Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ժողովրդավարական Հայաստանը պետք է մասնակցի Ժողովրդավարությունների գագաթնաժողովին

hghazaryan
October 2021



Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի փորձագետ
Երևան

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իր նախընտրական խոստումների կատարման շրջանակում վերջերս հայտարարել է սույն թվականի դեկտեմբերին առցանց ձևաչափով կայանալիք Ժողովրդավարությունների գագաթնաժողով գումարելու մտադրության մասին։ Կայանալիք գագաթնաժողովին մասնակից կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ինչպես նաև գործարար շրջանակների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սպասվող գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններն են լինելու ժողովրդավարության պաշտպանությունն ավտորիտարիզմից, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Քննարկվելու են տնտեսության, համավարակի և համաշխարհային կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերը։ Ծրագրվում է, որ մեկ տարի անց՝ 2022 թ. դեկտեմբերին ժողովրդավարական երկրների առաջնորդները կրկին կհավաքվեն՝ այդ ընթացքում ձեռք բերվելիք առաջընթացը քննարկելու համար։

Ջո Բայդենը դեռ նախընտրական շրջանում բազմիցս մեղադրել է իրեն նախորդած Դոնալդ Թրամփին՝ դաշնակիցների հետ հարաբերությունները խաթարելու և ավտորիտար միտումները սատարելու մեջ։ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել առաջնորդել ժողովրդավարական երկրներն ավտորիտար միտումներին դիմակայելու պայքարում։ Ըստ նրա, ավտորիտար միտումների աղբյուրը նախ Չինաստանն է, ապա՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։

Օրինաչափորեն հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանը պետք է մասնակցի այդ պատմական գագաթնաժողովին, լինելով մի երկիր, որտեղ, ի տարբերություն իր «ՀԱՊԿ դաշնակիցների», արդեն երկու անգամ անընդմեջ կայացել են միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող երկու ընտրություններ։

Դժվար չէ կռահել, թե ինչ «բացատրություններ» կշրջանառվեն՝ հիշյալ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության աննպատակահարմարությունը հիմնավորելու համար։ Ասվելու է, թե «Հայաստանը չպետք է վրդովեցնի իր ռազմավարական դաշնակցին», որը պաշտոնական մակարդակով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, հայտարարել է, որ այն կրում է «Սառը պատերազմի ոգին»։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետն էլ ասել է, թե գումարվելիք գագաթնաժողովը՝ «Աֆղանստանից հետո ԱՄՆ հեղինակությունը վերականգնելու» փորձ է։ Շատերը կջանան համոզել պաշտոնական Երևանին, որ գագաթնաժողովին մասնակցելը «չի բխում մեր ռազմավարական դաշնակցի շահերից». ոմանք էլ  պնդելու են, որ այն «սեպ է խրելու հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ», և այլն։ Սպասելի է նաև Հայաստանի դեմ ռուսաստանյան ԶԼՄ-ներում նոր քարոզչական արշավը։

Սակայն, անկախ Մոսկվայից հնչելիք դժգոհության կամ սպառնալիքների՝ Հայաստանը պետք է մասնակցի Ժողովրդավարությունների գագաթնաժողովին, քանի որ դա ուղղակիորեն բխում է մեր ազգային շահերից։ Ահա թե ինչու։ 

Նախ՝ Հայաստանն իրավունք ունի իրեն նոր ժողովրդավարություն համարելու, թեև այն դեռ պետք է ժամանակի փորձաքննություն անցնի։ Սակայն, ոչ ոք՝ ո՛չ Մոսկվայում, և ո՛չ էլ արևմտյան մայրաքաղաքներում, չպետք է տարակուսի, որ ժողովրդավարությունը հայ ժողովրդի կայացրած գիտակից ընտրություն է։ Եվ զարմանալի չէ, որ ժողովրդավարական երկրները միավորող տարբեր հարթակներում Հայաստանն էլ ունի իր տեղն ու իրավունքը՝ մասնակցելու դրանց աշխատանքին և որոշումների ընդունմանը։

Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում ժողովրդավարական կարգը ոչ միայն ազգի ընտրությունն է, այլև ապրիորի նրա արտաքին քաղաքական ակտիվն է։ Ուստի, բնական է, որ հարևան գողապետական կոռումպացված ռեժիմից բխող գոյաբանական սպառնալիքները չհաղթահարած Հայաստանը պետք է ձգտի առավելագույնս օգտագործել այս ակտիվը։ 

Իհարկե, Մոսկվային ակնհայտորեն դուր չի գա այդպիսի գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության փաստն իսկ։ Ակնհայտ է նաև, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է կարող հավակնել հիշյալ գագաթնաժողովին մասնակցելու։ Սակայն, հայաստանյան դիվանագիտության պարտականությունն է Մոսկվային բացատրել, որ Հայաստանի՝ իր սեփական շահերին հետամուտ լինելը «ռուսատյացության ակտ» չէ և չի կարող գնահատվել որպես «Ռուսաստանի շահերին դեմ» ուղղված քայլ։ Առավել ևս անընդունելի է, որ այսքան պարզ իրողությունը ՌԴ-ում պատշաճ ըմբռնում չգտնի։ 

Հայաստանում, ինչպես և Վրաստանում ժողովրդավարությունը նախ՝ ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականությունն է, որը տարածաշրջանը «Մերձավոր Արևելք» կոչվող «գորշ գոտի» վերջնականապես արտամղելը կանխող միակ գործոնն է։ Բնական է, որ խաղի այսպիսի կանոնների պարագայում Հայաստանն ի սկզբանե պարտված կողմ է լինելու։ Միաժամանակ, բնական է, որ Հայաստանը չի ցանկանում հաշտվել վերոհիշյալ հեռանկարի հետ և պետք է ձգտի ամեն գնով խուսափել դրանից, անգամ եթե Մոսկվան շարունակի հակառակն անել՝ բացատրելով իր վարքագիծը «սեփական տարածաշրջանային շահերով»՝ Արևմուտքի հետ իր դիմակայության համատեքստում, որի մեջ ներառվելը Հայաստանի համար ոչ միայն ձեռնտու չէ, այլև լիովին հակացուցված է իր իսկ շահերի տեսանկյունից։

Երրորդ՝ մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացների տրամաբանության և Հարավային Կովկասի միջով անցնող «ուժային գծերից» կառուցվող «ճարտարապետության» շրջանակում Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողություններում պետք է ջանա նոր հավասարակշռություններ գտնել։ Այդ իսկ պատճառով նա չի կարող անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից երկուսին մերձենալու հնարավորությունը և այս հարցում կուրորեն հետևել Բաքվի և Անկարայի հետ սերտորեն փոխշաղկապված ռուսաստանյան շահերին։ Գաղտնիք չէ, որ այս երկու երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, լինելով դաշնակից և ժողովրդավարական երկրներ, բավարարված չեն ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններով տարածաշրջանին խոստացված ապագայով։ Այսպիսով, ամենևին էլ տարօրինակ չէ, որ պաշտոնական Երևանն էլ բավարարված չէ զարգացումների վերոնշյալ սցենարով, հատկապես, որ ժողովրդավարական արժեքների հիման վրա զարգացումը ոչ միայն Հայաստանի բնական իրավունքն է, այլև մեր պարտականությունը։

Չորրորդ՝ Ադրբեջանի շարունակվող «ուժային» դիվանագիտությունը հարկադրում է Հայաստանին հակադրել դրան «ոչ սիմետրիկ» արտաքին քաղաքական քայլեր, որոնք կարող են Ալիևի վարչակարգի նկրտումները քաղաքականապես անհնարին դարձնել։ Հայաստանի խնդիրն է Մոսկվային հնարավորինս լավ հասկացնել, որ դա Հայաստանի իրավունքն է, որին նա անպայման հետամուտ է լինելու։ Մոսկվան պետք է մարսի և ընդունի դա՝ Հարավային Կովկասում մինչև վերջին հայը դրա դեմ պայքարելու փոխարեն։

Ժողովրդավարությունների գագաթնաժողովին մնացած երկու ամիսները հայաստանյան դիվանագիտությունից պահանջում են  ուժերի մեծ լարում՝ նրանում մեր արժանի մասնակցությունը պատվով ապահովելու համար։

Սա քաղաքական ճաշակի կամ նախասիրությունների հարց չէ. սա անվտանգության՝ ընդհանուր առմամբ վերցված անվտանգության, իսկ մասնավորապես՝ սահմանների անվտանգության և անձեռնմխելիության հարց է։ Տարածաշրջանը պետք է մնա ԵԱՀԿ, միջազգային հանրության, մարդու իրավունքների և ազատությունների պատասխանատվության գոտում, իսկ «ուժեղի արյունոտ իրավունքով» առաջնորդվող Մերձավոր Արևելքի «ջունգլիների» ուղղությամբ տեղաշարժը պետք է անպայմանորեն կանգնեցվի։

Անվտանգությունը սոսկ չի ենթադրում ոստիկանին ներսում կանգնեցնել, իսկ զինվորին՝ սահմանին։ Անվտանգությունը՝ նպատակներ և արժեքներ ենթադրող քաղաքականություն է։ Իսկ պետական մտածողությունը, ի տարբերություն համայնքայինի, նախ և առաջ մեկը մյուսից տարբերելու կարողության մեջ է։

Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր մերձավորագույն խնդիրը տարածաշրջանային գործընթացներում «3+3» տրամաբանության հաստատումը չթույլատրելն է, քանզի այդ ձևաչափում Հայաստանը դաշնակից չունի։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նրա համար «հավասար գործընկեր» են։ Մինչդեռ Ադրբեջանի համար Թուրքիան իրական դաշնակից է, որը պատրաստ է նրա հետ լինել «և՛ մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ»։ Ժողովրդավարական Վրաստանը հայտարարում է «3+3» ձևաչափին չմասնակցելու սեփական պատճառների մասին։ Այս հարցում, առնվազն իրադրորեն, մեր շահերը մեկը մեկին համընկնում են։ Բացի դրանից՝ Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի հետ հարաբերություններում մենք կարող ենք խոսել ժողովրդավարության հիման վրա արժեքների ընդհանրության մասին։ Հետևաբար, Հայաստանն ունի հնարավորություն տարածաշրջանային գործընթացներն ուղղորդելու իր շահերին ավելի համապատասխանող հուն։ Ժողովրդավարությունների գագաթնաժողովն անփոխարինելի ձևաչափ է՝ այս տրամաբանության մեջ դիրքավորվելու համար, ուստի Հայաստանը հարկավ պետք է օգտվի դրանից։ 

Ռուսաստանը չունի ո՛չ հիմնավոր փաստարկներ, ո՛չ էլ բարոյական իրավունք խոչընդոտելու Հայաստանի մասնակցությանը սպասվող գագաթնաժողովին։ Իսկ Երևանի պարտականությունն է բարյացակամորեն և վճռականորերն հասկացնել Ռուսաստանի ղեկավարությանը, որ գագաթնաժողովին մասնակցելը մեր բնական իրավունքն է, հատկապես, եթե Մոսկվայում առաջանա դրան խոչընդոտելու գայթակղություն։

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.