Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
«Միջազգային անվտանգության հանդեսի» (The Journal of International Security Affairs) 2012թ. վերջին համարում ԱՄՆ Արտաքին քաղաքականության խորհրդի ավագ գիտաշխատող Քլեր Բեռլինսկու հեղինակությամբ հրապարակված հոդվածը վեր է հանում Թուրքիայի քաղաքական կյանքի այնպիսի հետաքրքիր հայեցակետեր, որոնք հազվագյուտ են հայտնվում փարձագետների և ԶԼՄ-ների տեսադաշտում:
Դա միանգամայն հասկանալի է, քանի որ խոսքը հասարակության ուշադրության կիզակետում սակավադեպ հայտնվող իշխանության կիսագաղտնի կամ գաղտնի հայեցակետերի մասին է: Ի տարբերություն հրապարակային ասպարեզում գործող քաղաքական գործիչների և Թուրքիայի քաղաքական կյանքում ավանդաբար մեծ դեր ունեցող զինվորականության՝ գոյություն ունի թուրքական իշխանության ևս մի կարևոր բաղադրիչ, որն առնչվում է հոգևոր իսլամական հեղինակությունների ոլորտին: Եվ եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ Գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը ներկայացվլու կարիք չունեն, ապա հոգևոր առաջնորդ իմամ Ֆեթուլլաh Գյուլենի (Fethullah Gülen) անունն, ըստ Բեռլինսկու, քչերին է հայտնի: Ֆեթուլլաh Գյուլենը իսլամական ծայրահեղականության և պանթյուրքիզմի գաղափարների տարածման ակտիվ ջատագով է և «Նուրջալար» (Լուսավոր ուղի) ջեմաաթի (cemaat – կրոնական համայնք) առաջնորդը: Խոսքը յուրօրինակ իսլամական քաղաքացիական շարժման մասին է, որի 3-6 միլիոն հետևորդները սփռված են աշխարհով մեկ, ինչը շարժման ազդեցությանը համաշխարհային ընդգրկման հնարավորություն է տալիս:
Ֆեթուլլահի շարժումն ունի ահռելի ցանցային կառույց, որը ներառում է տասնյակ հասարակական կազմակերպություններ, TUSKON ձեռնարկատիրական դաշնությունը՝ Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում գտնվող իր առավել քան 30 հազար ձեռնարկություններով և մասնաճյուղերով, «Ասիա-ֆինանս» ֆինանսական խումբը, աշխարհով սփռված դպրոցների և համալսարանների համակարգը, «Զաման» մեդիահոլդինգը՝ սեփական հեռուստաալիքներով ու տպագիր լրատվամիջոցներով և այլն: Որոշ գնահատականներով՝ շարժման տարեկան ստվերային բյուջեն գերազանցում է 25 միլիարդ դոլարը, ուստի բոլորովին պատահական չէ, որ Ֆեթուլլահ Գյուլենը ոչ միայն կրոնական հեղինակությունն է, այլև՝ միլիարդատեր:
Շարժումը կարևոր դեր է ունեցել Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաջողության մեջ. այն հաճախ կոչվում է Թուրքիայի «երրորդ ուժ»՝ ԱԶԿ և զինված ուժերի հետ միասին: 1999թ. մարտից Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ նա տեղափոխվել է իբր բուժվելու համար: Տեղափոխվելուց քիչ անց նա Թուրքիայում ապրող իր հետևորդներին է դիմել պետական իշխանության մարմինների մեջ ներթափանցելու կոչով և հեռակա կարգով մեղադրվել թուրքական սահմանադրության դեմ ոտնձգություն կատարելու մեջ: Այս մեղադրանքները հանվել են 2008թ., և այսօր Թուրքիա վերադառնալու համար Գյուլենն իրավաբանական արգելքներ չունի: Այնուամենայնիվ, նա նախընտրում է մնալ Միացյալ Նահանգներում և մեծ ազդեցություն ու կշիռ է վայելում ԱՄՆ արտոնյալ դպրոցների համակարգում:
Քաղաքացիական ժողովրդավարական շարժումներն առավել հաճախ ունեն «հարթ» կազմակերպչական կառուցվածք, երբ կառավարումն ու համակարգումը տեղի են ունենում կոնսենսուսային հիմքի վրա: Դրանք ներկայանում են որպես ցանց, որի առանձին ստորաբաժանումները որոշակիորեն անկախ են իրենց ձեռնարկած քայլերում: Սակայն Գյուլենի շարժման կազմակերպչական կառուցվածքը, ցանցային լինելով հանդերձ, կառավարման տեսանկյունից խիստ աստիճանակարգային ու ավտորիտար է՝ ընդհանուր ոչինչ չունենալով ժողովրդավարական սկզբունքների հետ: Այնուամենայնիվ, Գյուլենի հետևորդները ջանք չեն խնայում շարժումը ներկայացնելու որպես ժողովրդավարական և տարբեր մարդկանց ու կրոնների հետ խաղաղ և հանդուրժողական հարաբերություններ պահպանելու ջատագով: Սեփական վարկանիշը պահպանելու համար Ֆեթուլլահ Գյուլենն առատորեն ֆինանսավորում է միջկրոնական երկխոսությանն առնչվող միջոցառումներ: Սակայն, այս ակտիվությունը ոչ մի կապ չունի շարժման ներքին մթնոլորտի հետ, որն ըստ էության խստորեն ներփակ է: Գյուլենին պատկանող դպրոցներում, մշակութային կենտրոններում և տեղեկատվական հարթակներում վարվում է բոլորովին այլ քաղաքականություն, որը դժվար է հանդուրժողական անվանել: Բավականին դժվար է գտնել շարժման մաս չկազմող լրագրողներ ու գիտնականներ, ովքեր կհամարձակվեին քննել «Լուսավոր ուղու» գործունեությունը, և Քլեր Բեռլինսկու հոդվածն այս առումով ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն: Գյուլենն, օրինակ, համոզված է, որ հավատուրացության պատիժը պետք է լինի մահը, եթե ուրացողը չհամաձայնվի վերադառնալ իսլամին:
Այսպիսով, Գյուլենը, լինելով կրոնական և հոգևոր հեղինակություն, քաղաքական ասպարեզում ևս մեծ ազդեցություն ունի՝ օգտագործելով այն իր շահերն առաջ մղելու համար: Մինչև վերջերս դրանք համընկնում էին «Արդարություն և զարգացում» կուսակցության և անձամբ Էրդողանի շահերի հետ, ինչն էլ հանգեցրել է նրանց դաշինքի ստեղծմանը, որը միտված էր Թուրքիայում իսլամի ազդեցության ուժեղացմանը և զինվորականների դերակատարության նվազմանը: Բացի դրանից, երկու առաջնորդները ձգտում էին Թուրքիայի սահմաններից դուրս, առաջնահերթորեն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում թուրքական ազդեցության ընդլայնմանը: Գյուլենը նպաստում էր թուրքական շահերի առաջմղմանը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Այնուամենայնիվ, Գյուլենի շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարբեր կազմակերպություներն են, թեև վերջինիս մեջ Գյուլենի հետևորդները նույնպես փոքրաթիվ չեն: Գյուլենի շարժման ակտիվությունն ունի այլ բնույթ և քաղաքական ասպարեզն ու նրանում ազդեցություն ունենալն ավելի շուտ դիտում է որպես գործիք՝ շարժման իրական և երկարաժամկետ շահերին հասնելու համար: Գյուլենի համար քաղաքական իշխանությունն ու ազդեցությունը նպատակ չեն, այլ սոսկ գործիք: Հենց այդ պատճառով նա բավական հեշտ է գործակցում իշխանության հետ՝ անկախ այն կրողների քաղաքական գաղափարախոսությունից: Երբ 1996թ. թուրքական զինված ուժերը «քաղաքական իսլամի» հիմնադիր և Էրդողանի քաղաքական ուսուցիչ համարվող վարչապետ Նեջմեթին Էրբաքանին հարկադրել են հրաժարական տալ, Գյուլենը կանգնել է զիինվորականների կողքին: Հետագայում նրա համակրանքը շրջվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության և Էրդողանի օգտին:
Կուսակցության և շարժման դաշինքը դիտվում էր փոխշահավետ: Շարժումն օգտագործում էր կուսակցությունը ներքին գործերի կառույցների և դատական համակարգի մեջ ներթափանցելու համար, իսկ Էրդողանը ձեռք էր բերում կարևոր դաշնակից՝ զինվորականների և նրա քաղաքական իշխանության ընդլայնմանը դիմադրող այլ ազդեցիկ շրջանակների դեմ պայքարում: Շարժման կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ապահովում էին Էրդողանին հասարակական աջակցությունը, իսկ դատական համակարգում Գյուլենի հետևորդների վրա հենվելը թույլ է տվել բարձրաստիճան զինվորականության դեմ դատական հետապնդում իրականացնել «Էրգենեկոն» գործի շրջանակներում: Դաշինքի կողմից առաջադրված նպատակներին հասնելուց հետո, երբ զինված ուժերը քաղաքական ասպարեզում բարոյալքվել և լրջորեն թուլացել են, իսկ ամենալուրջ գաղափարական թշնամիները հայտնվել են բանտում կամ արտամղվել ստվեր, եկել է անխուսափելի տարաձայնությունների պահը: Հաղթողները «ռազմավարի» համար չէին կարող հակընդդեմ պայքարի մեջ չմտնել:
Բացի դրանից, թուրք հասարակությունում հետզհետե լարվածություն էր աճում այն մեթոդների նկատմամբ, որոնցով Էրդողանն ամրապնդում էր իր իշխանությունը: «Էրգենեկոնը» դարձել է երկսայրի սուր, որովետև թուրք հասարակությունը պատրաստ չէր ընդունել զինվորականների հանդեպ նման վերաբերմունքը, որը սկսել է գնահատվել որպես զինված ուժերի ստորացում: Էրդողանը հարկադրվել է մտածել փոխզիջման և գործի առավել կարկառուն կազմակերպիչներին հանձնելու մասին, որոնք էլ Գյուլենի կողմնակիցներ էին: Քաղաքական գործչի համար դա շատ հասկանալի մղում էր՝ սեփական իշխանության պահպանման համար մի քանի կողմնակցի ու դաշնակցի հանձնել: Էրդողանի այս քայլը հեշտացված էր նաև այն պատճառով, որ շարժումն անցել է կարմիր գիծը և իրեն թույլ է տվել հարվածել Էրդողանի ընկերներին և կողմնակիցներին: Խոսքը Հաքան Ֆիդանի (Hakan Fidan)՝ Թուրքիայի հետախուզության (MIT – Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպություն) պետի մասին է, որը շարժման կողմից մեղադրվել է Իրանի և, ինչն էլ ավելի կարևոր է, Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ անթույլատրելի մեղմության մեջ: Գյուլենի շարժման կողմից վերահսկվող ԶԼՄ-ների վերնագրերը գոռում էին Ֆիդանի անթույլատրելի վարքագծի մասին: 2012թ. փետրվարի 7-ին գործի քննություն անցկացնող հատուկ մեղադրող Սադրեթին Սարիկայան (Sadrettin Sarıkaya) հարցաքննության է հրավիրել МIТ-ի ղեկավարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նախորդին՝ էմրե Թաներին (Emre Taner) և հետախուզության երեք այլ սպաների: Տվյալ քայլն Էրդողանը գնահատել է որպես շանտաժ և ոտնձգություն իր իշխանության նկատմամբ: Հետևել է կայծակնային պատասխան: Մի քանի օրերի ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մշակել և խորհրդարանով անցկացրել է մի օրենք, որը զրկում էր երկրի Արդարադատության նախարարությանը МIТ-ի ծառայողներին առանց վարչապետի համաձայնության հետապնդելու հնարավորությունից: Ի պատասխան՝ Գյուլենի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները սկսել են հուժկու տեղեկատվական գրոհ՝ մեղադրելով Էրդողանին ավտորիտարիզմի և թուրք ժողովրդավարությունը վտանգի ենթարկելու մեջ: Իսլամական շարժման և գործչի պարագայում դա առավել քան հետաքրքիր փաստարկ է հօգուտ այն իրողության, որ խոսքը ոչ թե թուրք ժողովրդավարության, այլ բոլորովին այլ բանի մասին է:
Էրդողանը հասկանում էր, որ Գյուլենի կողմից «Էրգենեկոն» գործընթացին աջակցելը, ներքին գործերի և դատական իշխանության համակարգերում վերահսկողության վերածվող շարժման ազդեցության աճը վաղ թե ուշ պետք է փաստարկ դառնար նաև քաղաքական ասպարեզում: Գյուլենի ազդեցությունն իր բնույթվ արդեն քաղաքական էր դառնում: Էրդողանը նախաձեռնել է արդարադատության համակարգի և իրավապահ մարմինների մաքրազտումը, որի ընթացքում աշխատանքից ազատվել կամ ծայրամասային նահանգներ են ուղարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպեսզի տեղի ունեցածի շուրջ թերըմբռնումներ չմնան, հետախուզության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ կապված՝ Ստամբուլի ոստիկանության 700 սպա տեղափոխվել են Թուրքիայի հարավ-արևելք: Դա փաստացի ջախջախիչ հարված էր, որի միջոցով Գյուլենը ստացել է շատ հստակ ազդանշան, որ Թուրքիան կառավարում է ոչ թե ինքը, այլ Էրդողանը: 2012թ. հունիսին Էրդողանը շարժմանը նոր հուժկու հարված է հասցրել՝ հրավիրելով Գյուլենին վերադառնալ Թուրքիա: Գյուլենն արցունքն աչքերին հրաժարվել է՝ բացատրելով իր քայլը շարժման ձեռքբերումներին ու հաջողություններին չվնասելու մտադրությամբ: Խաղաղության մեծահոգի առաջարկը և հայրենիք վերադառնալու կոչը հմուտ քայլ էր, որը լուրջ հարված էր Գյուլենի բարոյական վարկանիշին՝ վկայելով հոգևոր առաջնորդի խոսքերի և գործերի անհամապատասխանության մասին:
Կա կարծիք, որ ներկայումս Գյուլենի կողմնակիցները քննարկում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի օգտին վերակողմնորոշվելու սցենարը, որովհետև վերջին շրջանում նա ազդանշաններ է հղել, թե կկամենար մասնակցել գալիք նախագահական ընտրապայքարին: Եթե նա իրականում դիմի այդ քայլին, ապա Էրդողանը ստիպված կլինի հրաժեշտ տալ արդեն ընդլայնված լիազորություններով Թուրքիայի նախագահ հեշտությամբ դառնալու մտքին: Ամեն դեպքում, Թուրքիայի նախագահի պաշտոնի համար երկու առաջնորդների պայքարի պատմությունն ակնհայտորեն վկայում է, որ Թուրքիայում քաղաքական և հասարակական ուժերի բնույթը ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն կոչվող երևույթների հետ: