Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Թուրքիայի համար վերջին տարիները բավական բարդ են դասավորվում և տնտեսական, և հասարակական, և արտաքին ու ներքին քաղաքական գործընթացների տեսանկյունից: Բացառություն չէր նաև 2017 թվականը, որը 2015-ից սկսած և հիմնականում քրդական հարցի հետ կապված ներքաղաքական բարդ շղթայի, ինչպես և տարածաշրջանային բուռն գործընթացների շարունակությունն էր՝ իր ուրույն վայրիվերումներով, բացասական լիցքերի զգալի կուտակմամբ, հասարակական բևեռացման խորացմամբ, արժեքային վերաձևակերպումներով:Քրդական հարցը, ինչպես և նախորդ տարիներին, ուղղակիորեն, թե անուղղակիորեն Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից էր, իսկ ժամանակի մեծ հատվածում՝ հիմնականը: 2015 թվականին վերսկսված թուրք-քրդական բախումների շարքը շարունակվեց նաև 2017-ին: «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժային կառույցների միջև զինված բախումները, քրդական քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումներին զուգընթաց խաղաղ բնակիչները ևս զգում էին հակամարտության ողջ ծանրությունը՝ տնտեսական դժվարություններից մինչ իրավունքների ու ազատությունների զգալի սահմանափակումներ, ինչպիսին էին փողոց դուրս գալու հաճախակի դարձած արգելքները, զանգվածային ձերբակալությունները, մամուլի լռեցումն ու այլն: Թուրքիայի համար սթրեսային էր նաև Իրաքի Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն. Անկարայի համար կարևոր էր թույլ չտալ սահմանից այն կողմ քրդերի անկախացումը՝ հաշվի առնելով «անկախության վիրուսի» հնարավոր տարածումը Թուրքիայում բնակվող բազմամիլիոն քրդերի շրջանում, որոնք չեն էլ թաքցնում «վարակվելու» իրենց մեծ ցանկությունը:
Վերջին տարիներին Թուրքիայի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է անվտանգության հարցն ու մի քանի աղբյուրներից բխող (PKK, «Իսլամական պետություն», ծայրահեղ ձախականներ, և այլն) ահաբեկչության և բռնությունների սպառնալիքը: Անցած տարին հենց այդպես էլ սկսվեց. 2017-ի առաջին օրը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբի վրա իսլամական ծայրահեղականի հարձակումը ոչ միայն թողեց շուրջ 40 զոհ, այլ նաև հերթական անգամ լուրջ հարցեր ծնեց Թուրքիայի անվտանգության վերաբերյալ այդ երկրի քաղաքացիների և միլիոնավոր զբոսաշրջիկների մոտ: Զբոսաշրջությունը, որը Թուրքիայի տնտեսության կարևոր բաղկացուցիչներից է, շարունակաբար հարվածներ էր ստանում: Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հերթական սրացման ժամանակ գործող վիզային համակարգի երկուստեք դադարեցումն էր: Խնդիրները միայն զբոսաշրջության ոլորտով չէին ավարտվում: Բարդ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի պարագայում թուրքական լիրան շարունակաբար կորցնում էր իր արժեքը՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների, ինչին զուգահեռ աճում էր տնտեսության շարժիչ ուժերից վառելիքի արժեքը:
Այսպիսով, Թուրքիան, որը 21-րդ դարում համարվում էր որոշակի քաղաքական խնդիրների հետ մեկտեղ արագ տնտեսական աճ ունեցող պետություններից, այժմ էլ ավելի բարդացած քաղաքական խնդիրներին գումարել է նաև տնտեսական դժվարությունները՝ ազգային արժույթի արժեզրկման և գնաճի տեսքով:
Արևմուտքի հետ խնդիրները և Սիրիայում ուժերի հարաբերակցության ու իրավիճակի փոփոխությունն Անկարային կապում էր Իրանի և Ռուսաստանի հետ, որոնց հետ կարճաժամկետ ընդհանուր հետաքրքրությունների առկայության հետ մեկտեղ այդպես էլ չվերացվեցին կողմերի անհամաձայնությունն ու շահերի բախումը տարածաշրջանային մի շարք խորքային հարցերում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում ազդեցությունների բաժանումը:
Թուրքիայում ողջ տարվա ընթացքում շարունակվեցին 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետցնցումները: Ձախողված հեղաշրջումը լավ պատրվակ էր Էրդողանի համար՝ ազատվելու իր համար անցանկալի տարրերից, ինչպիսիք գյուլենականներն էին (ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական/հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի համախոհները), սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այս ամենի հետևանքով գլխավոր տուժողը… թուրքական պետությունն էր: Միևնույն ժամանակ, ռազմական հեղաշրջմանը հաջորդեց Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումը, որը շարունակվեց նաև ողջ 2017-ի ընթացքում՝ որոշակիորեն վերածվելով նաև «վհուկների որսի»: Պետական, հասարակական, ռազմական և գիտական ոլորտի տասնյակ հազարավոր մարդկանց հետապնդումը, աշխատանքից ազատումը ու ձերբակալությունները ոչ միայն հասարակությունում խորացնում էին անվստահությունն ու բևեռացումը, այլ նաև այդ ոլորտներում զգալի նվազեցնում էին կարողություններն ու խոցելի դարձնում երկիրը: Գյուլենականների որսի բացասական հետևանքներն առաջիկա տարիներին առավել ակներև կլինեն, երբ Թուրքիայի առջև կհառնեն նոր խնդիրներ՝ առկա գիտակրթական ռեսուրսներին իշխանության կողմից ծանր հարվածներից հետո:
Այս ամենին զուգահեռ Թուրքիայում շարունակվում էին հասարակական վերափոխումները, որոնք առավել ակներև էին իշխանության կրոնական քաղաքականությունում: Էրդողանը չէր դադարում Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անձի պաշտամունքի դեմ իր բազմավեկտոր պայքարը, ինչպես և իսլամական արժեքների ու ավանդույթների առաջխաղացումը, որի օրինակներից մեկն էլ աշխարհիկության միջնաբերդ ընկալվող Թուրքիայի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող կանանց գլխաշոր կրելու իրավունքի շնորհումն էր, ինչը նախկինում ոչ միայն արգելված էր, այլև դժվար պատկերացնելի երևույթ Թուրքիայի շարքային բնակիչների կողմից: Հենվելով անցյալ տարվա ընթացքում հարևան պետության տարբեր հատվածներ իմ հաճախակի այցերին՝ կարող եմ հավելել, որ զգալի էին Թուրքիայի հասարակության տարբեր շերտերում կուտակվող բացասական տրամադրությունները, նկատելի է ընդհանուր հասարակական հիասթափություն:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դիտանկյունից 2017-ի ընթացքում դժվար է դրական տեղաշարժ նկատել՝ սառեցված գործընթացը շարունակում էր հետագա սառցակալումը, թեև ակտիվ ապրանքաշրջանառությունը (հիմնականում Թուրքիայից Հայաստան ուղղությամբ) երկու պետությունների միջև շարունակական աճ էր պահպանում, ինչպես և հասարակական մակարդակում շփումների համար քայլեր էին կատարվում հասարակական կազմակերպությունների ու միջազգային դոնորների մասնակցությամբ:
Թուրքիայի համար 2017-ը պատմության մեջ կմնա նաև որպես երկրի կառավարման համակարգի փոփոխության տարեթիվ, երբ տասնամյակներ շարունակ խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետությունն իշխանությունը շարունակել ցանկացող նախագահ Էրդողանի տիտանական ջանքերի շնորհիվ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով վերածվեց նախագահական հանրապետության: Թեև հանրաքվեի ելքը դրական էր Էրդողանի համար, սակայն մի շարք հարցեր ի հայտ եկան և ընտրության ընթացքում, և դրանից հետո, ինչը ցուցադրում էր, որ քաղաքացիների գրեթե կեսը դեմ էր կառավարման նման ձևին: Սա կարևոր ազդանշան էր Էրդողանի համար, քանի որ ընդդիմության հաջող պայքարի դեպքում Էրդողանը լուրջ խնդիրներ կունենա: Այդ առումով ուշագրավ էր անցած տարում ազգայնական շրջանակների ներկայացուցիչ Մերալ Աքշեների քաղաքական արշավը, որը հավակնում է լուրջ կռիվ տալ Էրդողանին: Աքշեները ստեղծեց «Լավ» կուսակցությունը ( Iyi Parti կամ “Good Party”), որն էլ պետք է իր հովանու ներքո գեներացնի Էրդողանից և նրա համախոհների քաղաքականությունից դժգոհ գործիչներին:
Բարդ է լավատեսական եզրերով դիտարկել 2018 թվականը Թուրքիայի համար: Ներքաղաքական գործընթացներում 2018-ն ընկալվելու է որպես նախապատրաստական տարի՝ կապված 2019-ի նախագահական ընտրությունների հետ, ինչը ենթադրում է, որ թուրքական պետության քայլերը կախված կլինեն ներքաղաքական զարգացումներից և նախագահ Էրդողանի ընտրած քաղաքական որոշումներից ու մարտավարությունից:
Մեր արևմտյան հարևանի ճամբարում փոփոխությունների շրջան է, իսկ դրանց մի զգալի մասն էլ մեծապես կապված է Էրդողանի անձնական ամբիցիաների հետ: Ձևավորվում է նոր քաղաքական, ինչպես և հասարակական առաջնահերություններով Թուրքիա, որը, սակայն, դեռ ունակ չէ հրաժարվել մի շարք իրողություններից և պետական/հասարակական արմատացած ավանդույթներից: Փոխակերպման (տրանսֆորմացիայի) այս շրջանն աչքի է ընկնում կրոնականության և ազգայնականության աճի, արտաքին-քաղաքական առաջնահերթությունների, երկրում քաղաքական համակարգի վերաձևումներով, որոնք էլ Էրդողանի Թուրքիայի քաոտիկ կառուցման հիմնասյուներն են: