՄ անդամ երկրների կառավարությունները: Պարզ է, որ այդ իրավիճակում Արևելյան Հարևանության ծրագիրն ընդհանրապես, և Հայաստանը մասնավորապես, ավելի քիչ ուշադրության կարժանան ԵՄ կողմից, քան նախկինում: Բացի այդ, Բրեքսիթը ընկալվում է որպես յուրահատուկ բարոյական հաղթանակ եվրաինտեգրման հակառակորդների կողմից թե՛ ԵՄ ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, ինչը ևս կարող է ազդել մեր տարածաշրջանի և ԵՄ միջև հարաբերությունների վրա:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ ԵՄ-ն հրաժարվելու է մեր տարածաշրջանում ակտիվ քաղաքական սուբյեկտ լինելուց: Այն խոսակցությունները, թե Բրեքսիթը ԵՄ կործանման սկիզբն է, ամենայն հավանականությամբ վաղաժամ են: ԵՄ-ն մնալու է ակտիվ խաղացող նաև մեր տարածաշրջանում: Ավելին, այսօր ԵՄ-ն խիստ կարիք ունի հաջողության պատմությունների, և Արևելյան Գործընկերության երկրները կարող են լինել այդ հաջողության պատմությունը: Այնպես որ, կարելի է ակնկալել, որ երբ, ի վերջո, հաջողվի գլուխ հանել Բրեքսիթի հետևանքներից, Բրյուսելը նոր ավյունով կսկսի զբաղվել Արևելյան Գործընկերության տարածաշրջանով:
Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ինչ հետևություններ կանեն ԵՄ-ում Բրեքսիթից: Արդյո՞ք Բրեքսիթը կընկալվի որպես նշան, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել ինտեգրումը խորացնելու փորձերը, թե՞, ընդհակառակը, ավանդաբար եվրասկեպտիկ դիրք ունեցող Բրիտանիայի հեռանալու արդյունքում ինտեգրումը նոր թափ կստանա: Արդյո՞ք Բրեքսիթը ուժ կտա ԵՄ տարբեր երկրներում գոյություն ունեցող եվրասկեպտիկ ուժերին, թե՞, ընդհակառակը, ազդակ կդառնա ինտեգրման կողմնակիցների համախմբման և ակտիվացման համար: Ինչպե՞ս կընթանան բանակցությունները Լոնդոնի հետ, և ի՞նչ տեսք կունենա Բրեքսիթը. արդյո՞ք Բրիտանիան կպահպանի սերտ կապերը ԵՄ հետ (այսպեսկոչված “նորվեգական տարբերակ”), թե՞ խզումն ավելի վճռական կլինի: Վերջապես, ի՞նչ հետևանքներ կունենա Բրեքսիթը հենց իր՝ Բրիտանիայի համար. Արդյո՞ք Բրիտանիան ժամանակավոր դժվարությունները հաղթահարելուց հետո կշարունակի դինամիկ զարգանալ, թե՞ ԵՄ-ից դուրս գալու հետևանքներն իրոք կործանիչ կլինեն Բրիտանիայի համար: Պարզ է, որ կախված նրանից, թե որ տարբերակով կզարգանան իրադարձությունները, նաև տարբեր կլինեն դրանց հետևանքները ԵՄ հարևանների՝ այդ թվում մեզ համար: Այնպես ո,ր մեզ մնում է հետևել գործըթնացին և փորձել հասկանալ, թե ինչ դասեր կարող ենք քաղել այս ամենից մենք՝ հայաստանցիներս: