Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Մերօրյա Թուրքիայի ազգայնականության հիմքերը հասնում են ընդհուպ մինչև Օսմանյան կայսրության շրջան: Օսմանյան շրջանից սկսած՝ ազգայնականությունը Թուրքիայում, շարունակաբար փոխարկումների ու ձևափոխությունների ենթարկվելով հանդերձ, մշտապես պահպանել է իրեն բնորոշ ագրեսիվ և այլատյաց դիմագիծը՝ վերածվելով ազգային փոքրամասնությունների գոյությունը չհանդուրժող ազգայնամոլական հոսանքի:
Թուրքիայի Հանրապետության ստեղծման հիմքում էլ ընկած էր Մուսթաֆա Քեմալի և նրա համախոհների ազգայնամոլական գործունեությունը, որն էլ պատմությանը հայտնի է «քեմալական շարժում» տարբերակով: Այս շարժումն իր հերթին սնվում էր երիտթուրքական ազգայնականությունից (իմա՝ «ազգայնամոլությունից»)՝ շարունակելով այդ ավանդույթները. փորձն ու անգամ գործող անձինք էին նույնը: Թեև թուրքական պատմագրությունը քեմալական շարժումը ներկայացնում է որպես ազգային-ազատագրական շարժում, սակայն խորքային առումով այն ընդգծված ազգայնամոլական, հակահույն և հակահայ ուղղվածության շարժում էր՝ լի կոտորածներով ու բռնազավթումներով: Այսպիսով, թուրքական ազգայնամոլության պատմական առանձնահատկություններից է նրա հակահայ և հակահույն ուղղվածությունը:
Թուրքական ազգայնականության կիզակետը հանդիսացող 1915-1923 թվականների հայերի ցեղասպանությանը ևս հաջորդեցին զանգվածային կոտորածներ և բռնություններ, որոնք հստակորեն ուղղված էին ազգային փոքրամասնությունների դեմ: 1937-38 թվականներին Դերսիմի կոտորածները, 1955 սեպտեմբերի 6-7-ի ստամբուլաբնակ հայերի և հույների ջարդը, Մարաշում և Սեբաստիայում ալևիների կոտորածները վերջին տասնամյակների թուրքական ազգայնամոլության և ծայրահեղականության ամենացցուն օրինակներից են:
Հատկապես 60-70-ականներին զգալի ակտիվացան «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց թիրախում ոչ միայն Թուրքիայի ազգային փոքրամասնություններն էին, այլ նաև ձախաթևյան կողմնորոշում ունեցող շրջանակները: Ազգայնական գործիչ Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ «Գորշ գայլերը» սկսեցին ներկայանալ նաև Թուրքիայի քաղաքական դաշտում՝ ստեղծելով սեփական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որն ազգայնամոլության իր չափաբաժինը տեղափոխեց Թուրքիայի քաղաքական դաշտ, իսկ վերջին տասնամյակներին նաև մշտական ներկայություն ստացավ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:
Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն էլ, որը ներկայումս Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է, իր հերթին կուսակցության գաղափարախոսության հիմք է ընդունում «Աթաթուրքի 6 սկզբունքները», որոնցից մեկն էլ «ազգայնականությունն է»:
Այսպիսով տեսնում ենք, որ Թուրքիայում ազգայնականությունը ոչ միայն իր մշտական և ամուր տեղն ունի թուրքերի ինքնագիտակցության մեջ, այլ նաև կարևոր գործոն է արտաքին ու ներքին քաղաքականությունում և պետական մտածելակերպի մաս է կազմում:
Հատկանշական է, որ Թուրքիայում ազգայնականությունն իր պատմության ընթացքում ունեցել է և ունի ինստիտուցիոնալ հիմք, պետական աջակցություն, պետական ներկայություն և դրսևորում կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Թուրքական ազգայնականությունն իր մեջ կրում է թուրք ազգի գերակայության տեսլականը՝ հակառակորդ հռչակելով հայերին, հույներին, քրդերին, ալևիներին կամ կարճ՝ որպես Թուրքիա ընկալվող տարածքի բոլոր բնիկներին և բնակիչներին, որոնք թուրք չեն:
Այս ամենին կարելի է հավելել նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը ազատազրկում է սահմանում «թուրքականությունը վիրավորողներին»:
Այսպիսով, ևս մեկ անգամ կարելի է փաստել, որ ազգայնամոլությունը եղել և մնում է թուրքական ինքնության անբաժանելի մասն ինչպես հասարակության գիտակցության մակարդակում, այնպես էլ քաղաքական-գաղափարական ենթատեքստում:
Պետք է փաստել, որ ազգայնական տրամադրությունները Թուրքիայում մեծապես կիրառվում են քաղաքական նպատակներով, ուստի ընտրություններից առաջ զգալի ակտիվանում է այլատյացության չափաբաժինը՝ թիրախում հայտնվում են հիմնականում ազգային կամ կրոնական փոքրամասնությունները, ինչպես և այլ ազգություններ ու պետություններ:
«Ներողություն, բայց ինձ անգամ հայ են ասում»,- 2014 թվականի օգոստոսին նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նման կերպ մեկնաբանեց իր հայկական արմատների մասին խոսակցությունները Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայ լինելը համարելով «վիրավորանք», ինչը, ի դեպ, տարածված երևույթ է մերօրյա Թուրքիայում:
Ինչպես վերը նշեցինք, Թուրքիայում ազգայնականությունը դրսևորվում է ամենատարբեր մակարդակներում և մեր օրերում շարունակում է իր գոյությունը՝ հարմարեցվելով ժամանակի պայմաններին, սակայն չփոխելով ավանդական թիրախները:
«Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը և ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերի հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանությունները վերջին տարիների այն դեպքերն են, որոնցում նկատելի է ազգայնամոլական հետքը և որոնք ապացուցում են՝ երիտթուրքական գաղափարական ազդեցությամբ քեմալական շարժման տրամաբանությամբ թուրքական ազգայնամոլների թիրախների թվում հայերի դերը, ցավոք, անփոփոխ է:
Թուրքական ազգայնամոլության անատոմիան ներկայացնող հակիրճ պատմական էքսկուրսից հետո հարկ ենք համարում կանգ առնել մեր օրերում Թուրքիայում ակտիվ գործող այն ազգայնական կազմակերպությունների վրա, որոնք ունեն ընդգծված հակահայ ուղղվածություն:
Մասնավորապես, առանձնացրել ենք վերջին տարիներին թուրքական և հայկական մեդիադաշտում ամենաքննարկվող կազմակերպություններից երկուսին:
Իր ակտիվությամբ աչքի ընկնող հայատյաց ազգայնամոլական կազմակերպություններից է ԱՍԻՄԴԵՐ-ը (թուրք.՝ ASIMDER), որի անվանումը՝ «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն», լավագույնս ներկայացնում է այս կառույցի էությունը: ԱՍԻՄԴԵՐ-ը ստեղծել և ղեկավարում է Գյոքսել Գյուլբեյը: Կազմակերպությունը գործում է 2005 թվականից: Կառույցի կենտրոնն Իգդիր քաղաքում է (որտեղ, ի դեպ, մեծաթիվ ադրբեջանցիներ են ապրում) և Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ, նախկինում հայկական այս բնակավայրում է կառուցված «հայերի կողմից կոտորածների ենթարկված թուրքերի» հսկա հուշարձանը:
Ուստի զարմանալի չէ, որ այս կառույցը հենց Իգդիրում է: Այն, ի դեպ, ակտիվ է ոչ միայն Իգդիրում, այլ նաև թուրքական բազմաթիվ քաղաքներում, ինչպես և Թուրքիայի տարածքից դուրս:
Կազմակերպությունը մշտապես հանդես է գալիս հակահայ հայտարարություններով, սակայն չի սահմանափակվում միայն խոսքով, շատ են նաև հակահայ բովանդակությամբ ցույցերը, միջոցառումներն ու գործողությունները, օրինակ, ՀՀ նախագահի պատկերների այրումը, հայ-թուրքական բախումների բեմադրումը, ինչպես նաև տարիներ ի վեր արվող փորձերը՝ խափանելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ամենաամյա պատարագը և այլն: Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեմ պայքարն այս կազմակերպության մոտ սահուն կերպով անցնում է էթնիկ հայերի և ՀՀ-ի դեմ ատելության սերմանմանն ու տարածմանը:
ԱՍԻՄԴԵՐ-ը գործուն աջակցություն է ստանում Բաքվից, իսկ կառույցի անդամները հաճախ են այցելում Ադրբեջան կամ ընդունում հյուրեր այդ երկրից: 2016 թվականի հունվարին կազմակերպությունը հայտարարեց, որ թուրքական, ադրբեջանական և վրացական կազմակերպություններից միություն է կազմել, որը, ըստ էության, պայքարելու է Հայաստանի և հայերի դեմ: Կարևոր է, որ ԱՍԻՄԴԵՐ-ի գործունեությունը խիստ ակտիվորեն լուսաբանվում է ամենատարբեր տրամաչափի թուրքական լրատվամիջոցներով, իսկ 2015-ի խորհրդարանական ընտրություններում Գյուլբեյն առաջադրվեց պատգամավորության թեկնածու «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ցուցակներով, սակայն չկարողացավ անցնել խորհրդարան:
Թուրքիայում գործող այս և այլ ազգայնամոլական կազմակերպությունները հատկապես ակտիվանում են փետրվար և ապրիլ ամիսներին: Առաջին դեպքում առիթը Խոջալուն է, որը ադրբեջանական լոբինգի ակտիվ միջամտությամբ Թուրքիայում վերածվում է հակահայ արշավի, իսկ ապրիլ ամիսն էլ ասոցացվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:
Թուրքիայում գործող ակտիվ հայատյաց կազմակերպությունների շարքում իր ուրույն տեղն ունի «Թալեաթ փաշա կոմիտեն», որը ղեկավարում է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, ով մշտապես աչքի է ընկնում հակահայ հայտարարություններով և գործողություններով: «Թալեաթ փաշան» ավելի ակադեմիական և միջազգային ուղղվածության կազմակերպություն է և ուժերը կենտրոնացրել է արտասահմանում Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ պայքարում, իսկ կազմակերպության կարգախոսն է՝ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»: Պատահական չէ նաև կազմակերպության անվանումը:
«Թալեաթ փաշա» կազմակերպության անդամների շարքերում են մեծ թվով գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ Թուրքիայից: Այս կազմակերպությունն էլ է ստեղծվել 2005 թվականին, իսկ որպես հիմնադիր է հիշատակվում չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Ռաուֆ Դենքթաշը:
Այս կազմակերպության մասին շատ խոսվեց հատկապես «Փերինչեքի գործի» շրջանակներում, երբ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական հայտարարությունները Շվեյցարիայում հիմք դարձան հայտնի դատավարությանը: 2015 թվականին, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց, թե Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտելուն ուղղված հայտարարությունները պետք է դիտարկել «խոսքի ազատության» շրջանակներում, ինչը Թուրքիայում որպես հաղթանակ ընկալեցին:
Իհարկե, Թուրքիայում հակահայ ազգայնամոլական կազմակերպությունները չեն սահմանափակվում վերոնշյալ կառույցներով: Գործում են ամենատարբեր տիպի կառույցներ, լինեն դրանք ակադեմիական, տեղեկատվական, վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների, թե քաղաքական կուսակցությունների տեսքով: Պատմականորեն թուրքական ազգայնամոլական ինքնության անբաժանելի մասն են հայատյացությունն ու հույների դեմ տրամադրվածությունը, վերջին շրջանում առավել ակնառու են նաև հակաքրդական և հակաալևիական տրամադրությունները, ինչպես և հակասեմականության աճը: