Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ
ՄԱՀՀԻ հիմնադիր և
հետազոտական ծրագրերի ղեկավար
Երևան
Որքան էլ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության օրակարգում չարտացոլվեցին ո՛չ արտաքին-քաղաքականությանը, ո՛չ էլ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրներ, դա չի նշանակում, թե դրանք անուղղակիորեն չեն ազդել անսպասելի հանգուցալուծում ստացած այդ զարգացումների վրա, կամ իշխանափոխությունը չի ազդում ու ազդելու Հայաստանի անվտանգային քաղաքականության, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմության կռվանները
Խոշոր հաշվով, Հայաստանի նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի 10-ամյա լեգիտիմությունը բացարձակապես արտաքին բնույթ էր կրում՝ իր երկարակեցության համար անհրաժեշտ «վառելիք» լիցքավորելով տարածաշրջանային կամ միջազգային նշանակության խնդիրներից:
Ի զորու չլինելով հանգուցալուծելու 2008թ. վիճահարույց նախագահական ընտրությունների ու մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների արդյունքում երկրում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամը, միջազգային կարևորության գործընթացներում՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման[1] ու Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում[2] շուտափույթ ներգրավվածությունը, դրա շնորհիվ տարածաշրջանային գործընթացներում գործոն ու արտաքին ուժերի համար տևական գործընկեր դառնալու ու ներքին լեգիտիմության ահռելի պակասուրդն այդ կերպ լրացնելու փրկօղակ և հնարավորություն էին Սերժ Սարգսյանի համար: Մեկ տարի անց՝ 2009-ից, թվարկվածներին գումարվեցին Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ Երևան-Բրյուսել բանակցություններն ու 2012-ից Հայաստանին եվրասիական նախագծում ներգրավելու ու այդ եղանակով ԵՄ-Հայաստան համաձայնագրերը տապալելու Մոսկվայի «ինտեգրացիոն ծրագիրը»:
Անշուշտ, այդ ողջ ընթացքում ներքին կյանքում զանգվածային հանրային դժգոհությունների պարբերական աճի ու պոռթկման, ներքաղաքական հավասարակշռության կառավարումն իրականացվում էր կառավարության փոփոխության հնարքով, ինչը ժամանակավորապես հետաձգում էր իշխանությանն ուղղված ներքին ու արտաքին մարտահրավերները[3]: Այդուհանդերձ, պետության գլխի «կյանքի թելը» ձևավորում էին անվտանգության ու արտաքին քաղաքականության խնդիրները, նրան ստիպելով պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ճկուն, երբեմն էլ՝ վտանգավոր խուսանավումներ կատարել Արևմուտքի ու Հյուսիսի, խնդիրների լուծումների կամ դրանց լուծմանը խոչընդոտելու միջև:
Ըստ այդմ՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում Հայաստանում նախագահափոխություն/իշխանափոխություն կարող էր տեղի ունենալ, եթե միջազգային հանրության համար երբեմնի գերկարևոր այդ գործոններն ու Սերժ Սարգսյանը արտաքին դերակատարների համար կորցնեին իրենց նշանակությունը, և/կամ Հայաստանի իշխանություններն այլևս դիտարկվեին ոչ թե այդ խնդիրների լուծման մաս, այլև խոչընդոտ….
Ինչպես բարակեց Սերժ սարգսյանի իշխանության «կյանքի թելը»
Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմություն ստեղծած բոլոր գործոնների հանրագումարը կարողացավ նրա պաշտոնավարման այս կամ այն չափ արդյունավետ կայունություն ապահովել 5 տարվա համար՝ աստիճանաբար կորցնելով իր “զորությունն” ու “կարևորությունը”: Պաշտոնավարման երկրորդ հնգամյակում նրա՝ ավելի թուլացած իշխանությունն ուղղակի դրա իներցիոն հոսանքների մեջ էր, որոնք իրականում իշխանության փոփոխության ռիսկեր ու շահագրգռություններ էին կուտակում երկրի ներսում ու դրսում:
Հայ-թուրքական գործընթացի պատուհանը որքան որ արագ, անսպասելի ու բուռն բացվեց, այնքան էլ արագ փակվեց. 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրություններիւ ստորագրման պահին, երբ Անկարան պաշտոնականացրեց հարաբերությունների նորմալացման կապը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ակնհայտ էր, որ գործընթացը մտնում է փակուղի ու այն Սերժ Սարգսյանի համար երկար դերակատարում դժվար թե ապահովի. թուրքական նախապայմաններին ընդառաջելը կնշանակեր Անկարայի ու Բաքվի առանցքներով գնալ միակողմանի անցանկալի զիջումների (հայ թուրքական արձանագրություններով պատմական հարցերով հանձնաժողովի ձևավորում ու Հայաստան-Թուրքիա առկա սահմանի ճանաչում, իսկ ղարաբաղյան խնդրով՝ առնվազն 5 շրջանների վերադարձ Բաքվին)՝ դրա դիմաց ներսում ստանալով իշխանափոխության մարտահրավեր՝ այդ գործընթացին դիմադրող Սփյուռքի ու ներքին ազգայնական ընդդիմության կողմից: Արդեն 2010 թվականի ապրիլի 22-ին Ս.Սարգսյանը հայտարարեց խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին՝ այն հիմնավորումով, որ Թուրքիան սկսված գործընթացը շարունակելուն պատրաստ չէ։ Հետագայում Թուրքիային տեղից շարժելու Սերժ Սարգսյանի մի քանի փորձերը ապարդյուն էին, իսկ 2017-ի աշնանը նրա հնչեցրած սպառնալիքը մինչև 2018թ. ապրիլ (վարչապետի պաշտոնն ստանձնելու ամիսը) արձանագրություններն իսպառ չեղարկելու մասին սոսկ «հետախուզում էին», թե արդյո՞ք երկրորդ փորձի միջազգային շահառուներ կան: Պարզվեց՝ չկան. ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում դրա հեռանկարներին հավատացողներ չկան, իսկ մեռելածին արձանագրություններն ու արդեն իսկ փորձարկված Էրդողան-Սարգսյան առաջնորդությունը վերածվել են նոր գործընթաց սկսելու խոչընդոտի:
Ղարաբաղյան հակամարտությունը Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությանը մի փոքր ավելի երկար ծառայեց: 2008թ. նոյեմբերից Ռուսաստանի հովանու ներքո հայ-ադրբեջանական 9 նախագահական հանդիպումներից ու դրանց ընթացքում մշակված կարգավորման աշխատանքային տարբերակների շուրջ կողմերի տարընթերցումներից ու փոխադարձ մեղադրանքներից հետո այն նույնպես փակուղի մտավ Կազանում, հունիսի 24-ին, 2011թ.: Հետագայում հրապարկված Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակը[4], որը մերժվել էր Ադրբեջանի նախագահի կողմից, ցույց տվեց, որ այդտեղ էլ Սերժ Սարգսյանը հասել էր իր և Հայաստանի համար վտանգավոր սահմանագծի՝ համաձայնելով Ադրբեջանին վերադարձնել սկզբում 5, ապա ևս 2 տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակ շնորհելու, հակամարտության գոտում միջազգային խաղապահներ տեղակայելու, իսկ անորոշ ապագայում խորհրդային ԼՂԻՄ-ի նախկին բնակչության կազմով ու սահմաններում տարածաշրջանի ու Հայաստանին կապող Լաչինի միջանցքի վերջնական ու նույնական կարգավիճակը կամարտահայտությամբ որոշելու դիմաց:
Բանակցային գործընթացի փաստացի եռամյա դադարից հետո ու պաշտոնավարման երկրորդ հնգամյակում՝ 2014-ի ամռանը Սոչիում ՌԴ նախագահի կողմից հայ-ադրբեջանական սահմանային մասշտաբային լարվածությունը «հետաձգելու» դիմաց Մոսկվայի հովանու ներքո եռակողմ բանակցություններում ներգրավվելու պաշտոնական Երևանի համաձայնությունը, ըստ որում՝ 2013-ին կասեցնելով Կրեմլին անհանգստացրած Եվրասասոցացումը ու դրա փոխարեն “գերազանցիկ աշխատանքով” 2014-ի հոկտեմբերի 10-ին ավարտին հասցնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, միգուցե Բաղրամյան 26-ում կարող էին միամտաբար համարել արտաքին լեգիտիմությունը ամրապնդելու հերթական հնարավորությունը: Սակայն, երկու դեպքում էլ առաջացած շահային ասիմետրիան Սերժ Սարգսյանի ու Հայաստանի համար այնքան խորն ու մեծ էին, որ միջնաժամկետ կտրվածքով նրա իշխանության համար վտանգներն ավելի էին մեծացնելու: Ղարաբաղյան խնդրով կարգավորման «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն այլևս վերածվել էր «տարածքներ՝ խաղաղության ու Արցախի տնտեսական ապաշրջափակման դիմաց» լավրովյան պլանի[5], որով Ռուսաստանը ՀԱՊԿ (ռուս-բելառուսական) խաղաղապահներ էր տեղակայում թե՛ Ադբեջանին վերադարձվող շրջաններում[6], թե՛ Արցախում (իսկ այդ ուղղությամբ նա դեռևս 2012-ից անթաքույց փորձեր էր կատարում[7] ՄԱԿ-ում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելությունը ճանաչելու ուղղությամբ), Ադրբեջանը անդամակցում էր ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին[8]: Այս պլանի կապակցությամբ Բաքվում հիմնական մտահոգությունը ոչ այնքան դրանց հետ էր կապված, որքան նախկին ԼՂԻՄ+Լաչինի միջանցքի նույնական կարգավիճակն ապագայում Ռուսաստանի/խաղապահաների հայեցողությանը թողնելու հետ` աչքի առջև ունենալով Վրաստանի, Մոլդովայի հակամարտությունները…
2015-ի կեսերից[9] Սերժ Սարգսյանը այլևս անթաքույց փորձեր էր կատարում 2008թ. մեկնարկած ու 2015-ից վտանգավոր ուղղվածություն ստացած գործընթացների ուղղվածությունը կանգնեցնելու ու ստեղծած ասիմետրիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը ստիպում էր մի կողմից հրաժարվել Լավրովի պլանից (դրան հետևեց նաև՝ Մոսկվան[10], որը պայմանավորված էր տարեվերջին ռուս-թուրքական «ինքնաթիռային» միջադեպով[11], Բաքու-Անկարա տանդեմի խորացմամբ[12] ու այդ տարբերակի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին պայմանավորվածություններին ու սկզբունքներին խոր հակասությամբ), մյուս կողմից էլ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ստեղծված ասիմետրիան վերացնելով՝ վերաբանակցելով Կրեմլյան վերնախավի մի հատվածի համար անցանկալի Հայաստան-ԵՄ պայմանագիրը: Արդյունքում 2016-ի ապրիլին ազատ արձակվեցին Ադրբեջանի ձեռքերը՝ ի դեմս Արցախի դեմ սանձազերծված 4-օրյա բլիցկրիգի փորձի, որոնք ավելի թուլացրեցին Սերժ Սարգսյանի դիրքերը երկրի ներսում, ինչի դրսևորումն էր 2016թ. ամռանը քառօրյա պատերազմում կորսված «800 հեկտարը» ետ վերադարձնելու ու «պայմանավորված պատերազմի» շարունակությունը կանխելու օրակարգի շուրջ համախմբած ու ռազմական ապստամբություն դիմած «Սասնա ծռեր» խմբավորման իշխանափոխության տապալված փորձը՝ ռազմական ապստամբությունը:
Այդպիսով, 2017թ. դրությամբ խոհրդարանական կառավարման անցնելու միջոցով վերարտադրվել պատրաստվող, սակայն սարսափելի թուլացած հանրային վստահություն ունեցող Սերժ Սարգսյանի համար արտաքին լեգիտիմության բոլոր կռվանները սպառված էին. Մոսկվայում այլևս չէին կարող նրա հետ կապել ղարաբաղյան խնդրով բանակցությունների հեռանկարը, քանի որ Սերժ Սարգսյանը տեղով մեկ վերածվել էր ռուսական պլանը տորպեդահարողի[13] ու դրա մասին Արևմուտքին «խաբար տվողի»[14][15], ավելին՝ համառորեն բանակցել ու ստորագրել էր ԵՄ-Հայաստան նոր պայմանագիրը: Արևմուտքը Սարգսյանին նույնպես հուսալի ու կանխատեսելի գործընկեր չէր կարող դիտարկել, քանի որ նա 2013-ին խուսափել էր ստորագրել երեքուկես տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը, համաձանել էր տարիներով մխրճվել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական պլանի գաղտագողի գործընթացի դաշտ և միայն վերջում դիմել Արևմուտքին՝ այն կասեցնելու հարցում աջակցություն ստանալու համար, իսկ ապագայում էլ Սերժ Սարգսյանի իշխանության որակն ինքնին խնդիր էր Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ համաձայնագրերի պատշաճ իրականացման ու օրակարգերի համար….Ուստի ոչ ոք նրան չէր էլ փորձելու պահել և աջակցել 2018-ին վարչապետությունն ստանձնելուն ընդառաջ խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի արդյունավետ համախմբման ու Սարգսյանին հրաժարեցման ժամանակ: Նրա իշխանության երկարակեցության բոլոր թելերն այլևս մաշվել էին…
Թավշյա հեղափոխություն ու շտրիխներ. ի՞նչ սպասել
Թավշյա հեղափոխության ապահոված ահռելի մեծ հանրային աջակցությունն ու լեգիտիմությունը, որոնք մինչ օրս ուղեկցում են Հայաստանի նորըտիր ղեկավարությանը, ճիշտ 2008թ. հակառակ ելակետներն են ապահովել Հայաստանի, նրա արտաքին ու անվտանգության քաղաքականության համար:
Թավշյա հեղափոխությունից հետո ռուսական վերնախավի մի հատված հայազգի գործիչների շուրթերով նախ փորձեց նրա իշխանության գալը ներկայացնել իբրև իշխանության բռնազավթում փողոցի միջոցով, սակայն դա չստացվեց: Չստացվեց նաև Հայաստանի ներքին արդարադատությանը վերաբերող աղմկոտ քրեական գործերում նախկին իշխանությունների բարձրաստիճան դեմքերի՝ ՀՀ երկրորդ նախագահի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ներգրավումը քաղաքական հետապնդում որակելն ու հիմնավորելը: Դրանք, թերևս, ոչ այնքան կամ ոչ միայն արտացոլում էին Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանում ռուսական քաղաքականության երբեմնի «պրովայդերների» հանդեպ, որքան որ Փաշինյանի իշխանության վրա բիծ ստեղծելու հուսահատ փորձեր էին: Հաջողելու դեպքում այդ «բծերը» կարող էին օգտագործվել արտաքին քաղաքականության/ղարաբաղյան հարցում ցանկալի զիջումները կորզելու համար: Այդ խողովակը Փաշինյանը փակեց ՌԴ նախագահ հետ հանդիպումներից մեկի ժամանակ ձեռքբերված՝ «միմյանց ներքին գործերին չմիջամտելու ու ինքնիշխանությունը հարգելու մասին» պայմանավորվածությամբ[16]:
Հաջորդ խնդիրը, որ Փաշինյանի կառավարությունն ստեղծել է հակամարտության կարգավորման ռուսական պլանի վերաֆորմատավորման համար, դա Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջն է. մի խնդիր, որն անգամ իր իրավանախորդ Սերժ Սարգսյանը զգուշորեն սկսեց առաջադրել 2015-ից, սակայն դա նրան չհաջողվեց ներքին լեգիտիմության պակասի ու արտաքին լեգիտիմության հարցում Ռուսաստանից գերկախվածության պատճառով: Բանակցային գործընթացում 2 խաղացողով կամ մանդատով հանդես գալու միտքը ոչ միայն սարսափեցրեց Բաքվին, ով այն ապակառուցողականություն որակեց, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանին, ովքեր չեն կարող վիճարկել պահանջի լեգիտիմությունը, բայց նաև չեն կարող բավարարել այն:
Որքան էլ Թավշյա հեղափոխությունից հետո Վաշինգթոնը, Մոսկվան, Փարիզն ու Բրյուսելը Հայաստանի նոր իշխանություններին ուղղված իրենց շնորհավորական ու այլ ուղերձներում լավատեսություն ու հույս հայտնեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աշխուժացման կապակցությամբ՝ Փաշինյանի իշխանությունը ցույց տվեց, որ այդ հարցում ամենևին շտապել չի պատրաստվում: Ի տարբերություն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բիծ չունի իր իշխանության լեգիտիմության վրա, ոչ էլ արտաքին գործոններով դրա պակասուրդը փոխլրացնելու կարիք: Նրա իշխանության օրոք անցկացված երկու ընտրությունները՝ Երևանի ավագանու ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ոչ միայն իրավական տեսանկյունից անբիծ էին, այլև անընդմեջ արձանագրեցին Ն.Փաշինյանի՝ ոչ միայն դրսի, այլ անգամ ներսի համար “մտահոգիչ” բարձր վարկանիշն ու հանրային աջակցությունը (Երևանի ավագանու ընտրություններում՝ 81 տոկոս[17], իսկ խորհրդարանական ընտրությունուններում՝ 70 տոկոս[18]):
Հայտարարելով, թե ինքը շարունակելու է նախկին իշխանությունների արտաքին քաղքականությունը բոլոր ավանդական ուղղություններով և դրանք սոսկ վերակառուցելու է ավելի արժանապատիվ, ինքիշխանության ու ազգային շահերի հիմքի վրա՝ Փաշինյանի համար ելակետ է նաև այն, որ ոչ միայն իր նախորդները, այլև հենց Մոսկվան է բազմիցս, այդ թվում 2017-ին, հայտարարել ռուսական՝ Լավրովի ծրագրի բացակայության մասին[19]: Անգամ անտեսելով այն հանգամանքը, որ 2016-ի ամռանը Փաշինյանն ամենասուր գնահատականն էր տվել լավորվյան տարբերակին, իսկ առաջին և երրորդ նախագահներին էլ մեղադրել Արցախի դեմ դավադրության մեջ[20], ակնհայտորեն նա չի շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ու ստվերային այդ “հոսանքով” բանակցությունները: Մինչդեռ այդ ծրագիրը Մոսկվայի համար ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին էր, այլ Ադրբեջանի ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ դարձնելու ու հակամարտության գոտում սեփական խաղապահներ տեղաբաշխելու մասին[21]….
Արդեն ամռանը Ադրբեջանը խորամանկ հնարք բանեցրեց՝ երկրում իշխանությանը հարող խորհրդարանակնների, իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներով ծավալելով այդ կառույցին անդամակցելու դիսկուրսը, որին միացան նաև Մոսկվայում՝ ակնարկելով սկզբում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին, իսկ ՀԱՊԿ-ում էլ նախաձեռնելով այդ ստատուսի մշակման աշխատանքները[22]: Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին բերել ՀԱՊԿ նշանակում է նրանց հետ բերել նաև հակամարտությունը խաղապահների տեղակայման իրավունք-մանդատով՝ այն դուրս հանելով ԵԱՀԿ շրջանակներից….Ըստ այդմ, 2018-ի ամռանից երկու ուղղությամբ էլ ակտիվացվել էին աշխատանքները ՀԱՊԿ-ում՝ Հայաստանի կողմից առաջադրված գլխավոր թեկնածուի՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ[23], ինչին լրջորեն հարվածեց նրա դեմ Հայաստանում մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործն ու ՀԱՊԿ-ից ետ կանչելու ՀՀ իշխանությունների անդրդվելիությունը: Ու դժվար է ասել՝ Հայաստանի կատարած միակողմանի քայլերը հարվածո՞ւմ էին ՀԱՊԿ հեղինակությանը, թե՞ Խաչատուրովի ձեռամբ ՀԱՊԿ-ն արցախյան հակամարտության կարգավորմանը նախապատրաստելուն… Թվում է, թե վերջինն առավել լուրջ եզրահանգում է:
ՀԱՊԿ-ին անդամակցելու՝ Բաքվի հանկարծակի շահագրգռությունը Հայաստանում պարտավոր էին հասկանալ անպես, որ դրանով Ադրբեջանի իշխանություններն ուղերձ են հղում Մոսկվային, թե իրենք շարունակում են պատրաստ լինել լավրովյան պլանով բանակցությունները շարունակելուն: Սակայն, ինչպես նշվեց, այդ պլանից արդեն իսկ ֆորմալ ու պարտադրված հրաժարվել էին թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛Սերգեյ Լավրովը, իսկ Փաշինյանն այն արդեն 2016-ին «մերժել» էր Սերժ Սարգսյանին «մերժելուց» շատ առաջ, բացի այդ՝ նրա կառավարությունը ինչ-որ առումով «տեր» է իր նախորդի այն բոլոր որոշումներին, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի շահերից… Ավելին, Փաշինյանի կառավարության օրոք ՀՀ ԱԳՆ-ն թերևս առաջին անգամ ու աննախադեպ կանխարգելիչ քայլի գնաց՝ հասկացնելով, թե Երևանը վետո կդնի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության գործընթացի վրա[24]:
Սակայն, Ադրբեջանի դիրքավորումը սրանով չի ավարտվում. լավրովյան պլանը շարունակելու հարցում շահագրգռությունը հայտնելուց զատ Բաքուն ցանկանում է լուծել այդ առաջարկներում իրեն մտահոգող մի առանցքային դետալի հարցը՝ Լաչինի միջանցք-ԼՂԻՄ նույնական կարգավիճակի հարցը, որպեսզի ապահագրվի դրա՝ երբևէ Ադրբեջանից անկախ ու հայաստանապատկան կարգավիճակը: Բաքվում առկա նման մտահոգության արտացոլանքն էր այն, որ դեռևս հեղափոխության օրերին մերձկառավարական ԶԼՄ-ներում հայտնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովի առաջարկած «լուծումը»[25], թե դրա համար պետք է «օգտվել» 2001թ. Քիվեսթում արված մշակումներից, այն է՝ ապահովել Մեղրիով միջանցք Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ընդդեմ ԼՂԻՄ և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի: Ըստ այս ռուս-ադրբեջանական մոտեցման՝ օրակարգում սիմետրիկ կարգավիճակով միջանցքների գաղափարի առաջ քաշելը, որը եղել է 1999-2001թ. բանակցային գործընթացում, դառնում է հայկական կողմի ու Մինսկի խմբի բոլոր առաջարկներում՝ Արցախի ու Հայաստանի միջև ապահով ու անվտանգ միջանցքի լեգիտիմ պահանջը չեզոքացնող ու հավասարակշռող լուծում: Ասել է թե՝ եթե հայկական կողմը թույլատրում է օրակարգում այդ հարցը դնելուն ու լուծելուն, հայտնվում է ծուղակում՝ կա՛մ համաձայնել, որ Մեղրիի միջանցքն էլ սուվերենության իրավունքով փոխանցվի Ադրբեջանին, կա՛մ դրանից խուսափելու համար համաձայնել, որ Լաչինի միջանցքը, իսկ նույնն է ասել՝ նաև ԼՂԻՄ տարածքը ինքնավարության որոշակի աստիճանով մնում են Ադրբեջանի կազմում:
Ահա հենց այստեղ է, որ նման զարգացման ճանապարհը մասամբ փակում է Փաշինյանի՝ «բանակցություններում 2 տաբերակված մանդատ ու օրակարգ» մոտեցումը, երբ հայկական երկու կողմերի լեգիտիմ ներկայացուցիչները առանձին կբանակցեն իրենց վերաբերող հարցերում ու կառանձնացնեն Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան օրակարգերը, չհաշված դրա ընձեռած խուսանավումների մեծ պատուհանը:
Սակայն, այս ամենով հանդերձ, տեսանելի չէ, թե ինչպես է բանակցային եղանակով Մոսկվան լուծելու իր համար կարևոր մնացող ու տարիներ շարունակ հետապնդած վաղեմի նպատակը՝ հակամարտության գոտում ռուսական/ՀԱՊԿ խաղապահների տեղակայման հարցը: Փաշինյանի պահպանվող բարձր լեգիտիմությունը նրա համար կատարյալ պատժի է վերածվել. ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նրա դեպքում կիրառելի չէ «փոխզիջումներ արտաքին լեգիտիմության ու աջակցության դիմաց» բանաձևը, Արևմուտքն այլևս տեղյակ է իր նախկին սեպարատ պլաններից, որոնք խախտել են համանախագահող երկրների միջև ձեռքբերված չգրված ու գրված պայմանավորվածություններ և համաձայնություններ (լավրովյան պլանում անտեսվել է երեք սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա իրացման ժամկետների ու պայմանների շուրջ հստակ պայմանավորվածությունը բացակայել է, հակամարտության լուծումը չի եղել համապարփակ, ու կարգավիճակի հարցը թողնվել է անորոշության մեջ ու անորոշ ապագայում, և վերջապես՝ հակամարտության գոտում չէին կարող տեղակայվել համանախագահ երկրներից որևէ մեկի զինվորականներ[26]):
Ըստ այդմ, չարագուշակ է հնչում, սակայն, այս խնդիրը լուծելու ուղի Ռուսաստանին մնացել է միայն ռազմական ճանապարհը. երբ հակամարտության լրջագույն շիկացման փուլում երկու կողմերն իրենք կխնդրեն Մոսկվային կանգնեցնել պատերազմն ու կողմերին բաժանել ռուս խաղաղապահներով….
Ու, թերևս, մտահոգիչ զուգահեռ է նկատվում այսօրվա ու 2015-ի զարգացումներում. թե՛ 2015-ի աշնանը[27], թե այժմ[28] Ադրբեջանն անհասկանալի գերլավատեսություն է հայտնում բանակցային գործընթացի, հայկական կողմի հետ փոխըմբռնման գալու կապակցությամբ: Անցանկալի դեժավյու այն իմաստով, որ երբ 2015-ի տարեվերջից մինչև մարտ թե՛ Երևանից, թե՛ Մոսկվայից հերքվում էր Լավրովի պլանի գոյությունը[29], Ադրբեջանը գործընթացից իր «հիասթափությունն» արտահայտեց ապրիլյան բլիցկրիգով, որը «կանգնեցնելիս» Կրեմլը ձախողված, բայց մի փոքրիկ փորձ կատարեց «եռակողմից երկկողմի վերաֆորմատավորելու» 1994թ. հրադադարի եռակողմ պայմանագրերը. այդ ժամանակ Երևանը հրաժարվեց ու չթույլատրեց ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ ու այդ հարցերով բանակցող, իսկ դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դա անել[30]…
Ներկայիս գործընթացը մասամբ կրկնում է 2015-2016-ի հնարքը՝գերլավատեսությունից մինչև հիասթափություն, իսկ ապա՝ բլիցկրիգի «լեգիտիմություն», վերջինս դարձնելով գոնե Ադրբեջանի ու Ռուսաստանի համար սեփական հեռահար նպատակներն իրականացնելու կարճ ուղի: Աշխարհաքաղաքական իրավիճակում հիմնական տարբերությունն այն է, որ 2016-ին դա տեղի ունեցավ Ռուսաստան-Թուրքիա առճակատման պայմաններում, իսկ այժմ գործընթացներն ընթանում են Իրան-ԱՄՆ սրվող լարվածության խորապատկերին: Եւ նկատելիորեն Ադրբեջանի հեռահար հաշվարկով հնարավոր թատերաբեմերից մեկն է դիտարկվում Իրանին ու Թուրքիային սահմանակից Նախիջևանը, որտեղ Թուրքիայի զինուժը վաղուց դիրքավորված է, երբ Մոսկվայից ռուսական հակահետախոզության նախկին ղեկավարի ու միջնորդի մակարդակով խորհուրդ է տրվում օգտվել 2001-ի ամերիկյան Քի Վեսթի մշակումներից, որոնք Իրանը Հայաստանից կտրելու «գայթակղիչ տեսիլք» կարող են ստեղծել ԱՄՆ-ի համար, իսկ Ռուսաստանի ու Հայաստանի համար՝ այդպիսի հեռանկարը կանխելու «հիմնավորում ու տարածքում խաղապահների հայտնվելու ու գործելու անհրաժեշտություն»: Բաքվի հաշվարկներում էլ տեսահորիզոնում նման հավելյալ թատերաբեմի ներառումը գործընթացի հանդեպ շահագրգռված կդարձնի առավալագույն թվող դերակատարների՝ Իսրայելից, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան ու Թուրքիա:
Հայաստանի համար եկել են հիրավի ճկուն ու իմաստնագույն արտաքին քաղաքականություն վարելու, իր և Արցախի համար վտանգ ներկայացնող զարգացումները «oրորոցում» կանխելու (իսկ այդպիսի հաջողված դրվագներ արդեն արվել են), իշխանության լեգիտիմությունն ու հանրային ահռելի աջակցությունը արտաքին քաղաքականության մեջ ողջ հմայքով երևակելու և արդյունքները նյութականացնելու ժամանակները: Թե ինչպե՞ս՝ դա արդեն այլ վերլուծության նյութ է:
_________
[1]Սերժ Սարգսյանը Աբդուլա Գյուլին հրավիրել է Երեւան՝ ֆուտբոլ դիտելու, Ազատություն, 05.07.2008
[2]Декларация Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации, 02.11.2018
[3]Հայաստանում կառավարության արմատական փոփոխություններ տեղի ունեցան 2008թ. նախագահական ընտություններից ու մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո, երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը՝ որպես իշխող վերնախավի երկու՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, թևերի միջև փոխզիջումային ֆիգուր, ապա՝ 2014թ., երբ իշխանափոխության խնդրով միավորված ընդդիմադիր քառյակի՝ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-Ժառանգություն տանդեմի շուրջ բողոքական հասարակական կոնսոլիդացիան ու Սերժ Սարգսյանի իշխանության համար վտանգ ներկայացնող հետագա զարգացումները կանխվեցին այդ ձևաչափում առաջատար դարձած ԲՀԿ-ին հաճո կամ զսպող վարչապետ ու կառավարություն նշանակելով, ապա և՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելով, և 2016թ. Սասնա ծռերի ռազմական հեղաշրջման փորձից հետո Գազպրոմի ներկայացուցիչ Կարեն Կարպետյանին վարչապետ նշանակելով:[4]Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ), Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, 23.06.2016
[5]К Нагорному Карабаху подключают челночную дипломатию, Коммерсантъ, 10.11.2015
[6]Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել Փաշինյանից, Ազատություն, 14.12.2018
[7]ОДКБ и ООН подписали Меморандум по миротворческой деятельности, Организация Договора о коллективной безопасности, 28.09.2012
[8]Լուկաշենկո. Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց, PanARMENIAN.Net, 14.12.2018
[9]Лавров обсудил с Налбандяном ситуацию в Нагорном Карабахе, РИА Новости, 17.07.2015
[10]Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել, Լրագիր, 26.01.2016
Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху, ТАСС, 31.03.2016
[11]Турция готовится зайти с карабахского фронта, Коммерсантъ, 26.11.2015
[12]Источник: Премьер Турции обсудит в Баку возможность увеличения закупок газа, Взгляд,01.12.2015
[13] Лавров: в переговорах по Нагорному Карабаху нет чрезвычайного оптимизма, ТАСС, 21.11.2017
[14]Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху,
ТАСС, 31.03.2017
[15]Շավարշ Քոչարյանը՝ «Լավրովի պլանի» մասին. Նույն հաջողությամբ կարելի է խոսել «Քերրիի ծրագրի» մասին, News.am, 23.11.2016,
[16]Փաշինյան. Հուսով եմ առկա հարցերը կլուծվեն նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, Panorama.am, 08.09.2018
[17]ԿԸՀ֊ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, Ազատություն, 30.09.2018
[18]«Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը, Երկիր, 16.15.2018
[19]Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху,
ТАСС, 31.03.2017
[20] Никол Пашинян: «Левон Тер-Петросян вступил в альянс с Сержем Саргсяном ради реализации плана Лаврова». «Аравот», 22.07.2016г, Никол Пашинян заявил о начале ежедневных митингов: «Этот вопрос должен решать сам народ», Аравот, 22.07.2016, Позорное заявление: Никол Пашинян – о заявлении Левона Тер-Петросяна,YerevanToday.am, 22.07.2016
[21]Լուկաշենկո. Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց, PanARMENIAN.Net, 14.12.2018
[22]Готовится почва для вступления Азербайджана в ОДКБ, Haqqin.az, 23.08.2018,
[23]Хачатуров отмечает активизацию сотрудничества ОДКБ с ООН в миротворчестве, Belta.by, 11.06.2018
[24]«Присоединение Азербайджана к ОДКБ в статусе наблюдателя в настоящее время невозможно»: Тигран Балаян, Aravot, 26.09.2018
[25]Экс-глава разведки России: «Открыть коридор в Лачине, освободить оккупированные территории Азербайджана», Haqqin.az, 24.04.2018
[26] Newspaper: Minsk Group US co-chair makes noteworthy revelation on Karabakh conflict, News.am, 30.09.2015, атакже: «Жоховурд». Уорлик раскрыл примечательные детали: вопрос российских миротворцев обсуждался. News.am, 30.09.2015, Уорлик раскрыл примечательные детали: «Жоховурд», Аrmlur.am, 30.09.2015,
[27]Источник: Премьер Турции обсудит в Баку возможность увеличения закупок газа, Взгляд,01.12.2015
[28]Эльмар Мамедъяров: «Мы достигли взаимопонимания с Арменией», Haqqin.az, 18.12.2018
[29]Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել, Լրագիր, 26.01.2016
Глава МИД РФ опроверг существование “плана Лаврова” по Нагорному Карабаху, ТАСС, 31.03.2016
[30] Перемирие в Нагорном Карабахе между Арменией и Азербайджаном достигнуто в Москве, RT, 05.04.2016