Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Թուրքիան վերջին մի քանի տարին փորձում է լրացնել երկրի պաշտպանության կազմակերպման թերևս ամենախոշոր բացը՝ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի բացակայությունը: Զինված ուժերին և ռազմարդյունաբերությանը մեծագույն ուշադրություն հատկացնող Անկարան, սակայն, երբեք էլ չի ունեցել մեծ հեռահարության սեփական ՀՕՊ համակարգը, որի անհրաժեշտությունն առավել ակներև է ինչպես Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների, այնպես էլ հարևան պետությունների հետ բարդ ու փոփոխական հարաբերությունների համատեքստում:
2007 թվականին մեծ հեռահարության ՀՕՊ համակարգ ունենալու համար Թուրքիայում մեկնարկեց T-Loramids նախագիծը: Անկարան իր համար թիվ մեկ խնդիր էր դրել ոչ միայն գնել անհրաժեշտ համակարգն արտասահմանում, այլ նաև ձեռք բերել դրա տեխնոլոգիաներն ու հետագա արտադրությունը կազմակերպել Թուրքիայի տարածքում՝ սպառելով ոչ միայն սեփական կարիքները, այլ ունենալով ապագայում դրանք արտահանելու տեսլական: Այս սկզբունքն էլ հավակնոտ ծրագրերով թուրքական ռազմարդյունաբերական քաղաքականության հենասյուներից է:2011 թվականին հարևան Սիրիայում սկիզբ առած հակամարտությունը կարևոր փորձություն էր թուրքական հակաօդային պաշտպանության համար: Թուրքական կառավարությունը, մատնանշելով հակամարտությունից բխող վտանգները, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից խնդրեց երկրի տարածքում տեղակայել դաշինքի անդամ պետությունների ՀՕՊ մարտկոցներ: 2013-2015 թվականների ընթացքում ամերիկյան, գերմանական, իսպանական, նիդեռլանդյան «Փեթրիոթ» համակարգերն էին հսկում Թուրքիայի օդային տարածքի մի հատվածը, սակայն դրանց ժամանակավոր բնույթն ու որոշակի խնդիրները ստիպում էին թուրքական կողմին արագացնել լուծումների փնտրտուքը:
ՀՕՊ համակարգի անհրաժեշտության հարցը ոչ միայն քաղաքական օրակարգում էր, այլ նաև մամուլի ու հասարակության ուշադրության կենտրոնում: Նման համակարգի բացակայությունը կարևոր օրակարգ էր ձևավորում նաև թուրքական մամուլում: Ակներև մի օրինակ էր Հայաստանի զինված ուժերի «Իսքանդեր» հրթիռային համակարգի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքը, որտեղ նշում էին Անկարայի համար նոր սպառնալիքի՝ հայաստանյան հրթիռների մասին, որոնք ունակ էին խոցել անգամ Թուրքիայի խորքը:
Որոշակի դանդաղումից հետո շուրջ 3-4 մլրդ ամերիկյան դոլար գնահատվող պայմանագրի համար լուրջ պայքար սկսվեց 2013-ին. պայքարողների թվում էին ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Սամպ/Տ (Samp/T), ինչպես և չինաստանյան HQ-9 ՀՕՊ համակարգերը: Թեև ռազմական տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ «Փեթրիոթի» տարբերակը, բայց թուրքական կողմի համար գերխնդիր էր տեխնոլոգիաների ստացումը, ինչին այդ պահին պատրաստ էր միայն չինաստանյան կողմը: Թուրքիայի նախնական ընտրությունն էլ կանգ առավ HQ-9 համակարգի վրա, սակայն Անկարան չէր շտապում պայմանագիր կնքել՝ շարունակելով սակարկող/սպասողական ռեժիմը:
Չինաստանի առաջարկը տնտեսական առումով նախընտրելի էր, ընդունելի էր նաև ռազմարդյունաբերական քաղաքականության համատեքստում, սակայն խնդրահարույց էր ռազմական կիրառության դիտանկյունից, քանի որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ընդհանուր համակարգում Չինաստանի արտադրած ԶՀՀ-ի ներդրումը բացառված էր, ինչը նվազեցնում էր դրա կիրառման արդյունավետությունը: Նույնը վերաբերում էր նաև Ռուսաստանի առաջարկին: 2015 թվականին Թուրքիան վերջնականապես հրաժարվեց Չինաստանի տարբերակից՝ շարունակելով բանակցություններն ամերիկյան, եվրոպական և ռուսաստանյան արտադրողների հետ՝ հայտարարելով, որ թուրքական կողմը շարունակելու է սեփական համակարգերն արտադրելու փորձերը:
Ռուս-թուրքական հարաբերություններում 2016 թվականի նկատվող դրական տեղաշարժի հետ սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որ ՌԴ-ի Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համալիրը ստացել է ֆավորիտի կարգավիճակ Թուրքիայի ՀՕՊ փնտրտուքներում: 2016-2017 թվականի ընթացքում Թուրքիայում և Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով շարունակվում էին ԶՀՀ-ի վաճառքի շուրջ բանակցությունները:
Ըստ ՌԴ և Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրեցին համակարգի ձեռքբերման վարկի համաձայնագիրը, որով ռուսաստանյան կողմը ռուբլով տրամադրելու էր 2.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի արժեքի 45 տոկոսը, մնացյալն ուղղակիորեն վճարելու է Թուրքիան՝ կրկին ռուբլով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերոնշյալ համաձայնագրի ստորագրումից օրեր առաջ հայտարարեց՝ Ս-400-ների գնման գործարքը կարելի է կայացած փաստ համարել:
Ըստ պաշտոնյաների խոսքերի՝ Թուրքիան ձեռք է բերելու Ս-400-ի 4 դիվիզիոն: Նախատեսվում է ԶՀՀ-ները Թուրքիայի սպառազինությունում ընդգրկել 2020 թվականի սկզբին: Ինչպես նշում են թուրքական աղբյուրները, «համակարգերի կառավարումը բացառապես Թուրքիան է իրականացնելու»: Նման հայտարարությունը պատահական չէ. ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ջերմացման ֆոնին երկու պետությունների խորը աշխարհաքաղաքական հակասությունները ոչ մի տեղ չեն կորել, դրանք էլ նմանատիպ մտավախություններ են ծնում:
Թուրքիայի համար Ս-400-ն ամենաարդյունավետ տարբերակը չէ: Առաջին, սա նշանակում է մասնակի ռազմական կախվածություն Մոսկվայից: Ու թեև ՌԴ-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու Սիրիայում ժամանակավոր համաձայնություններին, աշխարհաքաղաքականության դիտանկյունից Մոսկվան ու Անկարան հակադիր ռազմավարական բևեռներում են: ՀՕՊ համակարգի գնումը չի փոխի առկա խորքային տարաձայնությունները:
Մեկ այլ խնդիր է ՆԱՏՕ-ն, և այս կառույցում Թուրքիայի գլխավոր գործընկեր ԱՄՆ-ն և իր դիրքորոշումը: Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները բազմիցս շեշտել են՝ ոչ անդամ պետություններից գնված ԶՀՀ-ները չեն կարող ներառվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում: Իսկ ՀՕՊ համակարգերի ինտեգրումը ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգին զգալի կարող է մեծացնել Թուրքիայի պաշտպանողականությունն ու այդ համակարգի արդյունավետությունը: Այս առումով, Թուրքիան ոչ միայն մասամբ տուժում է ռազմական, այլ նաև զգալի քաղաքական առումով, քանի որ ձեռք է բերում ռուսաստանյան ռազմական արտադրանք՝ դեմ գնալով ՆԱՏՕ-ի պահանջներին և ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններին: Փորձելով Արևմուտքից անկախ քաղաքականություն վարել՝ Անկարան այս հարցում Մոսկվայից է կախման մեջ հայտնվում:
Իհարկե, նախկինում և ներկայում ինչպես Թուրքիան, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ օգտվել են խորհրդային, ապա և ռուսաստանյան ռազմարդյունաբերության արտադրանքից, սակայն դրանք այլ նշանակության զինատեսակներ էին, մասշտաբներն ու բնույթն այլ էին: Թուրքիայի զինված ուժերի ու ժանդարմերիայի սպառազինությունում կարելի է հանդիպել խորհրդային/ռուսաստանյան «Կալաշնիկով» ինքնաձիգեր, ԲՏՌ-80 զրահամեքենաներ, «Կոնկուրս» և «Կոռնետ» հակատանկային համակարգեր, Մի-17 ուղղաթիռներ, ՌՊ-7 նռնականետեր, սակայն 2.5 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգն այլ քաշային կարգի է: Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունը, որը ձեռք է բերում Ս-400 համակարգեր: Ռազմական, քաղաքական, տնտեսական շերտերով այս գործարքը կարելի է դիտարկել ոչ միայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների, այլ նաև ՆԱՏՕ-ՌԴ ու Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների համատեքստում, ընդ որում, այստեղ մարտավարական առավելություն է ստանում Ռուսաստանը, որը շահում է մի շարք առումներով, ինչու չէ՞, նաև քարոզչական դաշտում. «Ռուսաստանը 2.5 մլրդ դոլարի սպառազինություն է վաճառել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակին»՝ արևմտյան ընթերցողի համար գրավիչ վերնագիր է, այնպես չէ՞:
Անկարայի համար ՌԴ-ի հետ ռազմական այս գործարքի նշանակությունը կարող է կտրուկ աճել, եթե թուրքական կողմը հասնի նաև տեխնոլոգիաների փոխանցմանը, ինչը նշանակում է Թուրքիայում նման համակարգերի արտադրություն՝ սեփական կարիքները բավարարելու ու երրորդ երկրներ արտահանելու համար, ինչը, ինչպես վերը նշեցինք, Թուրքիայի ռազմարդյունաբերության առաջնահերթությու ններից է: Սակայն Ռուսաստանում քանիցս շեշտել են, թե տեխնոլոգիաների փոխանցում չի նախատեսվում, իսկ թուրքական կողմի հայտարարություններից էլ ակնհայտ է՝ Անկարան շարունակում ու շարունակելու է փորձերն այս ուղղությամբ:
Ինչպես տեսանք, քաղաքական առումով վիճելի ու ռազմական առումով ոչ ամենաարդյունավետ այս որոշման հետ մեկտեղ Թուրքիան ամեն դեպքում կարող է լրացնել իր պաշտպանության այն խոշոր բացը, որը թուրքական տարածաշրջանային և միջազգային նկրտումների հետ այնքան էլ ներդաշնակ չէ: Սակայն հաջորդիվ հաջող քայլերի արդյունքում թուրքական կողմն ունակ է մեծացնել դրա արդյունավետությունը: Ի վերջո, հակաօդային պաշտպանություն միայն ցամաքային կայաններով չի սահմանափակվում, կարևոր են նաև այլ գործոններ, այդ թվում՝ օդուժը. Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի սպառազինությունում առկա F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերին (AEW&C) հինգերորդ սերնդի F-35 կործանիչների սպասվող հավելումը ևս կարող է զգալի բարելավել իրավիճակը՝ հակաօդային պաշտպանությունը դարձնելով ավելի համալիր ու բազմաշերտ:
Հետաքրքրական է, որ Ռուսաստանի հետ գործարքին զուգընթաց Անկարան նախնական համաձայնություն ձեռք բերեց Samp/T-ի արտադրող Eurosam կոնսորցիումի հետ՝ ապագայում համատեղ ՀՕՊ համակարգեր մշակելու հարցում: Սա ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի՝ ՀՕՊ համակարգեր արտադրելու մտադրության լրջությունը:
Եթե ամփոփենք ու ավելի պարզ ձևակերպենք՝ Ս-400-ը այն միջոցն է, որի առկայությունն ավելի նախընտրելի է, քան դրա բացակայությունը, մանավանդ, երբ բազմաթիվ միջազգային խնդիրներով հանդերձ քո երկիրը չունի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ: Բացը լրացնելուց հետո Թուրքիան կարող է ավելի հանգիստ մտածել եղած համակարգերի քանակն ավելացնելու, նոր գործընկերներ գտնելու և/կամ սեփական նախագիծը կյանքի կոչելու մասին: