Արցախի շուրջ հակամարտող կողմերի միջև հրադադարի մասին Եռակողմ հայտարարության ստորագրումից սկսած Հայաստանում ներքաղաքական անկայունություն է բռնկվել։ Այն ուղեկցվել է անկարգությունների տարբեր դրսևորումներով, իսկ 17 քաղաքական կուսակցությունների փողոցային ակտիվությունը մինչ օրս շարունակվում է։ Արգելափակվել է մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան և Ազգային ժողովի շենքին հարակից Դեմիրճյան փողոցը։ Բողոքի գործողությունների էությունն ու գլխավոր նպատակը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրաժարականն է։
Կա ևս երկու ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, որոնք նույնպես պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բայց դրանք 17-ի նրանց գործընկերների պես այնքան վճռականորեն հետամուտ չեն լինում։ Վերջին հանգամանքը բոլորովին պայմանավորված չէ երկու կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի՝ գործող վարչապետի նկատմամբ տածած անձնական համակրանքով։ Այս երկու կուսակցությունները խորհրդարանում խմբակցություններ ունեն և Փաշինյանի հրաժարականի դեպքում փորձում են հնարավորինս թանկ վաճառել սեփական վարչապետի թեկնածու չառաջադրելու իրենց համաձայնությունը։ Դա անհրաժեշտ պայման է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Դա է պահանջում երկրի սահմանադրությունը։ Իրենց «Հայրենիքի փրկության ճակատ» հռչակած 17 կուսակցությունները նույնպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների են ձգտում, սակայն դրանց մասնակցելու պատրաստակամություն են հայտնում բացառապես Փաշինյանի հրաժարականի պարագայում, որը նրանց ինքնուրույնաբար ընտրություններ կազմակերպելու հնարավորություն կտա։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության՝ որպես ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ ճանապարհի օգտին են արտահայտվում Հայաստանի գործող նախագահը, Հայաստանի երեք նախկին նախագահները, Արցախի նախկին նախագահները, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ՏԻՄ ղեկավարների ստվար մեծամասնությունը, դատավորները և կառավարչական համակարգի այլ ներկայացուցիչներ։ Վերջերս նրանց են միացել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի 19 բարձրաստիճան սպաներ՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ։ Տվյալ հարցի շուրջ համակարծությունը գերիշխում է ողջ քաղաքական դաշտում։ Փաշինյանի հրաժարականի շուրջ համակարծություն չկա լոկ հայաստանյան հասարակությունում, ավելի ճշգրիտ՝ նրա գերակշիռ հատվածում, որին քաղաքական գործիչները հաճախ ընտրազանգված են անվանում։ Ավելին՝ այս հարցում հասարակությունը բաժանվել է սակավամարդ հանրահավաքներ գումարող և փոքրամասնություն կազմող՝ վարչապետի հրաժարականի կողմնակիցների, Փաշինյանի պաշտոնավարման շարունակության կողմնակիցների, որոնք, դատելով մարտի 1-ին Փաշինյանի կոչով կայացած բազմամարդ հանրահավաքից, հայ հասարակության ավելի ստվար զանգված են ներկայացնում և, վերջապես, հասարակության ամենամեծ հատվածի՝ երիտասարդ և միջին տարիքի՝ «Իմ քայլն» ու «17»-ին հավասարապես մերժող մարդկանց։
Այս համատեքստում տեղին է մեջբերել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում անցկացրած սոցհարցման որոշ արդյունքներ։ Պատասխանելով այն հարցի, թե ում օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի, պատասխանածների ճնշող մեծամասնություը՝ 42 տոկոսը, հայտարարել է, որ ոչ մի ուժի օգտին քվեարկել չի կամենում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 3 տոկոսը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 2 տոկոսը, մեկական տոկոս են ստացել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Սասնա ծռերը» և «Հայրենիքի փրկության ճակատը» միագումար։ Իսկ իշխող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին դեռ պատրաստ է քվեարկել հայաստանյան ընտրողների 33 տոկոսը։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ հայաստանյան հասարակության մեծ մասի՝ ոչ մի քաղաքական ուժին չսատարելու որոշումը պայմանավորված է կառավարության և ընդդիմության հանդեպ հիասթափությամբ և այլընտրանքային ուժերի բացակայությամբ։ Իսկ հին և նոր իշխանության միջև անվերջանալի գզվռտոցը միմիայն խորացնում է հասարակության մեծ մասի հուսալքությունը։
Այնուամենայնիվ, տվյալ սոցհարցման արդյունքներն ակնառու են և, ըստ ամենայնի, հեռու չեն իրողություններից՝ արտահայտելով հայաստանյան հասարակության մեջ տիրապետող տրամադրությունները։ Հետևաբար, դրանք մոտավոր պատկերացում են տալիս իշխող ուժից բացի բոլորի կողմից պահանջվող արտահերթ ընտրությունների սպասվելիք արդյունքների մասին։ Եթե մոտակա ամիսների ընթացքում Հայաստանում հրաշքով չառաջանա բոլորի ակնկալած նոր՝ «ներկաներին» ու «հներին» այլընտրանքային քաղաքական ուժը, ապա արտահերթ ընտրություններում կրկին կհաղթի Նիկոլ Փաշինյանը, իսկ ողջ ընդդիմությունը լավագույն դեպքում ստիպված կլինի բավարարվել ձայների 7-10 տոկոսով։ Ընդ որում, մոտավորապես հասարակության կեսը պարզապես անտեսելու է ընտրությունները։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ համարյա լիովին կվերադառնա ի շրջանս յուր։ Այսպիսով, թվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող դառնալ այն սպեղանին, որը թույլ կտա վերականգնել 44-օրյա պատերազմի արդյունքներով խախտված ներքաղաքական կայունությունը։
Այսուամենայնիվ, ընտրություններ պետք է անցկացնել։ Ընտրություններն անհրաժեշտ են չափազանց լարված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Այս ամենը շատ լավ գիտակցում են իշխող քաղաքական ուժն ու անձամբ վարչապետ Փաշինյանը։ Ողջ հարցն այն է, թե ինչպես, երբ և ամենագլխավորն՝ ով պետք է անցկացնի այդ ընտրությունները։ «17»-ը նույպես, քաջ գիտակցելով «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընտրություններում հաղթելու իրենց հույսերի պատրանքային բնույթը, վերջին ծղոտներից բռնվելով, փորձում է հեռացնել նրան վարչապետի աթոռից։ Այս չքացող հույսը ստիպել է նրանց իջնել երկրում ռազմական հեղաշրջում կատարելու և զինվորականների կողմից իշխանությունը զավթելու կոչերի մակարդակին։ Փաշինյանի՝ տեսականորեն հնարավոր հրաժարականը նրանց թույլ կտա ընտրություններ անցկացնել երկու տասնամյակների ընթացքում«մշակված» և «հղկված» սխեմայով՝ գնել և նկարել քվեների անհրաժեշտ քանակը։ Ուստի և՝ վերադառնալ իշխանության և հերթական անգամ թքել հենց բուն ընտրողների կարծիքի վրա։ Սակայն հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա գիտակից մեծամասնությունն այսքանը քաջ հասկանում է և արդեն իսկ «նախկինների» դեմ է քվեարկում՝ համառորեն չկամենալով միանալ հակափաշինյանական բողոքի գործողություններին։ Հենց այստեղ էլ առաջանում է ներկայիս գլխավոր առեղծվածը։ Չընդունելով, մերժելով «հետպատերազմյան» Փաշինյանին՝ հասարակության պայմանական 42 տոկոսը մատն անգամ չի շարժում նրան իշխանությունից հեռացնելու համար։ Էլ չխոսելով մնացյալ 33 տոկոսի մասին։ Այս ամենի հետևանքով՝ նորաթուխ հեղափոխականների քանակը տրամաբանորեն սակավաթիվ է։
«Նախկինների» ծրագրերը, բնականաբար, տեսանելի են նաև իշխող ուժին և անձամբ Փաշինյանին։ Նախագահի միջնորդությամբ նա համապատասխանաբար փորձում է պայմանավորվել խորհդարանական ընդդիմադիր ուժերի և անգամ փողոցի ընդդիմության հետ և գոնե արտահերթ ընտրությունների անցկացման մասով կոնսենսուս ձեռք բերել։ Թե՛ «բարգավաճականների», և թե՛ «լուսավորների» համար համանման կոնսենսուս ձեռք բերելը սկզբունքորեն ընդունելի է, քանի որ այն նրանց թույլ կտա գոնե ինչ-որ թվով ընտրողների ձայներին ապավինել։ Եթե նրանք փորձեն շատ նախանձախնդիր լինել, մասնակցելով «17»-ի հանրահավաքներին, այդ ձայները կարող են նկատելիորեն պակասել։ Կոնսենսուսն անհրաժեշտ չէ միայն «17»-ի հեղափոխականներին՝ հաշվի առնելով նրանց ընտրական հնարավորությունների ողբալի վիճակը։ Հասկանալի է նաև, որ այսօր իրենց իսկ պահանջած ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց հետո նրանք անմիջապես կմեղադրեն Փաշինյանին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և կրկին կհայտնվեն փողոցում։ Այլ հարց է, որ անգամ «հետպատերազմյան» Փաշինյանի ընտրություններով վերահաստատվելիք լեգիտիմությունն ընդդիմությունից կխլի տատանվող հասարակության սակավաթիվ իսկ մնացորդների աջակցությունը։ Այս ամենից հետո նորահայտ հեղափոխականները դարձյալ հայտնվելու են իրենց նեղ, բայց ընկերական շրջանակում՝ սեփական քաղաքական վերակենդանացման համապատասխան հեռանկարով։
Սակայն, մինչ այդ ընտրությունների ժամանակ նրանք կհասցնեն ուզածի պես աղմկել՝ այդ թվում և ընտրողներին ընտրակաշառք բաժանելով ու խախտելով ընտրությունների բնականոն ու քաղաքակիրթ ընթացակարգը։ Ավելին՝ ընտրությունների օրը կարող է մինչև իսկ հրապարակային բախումներ և արյունահեղություն հրահրվեն։ Եվ այստեղ է, որ ընդդիմությունը կապրի իր անվիճելիորեն աստեղային ժամը, որովհետև այդ սցենարի համար պատասխանատվությունը բոլոր դեպքերում կրելու է իշխանությունը։ Այսպիսով, եթե «Իմ քայլը» և Նիկոլ Փաշինյանն անձամբ չեն կամենում կրել այս ծանր բեռը, ապա նրանց համար «Կուսակցությունների մասին» օրենքում և առաջնահերթորեն՝ Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխություններ կատարելը պետք է դառնա թիվ մեկ առաջնահերթություն։ Նրանք սխալվելու իրավունք չունեն։ Հակառակ պարագայում՝ արտահերթ ընտրություններն անխուսափելիորեն կվերածվեն պաշարների, ոչ թե գաղափարների պայքարի։ Բնական է, որ տասնամյակերի ընթացքում սովորական դարձած բակային «հեղինակություններին», լրագրողներին, դիտորդներին, վստահված անձանց և հենց ընտրողներին կաշառելը լավագույնս հուշում է, թե ինչպես են ավարտվելու այդպիսի «ընտրությունները»։ Դրանք հաստատ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը չեն ծառայի։ Եվ սա անկախ էլ ավելի կարևոր խնդրից՝ հայաստանյան ընտրողների կեսն այնչափ ցանկալի «երրորդ ուժի» բացակայության պայմաներում ընտրության իսկ հնարավորություն չունի։ Իսկ այս խնդրի լուծումն անգամ հորիզոնում դեռ չի նշմարվում…